Իմ երեկվա աշխատանքային շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, գումարած mskh.am-ի առաջին էջի նյութերը միասին ի՞նչ են փաստում, ի՞նչ անուն տաս մե՛ր ստեղծած կրթահամալիր-դպրոցին, աշխարհի ամենա… ի՞նչ։ Ամառային հավես-զբաղմունք կդառնա՞ ընթերցողի համար այս սկզբով շարունակելը՝ ռոդարիական բստրումով-երևակայությամբ, ուրախ լրջությամբ, սառնանույշով ամառային… Իսկապես, Քունը լողափին, Նախակրթարանի «Չլմփան» համույթ, Բնության կանաչ հայելին, Հայ-բելգիական ճամբար 2017, Ընթերցանություն ճամբարականների հետ, Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում, Լողափնյա ճամբարային խաղեր… Սրանք ինչպիսի՞ դպրոցի մասին են պատմում, իրական, շատ մոտիկ-կոնկրետ մի տարածքում, կրթահամալիրի Բանգլադեշ հասցեով… Շուրջտարյա դպրոց՝ իր շուրջտարյա, ամառային-ձմեռային արտագնայով… Թումանյանական չլմփոցներ Երևանում, Կարզախը կարող էր Ջիվանի ծնել, Ջիվանի հնչել է երեկ, հնչում է այսօր, կհնչի վաղը, Չբացահայտված, յուրօրինակ Սվանեթին, Սևանի «Ժայռ» ռազմամարզականը, Լուսավոր ճամփեքով դեպի Արցախ, Մի քանի ժամ, որ դիպել է սրտիս ու պոկ չի գալիս: Համեցեք՝ ամառային արտագնան մեր, միաժամանակ Բանգլադեշում, մեր ընթերցողի հետ… Դե, իրապատումի-հրաշապատումի-արտագնայի-ներկայի, ֆիզիկականի-մետաֆիզիկականի արանքում իմ վիճակը պատկերացրեք, գոհի-դժգոհի-անդադրումի-ճամփորդի-միշտ առկայի… Մեր թուրքերենի նոր մասնագետի, արտաքին կապերով իմ հնարավոր օգնականի՝ Էլեն Քոքչյանի հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոց-ճամբարներով՝ Հյուսիսից-Արևմուտք, մինչև Ագարակ… Տեսե՞լ եք՝ ոնց են Խորենն ու Լուսինեն պճնում Բոնի պոնիին մեր, ու հարավի ճամբարականները ո՜նց են սպասում Բոնիի՝ գոմից դուրս գալուն… Լսե՞լ եք Տաթև հմայիլի լողորդ-սովորողների ոտքերի չլմփոցը ջրի… Տեսե՞լ եք ճամբարականներին քանդակող, մեր ծնող-վարպետ Արթուրի արվեստանոցում կլանված աշխատելիս… Թող օգոստոսին բոլոր հինգ ջոկատները՝ որպես մեկ ուսումնական ճամբար 6-12 տարեկանների՝ լողուսուցմամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, կարճատև ճամփորդություններով, ուրախ անգլերենով, տեխնոլոգիայով ու գլուխկոտրուկների լուծումով, պարտիզապուրակային աշխատանքով, կենդանու խնամքով ներկայանան, ջղայնացնեն շոգից առավել ծուլացած երևանցիներին… Այսպիսի՜ ուսումնական զով ամառ Բանգլադեշում։
Հուլիսից այս մի պրծում կա, ես Ամառ 2017-ի ուսումնական նախագծերի օրացույցը կազմելիս գիտեի՝ շատ ճամբար, շա՜տ-շա՜տ ջուր-ավազ ու լողափ-ընթերցանություն-ճամփորդություն… շա՜տ նախագծային գործողություններ, որ գրոհով նվաճենք հուլիսն ու այն ուսումնական կազդուրիչ աշխույժով լցնենք… Հուլիսը Երևանում կայտառների համար է ստեղծված… Իսկ շփոթվածներին, հանձնվածներին, արևից-տապից խոցվածներին մի կանչ ունեմ՝ մի կերպ հասեք Բանգլադեշ կրթահամալիրի, կպեք mskh-ի մեր ծրագրերից մեկին… Իմ սերը-հերոսը, սեբաստացի շրջանավարտի խորհրդանիշը այսպիսին է՝ 2017-ի Էմմա Իսախանյան շրջանավարտի պես… Արևելյան լողափային ճամբարի կամավորի գրառումները-ֆոտոլուսաբանումը հենց հիմա արժանացնում եմ… Մասնակցե՛ք Ամառ 2017-ի այնպիսի մրցանակի ստեղծմանը, որ հենց հիմա այս գրով Էմմային շնորհեմ։ Երբ պարգևատրված ես, ուզում ես հատուցել քո իշխանությամբ, քո երախտագիտությամբ։ Այսպիսի Էմմա… Այս չորս օրերին Արևելքի ճամբարական աշխույժն ինձ գժվացնում է։ Երեկ Արևելքի ճամբարականները տարատարիք ինձ այնպես շփոթեցրին իրենց աշխույժով-կյանքով, ամա՜ռ եմ ասել, որ գլուխս ոչինչ՝ հեծանվորդի ուսապարկը մոռացա…
– Դավիթ, ես վաղը դպրոց չեմ գնում, տանն եմ մնում… Դու կմնա՞ս… ,- համոզո՞ւմ է Արմինեն։
– Չէ, ես ճամբար ունեմ, դպրոց ունեմ, գնամ քնեմ, որ առավոտ դպրոց-ճամբար շարժվեմ հայրիկի հետ…
Ի՞նչ կմնա տնային գործերին հանձնված մայրիկի ուշադրությունից դուրս մնացած Դավթին անելու՝ պլանշետ-նոթբուքին հանձնվել ողջ օրը, բնակարանում, ուժգնացող տապին… Այլընտրանքը լողն է, հեծանիվը, պոնի Բոնիին, ընդարձակ-բաց ճամբարը՝ Արամով-Անուլիկով, Մելինե դաստիարակով… Բանգլադեշ աշխարհում… Ինչպե՞ս ամենօրյա ցնցուղի տակով անցկացնել Դավթին, առույգացնել, դուրս հանել, ինչո՞վ… Ավտոբուսով, իհարկե, 53 համարի ավտոբուսային ճամփորդությամբ… Խանջյանով, կառուցվող կրկեսով, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ-Սեբաստիայով՝ Մեդիակենտրոն, տիար Գևորգի ու Սուսանի հետ առավոտյան դեղձուտոցի պատշգամբում, հայացքով՝ Սուրբ Երրորդություն, ու ականջներում՝ եկեղեցու զանգերը… Հետո իմ հեծանվով, ետևի նստատեղին՝ Դավիթը, Արևմուտքի ճամբար… Ա՜յ քեզ ուրախության, մարդասիրության կենտրոն-աղբյուր՝ ճամբար սեբաստացիական… Էդմոնդը ճամբարականների հետ պոմպով բաց լողավազանների ջուրն է փոխում, ջրում պարտեզը, ծածկի տակ արդեն փոխվում են լողորդները, դեռ ժամը 10-ը չկա, բայց ի՜նչ աշխույժ է Արևմուտքով մեկ…
Դավիթը օրը պիտի անցկացնի դպրոց-պարտեզի լողափին, իր ընկեր Վիլյամի հետ։ Հինգ տարեկանների ուսուցման ծրագրի հմայքը պարտեզից դպրոց անցման ամբողջական ներառականությունն է, որ պարտեզի միջավայրում է ծնվում… որ դպրոցում, ուսուցում կոչված շրջանում Վիլյամին ու Դավթին որևէ մեկը, որևէ մի ստուգումով չբաժանի… Իրար այնքա՜ն տալու-վերցնելու բան ունեն Վիլյամն ու Դավիթը… Տեսե՞լ եք Դավթին, Խաչատրյան Արամին բացօթյա լողավազանում… Եթե չէ, շա՜տ բան եք կորցրել… Ջրում ընկերություն են անում, ապրում, աշխարհի հարցեր քննարկում… Ուսումնական բաց մեր ճամբարի համակարգող Լիլիթ Շահբազյանի լուսաբանում-հաղորդագրությունը Ամառ 2017-ի ամենասիրելի-դիտելիներից է…
– Ինչո՞ւ է ամեն ինչ կրկնօրինակվել Երևան ստուդիայում,- ֆիլմի ավարտին կարդում է Դավիթը Բլեյան…
– Զինվորները բոլորը միանմա՞ն են հագնում, ինչո՞ւ , պա՜պ… — իր տեսանյութի դիտումը նոր ավարտել, հարցերի շարքով ուղղվում է դեպի դուռ իմ ընկեր-ուղեկիցը …
– Զինվորներն իրենց տներում չե՞ն քնում պապ, ինչո՞ւ…
– Չեմ ուզում գնամ բանակ, թող աղջիկները գնան…
– Բա Վիլյամը որ գնա բանակ, Արամը, Օթարը… Դավի՛թ։
– Դե, հա՛, ընկերներիս հետ կգնամ… կատակ եմ անում, պա՜պ… Աղջիկներն էլ թող իրենց գործին գնան։
Ամա՜ռ եմ ասել, ուսումնական. սրան տապերն ի՜նչ խոչընդոտ են…
Դավիթը Բլեյան խմբում` իր Արևմուտքի ճամբարի ջոկատում… իր դասընկերների հետ, սպիտակաձավարի շիլա էր ուտում՝ միշտ ճամբարային հիշողություն արթնացնող: Հետաքրքիր է, նա տանը այս շիլայից ու էլի բաներ չի ուտում, բայց տեսեք՝ դպրոցում-ճամբարո՜ւմ, ընկերների հե՜տ… Ես միշտ պահանջել-ապահովել եմ, որ դասվար-ջոկատի ղեկավարը ոչ միայն հետներն ուտի, այլև իր ախորժակով, մինչև վերջ ամանը մաքրելով հավեսի մեջ պահի յուրաքանչյուրին… Պլպլան ափսեն ու ինքնասպասարկումը մնում են խոհանոցում երեխայի լինելու ցուցանիշներ: Վեց տարեկան դարձած Դավթին ու իր ընկերներին, նրանց ծնողներին միշտ ուրախ տնօրեն Տաթև Աբրահամյանի հետ ներկայացրեցինք ուսուցման 2-րդ տարվա իրենց ուսուցչին՝ Լուսինե Փաշայանին… մեր հայտնի-սիրելի Փաշին… Մարինե Մարտիրոսյանին բարի բախտ ու մանկավարժական նոր գործունեություն եմ ցանկանում այսպես եղավ-ուզեց Մարինեն…
Սա հենց իմ ուզածն է, իմ սրտովը, հուլիսյան մեր զարգացումը՝ մուտքը Արևելյան դպրոց՝ ճամբարով… 6 տարեկանների համար ո՞ւմ մտքով է ավելի մարդասիրական բան անցնում հուլիսյան այս օրերին Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում… Ու ո՞վ կհաշվի՝ կրթահամալիրում, կրթահամալիրի Բանգլադեշում, Սևանի «Ժայռ»-ում… Շուշիում «Հետքերի հետքերով», … . առցանց «Բարեկամությունն» էլ իր նախագծերով ու ընթերցողական նախագծային իր ճյուղավորումներով… իսկական, իրական ճամբար՝ իր մեդիա-ֆիզիկական միջավայրով, կրթահամալիրի Բանգլադեշից արտագնա սահուն անցումներով… Ճամբար է մեկնում՝ Վրաստանի Սվանեթի, և կրթահամալիրի ավագ դպրոցի վրացախոսների ջոկը՝ Ռինա Շագինյանի գլխավորությամբ…
Քոլեջի մի պուրակում (քիչ հետո՝ նազելի ննջարան լողացող 2-5 տարեկանների համար) Շողիկին նախատում-առաջադրում եմ մի քանի տարվա գործ-նախագիծ, Անուշիկը Նիկողոսյան, որ հենց նոր վրացական Սվանեթիից վերադարձած՝ ջերմոց-լաբորատորիա է ուղղվում, դադար… պատմում է. ծնվում է հայ-վրացական բնապահպանական ճամբարը հուլիսի վերջին Սևանի ափին սկսելու առաջարկը։ Քոլեջի կարի արտադրության տեխնոլոգիայի մեր դիպլոմնիկների՝ Սեբաստացի TV-ի արձանագրած ցուցադրությունը նոր-բաց հարթակում չանելու փաստը՝ որպես ձախողում-անհաջողության այդպես էլ չմարսած, ու գալիս են, նախակրթարանի աստիճաններով անցնում-իջնում չփլախ-միայն վարտիքներով նոր մանկիկներ՝ խմբերով, միայնակ, ծնողների հետ, դաստիարակի… Տեսարա՜ն… Ես այս ամենը տեսնում-լսում-ձայնագրում-տեսագրում-մեկնաբանում-եթեր եմ տալիս… Լավ, ինչո՞ւ ես… Բա էդ ԶԼՄ-համքարությունը հենց հիմա Երևանում ինչո՞վ է զբաղված…
Ու հենց այդ պահին իմ այֆոնին քաղաքապետարանի հաղորդումն է Երևանյան ամառ 2017-ի ծրագրի մասին… Միայն ծիծաղը կփրկի. այս իրական ներկան քաղաքի արվարձանում չկա այդ ծրագրում, չի ստանում աջակցություն, հանրային ուշադրության չի արժանանում… Քիչ հետո «Ազատություն» ռադիոկայանի Անուշիկը իր հետևողականությամբ-տեսանյութ կգրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կրթության ցուցանիշի նվազման հետևանքների մասին… Իսկ Անուշիկին ուղղված իմ հանդիմանությանը՝ լավ ինչո՛ւ համառորեն-համերաշխ չեք անդրադառնում մեր ստեղծած այս անհեթեթ, ուրիշ ի՜նչ բառով որակես, աշխարհի անցուդարձին, ինչո՞ւ չեք նպաստում դրանով այս աշխարհի տարածմանը… Թե՞ այնքան էկզոտիկ-յուրահատուկ է, որ կարող է միայն պահպանվել, որ չանհետանա հանրային կյանքի Կարմիր գրքից… Տարածման ենթակա չե՞ն… Սևանի ափին, կրթահամալիրի Բանգլադեշում ընթերցողական նախագծերի մասին հրապարակումը: Սեմինարավար, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի այս ներկայացումը՝ ճամբարականների սիրելի խմբով, ընթերցողական գնացքից դեպի Սևան կրթահամալիրի Ավագ դպրոցի ֆեյսբուքյան ուղիղ միացումների այս դիտումները, Բանգլադեշի Արևելյան, Հյուսիսի ճամբարներում 2-4 տարեկանների կյանքը լողափից այս եթերում, մանկավարժությունն է մեր մոբիլ-ստեղծական-անընդհատ, ամբողջական ներառական… Սա եմ ես անվանում հանրակրթություն:
Օրը Սեյրանի հետ, Սեյրանի բարձունքում․ սեբաստացի ուսուցիչների երիտասարդ խանդավառ խումբը այդ վեհ բարձունքում-բարձունքից հմայք էր բուրում, որ տարածվում էր սիրուն Զանգիի կիրճով մեկ… Կա՛ այդպիսի հասցե ծովակալ Իսակովից սկսվող Ամերիկյան փողոցի սկզբնամասում, Հրազդանին-Երևանյան լճին նայող Սեյրան բարձունք՝ զովով-հովով-կանաչով, նստելաքարով, խմելու ջրով-աղբյուրով… Պարգև իսկական։ Անցնո՞ւմ եք, մի՛ անցեք կողքով, դադար առեք այս տապին, քիչ հովացեք, լվացվեք-ջուր խմեք, նստեք քարին ու խաղաղվեք։ Ի՞նչ կա շտապելու։ Կա այդպիսի հասցե՝ մեր մեդիաաշխարհում, այցելե՛ք… մաքուր- սրտից եկող ձայներ լսեք… Կա այդպիսի օր սեբաստացի օրացույցում՝ հուլիսի 27, հավաքվենք որևէ ընտրությամբ, միասին երգելու-պարելու, ուրախանալու, հիշելու… Կա՛ այդպիսի մարդ՝ Սեյրան Ավագյան անուն-ազգանունով, շարունակում է ապրել ու ապրեցնել…
Արևմուտքի դպրոց-պարտեզը շարունակում է կրթահամալիրի Ագարակի հետ հայ-բելգիական ճամբարի իրադարձությունների-կենցաղի կենտրոնը լինել… Ճամբարը միջազգային պատրաստվում է հուլիսի 13-ի հանդիսավոր տոնախմբություն-հրաժեշտին… Միացել են Ավագ դպրոցի ֆրանսախոսները, Իզմիրի ճամբար մեկնողները, ֆրանսերեն երգերով հանդես կգան դպրոց-ճամբարների լողորդները, հայ պարերգերով՝ բելգիացի պատանիները… Իսկ նրանց ամենօրյա ճամբարական աշխատանքով տեսքի է գալիս, կանաչ դոշ-դուզ դառնում Արևմուտքը կրթահամալիրի։ Եկե՛ք, տեսե՛ք, մասնակցե՛ք, հո ամեն ինչ չե՞ք թողնելու բելգիացիների ուսերին։ Բելգիայի պատանիները ճամբարում կարգապահ, ամենօրյա աշխատանքի ինչպիսի՜ դաս են տալիս: Այդպե՛ս է կառուցվել հայերին ձգող Աշխարհը… Բելգիայի պատանիների ամենօրյա բաց դասը կրթահամալիրի Արևմուտքում՝ Ագարակում, դպրոց-պարտեզում, երկու շաբաթ՝ 2017-ի հուլիսի 1-ից 14-ը… կարգապահ, պարտիզապուրակային, շրջակա միջավայրի բարելավման նախագծով ձեռքի աշխատանքի մասին, առանց շաբաթ-կիրակիի, առավոտյան ժամը 9.00-ից 13.00, փոքր՝ 1-3 հոգիանոց խմբերով, գործիքներով, խաղաղ-կենտրոնացած, ինքնավերահսկվող… 15-17 տարեկան կամավորները Եվրոպայի կենտրոնից՝ Բրյուսելից, եկել հասել են Հայաստան, Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ, իրենց օրվա կարևոր մի մաս հատկացնում են այսպիսի աշխատանքի, երբ ճամբարի անունն էլ աշխատանքային չէ… Իսկ մեր սեբաստացիական աշխատանքային ճամբար-ջոկատները համառորեն չեն կայանում, «Նոր գեղարվեստ» անունն էլ չփրկեց, իր ղեկավար Քնարիկի հմայքն էլ, լողն էլ,
ինստալյացիա-ներկայացումն էլ… Ինչո՞ւ։ Իմ սրտով չեն և մեր կայացած, լողափային ճամբարների աշխատանքի կազմակերպումները… Ա՛յ, դրեք բելգիական աշխատանքի կողքին ու նայեք… Ո՛չ ծնողների աջակցություն ունենք, ո՛չ ջոկատավար-ուսուցիչների կարգապահությունը, ո՛չ հանրային ոգևորում՝ իշխանությունների, ԶԼՄ-ների կողմից՝ եղած-չեղած, կաս-չկաս… Այս օրերին բոլոր տարիքի պատանիների բոլոր կարգի ուսումնական ճամբարների թեման իմ օրակարգից չի իջնում։ Միայն իմ զոռով չի լինի. չեմ էլ ուզում։ Բայց բազմապիսի ճամբարները՝ սովորողների թե ուսուցիչներ, խառը, որպես ոչ ֆորմալ ուսուցման ձևեր, շրջանցել էլ չի լինում…
Աշխատելու նման արդյունավետ-կարգապահ բելգիացի պատանիները նաև պարերգեր են յուրացնում-տարածում, մեր լողափային ճամբարների ճամբարականներին իրենց սիրելի ֆրանսիական երգերը սովորեցնում-փոխանցում, վարժություններ, կենսափորձ… իսկական ուսուցում. տեսեք նրանց այսօրվա ելույթը Մարմարյա սրահում… Որքա՜ն բելգիացի պատանիները Բանգլադեշի մեր ճամբարում ջանացին, երեկ օդանավակայանի ճանապարհին էլ չմոռացան, հրաժեշտի եկան, անհատական նվերներ հանձնեցին պատանեկան ճամբարին զուգահեռ, նրա հայելի դարձած մեր Արևմուտքի մանկական լողափային ճամբարի բոլոր սաներին։ Դավիթը, օրինակ, գլոբուս ստացավ ճամփորդական, որ իր հետ Սևան է տանում։
Սեբաստացիական օրացույցում ուրախացնող է Արցախի «Ասպետ» ճամբարի անընդհատության վերականգնումը: Միքայել Ղազարյանն ու Գևորգ Հազարումյանը, վերադարձած հայ-խորվաթական ճամբարից, Միջին դպրոցի աշխատանքային խմբով շարունակում են թափով Մայր դպրոցի շուրջ մեծ հեծանվաուղու կառուցումը… և հավաքում «Ասպետ» ճամբար մեկնող պատանիներին… Միայն կամավոր, գիտակից, ընտանեկան համաձայնությամբ որոշում կայացածներին՝ սեբաստացի-ոչ սեբաստացի… 9-12-րդ դասարանցիներին, քոլեջի ու ավագ դպրոցների սովորողներին: Միշտ ուզեցել ենք, որ «Ասպետը» Արցախի, որպես ռազմամարզական-հայրենագիտական լինի համահայաստանյան մասնակցությամբ, ձգտեն պատանիները լինել այնտեղ 8-10 օրով, իրենց հասակակիցների հետ, գրավիչ ուսումնական միջավայրում… Կրթահամալիրի ու Արցախի կրթության համակարգի հետ «Ասպետ» ռազմամարզական հանրակրթության ճամբարի նախագծով մեր գործընկերության պահպանման-զարգացման-ընդարձակման մեր վճռականությունը-հաստատակամությունը հարգանքի է արժանի։ Կարևոր է, որ «Ասպետ 2017»-ին ներկայանանք որպես հայաստանյան ջոկատ, որ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հայ պատանիները միասին լինեն։ «Միացում» լոզունգը 1988-ի կարգախոսն էր, այսօրվանը միասին գործելն է, միասին ապրելը։ «Ես այս ճամբարում սովորեցի լինել առավել մաքրասեր, ավելի ուժեղ, պատրաստակամ ամեն ինչ անել ավելի արագ, սովորեցի պետք եկած ժամանակ չքնել»… Արեն Պողոսյանը ինչ նման է իրեն և՛ Արցախի «Ասպետ» ճամբարում, և․ ճամբարի մասին իր բլոգապատման մեջ… Բոլոր նախադրյալները կան, որ 2017-2018 ուստարում Արցախի «Ասպետ»-ն և Սևանի «Ժայռ»-ը՝ որպես ռազմամարզական նախագծերի կենտրոններ, իրենց հայրենագիտական-բնապահպանական բաղկացուցիչներով, լինեն բաց, իրագործվեն համատեղ՝ Արցախի և Հայաստանի պատանիներով… Կրթահամալիրն ունի բոլորինը, յուրաքանչյուրինը, սեբաստացի-ոչ սեբաստացունը լինելու առաքելությամբ-կոնկրետությամբ գործելու պարտավորություն-խոստում-կարգավիճակ… Ե՛վ ուսումնական ստուգատեսները-ճամբարները շուրջտարյա, անընդհատ, սովորողների և ուսուցիչների համար, ընտանեկան ֆլեշմոբները, և՛ բաց նախագծային գործունեությունը, և՛ մենթորային բաց լաբորատորիան այս առաքելությունից ծնված-սնվածներն են…
Ինչպես և մեր ճամբարը Սևանի «Ժայռ»-ում… որ կարող է ու բաց-միջազգային է դառնում նաև բնապահպանական-ընթերցողական բաղադրիչներով… Իմ ականջներում այս օրերին Իվետայի ճամբարականների ձայներն են, նրանց հիացմունքը Գեղամա մեր ծովով, անզուգական մեր լճով, «Ժայռի» մաքուր-անվտանգ ափերի տարատարիք տկլոր սեբաստացիների գործուն ազատությունը… Շնորհակալ եմ, Իվետ, Անահիտ, Հռիփսիմե… Ամառ 2017-ի ծրագրով Սևանի «Ժայռ»-ում մարզական-հայրենագիտական-ընթերցողական ճամբարն այսպիսին էր մտածված, հնգօրյա ու անընդհատ… իրար հերթագայող, իրարից տեղ-օր փախցնող ուսումնական հայտերի հեղեղով… այնպես չէ՝ չեղավ, եղավ, իհարկե, եթե համեմատես… Բայց ասված է, սաստված իմ մանկությունից եկող, առարկություն չհանդուրժող մայրենիով՝ չհամեմատվես… , ու ես գոհ չեմ, իհարկե։ Ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես պատկերացված էր պարզ, ինչպես կարող էր լինել։ Օգոստոս կա ընթացքում ու Սևանի եղանակի զարդը՝ սեպտեմբերը ողջ… 2017-2018-ի օգոստոսի օրացույցում Սևանի «Ժայռ» ճամբարը ուսումնական 2017-2018-ի նախագծերի ներկայացման հարթակ է…
Կարևոր է․ յուրահատուկ ուսումնական փաթեթ է ստացվում Իզմիրի տիեզերագիտական ճամբարի այս շարունակական նախագծով, 2018-ի ճամբարի մեկնարկի պատրաստությամբ, սրանով և ուսումնական աշխատանքի անընդհատությամբ… Նայեք ուսումնական փաթեթը և ճամբարին սեբաստացիական ջոկատի արժանի ղեկավարներ Հերմինե Անտոնյանի ու Մարգարիտ Սարգսյանի հաշվետվությունը… Անգլերեն ունե՞նք այս հաշվետվությունը, ունե՞նք հրապարակում ճամբարի կայքում, մեր սովորողների արձագանքները հետաքրքիր չե՞ն կազմակերպիչներին, օտարագիրներին։ Արևիկ սեբաստացի-թոռնուհիս Իզմիրի միջազգային ճամբարի տպավորությունները ինչպես երևում է չկարողացավ թոթափել անգամ Ծղուկի-Ուխտասարի դժվար ոլորաններում… Հետաքրքիր է, որ Ուխտասար-Երևան ճամփին, ծանր օրը այնքան վարպետորեն, իրեն բնորոշ անաղմուկ-հոգատարությամբ մեծ խումբ Բլեյանների քմահաճույքները տարած Արամ Բլեյանի «Ջիփ»-ում, 2018-ի ամառային ճամբարներից է հարցուփորձ անում իր պապիկ-տնօրենին… Առիթը՝ առիթ, սիրելի մարդկանց հետ, բայց մեր ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորող դարձած Արևիկի օրացույցում-պլաններում-նախատեսումներում-ծրագրերում, տեսեք, ուսումնական ճամբարը որքա՜ն անհատականացվել, կոնկրետ-կարևոր է դարձել… Աշոտ պապիկից ուզում է ու ճշտում ուսումնական ճամբարային հնարավոր զարգացումները մինչև 2018-ի ամառ ու այս՝ 2017-18 ուստարվա շրջանում… Որքա՜ն հետաքրքրված է Անակլիայի ապագայի միջազգային ճամբարի ապագայով, նրա շարունակությամբ… Այսպիսով, սեբաստացիական ուսումնական ճամբարները ոչ միայն տնօրենի աշխատանքային կլանող հոգսերն են, այլև Բլեյան ընտանիքի-կրտսեր ու ավագ սովորողի կյանքն են դառնում… Լավ է, երկուսը մեկում…
Ուսումնական յուրօրինակ-հուզիչ փաթեթ է ստացվում և Շուշիի մշակութային արշավից. Քնարիկ Ներսիսյանը, տեսե՜ք, որքա՜ն խորն է տպավորված Ջդրդուզով-Շուշիով, որքա՜ն բարեխիղճ նյութ է հավաքել… Ֆիլմ ֆիլմի հետևից… ամեն մինը՝ մի օրագիր… Ուսումնական բլոգ եմ ասել՝ օրդ, ոչ աշխատանքային ժամանակդ կտանի… Երախտագիտության պայծառ զգացումով, իհարկե… Իսկ Շուշի-Ջդրդուզ-շշմեցուցիչը՝ Հունոտի կիրճով, Զոնտերով, կարող է շարունակություն ունենալ․ օգոստոսի 14-ից մեզ կացարան են առաջարկում Շուշիի «Պետրոսյան» ճամբարում… Համեցե՛ք, ո՞վ կնախաձեռնի… Ի՜նչ ճանապարհ-ճամփորդություն կիսատ մնաց․ նշանավոր «չռիկներից» ոչ թե Մխիթարաշենով ետ՝ Շուշի, այլ առաջ՝ Քարին տակով Շուշի…
Նորից օրակարգում է Սևանա լճի խնդիրը: Մենք սեբաստացիներով Սևանի ափին, «Ժայռ»-ում ենք, բարի ճանապարահ Խորվաթիայի սակրավոր պատանիներին-մասնագետներին: Ընթերցողական ճամբար են մտնում մեր գրական-ակումբականները… Ի՞նչ շունչ կհաղորդեն նրանք Սևանին մեր, հիմք կդնե՞ն մասնագիտական հավաք-քննարկումների, հենց Սևանի խնդիրներին առնչվող փոքրիկ կարևոր ուսումնասիրությունների: Այս հրապարակումը կօգնի՞ մեր սևանապահպաններին, որ արագացնեն հայ-վրացական պատանեկան բնապահպանական ճամբար-հավաքի պատրաստությունը… Կդառնանա՞ Սևանի «Ժայռը» մեր գեղարվեստի-կերպարվեստի համար պլեներային պարապմունքների հարթակ՝ չգիտեմ… Մեր վաստակաշատ հները հոգնած են սրա համար, նորերը այդպես էլ չեն խիզախում… Այս ամա՞ռն էլ անցնի…
Անուշիկ Նիկողոսյանն իմ ձեռքից ո՜նց պրծնի. ամառն անցնում է ուսումնական, հուլիսը կիսվեց… Լավ է, որ տպավորված Վրաստանի Սվանեթիի ճամբարից՝ ուշքով-մտքով Անակլիայի ճամբարում է: Պիտի պատրաստվել, միջազգային է, ու 25 հոգիանոց խմբով Հայաստան են ներկայացնում առաջին անգամ… Պատրաստվել, ինչպես հերթական տարում արեցին Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար հասած Հերմինեի-Մարգարիտի սեբաստացիները… Վրացական Անակլիայի Ապագայի ճամբարից կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները վերադարձել են տպավորված, ինչպես, դժվար չէ հասկանալ Միքայել Ղազարյանի ընդարձակ բլոգային հրապարակումից, պակաս տպավորված չեն Արցախի «Ասպետ»-ի ճամբարական սեբաստացիները, ինչպես Սևանի «Ժայռ»-ից չեն լռում սեբաստացի-ոչ սեբաստացիների հիացումի-բացահայտումի արձագանքները, խմբերը՝ իրար հաջորդող… Ո՞վ կկազմակերպի այս՝ գոհության մանկավարժության կլոր սեղան-քննարկումը վաղը-մյուս օրը… թարմ հետքերով… Իսկական ուսումնական նախագիծը այսպիսին է լինում՝ պատրաստության իր ուսումնական շրջանով-խնդիրներով-ուսումնական կոնկրետ, մոտիվացված, անհատական ջանքերով… Բայց Ավագ դպրոցի խոստացած հայ-վրացական ճամբարի հայտարարությունը, սեբաստացիներ, ուշանում է… Սևանի ափին հայ-վրացի պատանիների բնապահպանական ուսումնական մեկշաբաթյա ճամբարի՝ Սևանի ավազանի իրական խնդիրներով, բնապահպանական վերականգնողական աշխատանքներին իրենց կոնկրետ մասնակցությամբ, իրենց լուծում-առաջարկներով… Ուսումնական ամառ 2017 ճամբարայինը այս տարվա համար չէ միայն, որ հետաձգես… ամենամյա է…
Եվ կրթահամալիրի մայր դպրոցում այսօր վրաց դեսպանի՝ բատոնո Գիորգի Սագանելիձեի՝ մեր լավ բարեկամի հետ մեր հանդիպումը այս տարվա, մյուս տարվա Անակլիայի ճամբարի առիթով է՝ նախագիծ շարունակական… Զուգահեռ սրան՝ Հայաստանում հայ-վրացական բաց ճամբարի պատրաստությունը սկսելը… մեր միջազգային պատանեկան ճամբարը, որ «Բարեկամություն» անունն է կրում։ Տպավորիչ-աննման ճամբար է սիրտս ուզում, որ թուրքերն ու վրացիները… ադրբեջանցիները գան, մոռանան, թե ինչի համար են եկել… Ինչպես հիմա, կրթահամալիրը հրդեհի պես բռնած մեր մուտքերի, հինգ տարեկանների, հանրապետության նախադպրոցական հաստատությունների 80-ի չափ մանկավարժական աշխատողների ճամբարները… Երեկ, խնդրեցի հաշվել. 320 տարարատարիք ճամբարական ենք ունեցել՝ սովորող թե ուսուցիչ, սեբաստացի-ոչ սեբաստացի… Կարող եք ստուգել՝ կրթահամալիրի կադրերի տեսուչի սկայդրայվում հաշվառման ենթակա է…
Ուշադիր հետևեք օգոստոսի 21-ին մեկնարկող «Մուտք կրթահամալիր» սովորողների և աշխատողների ճամբարների գործունեությանը… Սա որոշում է․ 2018թ․ հունիսին, հուլիսին, օգոստոսին նախօրոք որոշված ժամկետներում, կարգով, հնգօրյա «Մուտք» ճամբարով, գումարած արշավախմբային բարձունքի նվաճումը, կանցնեն կրթահամալիր ոտք դնող բոլոր՝ 1-ից 12-րդ դասարանցի նորեկները, ամբողջական-ներառական միջավայրում դրսևորելով հեղինակային ծրագրով, իր ընտրած-կազմած անհատական պլանով առաջադիմելու կարողությունը, հաստատակամությունը։ 2017-ի հոկտեմբերին կազմակերպիչները կարգով կբացեն բլոգ-հրավերները 2018-ի ուսումնական ճամբարների։
***
Գեղարվեստ-Հյուսիսում ինչպե՞ս հասցրին գեղարվեստի աղջիկները այսպիսի միջավայր ստեղծել, ցուցադրության վերածել մեր քոլեջի շրջանավարտ 26 աղջիկների-կանանց՝ մանկապարտեզի դաստիարակի որակավորում ստացողների դիպլոմային նախագծերի պաշպանությունը… Պետական որակավորող հանձնաժողովի նախագահ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Քնարիկ Ասմարյանի պսպղուն-հիացած-զարմացած հայացքը երկար կմնա…
Քիչ հետո ես Նոր դպրոցում էի՝ Արևելքում, 2017-2018 ուստարվա վեց տարեկան առաջինների ու նրանց ծնողների ճամբարային հավաքին… Նույն միջավայրը ծայրից ծայր, ներսում-դրսում, լողափին, լանջերին ողջ՝ կրակով-ինքնասպասարկմամբ-խնամքով ձեռք բերվածի ցուցադրություն… Նառա Նիկողոսյանի ինքնավստահությունը մնաց:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հայտնի գյուղատնտես, վաստակաշատ Դերենիկն իր բազմազբաղ օրվա մեջ-վերջին, իր ընդմիջումին-հանգստին այնքա՜ն պատրաստակամ է օգնում մեզ մեր շարունակ ընդարձակվող կանաչ տարածքների խնամքում։ Մի գործ է, որից ո՛չ կփախչես, ո՛չ էլ առանց խելամիտ կազմակերպման առաջ կտանես։ Շարունակ մեծացող, ջանք ու միջոց սպառող հոգս։ Առանց քաղաքային իշխանության, վարչական շրջան գործուն աջակցության չի լինի… Բնակելի արվարձանում կրթական պարտեզի նախագիծը ոչ միայն ենթադրում է, այլև իր մեջ պարունակում է այդպիսի կազմակերպման մոդել. մենք բոլորս դա կտեսնենք։ Իմ շաբաթ օրը հիմնական ժամանակով ես հատկացնում եմ այս նախագծին։
Կրթահամալիրի կինո-ֆոտո լրագրությունը՝ mskh մեդիան, ամբողջանում-վերադառնում է… մեդիակենտրոն։ Անի Սարգսյանի, Մարինա Մկրտչյանի, Սուսան Ամուջանյանի օպերատիվ արձագանքը, իրեր հավաքել-տեղափոխելը վայրկենական հաստատում են նրանց՝ գործող արվեստագետների՝ առօրեականի մեջը ստեղծականը-կիրքը չսպանելու վճռականությունը։ Արտահայտվեք, սիրելիներ, դուք օժտված եք դրա համար։
Ուսումնական շինարարական աշխատանքները մեր կրթական օբյեկտներում ինձ ոչ միայն չեն ոգևորում, այլև վանում են… Պիտի չընդհատել-ավարտել, շարունակական է փոխազդեցությունը միջավայրում մեր՝ ամբողջական ներառականի ձգտող… Գործ է տնօրենի, որ պիտի բարեխիղճ արվի… Կան, իհարկե, գրավիչ պահեր և այստեղ՝ նոր լուծումները, ինչպես բաց մուտքերը, ձգձգվող աշխատանքների ավարտը, ինչպես, ասենք, Մայր դպրոցի մեծ հեծանվուղին…
Հեծանիվով իմ բանգլադեշյան երթուղին ամենօրյա սկսել է ներառել երկար նորոգումից հետո տեսքի եկած Պերճի այգինբակային… Լավ է, որ ներառական է դարձել, սայլակի-անվավոր միջոցի ու բոլոր տեսակի մարդկանց համար… Կփոխվի՞ բակային այգու խնամքի մշակույթը, կդառնա՞ այգին որպես միջավայր կրթական-ճամբարային… Կկարողանա՞ն բնակիչները այգին հաստատել որպես անծուխ-«անբլոտ» գոտի՝ կիրթ-բնական։ Կկարողանա՞ն ազդեցիկ լինել գեղարվեստի դպրոցը, լրացուցիչ կրթության մեր մյուս կենտրոնները, սեբաստացիական արտագնա հարթակներ կդառնա՞ն այսպիսի բակերը մեր «Կրթական պարտեզ» նախագծով…
Հայոց այսօրվա հանրային կենցաղային մշակույթը մենք ենք, ամեն մեկս՝ իր հիգիենայով, իր շրջակա աշխարհը օտարած-բրախած… Իբր շրջակա աշխարհն իմը չէ, իսկ եթե իմն է՝ վերցնում եմ, որևէ ձևով ցանկապատում, «գառաժ» դնում կամ մի… բեսեդկա… Սեբաստացին է, կա-դառնում է, փոխվում-փոխում է, շրջակա աշխարհի նկատմամբ այլ՝ հոգատար վերաբերմունքով, խնամքով։ Գալիս է կանգնում իր աշխարհի կենտրոնում ու ծաղկեցնում, խնամելով տարածում-ընդարձակում շրջակա աշխարհը։ Անձնական հիգիենան, ինքնասպասարկումը, ինքնավարությունը, խնամքը, պատասխանատվությունը սեբաստացու, որևէ կարգով-տարիքով, չի կարող զանց առնել, չընդգրկել շրջակա աշխարհը։ Կրթահամալիրի Բանգլադեշը ահա նոր Հայաստանն է բաց, կենտրոնում մարդն է իր շրջակա աշխարհի, իր կյանքով՝ որպես ամենօրյա ստուգատես մի…
Այս օրերին ես հենց այս մասին եմ ձեզ պատմում։ Լավ է, որ մեր կրթահամալիրի Բանգլադեշի ամեն մի դպրոցական տարածքում կա՛ պարտիզպան, շարունակեք ընթերցումը հղումը բացելուց հետո, կա՛ պարտիզապուրակային գործունեության կայան-գործիքատեղի, մեզնից յուրաքանչյուրին օգնական աջակցություն… Կա՛ ինտերնետ-ուսուցիչ, կա՛ նոր մասնագիտական ուսուցման ծրագիր… Այս ամենը լավ է, աջակից է, եթե կենտրոնում մարդն է՝ իր ու իր շրջակա աշխարհի խնամքով առօրյա, մաքրելով, փխրեցնելով, տնկելով, ջրելով, պահպանելով ու տարածելով… որպես իր ծաղկոց-ծաղկություն… Սկսեցինք։
***
Հուլիսի 1-ով սկսվող ամառայինը կարող է ամենօրյա-անընդհատ ընթերցողական լինել ինձ համար․ քիչ-քիչ, թե շատ-շատ, բայց ամեն օր ընթերցողական մի նախագծով առաջ… Իմ ընթերցողական նախագծերից այս մեկի մասնագետ-խարհրդատուն, իհարկե, Աշոտ Տիգրանյանն է․ միշտ նոր ուղի-հանրային գործիչ Աշոտ Բլեյանին Աշոտ ընկերոջ՝ հարգելի հասարակագետի խորհուրդով սկսեցի օրը «Հարյուրամյա մենություն․ Գրիգոր Զոհրապից մինչև Հրանտ Դինք» Օշին Չիլինգիրի հրապարակումը։ «Մոտ 100 տարի անց Հրանտ Դինքն արժանացավ Գրիգոր Զոհրապի ճակատագրին: Այս երկու մտավորականների առաքելության, գաղափարների և գործունեության նմանությունը շշմեցուցիչ է: Առավել զարմանալի է նրանց բնավորության նմանությունը՝ զգացմունքային, ուրախ, անվախ, ամբողջովին անկեղծ»… Իմ ընթերցողական նախագծերից յուրաքանչյուրը՝ իր մասնագետ խորհրդատուով, կներկայացնեմ ընթացքում։ Իմ անընդհատ գրից ավելի պատշաճ հարթակ չեմ մտածի… «Եթե հաշվի չառնենք տարբեր պարագաները, ապա այս հարցում Հրանտի դիրքորոշումը գրեթե համընկնում է Զոհրապի դիրքորոշման հետ: Նա նույնպես իրարից չէր առանձնացնում Թուրքիայի և համայնքի խնդիրները: Օրինակ՝ պնդում էր, որ հայ համայնքի համար ամենաիդեալական լուծումն ընկած է Թուրքիայի ժողովրդականացման հիմքում» ,- ավարտում եմ ես այս նախագծով ընթերցումը։
Իսկական ընթերցանության օր դարձավ կիրակին… Կրթահամալիրի քոլեջի կայքում դրված են նախադպրոցական կրթության մասնագիտության (հիմնական ու միջնակրարգ կրթության հիմքով) 26 շրջանավարտի դիպլոմային-ավարտական նախագծերը… Մեդիայի ուժն է յուրաքանչյուրի՝ շրջանավարտի, նրա ղեկավարի, գախոսի, փորձառության վայր դպրոց-պարտեզի ղեկավարի՝ ամիսներ կատարած ուսումնահետազոտական աշխատանքին անհատապես ծանոթանալու հնարավորությունը… Եվ այսօրվա ծրագրային տոնախմբությամբ, հանդիսությամբ, հանձնաժողովի որոշումով չի ավարտվում, սկսվում-շարունակվում-անընդհատ է մասնագիտական ուսուցման նորացման գործը…
Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց հանդուրժում եմ քեզ»: Սակայն գրկախառնությունը նշանակում է՝ «ես բաց եմ քեզ ընդունելու համար»: Սա է Սայաթ-Նովայի հարացույցը… Կարծում եմ՝ վրացիները, հայերը և մեր մյուս հարևանները պիտի ընդունեն Սայաթ-Նովայի հարացույցը, որպեսզի կրկին փորձենք դառնալ Կովկասի, վերին Մերձավոր Արևելքի կոսմոպոլիտ կենտրոնը և նաև կամուրջ Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը շատ կարևոր է: Սա հայերի ու վրացիների պատմական առաքելությունն է:
Այսպես է խոսում վրաց ժամանակակից գրող Իրակլի Կակաբաձեն, և դա լավ է։
Առավոտ շուտ, պատահաբա՞ր, ես նայում եմ Ֆրիդա Կալոյի մասին ֆիլմը։ Դերասանուհի Սալմա Հայեկից մի մեջբերում՝ «Տարիքի հետ մենք նոր դերեր ենք ստանում: Ինձ դուր է գալիս մայր լինելը, և ես ուրախ կլինեմ դառնալ տատիկ: Մշտապես սեքսուալ գեղեցկուհի լինելը շատ ձանձրալի է», այս հղումի տեսքով, պարզվում է, ես բերել եմ մարտին՝ իմ 977-րդ գրում… Համացանց եմ ասել, ի՜նչ զորեղ ամենապահ-մոբիլ-օպերատիվ լուծմամբ հիշողության տեր ենք դառնում, շնորհիվ համացանցի. ամեն ինչ ձեռքիդ տակ է, քո հսկողությամբ, քո տիրապետմամբ…
Օշո էլ ես ինչպե՞ս պիտի կարդամ. որպես ամառային, թե շուրջտարյա ընթերցանություն, մեր ուսուցիչների, սովորողների բլոգներով, այսպես, հանկարծ, երբ բացված նոթբուքի էկրանին հայտնվում է իմաստունն այս։
Սերն արժեքավոր է հենց նրա համար, որ քեզ մենակություն է տալիս։ Բավարար չափով տարածք է տալիս, որ դու մենակ լինես։
Դավիթ Բլեյանն ու Արմինեն ժամեր հետո «Ալմաստ» կայարանից ընթերցողական մեր գնացքով Մարիետ Սիմոնյանի գրական ակումբով կշարժվեն Սևանի «Ժայռ»՝ ընթերցողական-լողափային ճամբար։ Ի՜նչ կազմ է՝ մորաքույր Ռուզա՜ն, կեցցես, քույր իմ, սեբաստացի ընթերցող ակումբականների մի փունջ…
***
Իսկ Երևան ժամանումի օրը՝ հուլիսի 7-ին, իրիկունը 10-ին, Խանջյան փողոցում՝ երաժշտական դպրոցի դիմաց, ինձ սպասում էր «Նոր Յառաջ»-ի խմբագիր-ընկեր Ժիրայր Չոլաքյանը… Նրա դեռատի աղջիկները՝ Մելինեն ու Ծովինարը, որ առաջին անգամ մեզ հետ եղան Արցախում, այսպիսի տոկունություն պահանջող կենսամշակութային արշավով-երթով-քայլքով, անընդհատ-խիտ-անցումներով-փոփոխություններով, արժանապատիվ, ընդամենը ժամեր հետո հոր հետ պիտի թռչեն Փարիզ՝ իրենց տուն… Ի՜նչ տարան Հայաստանից, երկու ճամբարից, Սևանի «Ժայռից», կրթահամալիրի Բանգլադեշից, իրենց հասակակիցներից, Երևանից, կիմացվի՞… Ինչպե՞ս… Յուրահատուկ ժպիտով, իրարից տարբեր արտաքինով, ռիթմով, նույնքան սիրելի քույրերն ունեցան բազում կապեր մարդկային, կստանան ծով լուսանկարներ, կհետևե՞ն mskh.am-ին, կպատմե՞ն իրենց անուշիկ հայերենով… Ժիրայրի հետ մեր ընկերությունը ավելի հաստատուն է ու առաջիկայում կդառնա գործ։ Հայ-ֆրանսիական մեր կապերը, շնորհիվ նաև ֆրանսախոս մեր ակումբի առաջադիմության, զարգացման նոր շրջան է մտնում…
Այս նախագծի շրջանակում է ծավալվում և համագործակցությունը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, նրա նորաստեղծ հետազոտական լաբորատորիայի հետ։ Հուլիսի 13-ին կրթական պարտեզում աշխատանքային-ճանաչողական օր անցկացրեց լաբորատորայի հիմնադիր ղեկավար, հին ընկեր Գագիկ Ներսիսյանը։ Գագիկի հետ մեր կյանքի մի նոր՝ գործընկերության շրջանում ենք։ Եվ սկսում ենք մասնագիտական ուսուցումից. Գագիկը կարևորեց-առանձնացրեց մեզ համար նոր՝ գյուղատնտեսական-բնապահպանական, դեղաբույսերի հավաքման-մշակման-գործածման ուղղությունը։ Մեր տեխնոլոգիական հանրակրթությունը՝ իր նյութական բազայով-միջավայրով, հայրենագիտական-ճանաչողական-ճամփորդական-էկոլոգիական ուսումնական դրվածքով, կրթական փոխանակումների զարգացած ցանցը լավագույն մեկնարկի հնարավորություններ են ապահովում։ Համաձայն եմ։
Նկատեցի՞ր, մեր քոլեջի 2017-ի ընդունելության մեջ նոր մասնագիտություններ ավելացան՝ զբոսաշրջության և վայրի բույսերի վերարտադրության, հավաքման, մթերման… Հաջորդը մեղվաբուծությունը կլինի… Մեր Գևորգից լավ մեղվաբույծ կստացվի, ես էլ, որպես քավոր, իմ պարգև մեղվի փեթակները մեղուներով ու մեղվապահի աքսեսուարներով ո՜նց կհանձնեմ… Ինչպես ինքը՝ Դավթին պարգև աստղադիտակը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ սկսած գործընկերությունը, երեկ-այսօր նոր շարունակություն-զարգացում ունեցավ Կալիֆոռնիայի Վան Նայսի «Կիլիկիա» տեխնոլոգիական քոլեջի ղեկավար Հովհաննես Քարտունյանի հետ մեր զրույցը աշխատանքային է դառնում․ մեզ նոր որակի քոլեջ է պետք, այնպիսին, որ շրջանավարտը հաշվվի իր մասնագիտությամբ հայաստանյան գործատուի մոտ աշխատելու պայմանով…
Այսօր օրը կսկսենք Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Կրթական պարտեզով մեր շրջայցով։ Լավ է, որ նրան հետաքրքիր է Ամառ 2017-ը Բանգլադեշում… Լավ է, կարևոր լինելու աստիճանի, որ Երևանի ավագանու նորընտիր անդամ-հանձնաժողովի նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, ժամը 9.00-ից 14.00, կարողացավ քայլել կրթահամալիրի Բանգլադեշով մեկ, այդքան ժամանակ տրամադրել, կոնկրետ ծանոթանալ տեղում… Կարևոր է, որ ողջ ընթացքում մենք հաստատեցինք հանրակրթությանը մեր հայացքների ընդհանրությունը… Ոգևորվելու՝ զարմանալու-հիանալու աստիճանի բնական դարձած կարողությունը և բարեկրթությունը պակաս կարևոր փաստական հանգամանքներ չեն, որ հաստատվեցին շրջայցով: Սրան ավելացնենք փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ… Մնացածը գործ է, համատեղ աշխատանք, որ պայմանավորվեցինք կատարել բարեխիղճ: Ելք է, և ուրիշը չկա:
Ես «շորտ»-ով եմ Ամառ 2017-ին ամենուր՝ հեծանվի վրա, եթերներում, պաշտոնական կոչված վայրերում, համերգներում՝ կամերային, թե ազգագրական։ Իսկ երեկվա համերգին մեզ լա՜վ գովեցին… «Առնո Բաբաջանյանի» անվան, սիրելի-երաժշտասեր հասարակությամբ լեփլեցուն համերգային դահլիճում, «Ակունք» երգի-պարի պետական ազգագրական համույթի ծրագիր-ելույթ-ներկայացումից առաջ, Արթուր Շահնազարյանն այնքա՜ն կարևորեց մեզ, ներկայացրեց որպես հակաբացիլ տեղով մեկ… Ինձ գովական վիճակը չէր լքում օրեր առաջ, կրթահամալիրի խորհրդի նախագահ Բուն TV-ի եթերում Արամազդ Ղալամքարյանի խոսքին հետևելիս, երեկ՝ մեր սիրելի պրոֆեսորի՝ կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ, հայտնի Արեգ Գրիգորյանի «Հրապարակ»-ի հարցազրույցը կարդալիս… Կկարողանա՞նք սեբաստացի համայնքի այսպիսի ներուժով բաց հասարակության, սպասարկու հանրության մշտական ֆորում կազմակերպել՝ կարևոր խոչընդոտների որոշման-քննարկման-վերացման ռեժիմ… Քո լսարանում, քո լսարանի հետ կապի այսպիսի ձևն ինձ ազդեցիկ է թվում… Առանձին ելույթները, ինչպես ասենք՝ նույն Արթուր Շահնազարյանի առանձին հրապարակումները, ի՞նչ ազդեցություն են թողնում… Իսկ Արթուրի խոսքը՝ երեկվա լսարանի հետ-երեկվա լսարանի համար-երեկվա լսարանում, ազդեցիկ էր, նշանային ուղերձներով, հասանելի… պայմանավորվածություններով…
Մանկավարժական նորարարությունը, նախաձեռնողականությունը սեբաստացու որևէ խմբով, ինձ ձգում-կլանում են տապից էներգիա առնելու աստիճանի… ինչպես երեկ Քոլեջում այդպիսի մի նախաձեռնություն՝ Գայանե Թերզյանի հիմնավորմամբ-գործնականությամբ նոր մասնագիտությունների՝ օտար լեզվի խորացված իմացությամբ զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման և հյուրանոցներում-զբոսաշրջային համալիրներում սպասարկման կազմակերպման մասնագետի պատրաստման ընթացքի քննարկում էր… Գիտե՞ք, որ ունենք դիմորդներ՝ ավելացող կազմով… Սրան միացավ, բնական մի տեսակ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից Գագիկ Ներսիսյանի ոգևորող ազդեցությամբ ծնված վայրի բույսերի վերարտադրություն-հավաքում-մթերումը։ Հայաստանով մեկ նախաձեռնող-եռանդուն-հասուն մարդկանց սովորելը իմ թվարկած մասնագիտություններով նոր հեռանկար է մեր Քոլեջի համար. չե՞ք ոգևորվում… Հայաստանում ունի՞ ներկա, եթե չունի՝ մեր մեղքն է. Հայաստանով մեկ չի կարող չհաղթահարվել, ճանապարհ կհարթի զբոսաշրջության ընտանեկան կազմակերպումը, խմբային ճանաչողական-հայրենագիտական ճամփորդությունը, ուղեկցված դաշտային բույսերի հավաքմամբ, պահպանմամբ, վերարտադրությամբ… Թուրքագետ, Երևանի պետական համալսարանի դոցենտ հայ-թուրքական մշակութային-զբոսաշրջային-մարդկային կապերի կապավոր Աշոտ Սողոմոնյանի հետ երեկ շրջեցինք կրթահամալիրով՝ հայ-թուրքական փոխանակումների մեր հնարավորությունները-առաջարկները միասին պատկերացնելու։ Աշոտը մեր կրթահամալիրը ներսից գիտի՝ մարդկանցով, մեր ուսուցիչներից շատերը գոհունակությամբ ճամփորդել են Աշոտ Սողոմոնյանի կազմակերպած տուրերով (երթերով), միասին հայտնագործել և՛ ժամանակակից Թուրքիան, և՛ պատմական հայրենիքը՝ Դավիթ Բլեյանի սիրած Թուրքահայաստանը… Կարևոր է նաև Աշոտ Սողոմոնյանի մասնագիտական՝ դրսի հայացքը, մեր հնարավորությունների ու առաջարկվող նախագծերի՝ փորձագետի գնահատումը… Ուրախ եմ այն ոգևորվածությունից, հավեսից, որ ունեցանք երկու Աշոտ, ասենք այսպես՝ գործընկերոջով… երբ կարճատև հրաժեշտ տվեցինք…
Հայ-թուրքական հանրակրթական-մշակութային կամուրջների հաստատման-ընդարձակման ամառային աշխատանքները նոր որակ ու կազմակերպում կունենան։ «Հրանտ Դինք» հիմնադրամի ընձեռած հարթակով դիմել ենք 2017-2018 ուստարում երկու թուրք մասնագետի կրթահամալիր հրավիրելու համար։ Ծանոթանում ենք Էլեն Քոքչյանին՝ Աշոտի երաշխավորությունն ունեցող թուրքերենի մասնագետ-ուսուցչի աշխատանքը, ինչպես վրացերենինը, սկսելու համար։ «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրով սեբաստացի ուսուցիչների հաջորդ խումբն է Ստամբուլում… Կրթահամալիրի քոլեջում «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» և «Զբոսաշրջություն» մասնագիտություններով սկսել ենք ուսանողների ընդունելությունը…
Մեր հայրենակիցների հետաքրքրության մի նոր ալիք է նկատվում իմ, կրթահամալիրի նկատմամբ․ աշխատանք է ու աշխատատար, որ պետք է բարեխիղճ կատարել… Դիզայներ-ոսկերիչ Սևակ Տումանյանը՝ սեբաստացի Վասակ-Պետոյի, Վարագ-Նարեկի, Վանեի հայրիկը, Արևմտյան դպրոց-պարտեզում դաստիարակ աշխատող Նաիրի Տումանյան-Բաբահեքյանի ամուսինը, հետևողական օգտագործում է իր կապերը-կենսագրությունը՝ կրթահամալիրը ճանաչելի դարձնելու, արտերկրում ապրող մեր հայրենակիցների, նրանց ղեկավարած կազմակերպությունների հետ գործընկեր հաստատելու համար… Պայմանավորվածություններ, ծրագրեր։ Կրթահամալիրի ամեն մի օղակի ղեկավար, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, իհարկե, իր բեռը պիտի վերցնի, իր մասնակցությունն ունենա մեր արտաքին կապերի, նոր կամուրջների հաստատման, դրանց բանուկության, փոխանակման մշտականությունը ապահովելու համար, բայց համակարգող մասնագետի պահանջը օր օրի զգալ է տալիս։ Առաջարկե՛ք։ Իսկ հայր Ներսեսի՝ Հռոմում գերմանական ուսումնական կենտրոնի կաթոլիկ վարդապետի հետ մեր հանդիպումը երեկվա հուզականության աղբյուր ունի․ մենք 1991-ին հանդիպել, կարճ շրջան ապրել ենք Վենետիկում՝ Սուրբ Ղազարում, Մխիթարյան միաբանությունում, երբ ես, որպես Երևանի փոխքաղաքապետ և Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, ուղեկցում էի նոր Հայաստանի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին Հռոմ, իր պաշտոնական այցելության ժամանակ… Շրջայցը՝ Մայր դպրոցով, Արևմուտքի ու Արևելքի դպրոց-պարտեզներով, Գեղարվեստով, ոչ միայն ճանաչողական էր հայր Ներսեսի համար, այլև երկուստեք տրամադրվածությամբ-նպատակադրմամբ՝ աշխատանքային… Քանի՜ հնարավոր կապեր-գործեր-մտահղացումներ առաջացան քննարկվեցին…
Վրաստանի, Ջավախքի, Նինոծմինդայի Հեշտիա գյուղով անցնող Փարվանա գետի, ինչպես տեղացի հայերն են ասում՝ Արազի տպավորությունը տեսե՛ք, չեմ հաղթահարում… Երկու օր և երկու անգամ լողացինք, ո՜նց լողացինք այդ մարդամոտ գյուղով մեկ, գյուղից վար անցնող տաք ջրերում… Պարգև։ Գետը ունակ է ու պիտի փոխի իր բնակիչներին Հեշտիայում, թե Երևանում, թե՛ Սեյրան բարձունքից, թե՛ Հեշտիայի քարափներից շարունակ աչքս գետից չկտրելով, ես նույն-պարզ միտքն եմ կրկնում․ լավ, այսքան պարզը ո՞նց ուղեցույց չի դառնում… ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերով Հայաստանում, Արարատյան դաշտում իրականացվող պատասխանատուների այցը կրթահամալիր, զրույցը մեր երկար-կոնկրետ-մտահոգ, նորից բորբոքեց ինձ։
Ես մեծացող անհամբերությամբ սպասում եմ իմ վաղեմի ընկեր դաշնակահար-կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի ու ջութակահար-դիրիժոր Հայկ Դավթյանի դուետի ելույթին. աշխարհում հայտնի երաժիշտների այսպիսի նախաձեռնությունը ոչ միայն հուզիչ վերաբերմունք է կրթահամալիրի մանկավարժության նկատմամբ, այլեւ ուղղորդող-ավանդույթ ձեւավորող նշանակություն ունի։ Չէ՞ որ ամռանը շատ նշանավոր հայրենակիցներ երկարատեւ լինում են Երեւանում-Հայաստանում, եւ ե՞րբ, եթե ոչ ամռան տապին, կարող են իրենց ներդրումն ունենալ, իրենց կապը հաստատել, հայ ունկնդրին այսպես հարգել … Որքա՜ն հայտնի երաժիշտ էր հավաքել «Սեբաստիա» սրահում երեկվա համերգը, որքա՜ն կիրթ հանդիսատես… «Համերգ» նախագիծը, որ պարբերական-շարունակական պիտի լինի 2017-2018 ուստարում, Սվետա Ճաղարյանի խնամքով համակարգմամբ, երեկ մեկնարկեց… Բարի եղավ, ստացվեց, կեցցեք բոլոր կազմակերպիչ-մասնակիցներով… Մի՛ լարվիր, Սվետա ջան, մի՛ շտապիր, կենտրոնացիր նոր ընդունելության, նոր համալրման վրա…
Իսկ Մարմարյա սրահում, հոկտեմբերին սիմֆոնիկ երաժշտության համերգի մասին մենք կոնկրետ պայմանավորվեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Երեկվա համերգից տեսարա՜ն՝ ջութակահար Հայկ Դավթյանի հայր, վաստակաշատ խմբավար-դիրիժոր Յուրի Դավթյանի ու իր տիկնոջ մուտքը Մայր դպրոց, համերգասրահ… Այնքա՜ն խոնարհ-ազդեցիկ էր իր մոտեցումը, իր գնահատականը մեր գործին, իր ուղղորդումը մնաց…
– Չշեղվե՛ք, դուք այնքա՜ն շատ բան եք արել դրա համար, այնքա՜ն կարևոր է ձեռքբերումը ձեր, որ կարող եք անհրաժեշտ մակարդակը ապահովել, որով մնաք բոլորինս…
– Մակարդա՜կ, Աշոտ Շամխալովիչ, մա՜-կա՜ր-դա՜կ,- այսպես ընդգծված վանկատում էր մեր ռուսերենի ուսուցիչ Իրինա Արկադիի Բաղդասարյանը, երբ հանդիպում էր մեր խելահեղ ընթացքի մեջ իրեն բավարարող դրսևորումի…
Այո, միշտ սեփական հայացքով-մոտեցումով ու միշտ կառուցողական-գործընկերային, մեր ձեռքբերումները հանրայնացնելու-տարածելու, փոխանակման բաց համակարգում մեր հեղինակած մանկավարժությունը նորացնելու-զարգացնելու ռեժիմում… Նորից անդրադառնամ երեկվա մեր որոշմանը, որով մեր հեղինակային կրթական ծրագիրը նոր ուսումնական տարում կունենա նաև կազմակերպման նոր ձև՝ հեռավար ուսուցում, և սեբաստացի ուսուցիչները՝ հետազոտական աշխատանքի ամառային նոր պատվեր։ Հանուն Հայաստանի Հանրապետության…
Սեպտեմբերին համերգը, որի տեղը հաստատ մեր Մարմարյա սրահն է՝ իր բաց-մասնակցային միջավայրով, կկրկնվի… Իսկ յուրահատուկ այս հաշվետու համերգին՝ երկու մասով, ուշադիր հանդիսատեսը, երևում էր, ստիպված էր նստել՝ երգելու-պարելու, հարսանյաց ծեսերին ու Սասունցի Դավթի ողորմիներին մասնակցելու ցանկությունը-կարողությունը զսպած… «Ակունք»-ը հե՛նց այսպիսի համերգով-ունկնդրով պիտի տարածվի… Տոնախմբությունը, որպես հակաբացիլ նախագիծ, հե՛նց երեկվա համար էր, հե՛նց «Ակունք»-ի ու իր գեղարվեստական, միշտ զարմանալի ղեկավարի՝ Արթուր Շահնազարյանի այսպիսի գործունեության։
***
Կրթահամալիր մուտքի ճամբարական 6-8-րդցիների հետ իմ զրույցը երեկ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցարանում այնքան ինքն իրեն-բնական եղավ. տպավորություն է՝ իմ օրվա գրով տալու համար… Նույնքան ինքն իրեն, ինչպես իմ հանդիպումը հանրապետության վարիչների խմբի հետ, նույն ընթերցարանում, երբ ես, որպես բաց միջավայրի առավելություն, նրանց ուշադրությունը հրավիրեցի նույն ընթերցարանում միաժամանակ, առանց իրար խանգարելու-տեսնելու, հարմար ներառված, իրենց ընտրած գործունեությամբ զբաղված խմբերի վրա, այնքա՜ն անաղմուկ-ընթերցարանային-կլանող էր միջավայրը… Ապակուց այն կողմ Մարմարյա սրահի աշխույժն էր, դեպի արևմուտք՝ բաց-անվարագույր ընդարձակ պատուհաններից ներս խուժող արևի լույսը, բնությունը, որ ընթերցարանն այսքա՜ն գրավիչ-լուսավոր է դարձնում…
Իսկ նոր սեբաստացի դարձող պատանիները և մանկապարտեզների փորձառու վարիչները նույն տրամադրության մասին են պատմում ինձ՝ այնքան լավ են օրերը-ժամերը իրենց, որ չեն ուզում՝ դրանք վերջանան… Տպավորվել է իմ երեկվա օրից և Գորիսի քաղաքապետի այցը կրթահամալիր, ինչպես օրեր առաջ Ներքին Գետաշենի գյուղապետի այցը… Ամենատարբեր մակարդակով այցելուների պակաս կրթահամալիրը չի ունեցել, բայց նպատակային, մեր ստեղծած աշխարհը ներսից հասկանալուն, վերցնելով-փոխանցելուն ուղղված այսպիսի նախաձեռնություններն ուրախացնող են… Շրջայցից հետո փորձառու քաղաքապետի հումորով ասված բնորոշումը մնաց…
– Եթե առանձին մասերով տեսածս տանել չհաջողվի, ստիպված կլինենք ամբողջը տանել Գորիս… Ամբողջ կրթահամալիրը… Ես լսել էի նորարական լուծումների, մոտեցումների մասին, բայց այսպես ամբողջական, նոր հայացքով մանկավարժական գործի կազմակերպումը տեսա…
Այո, շնորհակալ եմ, և կարևոր է, որ Հայաստանում մեր օրերում մեր ձեռքերով-մտքով՝ մեր ջանքերով, ստեղծված ամբողջական, մանկավարժական գործի նոր կազմակերպումը, որպես նոր հայացք, սկսվում է ընկալվել նոր դպրոց փնտրող պատանի սովորողի, ծնողի, դաստիարակի-վարիչի, գյուղապետի-քաղաքապետի կողմից։ Սա լավ նշան է, սեբաստացիներ, մեր շրջակա, մոտակա-հեռակա-հայ աշխարհի կողմից…