Կարդալու խնդիրը միշտ է հուզել տարբեր սերունդների. ավագ սերունդը դժգոհ է լինում կրտսեր սերնդի ընթերցանության թափից ու ծավալից՝ ի՞նչ են կարդում, ինչքա՞ն են կարդում, ինչպե՞ս են կարդում, և ի վերջո, որպես եզրահանգում լինում է՝ վատ են կարդում, քիչ են կարդում, չեն կարդում… Ո՞վ է սովորաբար շատ կարդում. ով, որ լավ ու վարժ է կարդում: Եթե մարդը դանդաղ-կմկմալով-անվարժ է կարդում, չի էլ ուզում կարդալ, հավես չէ, դժվարությունը վանում է: Իսկ ո՞վ է լավ ու վարժ կարդում. ով, որ շատ է կարդում: Մարդը սիրով է անում այն, ինչ որ լավ է ստացվում: Եվ այսպես էլ ստեղծվում է փակ շրջանը՝ չի կարդում, որովհետև վատ է կարդում, վատ է կարդում, որովհետև քիչ է կարդում: Ո՞րն է լուծումը:
Իհարկե, քննարկելու բան չէ. կարդալ սովորում են կարդալով: Ուրեմն, ինչպե՞ս անել, որ շատ կարդան: Ինչպե՞ս կարդալու տեխնիկա զարգացնել՝ առանց նույն տեքստը պարտադրաբար բազմիցս կարդալ տալու: Հանենք մանկավարժությունից պարտադրանքը: Այսինքն՝ դառնանք առավել ստեղծական, առավել գրավիչ և փորձենք ընթերցանությունը դարձնել պահանջմունք, հաճույք: Գրքերի աշխարհը դառնա նույնքան ցանկալի, որքան արդի սերնդի վիրտուալ խաղերի աշխարհը:
Կա սովորողների մի խումբ, որ ընթերցող է: Ո՞րն է էդտեղ դպրոցի, ուսուցչի գործոնը, դժվար է ասել: Չվերագրենք մեզ բաներ, որ մեր գործունեության արդյունքը չէ: Կա ընտանիք, կա ընտանեկան ավանդույթ, կա մարդու անհատական նախասիրություն… Այս սովորողները մեզանից անկախ կարդում են, շատ են կարդում, անընդհատ են կարդում: Այս սովորողներին իմ տված օգնությունը, որպես ուսուցիչ, նրանց ընթերցանությունն ուղղորդելն է, նրանց բարձրարվեստ գրականություն առաջարկելը: Այս սովորողները, որպես կանոն, նաև պարտաճանաչ են, և հանձնարարված գրականությունը սիրով են կարդում: Սա էլ լինում է իմ օգնությունը իմ ընթերցասեր սովորող-հասարակությանը: