Այս գիրքը երեխաներին կրթելու ձևերի մասին է կամ, ավելի շուտ, այն մասին, թե ինչպես թույլ տանք, որ նրանք սովորեն դպրոցից դուրս՝ տանը կամ ցանկացած այլ վայրում և իրավիճակում (որքան շատ, այնքան լավ), որ կարող ենք նրանց համար ապահովել: Սա մասամբ փաստարկ է հօգուտ դրա, մասամբ դա իրագործող մարդկանց հաշվետվություն, մասամբ էլ՝ ձեռնարկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են այդպես անել:

Շատ իրադարձություններ, որոշը՝ հասարակական, որոշը՝ անձնական, որոշը՝  ներսիցս բխող, ստիպեցին ինձ այս գիրքը գրել: Դա սկսվեց 1950-ականների վերջում: Այն ժամանակ էլիտար դպրոցում տասը տարեկաններին էի դասավանդում: Նաև շատ ժամանակ էի անցկացնում մանուկների և իմ քույրերի ու մյուս ընկերներիս փոքրիկների հետ: Ինձ ցնցեց տասը (որոնց ես շատ էի սիրում) և մեկ-երկու տարեկանների տարբերությունը: Դասարանում երեխաները, չնայած իրենց բարձր հոգևոր ու մտավոր մակարդակներին, մի քանի հոգուց բացի, վախեցած էին, անվստահ, գլուխ էին պահում և պաշտպանվում: Տանը մանչուկներն անվախ արկածախնդիր էին:

Շատ շուտով հասկացա, որ մանուկներն ի ծնէ և իրենց բնույթով շատ հետաքրքրասեր են շրջապատող աշխարհի հանդեպ, և շատ եռանդուն, հնարամիտ ու ձեռնհաս` այն հետազոտելու, նրա մասին իմանալու և այն յուրացնելու հարցում: Կարճ ասած, շատ ավելի շատ են սիրում սովորել և շատ ավելի ընդունակ են, քան մեծահասակների մեծ մասը: Մանուկները դատարկ չեն, նրանք իսկական գիտնականներ են: Այդ դեպքում ինչո՞ւ դպրոցները չդարձնենք տեղ, որտեղ մանուկներին թույլատրեն, քաջալերեն և (երբ պահանջվի և ըստ պահանջի) օգնեն հետազոտել ու հասկանալ շրջապատող աշխարհը (ժամանակի և տարածության մեջ) իրենց ամենաշատը հետաքրքրող միջոցներով:

Սա ասել եմ իմ առաջին երկու գրքերում` «Ինչպես են երեխաները ձախողվում» (1964) և «Ինչպես են երեխաները սովորում» (1966): Շուտով գրքերն սկսեցին մեծ արագությամբ կարդալ ու թարգմանել շատ այլ երկրներում: Ասելով այն, ինչ բոլորը, ինքս էլ չնկատեցի՝ ինչպես դարձա դասախոս, թոք-շոուների հյուր և այլն: Կրթողների, ծնողների և ամբողջ հասարակության շրջանում շատերն էին թվում հետաքրքրված և նույնիսկ ոգևորված՝ դպրոցները երեխաների համար անկախ և ինքնակառավարվող սովորողների տեղ դարձնելու գաղափարով: Ինձ նույնիսկ հրավիրեցին Հարվարդի կրթության մագիստրատուրա՝ դասախոսություն կարդալու «Ուսանողների ղեկավարած ուսուցումը» թեմայով: Որոշ ժամանակ նույնիսկ ինձ և իմ կողմնակիցներին թվաց, թե մի քանի տարվա ընթացքում նմանատիպ փոփոխություններ տեղի կունենան շատ դպրոցներում, և ճիշտ ժամանակին, համենայն դեպս, դպրոցների մեծամասնությունում:

Երբ ծնողներն ինձ ասացին (շատերն ասացին), որ դժգոհ են իրենց երեխաների դպրոցներից, ուղղորդեցի նրանց կոմիտեներ ստեղծել, ցույցեր անցկացնել և հասարակական աջակցություն կազմակերպել դպրոցական բարեփոխումների համար՝ ճնշում գործադրելով դպրոցական բաժինների վրա (ծանոթագրություն՝ այդպիսի բաժիններ կան ԱՄՆ-ում), և, հարկ եղած դեպքում, նորերն ընտրել: Որոշ տեղերում ծնողներն իրոք արեցին այդպես:

Սկզբում հաշվի չէի առել դպրոցի պարտադիր լինելու խնդիրը: Սակայն 1968-ին կամ դրան մոտ եկա այն եզրակացության, որ այն փոփոխությունները, որոնք ուզում էի տեսնել դպրոցում, չէին կարող կատարվել ոչ միայն այն պատճառով, թե ինչպես էին ուսուցիչները վերաբերվում սովորողներին, այլև այն, որ դպրոցները պարտադիր էին: Այդ մասին գրեցի հոդված, որը կոչվում էր «Ոչ այնքան ոսկե կանոնի օրեր»: Այն սկզբից հայտնվեց դեմոկրատական հաստատությունների ուսումնասիրության կենտրոնի «Կենտրոնի ամսագրում», իսկ ավելի ուշ` «Ցածր առաջադիմության դպրոց» իմ երրորդ գրքում: Քանի որ դպրոց պարտադիր հաճախելու կանոնները ստիպում են ուսուցիչներին անել ոստիկանի աշխատանք, սրանով իսկ կանխելով նրանց իսկական ուսուցչական գործունեությունը. ինչպես նրանց, այնպես էլ ծնողների ու երեխաների շահերից է բխում, որ այս կանոնները կա´մ դադարեցվեն, կա´մ էլ սկզբունքորեն փոփոխվեն: Հոդվածում դա անելու մի քանի քաղաքական քայլ կամ փուլ էի առաջարկել:

Այսպես մեզնից շատերն աշխատեցին մեծ եռանդով, ոգևորությամբ ու վստահությամբ՝ հանուն դպրոցական այսպիսի բարեփոխման: Ինչպես բարեփոխման համար աշխատող ցանկացած մարդ, փոփոխության յուրաքանչյուր նշույլ, նույնիսկ ամենափոքրը, մենք դիտարկում էինք իբրև հետագա ապացույց, որ փոփոխությունը գալիս է: Դեռ չգիտեինք, որ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա աշխարհում գաղափարները նորաձև են դառնում ու հնանում նույնքան արագ, որքան զգեստները: Որոշ ժամանակ դպրոցական բարեփոխումը նորաձև էր: Ոչ մի կերպ չէինք կարող իմանալ, որ դա ընդամենը նորաձևություն էր: Միայն որոշ ժամանակ անց կարելի է հասկանալ, թե ինչն է նորաձևություն, ինչը՝ մնայուն:

Նույնիսկ այն ժամանակ դրա նշանները կային: Ես Մինեապոլիս` ազատամիտ նահանգի ազատամիտ քաղաք, հրավիրված ելույթ ունեցողներից մեկն էի, որ պիտի խոսեր Մինեսոտայի ուսուցիչների մեծ կոնֆերանսում: Ինձ հետ հանդիպմանը հավանաբար յոթ հարյուր մարդ կար: Իմ ելույթից հետո, հարցեր տալու ժամանակ, որ թվում էր ընկերական գործընթաց, մի գեր մարդ՝ բարակ, պիրկ սեղմած, կախված անկյուններով բերանով, բարկացած, կոպիտ ձայնով ասաց. «Ի՞նչ եք անում այն երեխաներին, որ ակնհայտորեն ծույլ են»: Ամբողջ լսարանը բարձր ծափահարեց: Ես հանկարծակիի եկա և ցնցվեցի: Երբ ծափահարությունները լռեցին, պատասխանեցի հնարավորինս լավ, և հանդիպումն ընդունեց իր նորմալ, քաղաքակիրթ ընթացքը: Ես մի կողմ նետեցի այդ փոքր պատահարի տհաճ հիշողությունը: Չէի ուզում լսել այն, ինչ այդ դիպվածն ակնհայտորեն ասում էր, այն, որ այդ վայրկյանին լուռ մեծամասնությունն սկսեց խոսել և ասաց. «Երեխաները չափազանց վատն են»:  Ճամփորդությունների ընթացքում ինձ հաճախ հրավիրում էին դպրոցներ ու դասարաններ մարդիկ, որոնք ասում էին. «Մենք կարդացել ենք ձեր գրքերը, կարծում ենք, որ դրանք հրաշալի են, և կատարում ենք այն ամենը, ինչի մասին դուք խոսել եք»: Հա, սովորաբար դա էի անում էին, բայց ոչ այնպես, ինչպես ասում էին. անում էին բոլոր այն սխալ ու վնասակար բաները, որ նկարագրել էի գրքում, և ինքս ինչ-որ ժամանակ արել էի: Մարդիկ նաև մեծ ոգևորությամբ խոսում էին ինձ հետ նոր ծրագրերի մասին: Բայց դրանք միշտ ֆինանսավորվում էին ֆեդերալ գումարներով, և ժամանակի ընթացքում ստացվում էր այնպես, որ հենց ֆեդերալ ֆինանսավորումը կանգ էր առնում, դադարեցվում էր նաև ծրագիրը: Մարդիկ պետք է որ վատ զգային այս հիանալի ծրագրերը կորցնելու համար: Բայց վճարել դրանց համար տեղական ֆինանսավորմա˜մբ, իրենց սեփական փո˜ղը… Դա չէր քննարկվում: Ելույթներով շրջելու ժամանակ օդակայանում ինձ միշտ դիմավորում էին երկու-երեք հոգի: Սովորաբար հենց ամենասկզբից ընկերում էինք: Նրանք կարդացած էին լինում իմ գրքերը և ամեն ինչ տեսնում էին այնպես, ինչպես ես: Մենք միշտ լավ ժամանակ էինք անցկացնում միասին՝ խոսելով բաների մասին, որոնց հետ բոլորս համաձայն էինք, իրար պատմելով մեր հաջողության, սարսափների և անհաջողությունների մասին: Ենթադրում էի, որ այնտեղի մարդիկ, որոշ բացառություններով, բոլորը պիտի լինեին իմ ընկերների նման: Միայն կամաց-կամաց գիտակցեցի, որ ինձ ելույթի բերող մարդիկ համարյա միշտ չնչին փոքրամասնություն էին կազմում իրենց սեփական դպրոցում կամ համայնքում, և որ իմ խնդիրը բարձրաձայն, բացեիբաց ասելն էր այն, ինչ մարդիկ նրանցից լսելուց հոգնել էին, կամ այն, ինչը ասելուց նրանք ընդհանրապես վախեցել էին: Նրանք հույս ունեին, որ եթե մարդիկ լսեն ինձնից՝ հանրահայտ հեղինակից, «Այսօրվա» շոուի մասնակցից, ուշադրություն կդարձնեն:

Այսպիսի շատ փորձերի արդյունքում, յոթանասունականների վերջում, դանդաղ ու դժկամորեն, բայց ավելի հաստատուն, քան երբևէ, սկսեցի հասկանալ, որ դպրոցական բարեփոխումների շարժումը հիմնականում մտացածին էր ու ցնորք: Դպրոցի ներսում թե դպրոցից դուրս շատ քիչ մարդիկ էին ցանկանում օգնել կամ նույնիսկ հանդուրժել երեխաներին ավելի շատ ազատություն, ընտրություն և ինքնակառավարում տալը: Այս քչերի մեծ մասն անում էին սա ոչ թե այն պատճառով, որ իսկապես հավատում էին, որ երեխաներն իրոք ուզում են, և պետք է վստահել նրանց՝ ճանաչելու աշխարհը, այլ այն պատճառով, որ նրանք կարծում էին, թե երեխաներին ազատության որոշ դրսևորումներ ընձեռելը (թույլ տալ նրանց հին հագուստ կրել, վազվզել, գոռալ, պատին գրել և այլն) խելացի ձև էր՝ ստիպելու նրանց անել այն, ինչ դպրոցն էր պահանջում այդ ամբողջ ժամանակ. սովորել դպրոցում դասավանդվող առարկաները, ընդունվել լավ քոլեջ, և այլն: Ազատությունը լուրջ կացութաձև ու աշխատաոճ չէր, այն ընդամենը «հնարք», «մոտիվացիոն մեխանիզմ»: Երբ այն արագորեն չէր տալիս ցանկալի արդյունք, ուսուցիչներն այն դադարեցնում էին՝ առանց երկար-բարակ մտածելու և զղջալու:

Միևնույն ժամանակ ավելի ու ավելի շատ փաստեր էի տեսնում, թե ինչպես են մեծահասակներն ակտիվ կասկածանքով ու ատելությամբ վերաբերվում շատ երեխաների, նույնիսկ եթե դա իրենց երեխան էր, և շատ ավելի հաճախ` հենց իրենց երեխան: Թե ինչո՞ւ է սա այդպես, ես խոսել եմ իմ գրքերում՝ «Փախուստ մանկությունից» և «Կրթության փոխարեն»: Կարճ ասած, այն մարդիկ, ում կյանքը դժվար է, ձանձրալի, վշտալի, անիմաստ, ովքեր տառապում են, սովորություն ունեն դժգոհելու նրանցից, ովքեր, թվում է, թե իրենցից քիչ են տառապում և, եթե կարողանան, այնպես կանեն, որ նրանք էլ տառապեն: Այն մարդիկ, ովքեր իրենց շղթայված են զգում և ազատվելու հույս չունեն, ուզում են մյուս բոլորին էլ շղթայել:

Մի խոսքով` ինձ համար պարզ էր դառնում, որ ձանձրալի, միօրինակ դպրոցները նույնությամբ անում էին այն, ինչ միշտ արել են և, ինչ մարդկանց մեծամասնությունը նրանցից պահանջում էր: Երեխաներին սովորեցնել իրականությունը: Սովորեցնել նրանց, որ կյանքը զվարճանք չէ: Սովորեցնել նրանց լուռ կատարել` ինչ հրամայվում է: Ինձ սխալ չհասկանաք: Զուտ փոքրոգությունից չէ, որ մարդիկ այդպես են մտածում: Մի մարդ ցավակցաբար գրում է ռադիկալ մի թերթի, թե ինչպիսին է կյանքն Այովայի փոքր քաղաքներում, որտեղ պարտքերը վճարելու համար շատ ֆերմերներ ստիպված են հավելյալ աշխատանք կատարել մսի կոմբինատներում, ինչպես ինքն է ասում՝ «թոքեր կրելով», ասում է. «աշխատանքային այդ կարգուկանոնն այնքան խորն է արմատավորվել այս մարդկանց մեջ, որ նրանք կարծում են, թե ցանկացած մեկը, որ շարունակ չի ենթարկվում ամբողջ աշխատանքային օրը տևող այդ տանջալից գործին, ծույլ է»: Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաները ծույլ լինեն: Նրանցից շատերի համար ակունքներին վերադառնալը նշանակում է՝ ոչ մի զվարճանք ու խաղ դպրոցում: Նրանցից շատերն առանձնապես հոգ չեն տանում կարդալու մասին, որպես այդպիսին: Նրանք հենց իրենք քիչ են կարդում, ինչպես ամերիկացիների մեծ մասը, և շատ են հեռուստացույց դիտում: Նրանք ուզում են, որ իրենց երեխան սովորի` ինչպես աշխատել: Սրանով նրանք ի նկատի չունեն լավ և հմուտ աշխատանք, որով կարել է հպարտանալ: Այդպիսի աշխատանք իրենք էլ չունեն և երբեք չեն ակնկալում: Նրանք դա նույնիսկ «աշխատանք» չեն անվանում: Նրանք ուզում են, որ երբ ժամանակը գա, իրենց երեխաները կարողանան և կամենան պահպանել իրենց լրիվ աշխատաժամանակով տանջալից գործը: Սա անելու լավագույն եղանակը դպրոցն այս լրիվ աշխատաժամանակով տանջալից գործին նմանեցնելն է:

Իհարկե, նրանք ուրախ կլինեն տեսնել, թե ոնց են իրենց երեխաները գնում «լավ» քոլեջներ, դառնում իրավաբաններ, բժիշկներ, կորպորացիայի գործադիրներ, դառնում այն բարգավաճ և հզոր աշխարհի մի մասը, որ ամեն օր նրանք տեսնում են հեռուստացույցով: Բայց սա վիճակահանության մեջ շահելու պես մի բան է: Դու կարող ես հուսալ, և դա լինի քո միակ հույսը, բայց չհիմնվել դրա վրա: Մեծ մասը գիտեն, որ երբ իրենց երեխաներն ավարտում են երկրորդ կամ երրորդ դասարանը, մեծ պարգև դրանից չեն շահում: Նորեն մնում է այդ լրիվ աշխատաժամանակով տանջալից գործը: Եվ դպրոցները եղել են և մնում են այն բանի համար, որ պատրաստեն նրանց՝ այդ անելու:  

Անմիջապես հաջորդ օրն այս ճշմարտությունը մեկ անգամ ևս հիշեցրեց իր մասին: Դեպի օդակայան մեքենա վերցնելով՝ ես զրույցի բռնվեցի վարորդի հետ, որ զվարթ, ընկերական մարդ էր: Նա հարցրեց, թե ուր եմ գնում և ինչ եմ անում: Ասացի, որ գրքեր եմ գրում երեխաների, դպրոցների և կրթության մասին, ինչպես նաև փոքր ամսագիր եմ հրատարակում տանն իրենց երեխաներին կրթող մարդկանց մասին: Նա ասաց, որ չի կարծում, թե դա լավ միտք է և սկսեց խոսել դպրոցների ու այն սխալ բաների մասին, որ տեղ էին գտել դպրոցներում: Օդակայան հասնելուն պես գրեցի այն ամենը, ինչ հիշում էի իր խոսքերից: Հատվածները, որ մեջբերում եմ, տալիս են իրավիճակի իրական ամբողջական պատկերը:

Մեր խոսակցության սկզբում նա ասաց. «Ինձ թվում է, թե աշակերտներն են ղեկավարում ուսուցիչներին մեր օրերում, ոչ թե հակառակը: Երբ ես երեխա էի, ուսուցչին պատասխանելու դեպքում ողջ դեմքս կծածկվեր ապտակներով: (Ծիծաղում է): Եվ պետք է հույսս դնեի Աստծո վրա, որ ուսուցիչը չպատմեր հորս»: Թանաքը չի կարող փոխանցել այն հավանությունն ու, նույնիսկ հաճույքը, որով նա ասաց այս: Ես հազվադեպ եմ պատահում մարդկանց, որոնք հավատում են, որ բռնությամբ կարելի է հարցեր լուծել: Երբ հանդիպում եմ, նրանք ինձ վախեցնում են: Մեքենայի մեջ ես մտածեցի. «Ինչի՞ մեջ հիմա ինձ գցեցի»: Ընթացքի ժամանակ շատ քիչ բան ասացի, մեկ կամ երկու անգամ անհաջող փորձ կատարեցի թեման փոխելու և վերջում համարյա ոչինչ չասացի: Նա էր միայն խոսում ու խոսում՝ հետզհետե ավելի ու ավելի բարկանալով: Վերջապես, երբ հասանք օդակայան, նա «ցտեսություն» ասաց ու շատ բարյացակամ ինձ հաջող ուղևորություն մաղթեց: Բաժանվելիս նայեցի նրա դեմքին: Քաղաքում շատ եմ տեսնում ջղային, բիրտ ու դաժան դեմքեր: Նա այդպիսի տեսք բացարձակ չուներ:

Վերը մեջբերված բառերն արտաբերելուց հետո նա ասաց. «Աստված օգնական իմ երեխաներից յուրաքանչյուրին, եթե նրանք երբևէ պատասխանել են ուսուցչին», և այնպիսի վայրագությամբ, որ լեզուս բերանումս չորացավ: Հիմա ես պատկերացնում եմ, թե նա ի՜նչ կաներ այդ պարագայում. արդյոք երբևէ իրականում արե՞լ էր այդ, թե՞ ոչ:  Ենթադրենք` նրա երեխաներից մեկն ուսուցչի անարդարացիության զոհերից մեկն է: Ենթադրում եմ, որ նա կհորդորեր նրանց մոռանալ արդարության մասին, կասեր, որ ուսուցիչն է ղեկավարը, և պետք է անել այն, ինչ նա ասում է:

Այս միտքն ինձ հիշեցրեց Ֆրեդերիկ Ուայզմենի «Ավագ դպրոց» ֆիլմից մի տեսարան, որտեղ վիճում էին սովորողն ու դաստիարակչական գծով տնօրենի տեղակալը: Սովորողը, որ ակնոց էր կրում, ուներ լավ բառապաշար, և ակնհայտ է, որ խեղճուկրակ չէր, համառորեն պնդում էր, որ չէր արել այն, ինչում իրեն մեղադրում էին, և այդ իսկ պատճառով իրեն չպետք է պատժեն: Տնօրենի տեղակալը, որը հաղթանդամ մարդ էր, նախկինում եղել էր մարմնամարզիկ և, հավանաբար, խեղճուկրակ երեխա, այնպիսի համառությամբ էր փորձում բացատրել նրան, որ ոչ մի տարբերություն չկա` արել է, թե ոչ, որ պատասխանատուները որոշել են, որ արել է, և նա պիտի ստանա իր պատիժը… «Տղամարդու պես»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ միայն լացկաններն ու կարգազանցներն են նվնվում արդարության վերաբերյալ: Ճշմարտության և արդարության մասին տեսությունները տեղին չէին: Իրական աշխարհում իշխանությունը նրան մեղավոր էր ճանաչել, և նա պետք է հնազանդվեր:

Հետո, մեր զրույցի ժամանակ վարորդը հիացմունքով էր խոսում կաթոլիկ դպրոցների մասին` ասելով, որ մի տղայի է ճանաչում, որն ունի ավագ դպրոցի հասակի զույգ տղա, որոնք վայրենի էին: Նա նրանց հոգևոր դպրոց ուղարկեց: Այնտեղ եթե երեխան պատասխանում է որևէ հոգևորականի, նրանք հենց նույն պահին և նույն տեղում փռում են նրա մարմինը, առանց ավելորդ հարցերի: (Նա ծիծաղում էր հավանություն տալով:)

Ես քաջատեղյակ եմ և, ընդհանուր առմամբ, հավատում եմ այն բոլոր ընդունված փաստարկներին, որ բռնությունն անիմաստ է և կործանիչ: Այդ փաստարկներից և ոչ մեկը ոչ մի ազդեցություն չէր թողնի այս վարորդի վրա: Քանզի զրույցի ժամանակ նա ասաց, որ իր բոլոր վեց երեխաներն էլ ընդունվել են քոլեջ, վարձն իրենք են վաստակել, և բոլորն էլ ավարտել են: Մեկն ավարտել էր ատամնատեխնիկների դպրոց՝ լինելով լավագույնը 170 սովորողի մեջ: Մյուսը փորձում էր ընդունվել բժշկական դպրոց, բայց (այդպես վարորդն ասաց) դեռևս չէր կարողանում, որովհետև ո´չ սևամորթ էր, ո´չ պուերտորիկացի, ո´չ էլ մեքսիկացի: (Նա շատ երկար էր այս մասին խոսում և շատ դառնացած): Ինչ էլ որ լինի` ահա ինքը՝ վարորդ, և իր վեց երեխաները` բոլորն էլ քոլեջի շրջանավարտներ, բարձր հասարակության ճանապարհին. սա բավարար է՝ ապացուցելու, որ իր սպառնալիքներն ու խստությունն ազդել են: Գեթ մեկ վայրկյան հաշվի չէր առնում, որ հնարավոր է, որ երեխաները կատարել են իր կամքը ոչ այնքան այն պատճառով, որ վախեցել են իր բռունցքից, այլ որովհետև կարևորել էին իր կարծիքը:

Պետք է հստակ դիրքորոշում ունենանք սրա շուրջ: Այս հայրը շատ շատերի նման պնդում է, որ դպրոցները պետք է կոշտ ու կոպիտ լինեն իր երեխաների հանդեպ ոչ այն պատճառով, որ ինքը դաժան է, այլ այն պարզ պատճառով, որ համոզված է, որ աշխարհն այդպիսին է իրականում, որ միայն երեխաների հանդեպ խստապահանջ լինելով կարելի է անել այնպես, որ նրանք ավելի լավ ապրեն, քան մենք, մատուցող աշխատելու և հնամաշ տաքսիներ վարելու փոխարեն ավելի լավ աշխատանք ունենան: Միայն բանվոր-դասակարգը չէ, որ կյանքին այսպես կոպտորեն է նայում: Թույլ տվեք պատմել մի պատմություն, որ արդեն պատմել եմ իմ նախորդ գրքում: Իմ հինգերորդ դասարաններից մի տղա մեծ կորպորացիայում աշխատող մի միջին պաշտոնյայի որդի էր: Նրանք շատ հարուստ չէին, բայց հավանաբար մտնում էին 5 տոկոս ամենահարուստների մեջ: Իմ դասարան գալուց երկու-երեք տարի առաջ տղան շատ թույլ էր սովորել և շատ վատ վարք դրսևորել թե´ տանը, թե´ դպրոցում: «Օգնության» մասնագետ էին կանչել, սակայն դա չէր օգնել: Իմ ավելի խաղաղ դասարանում տղան գտավ իրեն հետաքրքրող շատ բաներ, դարձավ դասարանի շախմատի չեմպիոնը, սկսեց շատ ավելի լավ սովորել, հատկապես մաթեմատիկան, որը միշտ ատել էր և սկսեց շատ ավելի լավ պահել իրեն և´ տանը, և´դպրոցում: Նրա մայրը՝ մի ազնվաբարո և մեղմախոս կին, մի օր, դասերից հետո եկավ ինձ տեսնելու: Նա ասաց, թե որքան գոհ են ինքն ու ամուսինը, որ տղան այդքան լավ է սովորում և, որ նրա հետ ապրելը դարձել է ավելի հեշտ ու հաճելի: Նա պատմեց, թե իր տղան ի՜նչ բավականություն է ստանում իմ դասերից, և թե որքան է պատմում այն հետաքրքիր բաների մասին, որ տեղի են ունենում դասերի ժամանակ: Հետո նա կարճատև դադար առավ, ունքերը մի փոքր կիտեց և վերջապես ասաց. «Սակայն գիտեք, ես ու հայրն անհանգստացած ենք, թե որքան հաճույք է մեր երեխան դպրոցից ստանում: Ի վերջո կյանքի մեծ մասը նա անցկացնելու է իր չսիրած բաներն անելով, և պետք է այսօրվանից սովորի անել դա»:

Քանի դեռ այսպիսի ծնողները մեծամասնություն են կազմում, և յուրաքանչյուր սոցիալական խմբում կան այդպիսիքդպրոցները, նույնիսկ եթե ցանկանան, և որքան էլ որ ցանկանան, չեն կարող շարժվել իմ ու շատ շատերի՝ տարիներով մատնանշած ուղղությամբ: Այս ծնողները չեն ուզում, որ երեխաներն ունենան դասեր, որոնց ժամանակ իրենք անում են այն, ինչ իրենց ամենաշատն է հետաքրքրում՝ իրենց հաճույքի և բավականության համար: Նրանք ուզում են, որ երեխաները հավատան այն բանին, ինչ անթիվ-անհամար ուսուցիչներ ու ծնողներ ասել են ինձ. «Եթե ստիպված չլինեի ինչ-որ բաներ անել, ոչինչ չէի անի»: Նրանք չեն ուզում, որ երեխաները մտածեն, որ աշխատելու լավագույն պատճառն այն էր, որ աշխատանքն ինքնին հետաքրքիր էր, պահանջված և արժեքավոր: Որովհետև, ինչպես իրենք տեսնում են, աշխարհն իրականում այդպես չէ դասավորված, և չի էլ կարող դասավորվել այդպես:

Քանի դեռ «Կարո՞ղ են արդյոք դպրոցներում բարեփոխումներ իրականացվել» հարցի պատասխանը շարունակում է մնալ «ոչը», ինքս ինձ բռնեցի ավելի խոր հարցի վրա` արդյո՞ք անհրաժեշտ են այս ձևով կազմակերպված ու գործող դպրոցները: Արդյո՞ք նրանք այն լավագույն վայրն են, որտեղ կարելի է սովորել: Իսկ դպրոցներն ընդհանրապես լա՞վ տեղ են: Բացի նրանից, որ այնտեղ կարելի է որոշ մասնագիտական հմտություններ սովորել, սկսել եմ կասկածել, որ այլ նպատակների համար դրանք հաճախելու ամենալավ վայրն են: Իմ գիտելիքի մեծ մասը ես ձեռք էի բերել ոչ թե դպրոցում կամ «սովորելու միջավայր» կամ «սովորելու փորձառություն» կոչվող որևիցե այլ վայրում, այլ հանդիպումների, ուսումնական պարապմունքների և սեմինարների ժամանակ: Եվ ենթադրում էի, որ սա տարածվում է բոլորի վրա:

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ սկսեցի կասկածել նույնիսկ հենց «սովորել» բառի հետ կապված: Մի առավոտ Բոստոնում, երբ անցնում էի «Փաբլիք գարդըն» կոչվող այգու միջով, որ գնամ աշխատանքի, բռնեցի ինձ մի հսկա կոնֆերանս պատկերացնելիս մի հյուրանոցում, որը լի է նշաններով ու պոստերներով, և որտեղ բոլոր մարդիկ բեյջեր են կրում: Բայց այս կոնֆերանսում յուրաքանչյուրը կարծես թե շնչառությունից է խոսում:

— Ինչպե՞ս եք շնչում այս քանի օրը:

— Շատ ավելի լավ, քան երբևէ, բայց կարծում եմ, որ տակավին պիտի կատարելագործեմ:

— Արդյոք տեսե՞լ եք Ջո Սմիթին վերջերս, նա անշուշտ շատ գեղեցիկ է շնչում:

Եվ այսպես շարունակ: Բոլոր հանդիպումները, գրքերը, քննարկումները շնչառության մասին էին: Եվ ես մտածեցի, եթե հայտնվեինք այդպիսի մի կոնֆերանսում, չէի՞նք կարծի արդյոք, թե բոլորն այնտեղ հիվանդ են կամ նոր են ապաքինվել: Ի՞նչ իմաստ ունի խոսել ու անհանգստանալ մի բանի մասին, որ առողջ մարդկանց մոտ առանց որևէ ճիգի ստացվում է: Նույնը կարելի էր ասել «սովորելու» վերաբերյալ մեր անվերջ մտահոգության մասին: Եղե՞լ է արդյոք սովորելու խնդրով ավելի համակված մեկ այլ հասարակություն, որտեղ այդքան խոսեն այն մասին, թե ինչպես կարելի է սովորել ավելի շատ, ավելի լավ, ավելի արագ կամ երկար կամ հեշտ: Մի՞թե կենսուրախ, առողջ, ակտիվ, ստեղծագործ, հնարամիտ՝ Պերիկլեսյան Հունաստանի, Էլիզաբեթյան Անգլիայի, հետհեղափոխական Միացյալ Նահանգների հասարակություններն այդքան ժամանակ են տրամադրել սովորելու մասին խոսելուն: Ոչ. մարդիկ չափազանց զբաղված են եղել գործ անելով և այդ գործից սովորելով:

Այս մտքերն առաջնորդեցին ինձ՝ գրելու «Կրթության փոխարեն» գիրքը, որտեղ փորձեցի հստակեցնել «ինքնակառավարվող, նպատակային, լիիմաստ կյանք ու գործ» վարելու և «կյանքից կտրված, կաշառքի և սպառնալիքի, ժլատության ու վախի պայմաններում տարվող» կրթության տարբերությունը: Նույնիսկ այն գրելուց հետո շարունակություն մտածեցի, որ պիտի կոչվեր «Առանց դպրոցի խելացի մեծանալ»՝ այն գիտակ ու հաջողակ մեծահասակների մասին, ովքեր մանուկ հասակում շատ ժամանակ են անցկացրել առանց դպրոցի, կամ այն ընտանիքների մասին, որոնք հենց այս պահին իրենց երեխաներին պահում են դպրոցից դուրս:

60-ականների վերջին և 70-ականների սկզբին ես մի խումբ մարդկանց էի ճանաչում, որ հիմնում էին իրենց փոքր, մասնավոր, այլընտրանքային դպրոցները: Նրանցից շատերը դա անում էին այն բանից հետո, երբ տեղական հանրային դպրոցները հրաժարվում էին նրանց որևիցե այլընտրանք առաջարկելուց: Սեփական դպրոցն ունենալու վերջնական որոշումից հետո նրանք ստիպված էին այլ ծնողների համոզել, որ միանան իրենց, պետք է գային որոշակի համաձայնության, թե ինչպիսին պետք է լինի դպրոցը, դրա համար այնպիսի տեղ գտնեին, որը կհամապատասխաներ պետական պահանջներին և իրենց գրպանին, ստանային տեղական հրշեջ, առողջապահական, անվտանգության և այլ ծառայությունների թույլտվությունը և այլն, ստանային պատշաճ պետական կարգավիճակ, որպեսզի իրենց աշակերտներին «թափառական» չանվանեին, և գտնեին ուսուցիչ կամ ուսուցիչներ: Ամեն ինչից բացի, նրանք պետք է միջոցներ հայթայթեին:  

Մեկ օր խոսում էի մի երիտասարդ մոր հետ, որը նոր էր սկսում գնալ այս երկար ճանապարհով: Ընկերուհու հետ միասին նրանք որոշել էին, որ այլևս չեն կարողանում հանդուրժել այն, ինչ տեղական դպրոցն անում էր իրենց երեխաների հետ և, որ միակ լուծումն իրենց սեփական դպրոցը հիմնելն էր: Երկար ու ձիգ ամիսներ նրանք փնտրում էին ծնողներ, տարածք, փող և համարյա ոչ մի առաջխաղացում չունեցան, բացի նրանից, որ ես գնացի և հանդիպում կազմակերպեցի նրանց հետ:

Մեր զրույցի ժամանակ հանկարծ մտածեցի` արդյո՞ք այս բոլորը պարտադիր է: Ես ասացի այս կնոջը.

— Լսե´ք, դուք իսկապե՞ս ցանկանում եք դպրոց ունենալ: Թե՞ պարզապես պատշաճ միջավայր եք ուզում ստեղծել ձեր երեխաների համար:

Նա, առանց տատանվելու, պատասխանեց.

— Ես պատշաճ միջավայր եմ ուզում ստեղծել իմ երեխաների համար:

— Այդ դեպքում,- ասացի ես,- ինչի՞ համար է այս ողջ աշխատանքն ու գլխացավանքը՝ հանդիպումներ, շինություններ, տեսուչներ, փողեր: Ինչո՞ւ չեք ուզում դպրոցից հանել երեխաներին և տանը կրթել նրանց: Դա չի կարող ավելի դժվար լինել, քան այն, ինչ դուք անում եք, ընդհակառակը, գուցե ավելի հեշտ է:

Եվ շուտով պարզվեց, որ դա ավելի հեշտ է ու հաճելի:

Այսպիսի երիտասարդ ընտանիքների հետ խոսելիս հասկացա, որ ամենաշատը նրանք կարիք ունեին  աջակցության և նույն կերպ մտածող այլ ընտանիքների հետ մտքերի փոխանակության: Այս նպատակով սկսեցի թողարկել մի փոքր ամենամսյա ամսագիր, որ անվանեցի «Մեծանալ առանց դպրոցի», որտեղ ծնողները կարող էին գրել՝ երեխաներին տանը կրթելու իրենց փորձառության մասին: Այս գրքի նյութերի որոշ մասը սկզբում հայտնվեց այդ ամսագրում: (Ավելի մանրամասն տեղեկությունների համար նայեք հավելվածը): Այս նյութերի որոշ մասը մեջբերված է գրքերից, ամսագրերից, թերթերից, դատավճիռներից և այլն: Որոշների հեղինակը ես եմ: Նրանց մեծ մասը ծնողների նամակներից են: Այստեղ բերված նամակները լոկ փոքր մասն են կազմում այն նամակների, որ մենք տպագրել ենք ամսագրում, դրանք, իրենց հերթին, փոքր մասն են այն նամակների, որ մարդիկ ուղարկել են մեզ:

Այստեղ բերվածները, անշուշտ, լավագույններն են, բայց մեր տպագրած մյուս նամակները ևս վատը չեն: Այս նամակներից շատերը ես մասնատել եմ, որպեսզի համապատասխանեցնեմ տարբեր գլուխների վերնագրերին: Սա կարող էր առաջացնել սովորաբար շատ երկար և բազում հարցեր շոշափող բնագրերի ազդեցության պատրանք և համ ու հոտի որոշակի կորուստ: Այնուամենայնիվ, մեջբերվածը կկարողանա որոշակի պատկերացում տալ այն մասին, թե որքան սիրալիր, խորը և պերճախոս են այս նամակներից շատերը: «Մեծանալ առանց դպրոցի» ամսագրին ուղարկված փոստն ընթերցելը այս աշխատանքը կատարելու մեծագույն պարգևներից մեկն էր: Հուսով եմ՝ այս գրքի ընթերցողներն ինձ նման հաճույք կստանան այս նամակները կարդալուց: 

Շարունակությունը

Թարգմանություն անգլերենից
Լուսանկարի աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով