Սովորեցրեք ձեր սեփականը
Մի ահռելի խառնաշփոթ է ստվերում իրավականության և պատասխանատվության հարցերը, և դրանք բոլորը մատնանշում են հանրակրթության ոլորտում երեխայի կարիքների և առաջխաղացման դժվարությունների չափը: Նոր չափորոշիչներով թեստերը մտածված են երեխայի դպրոցական մեծ տարիքում որոշելու այն, ինչ նրա ուսուցիչները պիտի հավաստեին յուրաքանչյուր դասարանում, եթե առավել անհատական մոտեցում հնարավոր լիներ ցուցաբերել:
Թեստավորումն ինքնին բոլորովին էլ անձի գիտելիքի կամ կարողությունների ճշգրիտ ցուցանիշ չէ: Թեստային պրոցեսի լարումն ու ճնշումն ինքնին բավարար են հիշողության մեջ փաստերը մթագնելու համար: Թեստերի լեզուն հաճախ անհասկանալի է, այնպես որ մեկից ավելի պատասխաններ կարող են տրամաբանական թվալ մեկին, որը չի յուրացրել «թեստի տրամաբանությունը» կամ չունի ճիշտ պատասխանը մատնանշող մշակութային առանցքը:
Թեստերն ստեղծված են գիտելիքի որոշակի շրջանակ ընդգրկելու համար, սակայն որևէ մեկը չի կարող իմանալ այդ շրջանակը որոշող չափորոշիչները: Նույնիսկ առողջական վիճակն ու այդ պահի մտավոր հակվածությունը թեստավորվելու օրերին կարող են արդյունքների մեջ մեծ տարբերություններ առաջացնել:
Այդուհանդերձ, թեստավորման ցուցանիշների հետ է, որ մենք գլխավորապես համաձայն չենք:
Հանրակրթության կառավարման դժվարությունների պատճառը նրա հիմքում ընկած գաղափարն է, թե երեխաների ուսումնառության նպատակը սովորելն է, և անհրաժեշտ է, որ որոշակի տարիքի հետ գիտելիքի որոշակի պաշար կուտակվի: Այս նախադրյալը ջնջում է մարդկանց միջև գոյություն ունեցող անհատական առանձնահատկությունները, այն փաստը, որ շատ երեխաներ պատրաստ չեն որոշակի տարիքում սովորելու ինչ-ինչ բաներ, և որ երեխաներն ունեն ինքնուրույն սովորելու ունակություն:
Այն, որ երեխան թվաբանական ինչ-որ հմտության չի տիրապետում կամ չի հիշում պատմական որևէ տարեթիվ յոթ կամ ութ տարեկանում, դեռ չի նշանակում, որ նա երբեք չի իմանա դա: Եվ ընդհակառակը. եթե երեխան տիրապետում է այդ հմտությանը, կամ գիտե այդ տարեթիվը յոթ կամ ութ տարեկանում, չի նշանակում, որ նա այդ գիտելիքը մինչ հասուն տարիք կհասցնի:
Իհարկե, երբ երեխան հատուկ խթան ունի սովորելու որևէ բան, նյութը, որն այլ պարագայում կպահանջեր տարիների կրկնություն հանրակրթական կամ մասնավոր դպրոցում, կարող է ձեռք բերվել մի քանի օրում կամ ժամում:
Երեխաների սովորելու բնական մոտեցումը չի բռնանում փաստերի և ունակությունների վրա, այլ թույլ է տալիս, որ դրանք հասունանան, և իրենց սեփական հետաքրքրություններն ու ձիրքերն առաջնորդեն նրանց գիտելիքի տարածք՝ ապահովելով օգնություն ու ռեսուրսներ, երբ անհրաժեշտ է:
Որ շատ էինք կարդում մեր դուստր Սելիայի համար, նա սկսեց բառերը ճանաչել երեք տարեկանում: Ես որոշեցի զարգացնել այդ ունակությունը և նստեցի կողքին՝ փորձելով սովորեցնել այլ նման բառեր: Այս առաջին ու վերջին «ընթերցանության դասը» տևեց հինգ րոպե, Սելիան փակեց գիրքը և ասաց, որ բավական է: Պարզապես նա սովոր չէր, որ իրեն սովորեցնեն, և ընդհուպ մինչև հինգ տարեկանը սովորում էր ինքնուրույն:
Առաջին գիրքը, որ նա կարդաց առանց օգնության, չորս տարեկանում, Հ․ Ա․ Ռեյի «Հետաքրքրասեր Ջորջն» էր, առաջին կամ երկրորդ դասարանի մակարդակի գիրք: Այդ վաղ հասակում նա կարողանում էր այնպես սահուն կարդալ, ինչպես շատ մեծահասակներ: Այնուամենայնիվ, դեռ կան բառեր պարզելու, և հարցեր՝ տալու, որոնց մենք ավելի քան ցանկանում ենք պատասխանել: Մենք ապահովեցինք նրան կարդալու նյութերով, մեզ համար բարձր ընթերցելու, բառային լեզվական խաղերի և նրա հարցերին պատասխանելու ժամանակ տրամադրեցինք: Քանի որ չէինք ստիպում նրան կարդալ, այլ աջակցում էինք այս հնարավորությանը, նրա կարողությունն աճում էր հսկայի քայլերով:
Ուսուցմանն ու դասավանդմանը նման մոտեցում ցուցաբերելով՝ համարում ենք, որ գնահատման միակ լեգիտիմ տարբերակը որակականն ու բնութագրականն է, ոչ թե քանակականը:
Մենք ճիշտ չենք համարում տանից դուրս ուղարկելը մեր երեխաներին իրենց ձևավորման տարիներին՝ ազդվելու մարդկանցից, որոնց անձամբ չենք ճանաչում, և ում բարքերը, արժեքները, քաղաքական ու կրոնական հայացքները կարող են տարբերվել մեր հայացքներից:
Հենց որ երեխան գնում է դպրոց, տունը դառնում է դպրոցակենտրոն, ոչ թե ընտանիքակենտրոն: Դպրոցից առաջ՝ պատրաստվելու մեկ ժամը, դպրոցում անցկացրած վեց ժամը, դրանից հետո՝ լարումը թոթափելու մեկ-երկու ժամը և մեկ ժամ կամ ավելի՝ տնային աշխատանքը երեկոյան քիչ ժամանակ են թողնում ծնողներին ու երեխաներին հաղորդակցվելու և միասին ներգրավվելու դպրոցի հետ ուղիղ կապ չունեցող գործունեության մեջ: Մենք չենք կարծում, թե նման ռեժիմն ու կարգավորումը անհրաժեշտ են կրթական փաթեթի համար, ավելի շուտ արդյունք են քիչ ուսուցիչների միջոցով շատ մարդ կրթելու փորձերի:
Ստուգման և կարգապահության անհրաժեշտությունը գերազանցում է յուրաքանչյուր երեխայի պահանջները բացահայտելու և բավարարելու վրա թափվող ճիգ ու ջանքը:
Մենք սկսեցինք նման իրավիճակների մասին նյութեր կարդալ և հավաստիացանք, որ թե՛ նահանգային, թե՛ պետական դատական օրենքներում մեր երեխաներին տանը կրթելու որոշումը սահմանադրորեն պաշտպանված իրավունք է, և որ մեր գործողություններն ամբողջովին օրենքի սահմաններում են:
1923թ․ որոշման մեջ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հայտարարում է. «Համաձայն վերահսկողության իրավունքին, ծնողի բնական իրավունքն է իր երեխային տալ իր կյանքի իրավիճակին համապատասխան կրթություն»…
1925-ին Գերագույն դատարանը հաստատում է․ «…. Ազատության հիմնարար տեսությունը, որի վրա այս միության բոլոր կառավարությունները հիմնվում են, բացառում է պետության կողմից ընդհանուր ուժի կիրառում՝ ստանդարտիզացնելու երեխաներին՝ ստիպելով նրանց դասեր ստանալ միայն հանրային ուսուցիչներից:
Երեխան պետության ստեղծածը չէ․ նրանք, որ սնում են նրան և ղեկավարում նրա ճակատագիրը, իրավունքի հետ նաև բարձր պատասխանատվություն ունեն ճանաչելու և պատրաստելու նրան լրացուցիչ պարտավորությունների համար»:
1944թ. Գերագույն դատարանն ասում է․ «Մեզանում կարևոր է, որ երեխայի խնամքն ու սնուցումը դրված են նախ ծնողների ուսերին»: Այս որոշմամբ ընդունվում է նաև. «…Պետությունը չի կարող մտնել ընտանեկան կյանքի մասնավոր սեփականություն»:
1965-ին Գերագույն դատարանը հաստատում է նաև, որ «… երեխային կրթելու իրավունքը՝ ինչպես ծնողն է նախընտրում, կիրառելի են պետության կողմից, առաջին և տասնչորսերորդ փոփոխություններով»:
1972թ. Գերագույն դատարանը նկատում է․ «…. Արևմտյան քաղաքակրթության պատմությունն ու մշակույթն ձևավորել են երեխաների ծնողական խնամքի և սնման հզոր ավանդույթ: Ամեն ինչից վեր՝ երեխաներին մեծացնելու այս գլխավոր դերը հիմա սահմանված է իբրև հարատև ամերիկյան ավանդույթ»:
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի 1972թ․ մի որոշման մեջ կարդում ենք․ «….որքան էլ բարձր դասենք պետության հետաքրքրությունը համընդհանուր կրթության նկատմամբ, այն ամբողջապես ազատ չէ հավասարակշռման գարծընթացից, երբ խոչընդոտում է հիմնարար իրավունքներին և շահերին»:
Այս որոշման մեջ նաև ասվում է․ «…. Որքան էլ որ ուժեղ լինի պետության շահը համընդհանուր պարտադիր կրթության հարցում, այն ոչ մի կերպ բացարձակ չէ մյուս բոլոր շահերի բացառման կամ ենթակայության հարցում»:
Դատարաններն իրավիճակը այնպես են տեսնում, որ թե՛ ծնողները և թե՛ պետությունը երեխաների կրթության հարցում շահագրգիռ են, որ պետությունը պիտի աչալուրջ լինի ոստիկանական ուժի կիրառման մեջ, և որ դա ավելի շուտ կրթության նպատակն է, քան այն ձեռք բերելու միջոցը, որը շատ կարևոր է: Դրանք միայն իբրև ծնող մեր իրավունքները չեն, այլ նաև մեր երեխաների, որոնց մենք պարտավորված ենք զգում մեծացնել:
Այս պարագայում դուք՝ իբրև դպրոցների տեսուչ, դպրոցական կոմիտեն և մենք, իբրև մեր երեխաների ծնողներ, բոլորս էլ մտքում ունենք նույն նպատակը՝ այն է, որ մեր երեխաները կրթված լինեն: Հուսով ենք, որ այս նամակում պարզորոշ ներկայացրել ենք ձեզ, որ մեր երեխաները կրթվում են, որ իրենց կրթության ձևն իրենք են ընտրել այնպես, ինչպես մենք, որ Մասաչուսեթի Գերագույն դատարանը հարգում է այն, որ երեխաները պետք է կրթվեն «որևէ հատուկ ձևով», և որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ճանաչում է, որ «ծնողն ունի իրավունք որոշելու, թե ինչպես իր երեխան կրթվի»:
Մենք մանրամասն ներկայացրինք մեր համոզմունքների հիմքերը՝ հավատացնելու ձեզ, որ մեր գործողություններն ազնիվ են և օրենքի սահմաններում, և որ մեր երեխաներին կրթելու ծրագրերում մեզ հետ համործակցության մեջ դուք բավարարում եք պետության առաջադրած խնդիրներն ու շահերը:
Դատարան դիմելու ցանկություն չունենք․ դրանք առանց այդ էլ գերծանրաբեռնված են: Բայց մենք հավատում ենք, որ մեր իրավունքը կպահպանվի:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեր մտահոգության համար և մեկ անգամ ևս հավաստիացնում, որ գործում ենք հանուն մեր երեխաների բարօրության:
Վիսկոնսինից այս նորությունը ցույց է տալիս, որ երբեմն պետական մարմինները (ինչպես Վերմոնտում) թույլ են տալիս տանը սովորել:
Ծնողները թույլտվություն են ստանում իրենց երեխային կրթելու
Նոր Լիսբոնի դպրոցական խորհուրդը երկուշաբթի երեկոյան իր ժողովում Բարբարա Թոմփսոն դպրոցների պետական տեսուչի նամակից տեղեկանում է, որ գյուղում ապրող մի նորապսակ զույգի՝ տեր և տիկին Թոմ Սփայսրներին թույլ է տրվել տնային ուսումնական ծրագրով կրթել իրենց որդուն՝ ութամյա Ջեյքոբ Սփայսրին, և նա չի հաճախի դպրոց:
Տեսուչից ստացված նամակը պատմում էր խորհրդին, որ ցանկացած ընտանիք, որը նախընտրում է կրթել իր երեխային, Վիսկոնսինի կանոնադրության 118.15 (4) դրույթներով կարող է թույլտվություն ստանալ՝ ապահովելով Հանրային մեթոդական բաժնի հաստատած ուսումնական ծրագիրը:
Նման թույլտվություն տրվում է մեկամյա ժամկետով:
Նյու Ջերսիից մի մայր նկարագրում է այն համառությունը, որն անհրաժեշտ կլինի, որ դպրոցները համաձայնեն համագործակցել։
«Նախքան իմ ավագի պարտեզ գնալը (հիմա նա մոտավորապես ութ տարեկան է, այն ժամանակ 1976թ․ գարունն էր) ես որոշել էի հարցնել դպրոցի ղեկավարությանը, թե ինչ է ասում օրենքը պարտեզների կապակցությամբ, և ասել նրանց, որ չեմ պատրաստվում երեխայիս պարտեզ ուղարկել: (Որոշումը, որ դպրոց չեմ տանելու, կայացրել էի դեռ մինչև բալիկիս ծնունդը): Քանի որ պարտադիր հաճախումը Նյու Ջերսիում սկսվում է վեց տարեկանից, նրանք ոչինչ չէին կարող անել: Ես նաև գնացի գրադարան և ինքս ուսումնասիրեցի օրենքը:
Քանի որ նրանք ակնհայտորեն գիտեին մեր մասին, ես կապվեցի դպրոցի հետ 1977-ին՝ տեղյակ պահելու նրանց մեր որոշման մասին: Նրանք պատասխանեցին՝ առաջարկելով գալ տեղի տարրական դպրոց (փողոցն ի վար), որպեսզի տնօրենը խոսի ինձ հետ և ցույց տա, թե ինչպիսի հրաշալի դպրոց են իրենք առաջարկում: Օգտվելով առիթից՝ ես միանգամայն անկեղծ հայտնեցի մտահոգություններս՝ նշելով նաև, թե որքան դժվար կլինի դպրոցների համար ամեն օր հոգալ յուրաքանչյուր երեխայի կարիքները, և ցույց տվեցի իմ պատրաստակամությունը՝ սեփական երեխաներիս ինքնուրույն կրթելու:
Նաև հավելեցի, որ կուզեի դատարան դիմել իմ երեխաներին ինքս կրթելու իրավունքը շահելու համար՝ ցույց տալով, որ ողջ երկրով մեկ ճանաչում եմ մարդկանց, որոնք չափազանց հետաքրքրված կլինեն նմանօրինակ դեպքով: Այն ժամանակ սա պարզապես խորամանկություն էր (հիմա ես փաստաբան ունեմ և կարող եմ պայքարել դրա համար), սակայն դպրոցները վախենում էին հանրայնացումից: Իմ առարկություններից շատերը «պահպանողական էին», սակայն այն, ինչ ես գիտեի դպրոցների արածի մասին, և դա բարձրաձայնելու իմ ցանկությունը նրանց տհաճություն էր պատճառում:
Ես դեմ եմ, որ դպրոցները հանդես են գալիս իբրև սոցիալական փոփոխությունների գործակալներ, և ես ցույց էի տալիս սա: Պիտի ասեի, որ շատ զգացված եմ այս ամենից: Ես պարզորոշ ցույց տվեցի, որ եթե իրենք ինձ հանգիստ թողնեն, ես նույնը կանեմ իրենց հանդեպ: Այդ հանդիպումից հետո ես նրանց միանգամից տեղեկացրի, որ միտքս չեմ փոխել:
Մինչ այս (բացառությամբ այս հանդիպման և շնորհակալություն տնօրենին իր ժամանակն ինձ տրամադրելու համար) մեր կապը հեռախոսով էր: Հետո ես զանգեցի և հարցրի, թե ինչ կարող եմ անել օրենքի տառին համապատասխան: Պիտի նշեմ, որ չէի զանգահարի նորից, եթե օրենքը մեր կողմից չլիներ իբրև տանը կրթություն տվողների: Ես նաև ուսուցչի որոկավորում ունեի:
Երևի ամեն ինչ կանեի՝ ապահովելու համար սա անելու իրավունքը:
Տեղի պաշտոնյաները պահանջեցին մեր ծրագիրը: Մինչև այդ պահը մենք միայն գրանցել էինք երեխաներին (ես ունեմ մեկ տարով փոքր դուստր, ինչպես նաև մի երեք տարեկան տղա) Քալվերթի դպրոց՝ «գիտելիքի համար»: Մենք որոշեցինք որոշ ժամանակով շարունակել Քալվերթը, և ես նախագծեցի մի լավ մշակված ծրագիր, որը, իմ կարծիքով, կբավարարեր նրանց պահանջները:
Թեև ծրագիրը շատ մանրակրկիտ է. դրան ամբողջովին չենք հետևում: Ես ավելի կազմակերպված եմ, քան շատ տանը կրթվողներ, և մեծ կարևորություն եմ տալիս ուսուցմանը, սակայն դեմ եմ մեր կյանքն անիմաստ բարդացնելուն:
Մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր այն առարկաները, որ պիտի անցնենք, մանավանդ, երբ երեխաները որոշում են առաջ անցնել: Եվ ես համարում եմ, որ կան բաներ, որոնք երեխաները պիտի սովորեն մեծանալուն զուգընթաց, և օգնում եմ նրանց այդ հարցում: Ես խուսափում եմ նրանից, ինչ որ ակնհայտորեն տհաճ է կամ անիմաստ, քանի որ ինձ համար նույնքան տհաճ է երեխաների տառապանքը, որքան հենց իրենց՝ երեխաների համար: Այնուամենայնիվ, վերադառնանք մեր թեմային: Ծրագիրը ներկայացված էր մարտին, և հուլիսին, ինձ մի շարք զանգերից և հարցերից հետո, ստացանք նրանց պաշտոնական թույլտվությունը:
Այն օրից ի վեր չափազանց քիչ կապ կա իշխանությունների հետ, բացառությամբ ամեն տարի տեղյակ պահելուց, որ շարունակում ենք:
Իմ հրավերով նրանք եկել են մեր տուն:
Մենք սենյակ ունենք մեր ներքնահարկում, որ օգտագործում ենք իբրև «դասասենյակ»: Այնտեղ կա երեք գրասեղան, որ ձեռք եմ բերել դպրոցից, դուրս գրված, յուրաքանչյուրը երկու դոլարով, պիտանի ցանկացած այլ բանի համար, բայց ոչ դպրոցական աշխատանքի:
Պատերին նկարներ կան՝ մեծ մասամբ երեխաների հեղինակած, քարտեզներ, շատ նկարչական պարագաներ, գրքեր, ամսագրեր և այլ «դպրոցական» պիտույքներ կան այստեղ հավաքված: Երբ դպրոցի ներկայացուցիչները գալիս են, երեխաներն իրենց գործն են անում: Դա շա արդյունավետ է:
Մենք գտնում ենք, որ այս սենյակը մանկական է, ունի շատ նկարչական պարագաներ, որոնք օգտագործվում են իրենց զվարճության և ձեռքի աշխատանքի համար, որ անում են ինքնուրույն: Ես ողջունում եմ ամենը մեկ տեղում ունենալը:
Դպրոցական նստարաններից լավ սեղաններ են ստացվում, և շատ հարմար են պահեստավորման համար: Սա պետք է որ բացառիկ լինի մեր փոքրիկ քաղաքում, բայց դպրոցները հին գրասեղաններ ու աթոռներ են վաճառում՝ շատերը բարվոք վիճակում, նրանցից ազատվելու համար:
Ես պարզապես հավաքեցի դպրոցի համարը և հարցրի, թե արդյո՞ք վաճառում են: Նրանք ասացին, թե ում կարող եմ դիմել, և մենք չափազանց ուրախացանք այդ կապակցությամբ:
Իհարկե, քանի որ իմ երեխաները երբեք դպրոց չեն հաճախել, այս գրասեղանները նրանց չեն հիշեցնում դպրոցը։
Այս պահին մեր հարաբերությունները դպրոցական պաշտոնյաների հետ չափազանց լավ են…
Ես միշտ քաղաքավարի եմ եղել դպրոցական պաշտոնյաների հետ և հնարավորինս շնորհակալ եմ եղել նրանց իրենց արածի համար, թեև շատ դեպքերում ատում եմ նրանց արածը:
Գիտեմ, որ եթե կրթության տեղական տեսչությունը փաստորեն առանձնապես չի հետաքրքրվում, թե մենք ինչ ենք անում, և զուտ ձևական է հաստատում, դպրոցի անձնակազմն ատում է: Այնուամենայնիվ, ոչ ոք երբեք այս հակամարտությունը չի ցուցադրում․ նրանք իսկապես շատ բարեկամաբար են հարաբերվում մեզ հետ:
Մի անգամ մի հարևան բախտ էր ունեցել ճաշելու նրանցից մեկի հետ, և ապշած էր այն արտահայտություններից, որոնցով նա բնութագրել էր մեզ: Մանավանդ, գիտեր, որ մեր երեխաները շատ երջանիկ են, լավ հարմարվել են, և նրանց մոտ ամեն ինչ կարգին է»:
«Քեյփ քոդ թայմզ»-ից, հունիսի 22, 1979թ․
«Ակվարիում է դրված խոհանոցի սեղանին և շինարարական գունավոր քառակուսիներ են եզերում սառնարանի դուռը: Կրիաներով աման կա հյուրասենյակի սուրճի սեղանին, և բուխարու վրա՝ լորի վանդակ:
Սա Մահոնիների տունն է Սենթերվիլում, և այն նաև Իլեյն Մահոնիի դուստրերի՝ տասնմեկ տարեկան Քենդրայի և ինը տարեկան Քիմբրլիի դպրոցն է. դպրոց հաճախելու փոխարեն նրանք սովորում են մոր ղեկավարությամբ:
Գիտափորձի հեղինակը տիկին Մահոնին էր՝ երեսունմեկ տարեկան. դա սկսվել է նախորդ սեպտեմբերին՝ մի քանի ամիս հետազոտության և ուսումնասիրությունից հետո:
«Ես կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է իմ երեխաների համար»,- ասում է տիկին Մահոնին: «Սովորելու այնքան տարբեր ձևեր կան, և դա չպետք է սահմանափակվի դպրոցի չորս պատերով, շաբաթը հինգ օր, ինը ամիս: Կրթությունն այնպիսի բան է, որը դու ինքդ պիտի անես, ոչ թե անեն քեզ հետ»:
Բարնսթեբլի դպրոցների՝ տիկին Մահոնիի քննադատությունը տնօրինությանը կամ ուսուցչական անձնակազմին ուղղված հարձակում չէ: «Բարնսթեբլի համակարգն ամենամոտն է այն դպրոցներին, որ կուզեի՝ իմ երեխաները հաճախեն»,- ասում է նա: «Դպրոցական կոմիտեն և անձնակազմը շատ ըմբռնող եղան իմ երեխաների կարիքների և իմ գաղափարների հանդեպ: Սակայն ես փնտրում եմ իմ երեխաներին կրթելու մի հատուկ ուղի՝ հաստատելով նրանց անկախությունը, բավարարելով նրանց անհատական կարիքները՝ փորձառությամբ սովորեցնելով նրանց և համապատասխանաբար կատարելով նրանց աշխատանքը:
Դպրոցը փորձում է զուգորդել ուսուցումն ու անհատական առաջխաղացումը, սակայն սա անհնար է քսան աշակերտից բաղկացած դասարանում, որտեղ բոլոր պահանջներն ուղղված են մեկ ուսուցչին…»:
Այդ իսկ պատճառով տիկին Մահոնին, որն ամուսնալուծված է, դիմել է Ուլիամ Գեյքին՝ Բարնսթեբլ դպրոցի տեսուչի օգնականին, անցյալ գարուն:
«Տիկին Մահոնին եկավ ինձ մոտ ոչ իբրև դպրոցական համակարգի վրա բարկացած ծնող, այլ տարբեր փիլիսոփայական մոտեցմամբ, հիմնված ոչ միայն իր անձնական կարծիքի, այլև բարենպաստ հանձնարարականի վրա»,- ասում է Գեյքը:
Նրա տեղեկությամբ տիկին Մահոնին միակ ծնողն է Քեյփում, որն առաջարկել է և իրագործել տնային կրթության ծրագիրը:
«Դպրոցի պարտականությունն է գործել՝ ելնելով երեխայի շահերից»,- ասում է Գեյքը: «Այս տեսանկյունից տիկին Մահոնիի ծրագիրը հաջող է թվում, և երեխաների հետ կապված իր նախորդ կրթական փորձառության քննադատությունը հիմք ունի»:
Թեև երեխաների հետ անհատապես դպրոցի պաշտոնյաները չեն զրուցել մինչև ծրագրի հաստատումը, Գեյքն ասաց, որ իրենք վստահ են, որ տիկին Մահոնին բոլորից լավ գիտե, թե իր երեխաներին ինչ է պետք:
«Մենք միայն կարող ենք ուղղորդել նրանց ուսումնառությունը և գործել հանուն բարօրության»:
Գեյքն ու տիկին Մահոնին այնուհետև ներկայացրին նրա առաջարկը դպրոցի հինգ հոգիանոց կոմիտեին, որի տրամադրվածությունը սկզբում խառնված էր:
«Ես առանձնապես հակված չէի ծրագրին նախքան Իլեյնին հանդիպելը,- ասաց կոմիտեի նախագահը:- Նա տպավորեց ինձ իբրև լրջմիտ, բարեխիղճ կին, որն իզորու է այս ժամանակը տրամադրել իր երեխաներին: Դա լուրջ պատասխանատվություն է, և մենք կարծում ենք նա կարող է դուրս գալ դրա տակից»:
Կոմիտեին ամենաշատը անհանգստացնողը միայն կրթության որակը չէր, որ երեխաները պիտի ստանային տանը, այլև սոցիալական այն վնասը, որ նրանք պիտի կրեին իրենց հասակակիցների հետ դպրոց չհաճախելու պարագայում:
«Երեխաները պիտի ապրեն մեծ խմբով և հաղորդակցվեն: Այս տեսանկյունից՝ մենք չէինք ուզում տեսնել, թե ինչպես է տնային կրթության ծրագիրը վնասում երեխաներին»,- ասաց նախագահը:
Այնուամենայնիվ, տիկին Մահոնիի և Բարնսթեբլի դպրոցների միջև գրավոր պայմանագրով տնային կրթության մի ճկուն ծրագիր համաձայնեցվեց, որը և նորոգվում է ամեն տարի:
Որպես ակադեմիական ուղեցույցներ՝ տիկին Մահոնին պիտի հենվի որակավորված ուսուցչի խորհուրդներին: Տնային ուսուցման ծրագրի համար տիկին Մահոնին օգտվում է նաև Քալվերթի դպրոցի ուղեցույց-գրքույկներից, որպես բազային ուսուցման առանցք:
Նա ասում է, որ երեխաներն օրական ամենաքիչը երեք ժամ զբաղվում են ընթերցանությամբ, գրելով ու թվաբանությամբ:
«Քանի որ ես ունեմ միայն ավագ դպրոցի կրթություն, ես սովորում եմ իմ դուստրերի հետ,- ասում է նա:- Եթե անվստահ եմ զգում որևէ առարկայի հարցում, դիմում եմ կողմնակի ռեսուրսների, հատկապես համայնքային»:
Երբ դուստրերը հետաքրքրություն ցուցաբերեցին էլեկտրոնիկայի հանդեպ, տիկին Մահոնին տարավ նրանց ձայնագրման ստուդիա: Դպրոցական կոմիտեն Մահոնիի երեխաներին հնարավորություն է տվել հաճախելու Քեյփի դպրոցների հատուկ ծրագրերին՝ համալրելու համար իրենց կրթությունը և շփվելու իրենց հասակակիցների հետ:
Անցյալ տարի Քենդրան և Քիմը հաճախում էին արևային էներգիայի, փայտի փորագրության, մեղվապահության, ջազի և դեկորատիվ կիրառական արվեստի դպրոցական խմբակներին:
Երկուսն էլ 4H ակումբի անդամ են, և Քիմը ներկայումս միակ աղջիկն է կրտսեր լիգայի բասկետբոլի թիմում:
«Կարծում եմ՝ աղջիկիները շփվում են իրենց տարիքի երեխաների հետ, որքան հնարավոր է,- ասում է նրանց մայրը:- Երևի նույնիսկ ավելի, որովհետև հանդիպել են շատ նոր մարդկանց՝ սկսած դասարանցիներից, վերջացրած համայնքի անդամներով, որ իրենց դռներն են բացել մեր առջև»:
«Իլեյնն ավելի շատ ռեսուրսներ է գտել ինն ամսում իր դուստրերին սովորեցնելու համար, քան ուսուցիչները՝ չորս տարում,- ասում է հատուկ կրթության մի ուսուցիչ:- Ես հիացած եմ այն ամենով, ինչ նա մտածում է: Երբ երեխաները որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, նա անմիջապես կառչում է դրանից՝ լինի ծովային կյանք ծովափում, թե ֆիզիկական վարժություններ: Նրանք գնում են, անում, տեսնում այն, ինչ հանրակրթական դպրոցները չեն կարող անել՝ ունենալով ժամային խիստ սահմանափակում»:
Երբ դպրոցական կոմիտեն տեղեկացավ Մահոնիների առաջընթացի մասին, միահամուռ գնահատեց նրանց ձեռքբերումները:
Կոմիտեն հատկապես տպավորվել էր ալբոմից, որում աղջիկները պատկերել էին տարվա ընթացքում կատարած գործունեությունը: Թեև աղջիկները չէին գնահատվել, պիտի հանձնեին Այովայի հիմնական հմտությունների թեստերը:
«Ուսուցումն արվում է օրվա մեջ ամեն ժամ,- ասում է տիկին Մահոնին,- ինչպե՞ս դուք կարող եք դասակարգել կամ թեստավորել այդ կուտակած գիտելիքը»: Նա մատնանշում է, որ համայնքում ծնողների տրամադրվածությունը տարբեր է: «Ոմանք համաձայն էին, ոմանք էլ՝ բարկացած կամ վախեցած, քանի որ կրթելու իմ տարբերակը սպառնում էր արդեն իսկ սահմանված հաստատությանը»:
Քիմը նկատեց, որ իր ընկերներն իրեն «բախտավոր բադ» անվանեցին, երբ իմացան, որ ողջ տարին մնում է տանը՝ սովորելու: «Երբ իմացան, թե ինչ ենք անում ենք, ուր ենք գնում, իրենք էլ ցանկացան անել ու գնալ»:
Իսկ ապագա՞ն:
Տիկին Մահոնին ծրագրում է շարունակել ուսուցումը նաև մյուս տարի: Իրականում աղջիկները «դպրոցում» կլինեն այս ամառ՝ ավելի թեթև գրաֆիկով, այնպես որ կարիք չեն ունենա կրկնություն անելու աշնանը: «Կուզեի՝ սա անել որքան հնարավոր է երկար»:
Սակայն մյուս տարի Քենդրան լինելու է ավագ դպրոցի կրտսեր սովորող, այնպես որ նրանց որոշումը պայմանավորված կլինի միանգամայն այլ հանգամանքների փնջով: «Հնարավոր է, որ ես ցանկանամ դպրոց վերադառնալ,- ասում է Քենդրան, թեև ավելացնում է, որ տեսնում է ընկերներին ողջ ժամանակ: «Դա կլինի իմ ընտրությունը»:
Մինչ այժմ ոչ մի ուրիշ ծնող Բարնսթեբլի դպրոցում չի դիմել տնօրինությանը՝ այլընտրանքային ուսումնական ծրագրով: «Մենք դա համարում ենք ծանրակշիռ նախադրյալ, թեև հետևյալն արտահերթ որոշում չէ,- ասում է Գեյքը:- Սակայն մենք գոհ ենք Մահոնիների ընտանիքից»:
Տիկին Մահոնին էլ միայն գովասանքի խոսքեր ունի դպրոցական կոմիտեի հասցեին: «Ես հարգում եմ նրանց, քանի որ հոգատար են: Այդպես ամեն ինչ հնարավոր է դառնում: Կուզեի, որ ավելի շատ ծնողներ ու երեխաներ փորձեին այս համակարգը և կքաջալերեի մյուս ծնողներին, եթե գան ինձ հարցնեն»:
Շարունակությունը
Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան