Մինչ իմ՝ ուսուցչի օրագիրը ներկայացնելը, որոշեցի «Գուգլ» որոնողական համակարգում փնտրել ուսուցչի օրագրի նմուշներ: Եվ, իհարկե, համակարգն առաջարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների բլոգային օրագրերի մի մեծ ցանկ: Բացի ուսուցչի աշխատանքային օրագրի մեկ օրինակից, որը վաճառում էր կայքերից մեկը, այլ օրինակներ, տարբերակներ համակարգը չբերեց: Վիքիպեդիան առաջարկեց օրագրի հետևյալ ձևակերպումը՝ «Օրագիրը որևէ անձի կողմից հետևողականորեն կատարված, խիստ անձնական կամ գեղարվեստական բնույթ կրող գրառումների ամբողջությունն է»։ Օրագիրն իր ժամանակակից բովանդակությունը և իմաստը սկսել է ստանալ դեռևս Վերածննդի դարաշրջանից, երբ գեղագիտության մեջ առաջնային դիրք են սկսում մղվել մարդ անհատի անձնական ապրումները և փորձառությունը։ Հայերենի բացատրական բառարանն առաջարկում է օրագրի հետևյալ բացատրությունը` օրը օրի գրվող հիշատակարան, օրատետր, լրագիր, գիրք-մատյան և այլն:
Օրագիրը՝ որպես մանկավարժական, մեթոդական գործիք, իր բովանդակությամբ, կիրառելիությամբ, օգտակարությամբ, արդյունավետությամբ, փորձի փոխանցելիությամբ ուսուցչի մասնագիտական գործընթացում, կարծում եմ, կարևոր է:
Այս հոդվածում ներկայացնելու եմ վերջին երկու տարիների մանկավարժական հրապարակային (բլոգային) օրագիրս: Բայց ուսուցչի օրագիր ես գրեթե միշտ ունեցել եմ: Հիշում եմ, երբ դեռ ուսանող էի, իմ ուսուցիչ տիար Գևորգը՝ Գևորգ Հակոբյանը, ապագա ուսուցիչներիս կարևոր խորհուրդ տվեց, որ միշտ օրագիր պահենք, որը մեզ շատ կօգնի: Ես հետևեցի այդ խորհրդին ու մասնագիտական գործունեության առաջին օրերից սկսեցի օրագիր պահել: Սկզբնական շրջանում այնտեղ գրառում էի օրվա անելիքներս, խոսքս, սովորողների մտքերը, նաև երբեմն-երբեմն նշում էի այն կետերն ու հարցերը, որոնց անդրադառանալու կարիքը տեսնում էի: Սկզբնական շրջանի իմ օրագրերում առկա էր գործունեության պլանավորումը, գործունեության ընթացիկ դրվագներ ու դրանց համառոտ անդրադարձներ: Հետագայում՝ էլեկտրոնային փոստի ներմուծմամբ, կրթահամալիրում սկսեցինք կիրառել էլեկտրոնային օրացույց բաղադրիչը, որտեղ ուսուցիչը հնարավոր մանրամասնություններով ներկայացնում էր օրվա արդեն կատարած աշխատանքները՝ հղում անելով հաջորդ օրվան: Դրանք հասանելի էին որոշակի խմբի՝ դասարանի սովորողներին, ծնողներին:
2016 թվականից, իմ նախաձեռնությամբ, սկսեցի վարել ուսուցչի օրագիրը: Իմ բլոգում առանձնացրեցի բաժին, որտեղ հրապարակված են օրվա մանրամասնություններ, վերլուծություններ, մեթոդական անդրադարձներ, նախագծային ընթացիկ ու ամփոփող պատումներ, սովորողներից մեջբերումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ձայնագրություններ: Օրվա պատումներից կառանձնացնեի մի քանիսը, որոնք հավանում եմ՝
- Ամեն մեկը մի արև ու օրը՝ արևի լույսով լեցուն…
- Օրը՝ որպես ճամփա անցանք մեծի-փոքրի խինդով…
- Ծուղրուղո՜ւ, օրը բացվեց լույսով, գույնով…
- Կա գույնն ու ծիծաղը, որ ցրվի տխրությունը…
- Անհաղթ, ծիծաղելի ու բարի, ինչպես հեքիաթում…
- Վաչեի ծննդյան տոնը…
- Այլընտրանքային այբբենարաններ
- Դավթի ծննդյան տոնը, անհատական ցուցահանդեսն ու նվերները
- Լիմերիքներ կամ ծիծաղելու պատմություններ
- Ճամբարային պատկերագրեր
Օրվա պատումներն, առաջին հերթին, ուղղված էին դասարանի ծնողներին, նաև այն մարդկանց, ում հետաքրքիր է ուսուցչի մասնագիտական գործունեությունը:
Բացի օրվա պատումներից, բլոգում հրապարակում էի ամենօրյա անելիքներն իրենց ընդհանուր ամփոփմամբ, ինչպես նաև հաջորդ օրվա անելիքները:
Հրապարակային օրագիր վարելն այդքան էլ հեշտ չէ, այն քեզանից պահանջում է մի շարք մասնագիտական ու անձնային որակներ: Օրագրավար (բլոգավար) ուսուցիչը պետք է՝
- տիրապետի իր մասնագիտությանը, ունենա անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ.
- լինի իր մանկավարժության կրողն ու տարածողը.
- պատրաստ լինի իր փորձը փոխանցելու, կիսելու այլոց հետ.
- չվախենա հանրային կարծիքից, քննադատությունից.
- կարողանա առողջ ու կառուցողական քննարկումների միջոցով բարելավել իր աշխատանքային, մասնագիտական գործունեությունը.
- լինի նրբանկատ, իմանա ու պահպանի երեխաների իրավունքները:
Ուսուցչի օրագիր վարելու համար պետք է պատրաստ լինես, այսինքն՝ ոգևորված, քանի որ այն քեզանից պահանջելու է ժամանակ, հետևողականություն, պատրաստակամություն: Պատմելով օրվա մասին, իհարկե, ընթերցողիդ ես փոխանցում օրվա էականը, տպավորիչը, կարևորը, շրջանցում, բաց ես թողնում ոչ եթերային դրվագները, որոնք որևէ կերպ կարող էին խախտել երեխայի իրավունքները: Օրվա պատումներն առանձնահատուկ են դարձնում ֆոտոշարերը, տեսագրություններն ու ձայնագրությունները: Իմ օրագրային պատումները առանձնանում են ուսումնական գործի կազմակերպման նկարագրություններով:
Նոր՝ 2017-2018 ուստարում, նույնպես շարունակեցի վարել օրագիրս, բայց այս տարի պատումներիս բովանդակությունը փոխվել է, դրանք օրվա պատումներ չեն, այլ գործունեության, նախագծերի ամփոփումներ են: Այս շրջանում կարևորում եմ որևէ թեմայի, երևույթի, իրավիճակի շուրջ արածս դիտարկումների ներկայացում-վերլուծությունը, կարծիքի, եզրակացության փոխանցումը: Այս շրջանի օրագրային պատումներից կառանձնացնեի՝
- Երկրորդ դասարանցի բլոգավարները
- Խմբային աշխատանքների կազմակերպումը նախագծային ուսուցման ժամանակ
- «Բզեզ» ռադիո. անդրադարձ
- «Կոմիտասյան օրեր». ամփոփում
Օրագրավարության (բլոգավարության) շրջանում ստեղծվել է մեթոդական նկարագրությունների, ուսումնական գործի կազմակերպման հնարների պահուստ, իրեն համապատասխան բովանդակությամբ, որն իր հրապարակային լինելու շնորհիվ հասանելի է բոլորին ու հանդիսանում է յուրօրինակ վիրտուալ մենթոր-ուսուցիչ մանկավարժությամբ զբաղվողների համար:
Ուսուցչի օրագիրը կենդանի պատումների շարք է, որով փոխանցում եմ իմ մանկավարժությունը:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան