Հետազոտական վարժարանը՝ կրթահամալիրային հետազոտական նախագիծ
Կրթահամալիրում կարևորվում են սովորողների ինքնուրույնությունը, ստեղծականությունը, նախաձեռնողականությունը։ Այդ որակները նրանք ձեռք են բերում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված միջավայրում, հեղինակային մանկավարժության կազմակերպման արդյունքում։ Սովորողի հետազոտական աշխատանքը, որ բլեյան դպրոցում խրախուսվող գործունեություն է եղել միշտ՝ ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստուգատեսներով, ստեղծագործական բաց հավաքներով, սովորողի ընտրությամբ ամենատարբեր ուսումնական նախագծերով, ֆլեշմոբային առաջադրանքների և օրացույցի առանձին մասերի մշակմանը մասնակցությամբ անվանական մրցանակներով, գնահատման կրեդիտային համակարգի ներդրմամբ, 2022-2023 ուսումնական տարվանից ուսումնական պլանի բաղկացուցիչ է, պարտադիր 9-12-րդ դասարանցի յուրաքանչյուր սովորողի համար, 2023-2024-ից տարածվում է նաև 6-8-րդ դասարանցիների վրա։
Կրթահամալիրում հետազոտական նախագծի կազմակերպման համար բավարար պայմաններ են ստեղծված.
- ավագ դպրոցը և մասնագիտական ուսուցման քոլեջը, որ իրար լրացնում են ի շահ սովորողի մասնագիտական կողմնորոշման, ընտրության հնարավորություն են տալիս սովորողին, համագործակցում են նաև հետազոտական նախագծերի կազմակերպման հարցում.
- նախագծի իրականացմանն իրենց միջավայրով, մասնագիտական ներուժով մասնակցում են կրթահամալիրի լրացուցիչ կրթության կազմակերպիչ ուսումնական կենտրոնները.
- որպես նախագծի կազմակերպիչ, խորհրդատու, ղեկավար, գրախոս՝ հանդես են գալիս կրթահամալիրի տարբեր դպրոցներում, քոլեջում դասավանդողները, մասնագետներ բուհերից, այլ կազմակերպություններից.
- արդյունքների պաշտպանությունը բաց է, հրապարակված օրացույցով, նաև առանձին հրավիրվում են կոնկրետ բնագավառների մեր գործընկերները, մասնագետներ, մասնագետ ծնողների ու շրջանավարտներ.
- այսպես ստեղծվում է սեբաստացի «Բազմավեպ» ամսագիրը։
Հետազոտական աշխատանքը ոչ միայն սովորողի կարողունակություններ է ձևավորում, զարգացնում, նրանց համար նաև օտար լեզուները գործածելով սովորելու խթան դառնում, այլ նաև հետազոտական վարժարանում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի զարգացման գործոն է, կրթահամալիրի քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնագիտական ուսուցման, լրացուցիչ կրթության, իրական աշխատանքի բովանդակության պատվիրատու։
Սա հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջ է։ Ուստի պատահական չէ, որ ՀՀ վարչապետն արձագանքել է Դավիթի հրավերին։
Իսկ մինչև հետազոտական աշխատանքի սրահ հասնելը մեծարգո վարչապետի, ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրում ենք նաև այն բանին, թե ինչպես է ուսումնական հաստատության տիպային շենքը վերակազմակերպվել, ներկայացնելով գործունեության մի թափանցիկ կենտրոն՝ համասեռ լույսով, ջերմությամբ՝ խնայելով ծախսերը։ Կրթահամալիրը Աշոտ Բլեյանի հետևողական ջանքերով վերափոխել է նախկին մանկապարտեզների շենքերը։ Մեր փորձը՝ որպես մոդել, կարող է օգտագործվել հանրապետությունում ուսումնական շենքերի վերակառուցման ժամանակ։