«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որից օգտվում են դասվար-դասավանդողները, սովորողները: Դասվարները սովորում են լողալ, ձեռք են բերում լողալու հմտությունները փոխանցելու տարրական կանոնները և հանդես են գալիս որպես մարզիչի օգնական՝ մասնակցելով լողի պարապմունքներին: Կրթահամալիրում դասվարների համար հաճախ կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ, որոնց ընթացքում դասվարները սովորում են, թե ինչպես է պետք լողալ չիմացող, ջրից վախեցող սովորողներին օգնել, լողալ սովորեցնել: Շատ կարևոր է սովորողների վախի հաղթահարումը, որը մարդուն հաջողությունների հասնելուն խանգարող ամենաուժեղ գործոնն է: Մեզ մոտ լողալ չսիրող չկա, ջրից վախեցող՝ նույնպես:
Կրտսեր դպրոցում լողուսուցումը պարտադիր ուսումնական պարապմունք է՝ սովորողների ամենահավես, սիրելի-սպասված գործունեության ձևերից մեկը: Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանը շուրջտարի սպասարկում է կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներին: Յուրաքանչյուր դասվար իր լողորդ սովորողների խմբի հետ քայլքով անցնում է Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Արևմուտք, Հարավից Արևմուտք ճանապարհը և հասնում է կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փակ լողավազան: Սովորողների հետ Հյուսիսային դպրոցից դեպի Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան ճամփան անցնում ենք քայլքով-կարդալով, չենք վախենում նույնիսկ ձյունոտ ճանապարհից: Ճանապարհը հարմար-անցանելի է նաև հեծանվով անցնելու համար: Հյուսիսից Արևմուտք քայլքով անցնելիս էլ ամեն անգամ փորձում-փորձարկում ենք տարբեր ճանապարհներ, գրանցում ենք ծախսած ժամանակը, ուսումնասիրում ենք թաղամասը, փողոցները, անցումները: Ըստ սովորողների դիտարկման՝ Բաբաջանյան փողոց-վերգետնյա անցում-Յուրի Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց ճանապարհը քայլքի համար ամենահարմարն է, ամենաապահովը:
Լողուսուցումը կրթահամալիրում շուրջտարյա է, անընդհատ՝ թե՛ ձմեռ, թե՛ ամառ…
Բացօթյա լողուսուցումն էլ իր հմայքն ու գրավչությունն ունի՝ խնամված լողափով, գլաքարերով, թարմ-զուլալ ջրով: Սովորողները լողալուց չեն կշտանում, չեն հագենում, թարմ են լինում, առույգ ու ոգևորված: Ծնողները հաճախ կարծում են, որ ձմռանը պետք չէ լողալ, որ երեխաները կմրսեն, կհիվանդանան: Իմ փորձով համոզվել եմ, որ շուրջտարի լողացող սովորողները, որպես կանոն չեն հիվանդանում կամ քիչ են հիվանդանում, նրանք կոփվում են, կազդուրվում, ավելի առողջ դառնում: