Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 

Քորնելում սովորելու մեկ տարին և հաջորդ երկուսը Հարվարդում, երբ փիլիսոփայություն էի ուսումնասիրում, իմ պատանեկության տարիների շարունակությունն էին և իմ աստիճանական մուտքը գիտահետազոտական ինքնուրույն աշխատանք: Այս տարիները մտավոր զարգացման տեսանկյունից կարելի էր բավարար համարել, բայց ես առաջվա նման չէի տեսնում ելքը «Հուսահատության ճահճից»: Լիովին գիտակցում էի, ընդ որում, ինչպես բոլորը իմ շրջապատում, որ հրաշամանուկի ճանապարհը լի է թակարդներով և փորձություններով, և թեև վստահ էի, որ իմ մտավոր կարողությունները բարձր են միջին մակարդակից, միևնույն ժամանակ հասկանում էի, որ իմ մասին կդատեն ընդունված նորմերին համապատասխան, ըստ որոնց իմ կյանքի համեստ հաջողությունը կդիտվի որպես անհաջողություն: Այսպիսով, ինձ չհաջողվեց խուսափել դժվար իրավիճակներից, որ սովորաբար ուղեկցում են պատանեկությանը, և չնայած այդպիսի վիճակներից դուրս գալու փորձերը բավականին բարձր մտավոր մակարդակի էին, քան պատանիների մեծ մասի դեպքում, դրանք հաճախ սովորականից ավելի դաժան և կասկածներով լի պայքար էին իմ անվստահությունը և ոչ համապատասխանությունը նշանավորող ուժերի դեմ:

Հատկապես մեկ տարվա կյանքը` սկզբում Քեմբրիջում, իսկ հետո Գյոթինգենում, ինձ ազատագրում տվեց: Առաջին անգամ կարողացա ինձ մտավոր առումով համեմատել մարդկանց հետ, որ տարիքով ինձանից մեծ չէին, ընդ որում, եվրոպական և նույնիսկ համաշխարհային առումով գիտական հասարակության սերուցքն էին համարվում:  Ես էլ ենթարկվեցի Հարդիի, Ռասելի և Մուրի նման հարգարժան մարդկանց ուսումնասիրությանը, որոնք ինձ դիտարկում էին առանց իմ վաղ զարգացման լուսեպսակի, և առանց այն ժամանակ անխուսափելի հանդիմանանքի, երբ ես հոգեկան ծանր ապրումներ էի ունենում: Չգիտեմ՝ նրանք ինձ հատուկ օժտված էին համարում, թե ոչ, համենայնդեպս, նրանք (գոնե նրանց մի մասը) իմ առաջխաղացումը լրիվ հիմնավորված էին համարում: Ես արդեն հորս անմիջական հսկողության տակ չէի և կարիք չունեի ինձ գնահատելու նրա հայացքով: Կարճ ասած, մտել էի միջազգային գիտության մեծ աշխարհը, և մնում էր հուսալ, որ այնտեղ կկարողանամ ինչ-որ բան անել:

Ամբողջ ժամանակ սովորում էի, թե ինչպես ինձ պահեմ հասարակության մեջ, և ուսումնասիրում էր այն պահանջները, որ պետք է պահպանել, երբ ապրում ես ուրիշ սովորույթներ  և ավանդույթներ ունեցող մարդկանց շրջանում: Գերմանիայում իմ ուսումը նշանավորվեց մանկությունիցս ավելի մեծ խզումով, ինչպես նաև մեծ անհրաժեշտություն ուրիշների նորմերին հարմարվել կամ գոնե անմիջական բախումներից խուսափելու կարողությամբ:

Սարաևոյի բախումը աստիճանաբար վերաճեց համապարփակ հակամարտության: Այն ժամանակ, երբ ես Համբուրգ հասա, փողոցներում հայտնվել էին պլակատներ, որոնք բանակ զորակոչի ենթակա բոլոր ավստրիացիներին կոչ էին անում վերադառնալ հայրենիք: Քաղաքը լցված էր մարդկանցով, և Christliches Hospiz[1]-ում, որտեղ կանգ առա, ինձ կարողացան տեղ առաջարկել տեղ միայն ծառայողների շենքի լոգասենյակում, որը հիմնական շենքին կից կառույց էր: Գիշերը փողոցից երգի ձայներ լսեցի և ինձ թվաց՝ պատերազմը սկսվել էր, բայց այն դեռ չէր սկսվել, և ես մինչև լույս թափառեցի լճակի շուրջը:

Ես գնացք նստեցի մինչև Կուքսհաֆեն, որտեղ նստեցի Ցինցինատիի՝ Hamburg-America Line-ին պատկանող շոգենավը: Մեկուկես օր հետո Սպիթհեդում տեսա ռազմական պատրաստության բերված բրիտանական նավատորմը, իսկ երկու օր հետո լուր ստացանք, որ Գերմանիայի և Անգլիայի միջև պատերազմը սկսվել էր, և որ ռադիոկայանը փակվել էր:  Երբ դեպի Բոստոն ուղևորվեցինք, չգիտեինք՝ կհաջողվի՞ մեզ ավարտել մեր ճանապարհորդությունը, և մի անգամ նունիսկ լուր տարածվեց, որ հնարավոր է, լողում ենք դեպի Ազորյան կղզիներ: Սակայն արևի դիրքը ցույց էր տալիս, որ այդպես չէր, և մենք, ինչպես և սպասվում էր, լողում էինք դեպի Բոստոն: Այդ նավը հետագայում կանգնեց բոստոնյան նավանորոգարաններից մեկում, մինչև որ Միացյալ Նահանգները սկսեց մասնակցել պատերազմին, որից հետո այն օգտագործեցին որպես ամերիկյան տրանսպորտային միջոց, իսկ ավելի ուշ գերմանացիներն այն տորպեդահարեցին:

Հայրս ինձ դիմավորեց նավի վրա՝ մեծ թեթևություն զգալով, որ ինձ տեսնում էր առողջ և անվնաս: Մենք միասին գնացք նստեցին դեպի Նյու Հեմփշիր: Նկատեցի, որ հայրս ինձ ավելի մեծ հարգանքով էր վերաբերվում, քան առաջ, որպես չափահաս մարդու: Մեր ճամփորդության ընթացքում խոսում էինք պատերազմից: Ես զարմացած էի՝ պարզելով, թե որքան միանշանակ էր հորս և նրա ներկայացրած համալսարանի կարծիքը՝ Գերմանիային դեմ:

Պատերազմական լուրերը վատն էին: Հույս ունեինք, որ պատերազմն արագ կավարտվի, բայց գերմանական զորքերն ավելի ու ավելի խորն էին թափանցում Ֆլանդրիայի և Ֆրանսիայի տարածքները, և նույնիսկ երբ մարշալ Ժոֆերին հաջողվեց ժամանակավոր հաղթանակ տանել Մառնի ճակատամարտում, պարզ էր, որ մեզ սպասում էր երկար, հուսահատ և անհասկանալի պատերազմ: Հենց այդ ժամանակ իմ սերնդի երեխաները գիտակցեցին, որ իրենք չափազանց ուշ են ծնվել, կամ, շատ հավանական է, չափազանց շուտ: 1914թ. Սանտա Կլաուսը մահացավ: Մենք կարծում էինք, որ կյանքն այն մղձավանջն էր, որ նկարագրված էր Կաֆկայի ստեղծագործություններում, որից ուշքի գալով ավելի պարզորոշ ես գիտակցում, որ այդ մղձավանջն իրականություն է, կամ իրականությունն ավելի սարսափելի մղձավանջ է:

Ես Բերտրան Ռասելին գրեցի, որ հասկանամ՝ արժե հաջորդ տարի Քեմբրիջ վերադառնալ, քանի որ 1914-1915 ակադեմիական տարվա համար Հարվարդում ինձ նորից կրթաթոշակ էին հատկացրել: Նա պատասխանեց, որ ավելի անվտանգ և ցանկալի կլինի, եթե Նյու Յորքից Ամերիկան Լայնին պատկանող հին նավի տոմս պատվիրեմ: Դա կառուցված էր այն ժամանակներում, երբ դեռ լրացուցիչ առագաստ էին տեղադրում, և քիթը նման էր զբոսանավի քթի, նաև քթակայմ ուներ: Այս ամենն ինձ շատ ռոմանտիկ թվաց:

Նյու Յորքում ինձ ճանապարհեցին իմ երկու հորաքույրերը, որ հագուստի համաշխարհային շուկայում հաջողություններ ունեին և երկար ժամանակ էին անցկացրել Փարիզում: Ճանապարհորդությունը երկար էր, բայց հաճելի: Նավի վրա ինձանից բացի էլի երիտասարդներ կային, որ ցանկանում էին մոռանալ պատերազմի մասին: Մենք գոլֆի նման խաղ էին խաղում` օգտագործելով շաֆլբորդի համար նախատեսված ձողեր և սկավառակներ, տախտակամածի վրա կավիճով փոսեր էինք գծում և որպես արհեստական արգելքներ՝ օգտագործում հովհարիչները, ամրացման ձողերը և ղեկանիվի խցիկը: Այնտեղ Ավստրալիայից տարեց մի զույգ կար, որը ներողամտորեն հետևում էր մեր զվարճանքին: Իրենց հայրենիքում նրանք գյուղատնտեսական դպրոցի նման ինչ-որ բան էին ղեկավարում: Ավելի ուշ նրանց հանդիպեցի ռազմական մռայլ Լոնդոնում, և նրանց սրտացավությունը մեծ սփոփանք էր ինձ համար:

Այդպես ես պատերազմի ժամանակ վերադարձա Քեմբրիջ: Մթնոլորտը մռայլ էր և ծանր: Համալսարանի ետնաբակերում գտնվող շենքերի մի մասը հարմարեցված էր զինվորական հոսպիտալների՝ վիրավորված զինվորների համար: Համալսարանի տարածքի բոլոր ազատ մասերում այլանդակ, ժամանակավոր-հյուղակներ էին կառուցել, որոնք ավելի հաստատուն էին թվում, քան ցանկացած նախօրոք նախագծված հիմնական շենք:

«Յունիոնում» մշտապես կախում էին սպանվածների ցուցակներ, և հուսահատ հայրերն ու եղբայրները դրանք կարդում էին այն հույսով, որ իրենց ընտանիքի որևէ անդամի ազգանունը չի լինի, բայց և վախով, որ վաղ թե ուշ  իրենց հարազատների ազգանունները կհայտնվեն այդ ցուցակում: Բլեքվուդի ամսագիրն ամեն ամիս տպագրում էր հատված Ջոն Հեյ Բեյթի «Առաջին հարյուր հազարը» («The First Hundred Thousand») գրքից, որն առաջացնում էր պատերազմի մոտիկության և դրան մեր մասնակցության զգացողություն:  

Ռազմական նորությունները տխուր էին և չարագուշակ: Ընկերներս և գործընկերներս դժվարությամբ էին կարողանում իրենց գիտական գործունեությամբ զբաղվել, իսկ մութ փողոցները և մայթերի եզրերի սպիտակ գույնը ուժեղացնում էին տխրության և դատապարտվածության ընդհանուր տրամադրությունը: Ի վերջո լուր հասավ, որ գերմանացիները պատրաստվում են շուտով առևտրական և մարդատար նավերի դեմ մեծ օպերացիա սկսել սուզանավերով:

Տարօրինակ էր ամենուր զինվորների հանդիպելը՝ կինոթատրոններում, փողոցներում և նույնիսկ համալսարանի լսարաններում, և մտածելը, որ արտասահմանցի լինելով՝ պաշտպանված էի ընդհանուր զոհաբերությանը մասնակցելուց: Մի քանի անգամ մտածեցի զինվորագրվելու մասին, բայց ինձ կանգնեցրեց այն փաստը, որ ի վերջո, սա իմ պատերազմը չէր, և առանց ծնողներիս հետ համաձայնեցնելու պատերազմ գնալ, մի տեսակ, լուրջ դավաճանություն կլիներ նրանց նկատմամբ: Բացի դրանից, ես շատ վատ տեսողություն ունեի, և զինվորի լավագույն թեկնածուն չէի, ինչպես նաև չէի ցանկանում ինձ զոհաբերել այնպիսի բաների համար, ինչում մինչև վերջ համոզված չէի: Չնայած այդ պատերազմում ես անկասկած աջակցում էի Անգլիային և Ֆրանսիային, համենայն դեպս չէի զգում այն արդարացի զայրույթը, որ իր ապրած զգացողությունների ամբողջ համալիրի պատճառով համակել էր հորս:

Ես տպավորված էի բրիտականական իշխող դասի ֆրանկմասոնությունից, որի ներկայացուցիչները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, կարող էին իրար ամենատարբեր գաղտնիքներ փոխանցել, որոնք զգուշորեն թաքցնում էին մամուլից և հասարակությունից: Ես ստիպված էր դրա վրա ուշադրություն դարձնել Քեմբրիջում երկրորդ անգամ լինելու ընթացքում: Սովորությունն ունեի ծնողներիցս ստանալու բոստոնյան հին Տրանսկրիպտի օրինակ, որը, ինչպես և առաջ, հարգարժան և բավականին ճշգրիտ տեղեկատվության աղբյուր էր:  Համարներից մեկում կարդացի բրիտանական «Խիզախ» հածանավի խորտակման մասին: Բրիտանական թերթերում այդ դեպքի մասին ոչ մի բառի չէի հանդիպել: Գնացի Ռասելի մոտ՝ այդ նորությունը հայտնելու, և նա ասաց, որ դա հայտնի էր հենց դեպքի պահից, և որ «Լոնդոնյան նորությունների նկարազարդ ամսագիրը» տպագրել էր նավի լուսանկարը` «Խիզախը» («Audacious») մակագրությամբ և ոչ մի բացատրություն չէր գրել ցուցաբերած քաջության մասին:

Ավելին, կարծես, Ռասելը լավ տեղեկացված էր պատերազմի բոլոր այն մանրամասների մասին, որը թաքցվում էր լայն հասարակությունից: Չնայած այդ փուլում Ռասելը չափազանց անընդունելի մարդ էր Բրիտանական իշխանության պաշտոնական ներկայացուցիչների համար: Նա գիտակցաբար բողոքում էր պատերազմի դեմ և խորապես համոզված պացեֆիստ էր, և երբ ավելի ուշ Ամերիկան մտավ պատերազմի մեջ, ամերիկյան կառավարության մասին այնքան թշնամաբար արտահայտվեց, որ նրան բանտարկեցին և արգելեցին Քեմբրիջում դասավանդել:

Նման զուգադրումը՝ իշխանության սև ցուցակում լինելը և միևնույն ժամանակ իր պաշտոնական հակառակորդներից լայն հասարակությանը ոչ հասանելի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինձ թվում էր Անգլիայի կայունության նշան և խոսում էր այդ ժամանակ նրա ղեկավար դասի վստահ կարգավիճակի մասին:

Ծննդյան տոներին մոտ այլևս չկարողացա տանել Քեմբրիջի մռայլ մթնոլորտը և մեկնեցի Լոնդոն: Բնակարան վարձեցի և մելամղձոտ՝ ժամանակս անցկացնում էի Լոնդոնի մասին տանտիրուհուս ունեցած գրքերը կարդալով և այցելելով դրանցում նկարագրված վայրերը, որպեսզի ստուգեմ՝ փոխվել են դրանք ժամանակի ընթացքում: Իմ ավստրիալացի ծանոթներին գտա Բլումսբերիի հյուրանոցում: Այցելեցի նաև իմ հարվարդյան ընկերներից մեկին՝ Թ. Ս. Էլիոթին, ում հետ ընկերացել էի փիլիսոփայության շնորհիվ, նա կարծեմ Օքսֆորդն ընտրեց այն ժամանակ, երբ ես ընտրեցի Քեմբրիջը: Նրան գտա Բլումսբերիի վարձով տրվող բնակարաններից մեկում, և միասին ոչ շատ ուրախ ժամանակ անցկացրեցրինք Լայոնս ռեստորաններից մեկում՝ տոնական սեղանի շուրջը: Նաև Ուայթհեդներին այցելեցի և համոզվեցի, որ ռազմական զրկանքները նրանց կողքով չէին անցել:

Վերադառնալուցս որոշ ժամանակ հետո ծնողներիցս հեռագիր ստացա, որում հայտնում էին, որ սուզանավերն իսկական պատուհաս են դառնում, և ես պետք է տուն վերադառնամ Ամերիկա մեկնող հենց առաջին նավով: Իրականում Քեմբրիջն ըստ էության փակ էր, և իմ այնտեղ մնալը՝ անիմաստ: Որոշեցի ուսումնական տարիս ավարտել Կոլումբիայում, տոմս պատվիրեցի Լիվերպուլից Նյու Յորք և գնացքով մեկնեցի դեպի Լիվերպուլ։ Ճամփորդությունն անցավ տխուր՝ ուղեկցվելով հիմարացնող ռազմական պատահարներով:  Խցիկում իմ հարևանները դասալիք զինվորներ էին, որոնք գնացքից ցատկեցին հենց առաջին կանգառում` մինչև Լայմ փողոցը հասնելը, և ուղիղ ընկան ռազմական ոստիկանության ձեռքը: 

Ես ձմռանը ճանապարհորդել եմ Ատլանտիկ օվկիանոսով, և այդ ճամփորդությունները եղել են նույնքան հանգիստ և հաճելի, ինչպես ամռանը, բայց մարտյան այդ ուղևորությունն այդպիսին չէր: Հենց որ հին նավը ճանապարհ ընկավ, միայն պատանեկան կենսունակությունն ինձ փրկեց ծովային հիվանդությունից ամբողջ ճանապարհին: Ուղևորների մեջ առանձնանում էր Բելգիայից փախստականների մի ընտանիք, որը լքել էր իր ժամանակավոր կացարանը անգլիական Քեմբրիջում, որպեսզի իր համար մշտական ապրելու տեղ գտնի ամերիկյան Քեմբրիջում: Պրոֆեսոր Դյուպրեն Հռոմեական կայսրության իրավունքի գծով հայտնի պրոֆեսոր էր Լավենում և համակրելի տղամարդ, բայց եվրոպական տեսակի ոչ գործուն խեղճ գիտնական: Ընտանիքի գործնական միտքը և ապրելու կարողությունը թողնված էին նրա կնոջը՝ վսեմ և բաց ֆլամանդուհուն: Նրանք չորս երեխա ունեին, երկու տղա և երկու աղջիկ, որոնք չափազանց պատանի էին, որպեսզի հաճույք չզգային ճանապարհորդությանն ուղեկցող արկածներից, այն բանից, որ իրենց երկիրը պարտվել էր, և իրենք ստիպված են եղել լքել հայրենիքը: Հետագա մի քանի տարին մենք հաճախ կհանդիպենք այս ընտանիքին:

Նավը հասավ Նյու Յորք, որտեղ ինձ դիմավորեցին նյույորքցի հարազատներս: Մի քանի օրով մեկնեցի Բոստոն` ընտանիքիս տեսակցելու, իսկ հետո վերադարձա Նյու Յորք, որպեսզի ուսումնական տարիս ավարտեմ Կոլումբիայի համալսարանում, որի համար ինձ կրթաթոշակ էր հատկացված:

Ուսանողական հանրակացարանների բարձր շենքները Քեմբրիջից և Գյոթինգենից հետո ինձ ճնշող թվացին: Այդտեղ կյանքն անբավարար էր ինձ համար շփումների և հանդիպումների բացակայության պատճառով: Թերևս, միակ բանը, որ միավորում էր Յունիվերսիթի Հայթում և տարբեր վայրերում կամ արվարձաններում բազմաբնակարան շենքերում ապրող պրոֆեսորներին, գրեթե ընդհանուր թշնամական վերաբերմունքն էր Նիկոլաս Մյուրեր Բաթլերի և այն ամենի նկատմամբ, ինչը նա պաշտանում էր:

Ես այնքան էլ լավ չէի ներառվել հանրակացարանի մյուս ուսանողների մեջ: Մեր միջև մտավոր կապ չկար, և կարծես, ընդհանրապես ես տակտ չունեի: Ես համառում էի՝ քննադատելով նրանց, որ գիտության բնագավառում ավելի մեծ փորձ ունեին, և դա անում էի իմ տարիքի համար անթույլատրելի ձևով: Ես ինձ կարևորում էի՝ ինչ-որ տեղեկատվություն հայտնելով, ինչը չէին ողջունում ինձ շրջապատող մարդիկ, որոնք հիմնականում բարձր կուրսեցիներ էին: Ճիշտն ասած, միշտ չէր, որ ես իմանում էի, որ այդ տեղեկատվությունը ցանկալի չէ: Առանց հրավերի նստում էի բրիջ խաղալու՝ խցկվելով մտերիմ խաղացողների արդեն կայացած խմբերը, նույնիսկ առանց համոզվելու, թե նրանք ցանկանում են, որ ես խաղամ: Ես պետք է ավելի նկատեի, թե ինչ հակազդեցություն է առաջացնում իմ այդպիսի պահվածքը: Նրանք սովորաբար ինձ նեղացնում էին՝ վառելով իմ թերթերը, որ կարդում էի, և նման այլ դաժան արարքներով:

Հետևելով Բերտրան Ռասելի խորհրդին՝ ես սովորում էի Ջոն Դյուիի ղեկավարությամբ: Հաճախում էի նաև ուրիշ փիլիսոփաների դասընթացների: Մասնավորապես, ունկնդրեցի նոր ռեալիստներից մեկի դասախոսությունները, բայց միայն նորից համոզվեցի, որ մաթեմատիկական տրամաբանության մասին արտահայատած պերճախոսության անմարսելի զանգվածն ամենևին համատեղելի չէր նրանում պարունակված ինչ-որ գիտելիքի հետ:

Կոլումբիայում իմ կիսամյակը տեղաշաժ էր դեպի ավելի լավը, բայց չնայած որ սկսել էի գիտականորեն մշակել իմ գաղափարները, պրոֆեսորներից ոչ մի գործնական օգնություն չստացա: Իրականում նրանցից միայն մեկի անունն էր իսկապես ճանաչված` համեմատած այն մարդկանց հետ, ում սովորեցի գնահատել Քեմբրիջում և Գյոթինգենում, դա Ջոն Դյուին էր, համենայն դեպս, համարում եմ, որ նրանից չստացա այն, ինչ կարող էի: Նա ավելի շուտ ուշադրություն էր դարձնում բառերին, որոնցով գործում էր, այլ ոչ թե գիտական բովանդակությանը. Այսինքն՝ նրա ասածները հեշտ չէր թարգմանել ճշգրիտ գիտական լեզվի և փոխանցել մաթեմատիկական նշանակումների համակարգով, որին ես ծանոթացել էի Անգլիայում և Գերմանիայում: Լինելով շատ երիտասարդ՝ ես գնահատում էի կոշտ տրամաբանության և մաթեմատիկական նշանակումների օգնությունը և կարգապահությունը:

Մոտավորապես այդ ժամանակ, երբ վերադարձա Ամերիկա, ինձ հայտնեցին, որ Հարվարդի փիլիսփայության բաժամունքը նախատեսում է ինձ հաջորդ տարի դասավանդողի ասիստենտի տեղ առաջարկել, և որ ինձ խնդրել են վարել «Ուսուցանող դասախոսություններ» դասընթացը, ինչը փիլիսոփայության դոկտորի մենաշնորհ էր: Այդպիսով ես սկսեցի նախապատրաստել ուսուցանող դասախոսությունների իմ դասընթացը Հարվարդի համալսարանի համար:

Նյու Յորքում իմ գիտական-հետազոտական աշխատանքը փորձ էր՝ հասկացությունների և տերմինների ձևավորման բնագավառում ստեղծելու analysis situs[2]-ի աքսիոմատիկական և կառուցողական մեկնաբանություն՝ Ռասելի և Ուայթհեդի Principia Mathematica շրջանակներում: Դա 1915թ. էր, շատ տարիներ առաջ այն բանից, երբ Ալեքսանդերը, Լեֆշեցը, Վեբլեն և մյուսները հաջողության հասան մոտավորապես այն հարցերում, որոնք ես փորձում էի անել: Ես էջ էջի ետևից լցնում էի բանաձևերով և ինչ-որ հաջողությունների էլ հասա, բայց հիասթփվեցի, որովհետև ինձ թվաց, որ ստացածս արդյունքների ծավալը անհավանական փոքր էր, եթե հաշվի առնենք ենթադրությունների այն քանակը, որ արել էի այդ արդյունքները ստանալու համար. հետևաբար իմ հետազոտություններում ես չէի կարող բավականաչափ առաջ գնալ, որպեսզի դրանք հրապարակման համար անհրաժեշտ տեսքի հասցնեի: Դրան զգուշությամբ մոտենալով, հավանաբար, բաց թողեցի մաթեմատիկայի բնագավառում առավել մոդայիկ առարկայի հիմնադիրը լինելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, իմ վաղ սկիզբը մաթեմատիկական տրամաբանության մեջ՝ մի առարկայում, որին մաթեմատիկոսներից շատերը դիմում են միայն այլ բնագավառներում լուրջ աշխատանքներ կատարելուց հետո, ինձ սովորեցրեց վերացարկել հանուն վերցարկության և ինձ մաթեմատիկական մեխանիզմների և ստացվող արդյունքների միջև հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտության որոշակի աստիճանի ճշգրիտ զգացողություն տվեց, մինչ որ գիտական տեսանկյունից մաթեմատիկական տեսությունը բավարար համարելու կարողություն ձեռք բերեցի: Դա մեկ անգամ չէ, որ ինձ հասցրել է այնտեղ, որ հրաժարվեմ, գոնե մասամբ, իմ ստեղծած և հեշտության պատճառով, ինչպես դոկոտորական դիսերտացիայիս դեպքում էր, հետազոտությունների մոդայիկ բնագավառ դարձած տեսությամբ զբաղվելուց: Այստեղ, մասնավորապես, հղում եմ անում Բանախի՝ տարածությունների վերաբերյալ հետազոտություններին, որոնք ես բացահայտեցի Բանախից անկախ 1920թ. ամռանը՝ նրա այդ աշխատանքից ընդամենը մի քանի ամիս հետո և այն հրապարակելուց առաջ: 

Այս հարցի հետ կապված թույլ տվեք ասել, որ փաստը, որ ես միշտ ելնում էի վերացական տեսությունից, ինձ միշտ հասցնում էր այնտեղ, որպեսզի գիտական և տեխնիկական խնդիրներ լուծելիս բարձր գնահատեմ գիտական կառուցվածքի գեղեցկությունը և մաթեմատկական գաղափարների կիրառելությունը: Միշտ, երբ խոսք է լինում մակերեսային և ոչ համոզիչ աշխատանքի մասին, լուրջ կասկած և անվստահություն եմ ունեցել և դեռ ունեմ, և քանի դեռ կիրառման ոլորտը չէր ճշտվել ռազմական ժամանակների պահանջներով, չեմ կարող ժխտել, որ ամերիկական գիտնականների աշխատանքների մեծ մասը կոնկրետ բնագավառներում, ինչես նաև արտասահմանում կատարված աշխատանքների ոչ քիչ մասը, հենց անհամոզիչ լինելու ախտանիշն ուներ:

Ես հաճախ էի շրջում Մանհեթենյան կղզում, հասնելով մինչև Բեթրի: Պրոֆեսոր Կասների հետ զբոսնում էինք գետի ափամերձ քերծերով՝ Ջերսիի կողմից: Այդ ժամանակ նա բնակվում էր Հարլեմի այն մասում, որը ընկած է Յունիվերսիթի Հայթի ստորոտում, այն ժամանակ Հարլեմը ամենևին էլ այնպիսին չէր, ինչպես մեր օրերում է: Կասներն ինձ հետ պատմում էր դիֆերենցիալ երկրաչափության շատ գաղափարներ, և նման զբոսանքների համար շատ հաճելի զրուցակից էր: Նա ափամերձ քերծերը գիտեր դեռ այն ժամանակից, երբ մարդիկ հազվադեպ էին գնում այնտեղ. հիմա այդպիսի վայրի տեղեր դժվար է գտնելը:

Նյու Յորքում լինելու ընթացքում ծանոթացա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերությանը և առաջին անգամ հանդիպեցի այդ խմբի տարեց գիտնականներից շատերին: Այդ ժամանակ նիստերը լինում էին Մյուրեյ Հիլ հին հյուրանացում, որը անհոգ իննսունականներին բնորոշ ակնածանքի ոգին դեռ պահպանում էր:  Այդ ընկերությունը մեծ չափով ներկայացնում էր Նյու Յորքի ընկերությունը, ոչ թե ինչպես հիմա, քանի որ իսկապես հիմնվել էր նյույորքյան խմբի կողմից և երկար տարիներ կոչվում էր Նյույորքյան մաթեմատիկական ընկերություն: Մի ժամանակ նրան ուղեկցում էր գարեջրատան հոտը, ինչը ժամանակի ընթացքում ցնդեց, ինչպես և ամեն ինչում զգացվող գիտնականի բարեկեցությունը և պատակառելիությունը:

Կիրակիները, երբեմն նաև շաբաթ օրերը, անց էի կացնում տատիկիս և նյույորքյան մյուս հարազատներիս հետ Մանհեթենի շրջանի Ստյուպեն Դյուվիլում: Հարազատներս շատ բարի էին իմ նկատմամբ, բայց բնակիչներով գերլցված բազմաբնակարան շենքը Մանհեթենի հյուսիսային մասում խեղդվելու նման զգացողություն էր առաջացնում իմ մեջ: Մի անգամ համարձակվեցի ընդունել հորաքրոջս աղջիկ Օլգայի առաջարկը՝ ընկերներին այցելելու համար իր հետ գյուղ գնալու: Ես պետք է այդ ժամանակը տատիկիս տրամադրեի, քանի որ նա ծեր էր, շաքարախտ ուներ, և հավանաբար մեկ տարի ուներ ապրելու: Սակայն, վրդովմունքը, որով մայրս ընդունեց պարտականությունս չկատարելը, միայն մասամբ էր պայմանավորված տատիկիս հետ նրա կապվածությամբ: Հիմնականում այդ վրդովմունքն առաջացել էր վախից, թե Օլգայի և նոր սերնդի մյուս ներկայացուցիչների պատճառով կարող եմ սուզվել հրեական շրաջապատ:

Երբ ես Կոլումբիական համալսարանում էի, մորս հայրը մահացավ, և մորս հանդիպեցի, երբ շտապ Նյու Յորքից Բալթիմոր էր մեկնում: Դրանից հետո շուտով հորիցս հեռագիր ստացա, որով խնդրում էր տուն դառնալ, քանի որ շտապ հանդիպելու հարկ կար: Ինչպես այն ժամանակ միշտ, գրպանում միայն գրոշներ ունենալով, գնացք նստեցի և ամբողջ գիշերն անցկացրի վագոնում նստած: Երբ տուն հասա, սարսափելի լուր հայտնեցին: Նախկին, ինձ հետ սովորած ուսանողներից մեկը, որ այդ ժամանակ Հարվարդում դասավանդող էր, իմ ապագա աշխատանքի հարցը որոշող՝ փիլիսոփայության բաժամունքի ղեկավարությանը հայտնել էր, որ նախքան դոկտորի աստիճան ստանալը ես պահակին կաշառք եմ տվել, որ ինձ ցույց տա որոշ քննությունների արդյունքներ: Այս դեպքի մասին արդեն գրել եմ, և չնայած իմ արարքը չեմ կարող արդարացնել, կարող եմ պնդել, որ ոչ մի կաշառք էլ չի եղել: Հայրս ինձ անմիջապես տարավ պրոֆեսոր Փերիի գրասենյակը, որպեսզի առերեսում կազմակերպի ինձ մեղադրողի հետ, և ես իսկական հաճույք ստացա, կյանքում առաջին անգամ լսելով, թե հայրս իր հայհոյանքների հիանալի պահուստը ինչպես է ուղղում ոչ թե իմ հասցեին, այլ թշնամուս: Դիպվածն ավարտվեց իմ պաշտոնական արդարացումով, բայց հետագայում, երբ մշտական աշխատանք էի փնտրում, այն իմ կյանքում վատ դեր խաղաց:

Կոլումբիայում մնալն ամենևին կապված չէր այդ տարվա իմ ծրագրերի հետ, այն պարտադրված էր ռազմական ժամանակի դժվարություններով և ծնողներիս վախերով: Հավանաբար, դա իմ գիտական գործունեության ամենաանարդյունավետ ժամանակն էր այն փայլատակումների միջև, որ եղան Եվրոպա իմ այցելությունների և դեպի դասվանդողի և անկախ գիտնականի կարգավիճակը իմ աստիճանական բարձրացման ժամանակ: Եվ եթե այդ ժամակաշրջանը բովանդակազուրկ է թվում, այն պատճառով է, որ այդպիսին էր: Համենայնդեպս, այդ ժամանակ ես ինչ-որ բան իմացա Նյու Յորքի և համալսարանային մեծ քաղաքում գիտական կյանքի մասին: Չնայած նոր իրավիճակային վերլուծության նկատմամբ ընդհանուր հետաքրքրության կորստին՝ ես իրականացրի իմ գիտական աշխատանքի որոշակի մասը, որը կարող էր ավելի մեծ նշանակություն ունենալ, եթե այն ժամանակ նրա յուրօրինակությունը տեսնելու և նրա վրա կենտրոնանալու համար համարձակությունս բավարարեր:

Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով