Տնային առաջադրանքներ հանձնարարելու խնդրի մասին, ինչպես ցույց տվեց նաև մեր օտար լեզուների ուսկենտրոնի արած ուսումնասիրությունը, տարաձայնություններ, ամենատարբեր մոտեցումներ, երբեմն իրար ծայրահեղորեն հակասող կարծիքներ՝ ինչքան ասես: Կարծում եմ, բոլոր այսպիսի մանկավարժական բանավեճերի հիմքում ընկած է կողմերի դավանած մանկավարժությունը: Ի՞նչ է տնային առաջադրանքը, ի՞նչ ակնկալիք ունենք մենք՝ որպես դասավանդող, ծնողը՝ որպես պատվիրատու, սովորողը՝ որպես այդ գործընթացի ամենակարևոր միավոր: Ցավոք, սովորաբար մանկավարժական բանավեճերից դուրս է մնում հատկապես սովորողը, չնայած այն պարզ ճշմարտությանը, որ մանկավարժական բոլոր խնդիրներն էլ ի վերջո ուղղված են սովորողին:
Գովազդ եթերում: Արթենի Ջանիկյան
«Ես կարծում եմ, որ Ավագ դպրոցի սովորողը իրավունք ունի որոշում կայացնելու՝ կատարե՞լ տնային աշխատանք, թե՞ ոչ: Դպրոցում կան երեխաներ, որոնք զբաղվում են ինքնակրթությամբ, և նրանք կարիք չունեն կատարելու տնային աշխատանք»: Էլեն Կարապետյան, 10-րդ դասարան
«…Չափից շատ հանձնարարվող տնային աշխատանքը մեզնից շատ ժամանակ է խլում, և մենք չենք կարողանում զբաղվել մեր նախասիրությամբ, լրացուցիչ որևէ նյութ կամ գիրք կարդալ: Ազատ ժամանակ համարյա շատ քիչ ենք ունենում, չենք կարողանում ճիշտ ու հստակ օգտագործել մեզ հասանելի ժամանակը մեր անձնական զբաղմունքների համար»: Ռիմա Սիմոնյան, 10-րդ դասարան
Եվ սա մեր կրթահամալիրում, որտեղ գործող ուսումնական պլանում նշված է, որ կրթահամալիրի սովորողը կարող է ընտրել տնային հանձնարարությունների ծավալը, և որ այն համարվում է լրացուցիչ կրթություն: Մեզ մոտ էլ են դասավանդողները դժվար համակերպվում սովորողի տնային աշխատանքի ծավալ ընտրելու իրավունքի հետ:
Ես ուսպլանով ամրագրված այս կետը համարել և համարում եմ մեր մանկավարժական ձեռքբերումը և սիրով եմ տալիս սովորողին այդ հնարավորությունը: Անցած տարիներին նշում էի ինձ մոտ, թե սովորողներից ով է ընտրել տնային առաջադրանքներ՝ որպես լրացուցիչ կրթություն: Որից հետո հետևողականորեն տնային հանձնարություն ընտրած սովորողից պահանջում էի այդ աշխատանքը: Բայց լինում էր այն, ինչ լինում է սովորաբար. անողն անում էր, չանողն էլ չէր անում: Ի՞նչ էր տալիս այդ լարումն ինձ կամ սովորողին, երևի թե ոչինչ: Հատկապես, որ գիտեմ՝ Միջին դպրոցում տնային առաջադրանքների ծավալը հիմնականում ծնողն է ընտրում: Իսկ դրանց կատարման-չկատարման համար պատասխան է տալիս սովորողը: Դա ինձ անարդարացի և ոչ տրամաբանական թվաց: Եվ ես դադարեցի նախատել սովորողին տնային աշխատանքը չկատարելու համար: Ընդհանրապես, հիմա ես ավելի շատ աշխատում եմ խրախուսման, ոգևորման մեթոդով, քան նախատման և պատժի: Եվ ասեմ, որ այդ մեթոդը անհամեմատ ավելի լավ է գործում, քան նախորդը: Համենայն դեպս`լարումը դուրս է գալիս, որն այնքան խանգարում է ուսումնական գործընթացում, իսկ տանը աշխատողների թիվը ավելի քիչ չի լինում, քան նախորդ մեթոդի դեպքում էր:
Ընտանեկան նախագիծ: Շուշան և Արփի Փաշինյաններ
Կան սովորողներ, որ սիրում են գործնական քերականության առաջադրանքներն անել: Ինչո՞ւ ոչ: Չնայած հետաքրքիր դիտարկում անեմ`այդ սովորողների թիվը քիչ է, կարելի ասել`եզակի սովորողներ են երբեմն-երբեմն ընտրում այդ աշխատանքը: Երևի թե ստեղծական-նախագծային գործունեությունը առավել գրավիչ է սովորողների համար: Ինչևէ, կարևոր է, որ պահպանվում է նաև այսպիսի աշխատանք նախընտրող սովորողի ընտրության իրավունքը: Արդյունքում՝ սովորողը տանը կատարում է իրեն առավել հոգեհարազատ, իր նախասիրությամբ աշխատանք: Եվ փորձն էլ ցույց է տալիս, որ շաբաթվա ընթացքում սովորողը հաճախ փոխում է իր ընտրած լեզվական աշխատանքը՝ մի նախագծից անցնելով մյուս նախագծի կատարմանը: Բերեմ մի օրինակ: Արթենի Ջանիկյան, 6-րդ դասարան: Սրանք Արթենի Ջանիկյանի լրացուցիչ կրթության նախագծերն են`տնային աշխատանքները.
- աշնանային օրագիր—Մեկ աշնանային օրվա պատմություն
- առաջարկում եմ կարդալ—Գովազդում եմ այն գիրքը, որը ընթերցում եմ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում—-Իմ տեսանյութը, ընթերցում ենք Եղիշե Չարենց, մեր նոր ռադիոյի բացումը (Մենք և մենք), մեր տատիկի պատրաստած ընկույզի քաղցր սուջուխը, աշնան տրամադրություն
- ռադիոթատրոն-—-Ռադիոթատրոն մայրիկիս հետ
- գրաբարյան ընթերցումներ——Ընթերցում եմ գրաբար, ընթերցում և փոխադրում եմ գրաբար Ալիյնայի հետ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ—Ընթերցում եմ Եղիշե Չարենց, ընթերցում եմ Եղիշե Չարենց, Ընթերցանություն եղբորս հետ
- հարցազրույցներ—Հարցազրույց եմ վերցնում Շուշանից
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ-Մենախոսություն ճամփորդության շուրջ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով—Իմ շարադրությունները, իմ շարադրությունները, իմ շարադրությունները
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/—Թարգմանել եմ առակ
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)—-Ընթերցում եմ բանաստեղծությունը և վերլուծում մայրիկիս հետ
Այսպիսի լրացուցիչ կրթության նախագծի արդյունք են 10-րդ դասարանցիների «Թարգմանություններ» ամսագիրը, , «Մանրէ» պատանեկան ամսագիրը, 6-րդ դասարանցիների «Թարգմանում ենք» ամսագիրը, «Չաչանակ» մեդիաբլոգի շատ նյութեր, «Լուսատիտիկ» ամսագիրը, «Կարդացեք և լսեք մեզ»:
Լրացուցիչ կրթության նախագծային այսպիսի մեթոդը լիովին արդարացված է: Սովորողները սիրով են զբաղվում իրենց նախասիրած լեզվական գործունեությամբ: Դասարանում կատարում են հիմնականում խմբային նախագծային աշխատանք, իսկ տանը հնարավորություն ունեն անելու անհատական, նաև ընտանեկան նախագծեր:
Եվ այսպիսի ուսումնական աշխատանքը հետաքրքրքիր է և իրենց համար, և ինձ համար:
Ընտանեկան նախագիծ: Կարինեի հարցազրույցը իր եղբոր հետ: