Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Ընտանիքը կարող է նաև գրանցվել իբրև մասնավոր դպրոց:

Իլինոյսից Կարեն Դեմինը գրում է․ «Նախորդ սեպտեմբերին մեր տարածքում շատերը նախաձեռնեցին երեխաներին պահել տանն ու չուղարկել հանրակրթական դպրոց։ Մեր ընտանիքը (երեխաները՝ յոթ և չորս տարեկան) գրանցվեց իբրև մասնավոր դպրոց: Ձևը շատ պարզ էր, անձնակազմի հավատարմագրեր բացարձակ չէին պահանջվում: Ես ուսուցիչ եմ առանց հավատարմագրի:

Դեկտեմբերին կրթության պետական տեսչությունը եկավ այցելության: Նրանք հարցնում էին, թե քանի ժամ ենք ակադեմիական պարապմունքներ անում: Տարածքի տեսուչն ասել էր մեկ այլ ընտանիքի, որ մեկ երեխայի դասավանդող մեկ ուսուցիչ ունեցող երեխան կարիք չունի օրական հինգ ժամ դասի, չի կարող համեմատվել մեկ սենյակում մեկ ուսուցչի ուսուցանած երեսուն երեխայի հետ:

Մենք առավոտյան մեկ ժամվա չափ անցկացնում էինք ընթերցանություն կամ թվաբանություն«պարապելով», և նրանք առաջարկեցին, որ ավելի շատ ժամանակ անցկացնենք:

Մի հարցն էլ սա էր. «Ի՛նչ տեքստերից եք օգտվում»:

Մեկը դոկտոր Սյուսի կրտսերների ընթերցարանն էր․ նրանք ասացին, որ դա շատ լավն է:

Նրանք հարցրին, թե ինչու չենք ցանկանում երեխաներին հանրակրթական դպրոց ուղարկել, և ես պատասխանեցի՝ երեխաները չափազանց շատ են, և միջավայրը՝ սահմանափակող:

Հետազոտությունների և առանց ճնշման սովորելու համար ես օգտագործում էի «կրթության փոխարեն»-ից մինչև ակումբի հիմնական գաղափարները:

Երբեք կյանքում ավելի դիվանագետ չէի եղել:

Նրանք գոհ էին, որ ամսագրում գրել էի, թե ինչ ծրագրեր կամ ինչ ուսուցում ենք անում, մանավանդ հավանել էին «Մայրիկ, ինչպե՞ս ես զգեստները պատրաստում» հարցի պատասխանը. «Արդեն մեկ ամիս է, ինչ ես այս կամ այն կերպ չեմ լսել այդ մասին»:

Իսկ մեկ այլ ընտանիք խորհրդակցեց տեսուչի հետ այն մասին, որ ուզում է իր երեք երեխաներին տանը պահել (ինը, տասներկու և տասնչորս տարեկան)  և խնդրեց, որ դպրոցական խորհուրդը հաստատի իրենց ուսումնական ծրագիրը: Այդ մարդիկ անձամբ զրուցել էին տեսուչի հետ, և նա ասել էր. «Այո, ես հավատում եմ հանրակրթությանը, հակառակ դեպքում չէի լինի այդ համակարգում, բայց դուք ձեր երեխաներին տանը կրթելու օրինական իրավունք ունեք:

Այս խոսքերը շատերին է թույլ տվել, որ հանգիստ շունչ քաշեն:

Պետական տեսչությունն այցելել էր այդ նույն մարդկանց՝ նույն հարցերով և նույն արդյունքով:

Դրանից հետո մեզնից ոչ ոքի չեն անհանգստացրել»։

Միդվեսթից մի մայր, որը նախկին ուսուցիչ էր, օգնություն ստացավ տեղի քոլեջի ուսուցիչներից:

«Անցյալ ամառ մի համակողմանի ուսումնասիրությունից հետո, ներառյալ «Մեծանալ առանց դպրոցի»-ն, մենք որոշեցինք մեր երեք երեխաներին տանը կրթել (յոթերորդ դասարանցի տղա, հինգերորդ դասարանցի տղա, երրորդ դասարանցի աղջիկ): Իմ ամուսինն ու ես նախկին ուսուցիչներ ենք, երկուսս էլ չորս տարվա փորձ ունենք 1960-ականների սկզբում: (Մենք կասկածում էինք այս փաստը նշելիս, քանի որ կարծում ենք՝ ուսուցիչ լինելը կարևոր չէ: Այս իրավիճակում սա օգնում է):

Տնային ուսուցման մեր ծրագրով մենք դիմեցինք Քալվերթի տնօրինությանը: Համաձայն պետական սահմանումի Քալվերթը դպրոց չէ: Տնօրինություննն առաջարկեց, որ մենք դառնանք վերավորակավորված ուսուցիչներ:

Այսպիսով, ճանապարհորդելիս (մի բան, որ մենք շատ ենք անում) մեր դպրոցը կարող է գալ մեզ հետ:

Շնորհակալ լինելով, որ կարող ենք կրթել սեփական երեխաներին առանց օրինական քաշքշուկի, որոշեցինք, որ մեզնից մեկը կգնա վերաորակավորման դասերի (վեց ժամ): Ցանկանալով հետևողական լինել կրթության մեր փիլիսոփայության մեջ՝ որոշեցինք ընտրել  ուսուցումը: Կարծում ենք՝ կարող եք ինքներդ ձեզ ավելի լավ կրթել, քան որևէ հաստատություն, բայց քաշքշուկից խուսափելու համար ես (ոչ իմ ամուսինը) որոշեցի անցնել ընդունված կուրսերը: Ինձ առաջարկեցին «Ութհարյուրականներ»-ի կուրսերն անցնել, քանի որ դրանք են նշանակված վերավորակավորման համար:

Այս դասընթացների մեջ մենք գտանք «Անկախ ուսուցման կուրս»-ը: Հիացած էի: Ես կարող էի որոշել, թե իրականում ինչ եմ ուզում սովորել, ուսուցչին խնդրել, որ առաջնորդի ինձ և թույլ տա ինձ վերցնել նրա գիտելիքը, ինչպես նաև կդառնայի օրինական. բոլորը՝ մեկում:

Ամեն ինչ շատ լավ ստացվեց, բացառությամբ մի չնչին խնդրի: Երբ գնացի գրանցվելու, պարզվեց, որ «Անկախ ուսուցման կուրս»-ը նախատեսված չէ վերավորակավորման համար:

Մեր հարցումների սկզբում արդեն խոսել էինք ուսուցիչների, քոլեջի դեկանի հետ, և նա խրախուսել էր մեր գաղափարները՝ ուղարկելով մեզ համակարծիք ուսուցիչների մոտ: (Ի դեպ․ մենք հաճախ ենք նկատել, որ բարձր պաշտոնյաներն ավելի բաց ու ըմբռնող են: Մի՛ շրջանցեք նրանց, եթե հաստատության հետ խնդիր ունեք կամ նման մի բան):

Դեկանին զանգահարելն այս անգամ լուծեց խնդիրը, և «Անկախ ուսուցման կուրս»-ը ներառվեց վերավորակավորման ցանկում: Հիմա գրանցվել եմ՝ անցնելու  «Անկախ ուսուցման» վեց ժամը երկու պրոֆեսորների հետ:

Իմ թեման է դեռահասների զարգացումը գնալով բարդացող ընթեցանության միջոցով։ Իմ երկրորդ թեման համակարգչի կիրառումն է ուսուցման մեջ:

Այս պահին իմ խնդիրն է դառնալ գրագետ համակարգչային ոլորտում և որոշել համակարգիչների թեր և դեմ կողմերը մեր երեք երեխաներին տանը կրթելու հարցում:

Հենց հիմա ես անկեղծորեն հավատում եմ, որ սա իմ առաջին ամենալավ օրն է»:

Մի հաջողության պատմություն Արկանզասից․ «Նոր տարվա սկզբին մենք մեր երեք երեխաներին հանրակրթական դպրոցից հանեցինք: Մենք հետևեցինք «Այլևս ոչ մի հանրակրթական դպրոց» (Բերքլի, Քալիֆ) գրքում Հոլ Բենեթի առաջարկած ընթացակարգին՝ նամակ ուղարկելով թե՛ տնօրենին, թե՛ տնային ուսուցիչներին, բացատրելով, որ երեխաներն այլևս չեն հաճախելու այդ դպրոց և ընդունվել են մասնավոր դպրոց:

Ամեն ինչ շատ սահուն անցավ, ինչից մենք շատ գոհ ենք:

Սա մի փոքր համայնք է հինգ հազար բնակչությամբ, և երեխաներին դպրոցից հանելու լուրը տարածվեց՝ սկսած պարզապես հետաքրքրասեր մարդկանցից, վերջացրած մարդկանցով, որոնք սպասում էին նույնն անելուն:

Ոմանք հետաքրքրվում էին, թե ինչ մասնավոր դպրոց են հաճախում, քանի որ տարածքում ընդամենը երկու ծխական դպրոց կար: Մենք նրանց բացատրեցինք, որ երեխաներին ընդունել ենք Քալվերթի դպրոց, որը նամակագրական կապի դպրոց է և առաջարկում է տնային կրթության ծրագիր, և որ իմ երեխաներին կրթելը մի բան է, որ ես ուզում էի անել արդեն քանի՜ տարի, և ահա պահը եկավ:

Արկանզասի դպրոցական կրթության օրենքն ասում է, որ երեխաները պիտի ընդունվեն հանրակրթական, մասնավոր կամ ծխական դպրոց: Կրթության պետական նախարարության հետ հետագա ստուգման արդյունքում ես պարզեցի, որ մասնավոր դպրոցը պիտի պետականորեն հաստատվի, և չկան չհաստատված մասնավոր դպրոցների կառավարման այլ կանոններ, բացի նրանից, որ մասնավոր դպրոցը պիտի աշխատի պետականորեն:

… Բազմաթիվ այլ տանը կրթվողներ կան շրջակայքում: Մի ընտանիք, որը հարևան դպրոցից հանեց երեխային մի քանի տարի առաջ, շատ խնդիրներ ունեցավ, ընդհուպ մինչև դատարան դիմելը: Այս տարի երկու այլ ընտանիք հանեցին երեխաներին առանց որևէ դիմակայության:

Մենք շատ գոհ ենք՝ տեսնելով նման աջակցություն»:

Իմ մի ընկերը, որի մեծ ընտանիքը մի շարք երեխաների դպրոցից հանելու փորձեր էր ունեցել, անցավ նույն ճանապարհը Փենսիլվանիայում․ «Իմ հինգերորդ բալիկը հինգ տարեկան էր, երբ մենք տեղափոխվեցինք համայնք:

Նա արդեն մի քանի ամիս է, ինչ պարտեզ էր հաճախում, որ նրան շատ դուր էր գալիս, բայց նրա վրա արդեն երևում էին երեխաների կուտակման հետևանքները, օրինակ՝ աճող սեփականատիրություն, փողի և ծախսելու մոլուցք,  գռեհիկ վերաբերմունք սեռի և մերկության հանդեպ, գարշելի, հիմար, ըմբոստ բաներ, որ նա ընդօրինակում էր մյուս երեխաներից: Մենք ուզում էինք հանել նրան դպրոցից և պահել տանը:

Ուսումնասիրեցինք Փենսիլվանիայի օրենքները, որտեղ գտնվում է մեր համայնքը, և հայտնաբերեցինք, որ չի կարելի դիմել տնային կրթության, քանի դեռ չկան ֆիզիկական, էմոցիոնալ կամ մտավոր թերություններ, և եթե կա էլ նման թերություններով մեկը, համակարգն ուսուցիչներին տուն է ուղարկում (մի բան, որ նույնքան անցանկալի էր մեզ համար, որքան որ դպրոց ուղարկելը):

Այսպիսով մենք դիմեցինք մեկ աշակերտով մասնավոր դպրոցի արտոնագիր ստանալու: Ագարակում բազմաթիվ մարդիկ ունեինք հավատարմագրերով, բազում կրթական նյութեր և զվարթ ու ապահով լրացնում էինք մշակված ձևերը, որոնցում հարց կար՝ արդյոք տղաներն ու աղջիկներն ունեն առանձին զուգարաններ, թե ոչ (մենք երկու զուգարան ունեինք, մեկի վրա գրված էր «տղամարդկանց», մյուսի վրա՝ «կանանց»), և այլն… Մենք դրական պատասխանեցինք բոլոր անհեթեթ հարցերին: Եվ ոչինչ չպատահեց:

Արդեն մոտ վեց տարի է, ինչ ոչինչ չի կատարվել: Մեր դիմումը, իր քսանհինգ դոլար վարձավճարով, հավանաբար մնացել է Հարիսբուրգի Հոնչոյի մասնավոր դպրոցների տնօրենի ֆայլերի տակ:

Առաջին երեք տարին ամեն աշուն տեղի տեսուչը մեզ նամակ էր ուղարկում՝ պահանջելով զեկուցել, թե մեր դպրոցահասակ երեխաները որտե՛ղ են սովորում, և մենք պատասխանում էինք, որ սովորում են մեր մասնավոր դպրոցում և ասում էինք տեսուչին, որ հարցերի դեպքում դիմի Մասնավոր դպրոցների պետական բաժին:

Վերջերս նա այլևս հարցում չի անում»:

Ռիչարդ և Ջոյս Քինմոնթները Յուտայից ուղարկեցին ինձ իրենց գրքի պատճենը՝ «Ամերիկյան տնային ակադեմիա» (մասնավոր հրատարակություն, տես հավելվածը), այն մասին, թե ինչպես և ինչու իրենք հանեցին դպրոցից երեխաներին և սկսեցին կրթել նրանց տանը:

Յուտայում տանը կրթվող շատերի համար այն կլինի չափազանց քաջալերող և օգտակար:  Այն մասամբ փիլիսոփայություն է, մասամբ՝ երեխաների հետ արածի օրական հաշվետվություն՝ իմ տեսածներից ամենամանրամասն ու օգտակարը, և մասամբ՝ դպրոցական իշխանությունների հետ իրենց գործերի մասին հաշվետվություն՝ էլի շատ մանրամասն, ավարտուն, երկկողմանի նամակների պատճեններով: Քինմոնթները նույնպես իրենց տունն անվանում են մասնավոր դպրոց․ «Եթե դուք որոշել եք չընդունել ձեր երեխաներին հանրակրթական դպրոցական համակարգ, ձեր շրջանը կարող է խնդրի առաջ կանգնել: Լավագույն դեպքում նրանք կարող են անկեղծորեն անհանգստանալ, թե արդյոք ձեր երեխաներին լավ կրթություն է տրվում:

Վատագույն դեպքում նրանք կանհանգստանան ձեր մեքենայորեն անվստահություն արտահայտող ձայնից, նաև այն գումարի համար, որը ձեր երեխաներին չընդունելու պատճառով ձեր շրջանը կորցնում է։
Երկու դեպքում էլ նրանք հավանաբար կարծում են, թե իշխանություն ունեն ձեզ վրա:
Արդյո՞ք այդպես է: Կամ այդպե՞ս պիտի լինի: Իհարկե, ոչ:

Եթե հանրային դպրոցները տնօրինեն մասնավոր կրթությունը, ապա իրականում ոչ մի մասնավոր կրթություն չի լինի: Այդ դեպքում ո՞վ պիտի տնօրինի: Ո՞վ պետք է ստուգի, թե երեխաներն ինչպես են կրթվում։
Պատասխանը մեկն է․ մասնավոր դպրոցները պիտի ստուգվեն նույն մարդկանց կողմից, որոնք պիտի ստուգեն հանրային դպրոցները՝ տեսնելու համար, թե լա՞վ են սովորեցնում երեխաներին. այսինքն՝ ծնողների կողմից: Ծնողներից բացի ուրիշ ոչ ոք չի կարող ստանձնել այս պատասխանատվությունը: Թե՛ հանրային և թե՛ մասնավոր կրթությունը պիտի պատասխան տա ծնողներին:
Եթե ձեր դպրոցական խորհրդին անհանգստացնում է միայն այն, որ պարտադիր հաճախումը օրենքով է, ապա հեշտ կլինի նրանց բավարարելը, եթե հասկանան, որ դուք իրականում կրթում եք ձեր երեխաներին, և նրանք լավ մոտիվացված են:
Եթե նրանք իսկապես խնդիր ունեն ձեզ կանգնեցնելու՝ ձեզ տնօրինելու ուժն ունենալով, ձեզ համար ավելի բարդ կլինի, բայց անհնարին չի լինի:
Ահա Պարոն Քինմոնթի առաջին նամակը դպրոցի իշխանություններին, այս պարագայում՝ կրթության պետական տեսչությանը․ «Այս նամակը ձեզ տեղյակ պահելու համար է, որ մենք հիմնել ենք մասնավոր դպրոց՝ տեղակայված վերը նշված հասցեով:

Մեր դպրոցը գործում է տարին ամենաքիչը հարյուր ութսուն օր, օրական ամենաքիչը հինգ դասաժամ:  Մեր ուսումնական ծրագիրը ներառում է ընթերցանություն, գրավոր աշխատանք, մաթեմատիկա, սոցիալական ուսումնասիրություն, երաժշտություն, արվեստ, մարմնակրթություն, բնագիտություն, առողջապահություն, արհեստներ, արդյունաբերական արվեստներ,  կերպարվեստ, ազատ ձեռնարկատիրություն և սահմանադրություն: Աշակերտները բացառապես մեր ընտանիքի անդամներն են:
Որքանով մենք տեղյակ ենք, այս նամակը մեր օրինական իրավունքների շրջանակում է:

Եթե կան այլ օրենքով սահմանված պահանջներ (հեղինակի ծանոթագրությունը. պարոն Քինմոնթը շեշտում է այս կետը դպրոցին ուղղված իր բոլոր նամակներում) խնդրում ենք տեղյակ պահել մեզ, և մենք հստակորեն կհամապատասխանեցնենք բոլոր պահանջներին:
Ավելի ուշ, գրքում, տիկին Քինմոնթը նշում է այս կարևոր կետը․ «Այս այցից (դպրոցի պաշտոնյաների) մի քանի շաբաթ անց ես փաստաբան ընկերոջիցս երկտող ստացա, որ ոչ մի դեպքում չպիտի թույլ տամ, որ դպրոցի տնօրինությունը մտնի իմ տուն: 
Հիմա ես տեսնում եմ, որ սա շատ ճիշտ խորհուրդ է:

Լավ կլիներ հավատալ, որ այս մարդիկ իսկապես միայն փորձում են օգնել, ինչպես ասում են, և ինչպես պետք է, որ լինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ նրանք իրականում մեզ վախեցնելու ձևեր են փնտրում:
Ցանկացած դեպքում, գիտեմ, այն ընտանիքները, ուր նրանք մտել են, խնդիրներ են ունեցել հետագայում:
Քանի որ այս խորհուրդն ինքնակամ էր ու արված բարեկամի կողմից, մենք հետևում ենք դրան»:

Պարոն Քինմոնթի հետևյալ նամակները տեղի դպրոցական համակարգի աշակերտական անձնակազմի տնօրենին իմ կարծիքով նման կարգի նամակի մոդել են․«Շնորհակալ եմ ձեր նամակի համար… Վստահ ենք, որ օգտակար կլինի հավաստիացնել, որ մեր ծրագիրը համարժեք է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրին:
Սա անելու համար ներկայացնում ենք․

  • Յուտայի օրենսգրքի այն մասի պատճենը, որը ներկայացնում է հանրակրթական դպրոցի ծրագրի պահանջները.
  • հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրի պատճենը՝ ըստ դասարանների.
  • յուրաքանչյուր առարկային տրված նվազագույն պահանջները.
  • վերջնական քննությունները, որոնք որոշում են, որ կա գիտելիքի նվազագույն քանակ.
  • ինչ պիտի արվի, երբ պարզվում է, որ աշակերտը որևէ առարկայից չունի նվազագույն գիտելիք:

Հավաստիացնելու համար, որ հետագայում կհամաձայնենք հնարավոր դատական ցանկացած որոշման, խնդրում ենք տրամադրել հետևյալը․

  • գլխավոր դատախազի որոշման ամբողջական տեքստը.
  • այն որակավորումները, որոնք պահանջվում են մասնավոր դպրոցի ուսուցչից, եթե նման իրավունք շրջանն ընդհանրապես ունի.
  • Ձեր նշած օրենքների պատճենները՝ կապված երեխաների առողջության, շենքերի կառուցվածքի, կրթական դասընթացի հետ և այլն:

Մենք շնորհակալ ենք ձեր բարյացակամ նամակի համար: Ինչպես արդեն իմ կինը տեղեկացրել է ձեզ հեռախոսով, չենք կարծում, թե ձեր այցելությունը մեր տուն պատշաճ է կամ անհրաժեշտ:
Ուրախ կլինեինք ձեզ տեղեկացնել մեր ուսուցման դասընթացների մասին: Մենք անցնում ենք շատ առարկաներ, իսկ ձեզ, իհարկե, հետաքրքրում է միայն այն դասընթացը, որը սահմանված է օրենքով: Եթե դուք ապահովեք մեզ պահանջվող դասընթացի օրինական պատճենով, սիրով ձեզ կտրամադրենք հարկ եղած տեղեկությունները:
Հավաստիանալու համար, որ մենք համապատասխանում ենք հանրակրթական դպրոցի նվազագույն ստանդարտներին, օրենքով սահմանված դասընթացների համար ուզում ենք ուսումնասիրել ուսուցման որոշ նվազագույն պահանջներ և ստուգողական ընթացակարգերը:
Մեկ անգամ ևս սպասում ենք դասերի և նվազագույն ստանդարների վերաբերյալ ձեր տեղեկատվությանը»:

Տիկին Քինմոնթի արած վերջին նկատառումը․ «Եթե երբևէ երեխաներին հանրակրթական դպրոց ընդունելու դատական պահանջ ստանայինք, ապա այդպես էլ կանեինք: Սակայն ես կշարունակեի սովորեցնել նրանց դասերից դուրս և շատ ժամանակ կանցկացնեի նրանց դասարաններում»:

Այս փոքրիկ գրքույկը երկարաշունչ ճառ չէ ուղղված հանրային դպրոցների համակարգին:

Անկախ այն բանից, թե որքան լավն էին նրանց դպրոցները, միևույն է ցանկանալու էինք ինքներս սովորեցնել մեր երեխաներին:
Մերն ավելի շատ հանրային դպրոցներից հեռանալու քայլ է, քան դեպի ընտանեկան կրթություն:
Ես պնդում եմ, որ բոլորդ կարդաք այս գիրքը:

Ջոյս Քինմոնթն իր մի նամակում ասում էր, որ եթե մի օր սկսեր ամեն ինչ նորից՝ իմանալով այն, ինչ  գիտե հիմա, ավելի քիչ կսովորեցներ, ավելի քիչ կպլանավորեր երեխայի ուսուցումը: Սակայն ամեն ինչ կարգին է:
Ծնողները սա պիտի անեն սա այնպես, ինչպես իրենց ճիշտ է թվում, հակառակ դեպքում իրենց անհագստությունը կանհանգստացնի նաև երեխաներին, և ամեն ինչ կփչանա: Եթե ծնողին հանգստացնում է, որ ընթերցանություն կանեն ժամը իննին, իսկ թվաբանություն ժամը տասին, թող այդպես լինի:

1979թ. Ֆիլ Դոնահուի շոուին իմ հայտնվելուց հետո ես նրանց գրասենյակի միջոցով տնային կրթության մասին մի գրքույկ ստացա հեղինակի՝ Մերի Բերգմանի նամակով, որը հիմա խմբագրում է «Տանը կրթողների տեղեկագիրը»:
Գրքույկը կոչվում է «Օրինական փաստաթղթեր ու նամակներ՝ Պիոներական շավիղների ակադեմիա հիմնելու համար»: Այս գրքից է այն նամակի տեքստը, որ Ռիչարդ Քինմոնթն առաջին անգամ գրեց Կրթության պետական տեսչությանը. իմացա, որ Բերգմանները տանն էին կրթում երեխաներին ավելի երկար, քան Քինմոնթները:
Մերի Բերգմանն ասում է. «Այս գիրքն օգտագործում ենք ընտանեկան դպրոցների ստեղծման սեմինարների համար: Այս ամառ հիմնել ենք երեք հարյուր տնային դպրոց»:

Այլընտրանքային դպրոցներ ընդունվելը

Երեխաներին դպրոցից հանելու ձևերից մեկը նրանց որևէ մասնավոր դպրոց ընդունելն է, որը կարող է լինել ուրիշ քաղաքում կամ նույնիսկ նահանգում, որը հետո հաստատվում է և այս կամ այն կերպ օգնում ծրագրել ու վարել տնային ուսուցման դասընթաց: Ամենից երկար սա անում է Սանտա Ֆեի համայնքային դպրոցը (տես հավելվածը):

Ես հարցրի Էդ Նեյջլին, որը դասավանդում է այնտեղ, թե քանի հոգի է այս կերպ օգտվել դպրոցից:
Նա պատասխանեց․ «Տնային ուսուցման ընդունված աշակերտներ։ Սանտա Ֆե համայնքային դպրոց 1974-1975թթ․ ի վեր մենք տարբեր նահանգներից ընդունել ենք հարյուր աշակերտ, որոնցից միայն երեքն են, ըստ իմ գիտության, երբևէ կասկածել: Մեկն Էրիկ Սեշնն էր (մինչև հիմա դպրոցում է):
Մյուսը երեխան էր Փենսիլվանիայից մի տիկնոջ, որի կողմից Ուիլիամ Բոլը (հեղինակի ծանոթագրությունը․ հավանաբար ամենատեղեկացվածը և փորձառուն բոլոր փաստաբաններից, մասնավոր կամ տնային դպրոցի ջատագով, որ շատ կարևոր մի դատում, որը նկարագրված է այս գրքի ստորև նշված գլխում, Քենթուքիի դպրոցների փաստաբանն էր) նամակ գրեց այն մասին, որ տիկինն իրավունք ունի ակադեմիական արձակուրդ վերցնելու: Ավելի ուշ նրա երեխան վերադարձավ դպրոց: Իրականում նրա երեխան երբևէ պաշտոնապես ընդգրկված չէր Սանտա Ֆեի համայնքային դպրոցում:
Երրորդ ծնողն իսկապես ճկուն էր. երբ նրա երեխայի «հաճախել»-ը վտանգի տակ էր Փենսիլվանիայում, Սանտա Ֆեի համայնքային դպրոցը մի նամակ գրեց, որում հստակ ասվում էր, որ տիկինն աշխատանքի է անցել դպրոցի արտագնա ճամբարային-ճամփորդության ուսումնասիրության տեսուչի պաշտոնում: Սա բավարարեց տեղի տեսուչին և վերջ դրեց հետագա հարցումներին:
Կան և այլք, որոնք հազվադեպ փորձել են տեղի հանրակրթական դպրոցի պաշտոնյայից ստանալ օրինական «երաշխիք»՝ հարցնելով «տնօրենին», թե արդյո՞ք գործնականում կարող են խանգարել նրա գործունեությունը, և վախենալով դրանից՝ զիջել են դիրքերը: Կամ նրանք իսկապես կարող էին տեղափոխվել մեկ այլ տարածք կամ նահանգ, որտեղ այնուհետև կարող էին պակաս ակներև շարունակել ապահովել կրթական այլընտրանք, որոշ դեպքերում, նույնիսկ Սանտա Ֆեի համայնքային դպրոցի միջոցով:
Ինչպես արդեն գրել եմ, կարծում եմ, որ կարող էր այլ խնդիր լինել, սակայն այս հինգ տարիների ընթացքում Սանտա Ֆեի համայնքային դպրոց ընդունված երեխաների ծնողներից և ոչ մեկը չի բանտարկվել կամ տուգանք չի վճարել (դպրոց չընդունված երեխայի ծնողը Փենսիլվանիայում պիտի տուգանք վճարի, ինչպես հիշում եմ, նախքան Բոլի միջամտությունը), կամ հնարավորություն չի կորցրել: 
Ներկայումս Սանտա Ֆեի համայնքային դպրոցի տնային կրթության ծրագիր ընդունված քառասուն-հիսուն աշակերտ կա, որոնցից շատերը՝ մեր նահանգից:
Իմ հաշվարկով սրանցից հինգն արդեն երկու տարի է, ինչ ընդունվել են:
Ինձ հայտնի մյուս նահանգներում նույնն անող այլընտրանքային շատ դպրոցներից կոպիտ հաշվարկով միայն երեքն են թույլատրել, որ ձեռնարկեմ այընտրանք փնտրող ծնողների հաղորդակցություն իրենց հետ, այն էլ՝ հատուկ պայմաններով:  Ոչ ոք չի ուզում դատարան դիմել՝ ո՛չ ծնողները, ո՛չ դպրոցները, ո՛չ էլ հանրակրթական պաշտոնյաները, որոնք կարող են նորություններն ու աղմուկը թաքցնել իրենց շրջանում պատահած մի երկու «անսովոր» դեպքերի մասին հաղորդումով:
Այս կապակցությամբ շատ ծնողներ ասել են ինձ, որ հաճախ իրենց երեխաներին մի քանի տարով հանել են դպրոցներից, և որ իրենց տեղի դպրոցները, թեև պաշտոնապես չեն հաստատել սա, հաստատ իմացել են և թույլ են տվել, որ շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի բողոքել:
Բայց հենց որ մեջընկան մի հարևան զեկուցում է դպրոցներին, որ ինչ-որ երեխաներ դպրոց չեն գնում, դպրոցական պաշտոնյաները դառնում են շատ նյարդային: Նրանք կարծես վախենում են, որ ինչ-որ մեկը հրապարակայնորեն կհարցնի. «Այդ ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ինչ-որ մեկն անարգել իր երեխաներին տանը պահիր»։ Եվ եթե չկարողանան պատասխանել, անախորժ դրության մեջ կհայտնվեն:
Բոլորովին վերջերս մի տեսուչ ասաց մի մայրիկի, երբ կինն ասաց, որ երեխաներին տանն է ուզում կրթել․
— Ես չեմ պատրաստվում բանտարկվել ձեր պատճառով:
Սա օրենքի նրանց սուր ընկալումն է․ եթե դուք փորձում եք երեխաներին տանը կրթել, նստում եք բանտ, և եթե ես թույլ եմ տալիս ձեզ կրթել երեխաներին տանը, ես եմ նստում բանտ: Մեզ պետք է ոչ միայն պարզապես մի պատասխան, որ կարող ենք տալ հետաքրքրասեր հարևանին, այլ նաև պատասխան, որ դպրոցները կարող են տալ:
Հավանաբար, եթե դպրոցները կարողանային ասել․ «Մենք գիտենք այդ երեխաների մասին, նրանք ընդունվել են մասնավոր դպրոց, և ոչինչ չունենք ասելու», նրանց խնդիրը կլուծվեր, և այսպիսով՝ մերը նույնպես:
Կալիֆորնիայից այն մայրը, որը 1-ին գլխում զեկուցում է, որ երբևէ չի տեսել մեկին, որն օգտվի «բաց դասարանների» ռեսուրսային կենտրոններից, ավելի ուշ գրում է մեզ․ «Ես հայտնեցի ուսուցիչներին և տնօրենին, որ շուտով տեղափոխվելու ենք, և Լ-ն կընդունվի տեղի մասնավոր դպրոց: Փոխադրման փաստաթղթերն արագորեն ստորագրվեցին, և մենք ազատ էինք:
Լ-ն մի քանի օր տխրեց «իր» դպրոցից հեռանալու կապակցությամբ, բայց շուտով սկսեց մաթեմատիկական խաղեր խաղալ, փայլուն նկարներ նկարել, կարդալ Թոմաս Ջեֆերսոնի կենսագրականը և աստղագիտական մի գիրք:
Մի քանի ամսից ես կապվեցի մի անվճար, բաց դպրոցի հետ, որի ամսին լավ կարծիքներ էի լսել: Նրանք համաձայնեցին ընդունել իմ դստերը «նամակագրային, տնային կրթության աշակերտի» հիմունքներով: Մենք առավոտյան հանգիստ մնում էինք տանը, և երբ նրան հարցնում էին, թե ինչու  դպրոցում չէ, նա պատասխանում էր, որ կապված է X դպրոցին:
Շուտով մենք կգնանք այնտեղ (մոտ մեկ ժամվա ճանապարհ), կհանդիպենք ուսուցիչներին, որ ձեռնարկենք այն ամենը, ինչ հարկավոր է, որպեսզի իշխանությունները հեռու մնան մեզնից:
Եթե ինձ համալսարան ընդունեն և մենք տեղափոխվենք այնտեղ, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ ընդունի նրան, կշարունակեմ նրա  X դպրոցը: Կա մեկ այլ հնարավոր տարբերակ՝ իմ տունը դարձնել X դպրոցի մասնաճյուղ, և ինձ՝ այնտեղ «գործուղված ուսուցիչ»:
Ես չափազանց գոհ եմ այս որոշումից, և Լ-ն ավելի քիչ լարված ու ճնշված է թվում:
Ջ-ն կարծում է՝ հարցն այն է, որ երբ որևէ մեկից թույլտվություն չես խնդրում, ոչ ոք կարիք չի ունենում «ոչ» ասելու:
Դուք իրավացի էիք․ Կալիֆոռնիա նահանգի օրենքը շատ ներողամիտ է մասնավոր դպրոցների հանդեպ, և շատ անորոշ՝ դրանց ստեղծման հարցում: 

Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով