2017 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդող: Դասավանդում եմ միջին և ավագ դպրոցներում՝ աշխատելով 6-8-րդ դասարանների (միջին դպրոցում) և 9-11-րդ դասարանների (ավագ դպրոցում) սովորողների հետ:

Պետք է խոստովանեմ, որ չնայած 2005 թվականի հունվարից զբաղվում եմ մանկավարժական գործունեությամբ և ունեմ բավականին փորձ մանկավարժության բնագավառում, սակայն կրթահամալիրում կարծես «սկսնակ» ուսուցիչ լինեմ: Այս դեպքում «սկսնակ» լինել ամենևին էլ չի նշանակում, թե նոր եմ մտնում դպրոց, դասարան կամ նոր եմ մանկավարժության մեջ, այլ սկսնակ եմ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի և նախագծային ուսուցման իրականացման գործընթացում:

Հանրակրթական դպրոցում տասներկու տարի աշխատելուց հետո հայտնվելով նման բաց, ազատ, ոչ ստանդարտ, թափանցիկ, անկաշկանդ ու բոլոր առումներով անմիջական ուսումնական հաստատությունում՝ այնքան էլ հեշտ չէ շուտ ներառվել և ընդունել նոր միջավայրի պահանջները, դրա համար ժամանակ ու ջանք է պահանջվում… Բայց ասեմ ձեզ, որ ես, իմ կարծիքով, սպասվածից ավելի շուտ ներառվեցի կրթահամալիրի կյանքում, հեշտությամբ հարմարվեցի նոր միջավայրին… սահուն ստացվեց իմ շփումն ու աշխատանքը սովորողների հետ, դասարան մտա ավելի վստահ, քան պատկերացնում էի: Հեշտությամբ սկսեցի համագործակցել նաև գործընկերներիս հետ, ովքեր տարբեր հարցերով այս ընթացքում աջակցում էին ինձ:

Կրթահամալիրն ինձ համար նոր միջավայր է, հետևաբար նոր միջավայրը պահանջում է նոր անելիքներ: Ես այս չորս ամիսների ընթացքում հանդիպեցի բազմաթիվ և տարաբնույթ նորությունների… առավոտյան ընդհանուր պարապմունք, հեղինակային կրթական ծրագիր, նախագծային ուսուցում, ճամփորդությամբ ուսուցում, մանկավարժական ամենշաբաթյա հավաք-սեմինար, մեդիաուրբաթ և սեբաստացիական մի շարք ավանդույթներ ու նորմեր:

Արդեն ավարտին է մոտենում 2017-2018 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը, և կուզեմ նաև ամփոփել այս չորս ամիսների ընթացքում իմ կատարած աշխատանքները կրթահամալիրում:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ երկու ուսումնական ճամփորդության դեպի ՍյունիքԿոռնիձոր՝ Վահրամ Թոքմաջյանի, Աշոտ Տիգրանյանի ու կրթահամալիրի մի խումբ սովորողների հետ. սա ինձ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչ ասել է՝ «ճամփորդությամբ ուսուցում», ճանաչել և բացահայտել սովորողներին բոլոր կողմերով… Ինչ խոսք՝ իրենք էլ հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու ինձ՝ որպես նոր դասավանդողի:

Ոչ միայն ինձ համար, այլև կրթահամալիրի յուրաքանչյուր անդամի համար առաջինն էր մասնակցությունը Միջազգային ազգագրական-հնագիտական բաց հավաք-ճամբարին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում… այն ինձ համար ևս մի հնարավորություն էր՝ ներառվելու կրթահամալիրի այս անգամ՝ ճամբարային կանքում:

Հոկտեմբերի 26-28-ը, ի պատասխան մեր այցելության, կրթահամալիրում հյուրընկալեցինք կոռնիձորցիներին՝ իմ հայրենակիցներին, որոնց ընդունման պատասխանատուներից մեկն էլ ես էի: Նրանք կրթահամալիրում անցկացրեցին երեք հագեցած ու հետաքրքիր օր և գոհունակությամբ վերադարձան Կոռնիձոր՝ հույս ունենալով, որ հետագայում կշարունակվի մեր փոխադարձ կապը և համագործակցությունը: Փոխադարձ այցելությունները կրթական փոխանակումների լայն հնարավորություն են ստեղծում մասնակիցների համար, այս դեպքում՝ կոռնիձորցիների համար: Կոռնիձորի դպրոցականներն ու ուսուցիչները ծանոթացան կրթահամալիրի կյանքին, կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցմանը, մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապմունքին, մարզական մի շարք պարապմունքների, լողի, պարերգերի ուսուցմանը, մի խոսքով՝ երեք օր ապրեցին կրթահամալիրային կյանքով: Եվ այս ամենը կոռնիձորցիներին հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր ընկերներ, նոր ծանոթություններ, հաստատելու հետաքրքիր և շարունակական կապեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ:

Ինձ համար հերթական նորությունը կրթահամալիրում մանկավարժական աշնանային ճամբարն էր՝ որպես նախագծային ուսուցման ստուգատեսի շաբաթ: Այդ շաբաթվա ընթացքում «Ազատագրական պայքարի գործիչներ» նախագծային թեմայի շրջանակում հայրենագիտության սրահում կազմակերպեցի «Դավիթ Բեկ» ֆիլմի դիտում և քննարկում-վերլուծություն՝ 11-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ, որն, ըստ սովորողների վերլուծության, բավականին ուսանելի էր: Հաջորդ նախագիծը նախագծային շաբաթվա ընթացքում «Ակտիվ քաղաքացի» նախագծի առաջին փուլի արդյունքների ամփոփումն էր կլոր սեղան-քննարկման միջոցով, որի ընթացքում միջին դպրոցի սովորողները ներկայացրեցին իրենց բնակավայրերում բացահայտած հիմնախնդիրների ուսումնասիրությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի անելիքները:

Շաբաթն ամփոփեցինք կրթահամալիրի տոնով, որն ինձ համար հետաքրքիր նորություն էր, տոնական միջոցառումների շարք, որոնք կրկին անգամ ինձ օգնեցին սիրել և ընդունել կրթահամալիրը, որտեղ աշխատելն ինձ համար արդեն իսկ դարձել է հաճելի և ցանկալի:

Որպես դեկտեմբերյան նախագիծ՝ հերթական ճամփորդությունն արդեն կազմակերպեցի ես, իսկ դա նշանակում է, որ արդեն կրթահամալիրը դարձել է իմը, արդեն սովորողներն ինձ վստահում ու հարգում են, ցանկանում են աշխատել ինձ հետ, ինչ խոսք՝ ինձ վստահում է նաև կրթահամալիրը… Ճամփորդության ուղին այս անգամ մեզ տանում էր Օշական՝ Սուրբ Մաշտոցի հանգստատեղի, որտեղ 7-րդ դասարանի սովորողների հետ ամփոփեցինք «Հայոց գրերի գյուտը, Մ. Մաշտոց-Ոսկեդար» նախագծային թեման:

Իրականացրեցինք նաև հերթական ֆիլմի դիտում, քննարկում-վերլուծությունը՝ որպես «Արտաշեսյան արքայատոհմ» նախագծային թեմայի ամփոփում: 10-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Տիգրան Մեծ» փաստավավերագրական ֆիլմը՝ կազմակերպելով քննարկում-ֆիլմի վերլուծություն, որը նույնպես ուսանելի էր սովորողների համար:

Ուսումնական տարվա վերջին շաբաթը համարվում էՈւսումնական ձմեռ, որի ընթացքում պետք ի մի բերենք առաջին ուսումնական շրջանում՝ մեր կատարած աշխատանքներն ու ամփոփենք տարին, և վեր հանենք այն բացթողումները, որոնք պետք է լրացնենք հաջորդ ուսումնական շրջանում:

Կրթահամալիրում ինձ համար նորություն է նաև «Ձմեռային ճամբար-2018»-ը՝ որպես հունվարյան նախագծերի իրականացման շրջան՝ հունվարի 8-26-ն ընկած ժամանակահատվածում: Ես նախատեսել եմ այդ ընթացքում շարունակել «Ակտիվ քաղաքացի» նախագիծը՝ իրականացնելով երկրորդ փուլը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ֆիլմի դիտում-քննարկում կազմակերպել, ինչպես նաև կատարել Երևան քաղաքի Ձիարձանների ուսումնասիրություն:

Նախագծային ուսուցումը հետաքրքիր մանկավարժական մեթոդ է և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար: Այն հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն ընտրել՝ ինչ և ինչպես է սովորելու, իսկ դասավանդողին ճիշտ կողմնորոշվելու  հնարավորություն է տալիս, թե սովորողին ինչ է անհրաժեշտ և ինչպես կարելի այն մատուցել: Նախագծային ուսուցումը նպաստում է սովորողի ինքնուրույն աշխատելու, փնտրելու և գտնելու, դրանք համադրելու, վերլուծելու, եզրակացություններ անելու, ինքնադրսևորվելու, իր աշխատանքը ներկայացնելու հմտությունների և կարողությունների զարգացմանը: Այստեղ կարևորում եմ նաև կոնկրետ խնդիր դնելու և այն լուծելու ուղղությամբ աշխատելու գործոնը: Մի խոսքով՝ ուսուցման այս ձևը կրթությունը դարձնում է գործնական, իսկ ուսուցման արդյունքը՝ կիրառելի:

Ամփոփելով իմ միտքը՝ նշեմ, որ դարձել եմ Սեբաստացի և ահա առաջին ուսումնական շրջանն ավարտում և ամփոփում եմ հաջողությամբ ու նոր ուժով, նոր նախաձեռնություններով ու նոր անելիքներով սպասում երկրորդ ուսումնական շրջանին… Իհարկե, այս ամենի համար շնորհակալ եմ կրթահամալիրի՝ իմ գործընկերներին՝ տարբեր հարցերում ինձ աջակցելու համար, սովորողներին՝ ինձ հարգելու և վստահելու համար…

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով