Ուսուցանելու իմ կերպը, մոտեցումները տարիների ընթացքում հիմնովին են փոխվել: Ուսուցչական գործունեության երկար ճանապարհի ընթացքում, կարող եմ խոստովանել, որ հեշտ չի եղել իմ լիդեր-ուսուցչի գլխավոր դերից անցում կատարելը դեպի ուսուցիչ-կազմակերպիչը: Կենտրոնում լինելու գայթակղությունը մեծ է։ Մի քիչ արտիստիկ, սեփական հեղինակության ուժով, սեփական դերի ու նշանակության մասին բարձր կարծիքով… ուսուցչի համար երևի թե հեշտ չէ երկրորդ պլան մղվելը, ետնաբեմում աշխատելը, գլխավոր դերակատարից սպասարկող անձնակազմի շարքում իրեն դիտելը: Հեշտ չէ ընդունելը, որ դու միակ սովորեցնողը չես. սովորող-սովորեցնող երկանդամի մեջ առջևից գնացողը դու չես:
Դու գնում ես առջևից, իսկ ետևիցդ ով հասավ՝ հասա՞վ… Այստեղից չէ՞ ետ մնացողների բանակը… Մանկավարժական հայտնի արտահայտություն է՝ ետ մնացող սովորողներ… Ինչի՞ց կամ ումի՞ց են ետ մնացել… Վազքի մրցո՞ւմ է, ո՞ւմ հետ են մրցում…
Ինչո՞ւ և ինչպե՞ս է ուսուցիչը միակ սովորեցնողը: Այս համացանցի դարաշրջանում, այս ինֆորմացիոն հսկայական դաշտի մեջ, ուսուցողական զարգացող միջավայրում ուսուցիչը՝ միակ սովորեցնո՞ղ…
Եթե դու, որպես մանկավարժ, կրթական միջավայր չես ստեղծում, սովորողին հնարավորություն չես տալիս ինքնակրթության, նրան հավես չես փոխանցում արտահայտվելու, ընկերոջը իր իմացածը փոխանցելու, հավես՝ փնտրելու, գտնելու, ուսումնասիրելու, հետազոտելու, և հենց էս ամենի առկայությունից, որպես ուսուցիչ, գոհունակության զգացում չունես, էլ ո՞րն է քո գործը, ո՞րն է քո տվածը, ի՞նչ ես դու փոխանցում քո սովորողին: Ինքնահաստատվո՞ւմ ես. ո՞ւմ հաշվին, ինքնարտահայտման համար լսարա՞ն ես գտել: Բա սովորողն ու նրա՞ ինքնադրսևորման իրավունքը… Եթե սովորողն իր գործունեությամբ կենտրոնում չէ, եթե չի նախաձեռնում, պլանավորում, իրագործում, համագործակցում, ինչպե՞ս են գործունեություն իրականացնեու համար կարևոր հմտություններ ձևավորվում: Նախագծային ուսուցումը նախևառաջ սովորողին գործունեության մղելն է, այդ գործունեությունը պլանավորելն ու կազմակերպելը, դրա ընթացքում կարևոր հմտություններ ձեռք բերելը: Սրանով է այդպիսի ուսուցումը ինձ համար գրավիչ, ընդունելի-սիրելի: Դիտեք տեսանյութը: 10-րդ դասարանում գործում է սովորող-սովորեցնող նախագիծը:
Արփին ընկերներին է փոխանցում թատրոնի ընտրությամբ խմբում իր ստացածը․