Ինչի՞ց սկսեմ: Հա՛, մենք բոլորս հիմա ինքնամեկուսացված ենք: Ես կպատմեմ, թե ինչպես ենք հաղթահարել ֆիզիկական ինքնամեկուսացումն ու կազմակերպել մեր դասերը սովորողների հետ: Բայց մինչ այդ թույլ տվեք, որ մի քանի խոսք էլ ասեմ մեկ ուրիշ ինքնամեկուսացման մասին` հոգեբանական: Չէ՛, փիլիսոփայելու ցանկություն չունեմ: Պարզապես աչքիս տեսածը կշարադրեմ: Գրականության մեջ կան, այսպես կոչված, սահմանագծային կերպարներ, որոնք երկու տարբեր աշխարհների սահմանագծին են լինում և մեծ սթրես են տանում մի աշխարհից մյուսն անցնելու ժամանակ. Քիզի Չարլին կվկայի: Մի այդպիսի կերպար էլ ես էի, երբ եկա սեբաստացիների աշխարհ: Երկար տարիներ սովորական պետական կրթական հաստատություններում սովորած լինելով` զարմացա երեխաների ձեռքը բռնող ու նրանց հետ պարող ուսուցիչներից, զարմացա… Ու սիրեցի: Դարձա նրանցից մեկը: Ամիսներ անց ֆեյսբուքյան էջումս պատահաբար մի լուսանկար աչքովս ընկավ: Պետական հիմնական դպրոցներից մեկի ուսուցիչն էր` զգաստ կանգնած, խիստ հայացքով ու ձեռքի տակ առած փոքրիկ աշակերտուհուն`վախեցած, այլայլված: Մտովի համեմատեցի աշակերտների հետ մեր ժպտառատ սելֆիների հետ: Ես էլ այլայլվեցի: Ես չեմ խոսում բոլորի ու ամեն ինչի մասին: Ես խնդրի մասին եմ խոսում: Աշակերտների հոգեբանական ինքնամեկուսացումը ուսուցիչներից անտանելիորեն անտեսված խնդիր է: Այսօր ինչո՞ւ են միայն ֆիզիկականը նկատում: Ճանապարհը, ըստ իս, ընկեր-ուսուցիչ դառնալն է, դառնալը, ոչ թե ձևանալը: Անցնենք ֆիզիկական ինքնամեկուսացման հաղթահարմանը:
Մեր ուսուցումը միշտ է առցանց: Այժմ զարդարվել է հեռավարով, դարձել` հեռավար-առցանց: Հենց այս հեռավար-առցանցի յուրահատկությունների մասին էլ կպատմեմ:
Հուզազգացմունքային-հոգեբանական յուրահատկություններ: Սկսեմ սրանից, քանի որ ամենամեծ տարբերություններից մեկն է ինձ համար: Առցանց ուսուցումը դասավանդածդ առարկայի հանդեպ աշակերտի հետաքրքրությունը չափող ինքնատիպ ստուգատես է: Դու ամեն օր նրան չես հանդիպում, չունի դպրոցում հետդ տեսնվելու և անպատրաստ լինելու համար ամոթից նեղսրտելու տեսլականը, չես կարող գլուխը շոյել ու գրեթե աղերսական ձայնով հարցնել. «Ինչո՞ւ չես աշխատում»: Իսկ նույնը գրավոր նրան փոխանցելու տարբերության մասին, կարծում եմ, կարելի է լռել: Ինչպե՞ս եմ հաղթահարել: Արդեն քանի տարի է, ինչ մեր վիրտուալ շփման դաշտ են մուտք գործել, այսպես կոչված` սմայլիկները: Գիտեմ, որ նրանք չեն կարող արտահայտել մեր բոլոր հույզերն ու զգացմունքները: Բայց կարո՞ղ են չոր հաղորդագրությունը գեղեցկացնել, ոգևորել աշակերտին: Կարող են: Հայերենում կա ստացական ս հոդը: Մի քիչ շռայլաբար գործածեք: Գիտե՞ք` աշակերտը որքան կուրախանա ու կջերմանա` այդ մի տառը անվանը կից` վերջում տեսնելով: Փորձել եմ, օգնել է:
Նախագծերը պետք է լինեն չձանձրացնող, հետաքրքիր, ուշագրավ: Քանի որ հեռավար-առցանց ուսուցման ժամանակաշրջանը մի անզիջում պայքար է սոցցանցերի, տարատեսակ ժամանցային հավելվածների, համացանցային խաղերի ու այդքանի դեմ միայնակ մնացած խեղճ դասերի միջև, առաջադրանքների անհետաքրքիր ու բարդ լինելը կանխատեսելի մահ է առարկայի հանդեպ հետաքրքրության: Դրա համար առանձնացրել եմ իմ նախագծերի օրինակով հեռավար-առցանց աշխատանքների ցանկալի տիպերը, որոնք իմ դեպքում արդյունավետ են եղել:
- Սոցցանցերի դեմ` սոցցանցերի զենքերով: Ասեք, որ հետաքրքիր է: Վերջին տարիներին սոցցանցերում ակտիվորեն տարածվեց մարտահրավերի ձևաչափը, ինչպես, օրինակ` ice bucket challenge-ը, kiki challenge-ը (անգլերեն տարբերակով շատերը կհիշեն): Մարտահրավերի ձևաչափը թույլ է տալիս վարակի պես տարածել գաղափարդ: Գաղտնիքը առաջադրանքը կատարելու և ընկերոջդ մարտահրավեր նետելու, նման դրության մեջ դնելու, ինչ-որ բան, կոպիտ ասած, պարտադրելու հաճույքի մեջ է: Իսկ այն, ինչ տարածվում է, երեխաների թիկ-թոկյան լեզվով ասած, դառնում է թրենդ` միտում: Այս օրինակով մեծ հաջողություն ունեցա` ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբը նախաձեռնելով: Յուրաքանչյուր դասարանից մեկական աշակերտ տեսանյութ էր պատրաստում, որտեղ արտասանում էր մեկ ռուբայաթ Չարենցից ու մեկնաբանում այն: Տեսանյութի վերջում նա մարտահրավեր էր նետում` դասընկերներից մեկի կամ ընտանիքի անդամներից մեկի անունը տալով ու նշելով, թե վերջինս չարենցյան որ ռուբայաթը պետք է արտասանի և որտեղ (օրինակ` տանը կամ որևէ տեսարժան վայրում): Դասընկերը կամ ընտանիքի անդամը ընդունում էր մարտահրավերը` հաջորդ օրը դրան համապատասխան տեսանյութ պատրաստելով և այդպես շարունակ: Տեսանյութեր ստացա աշակերտներից, որոնք մինչ այդ անգամ տեսանյութ չէին ուղարկում կամ չէին ցանկանում երևալ այդտեղ: Այս շաբաթ ունեցանք նաև «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր ու ընտանեկան չարենցապատումներ:
- Հեռուստացույցի դեմ` հեռուստատեսությունը գործիք դարձնելով: Հեռավար ուսուցման նախորդ շաբաթվա ընթացքում արդեն հասցրել ենք անել նաև սա: Հեռուստացույցը այսօր անհամար ալիքների հնարավորություն է տալիս, օտարալեզու հանճարեղ ու գիտական, զվարճալի ու զարգացնող նախագծերով տարվելը փրկություն չէ: Անտեսե՞նք մեր հեռուստատեսության խնդիրները: Իրականացրինք «Ընտանեկան խոշորացույց» նախագիծը:
- Ուսումնասիրելով արտակարգը: Կային նորարար նախագծեր, այսպես կոչենք` վիճակային` պայմանավորված բոլորին հայտնի իրադրությամբ: Ցանկի առաջին երկու նախագծերը հենց այդպիսին էին` կորոնաճառերը և խուճապի ուսումնասիրությունը: Ի դեպ, այս շաբաթվա նախագծային փաթեթում դրանք մասնակցության լավագույն ցուցանիշ ունեցող նախագծերից էին: Աշակերտներին դուր եկավ ստեղծված վիճակի ուսումնասիրությունը: Առաջին նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք այս օրերին կորոնավիրուսով պայմանավորված վիճակին նվիրված ամենատարածված ճառերը, դրանք տեսագրեցինք ու ձայնագրեցինք: Ինչքա՜ն էին ոգևորվել տղաները, երբ Ֆրանցիսկոս պապի ճառի տակ գտել էին իրենց սիրելի Կրիշտիանու Ռոնալդուի հրապարակումը: Էդուարդն առաջին անգամ ինձ տեսանյութ ուղարկեց, սա էլ` Աշոտինը: Շաբաթվա վերջում էլ տեսադաս արեցինք ու քննարկեցինք դրանք: Մի քանիսն անգամ համեմատելի էին մեր անցած որոշ ստեղծագործությունների հետ: Որոշ աշակերտներ նույնիսկ իրենց ճառերն էին գրել, թեմաների մեջ կար նման ընտրություն` «Իմ հակավարակային ճառը»: Խուճապի ուսումնասիրությունը լրիվ ուրիշ թեմա է: Ընկանք խուճապի ետևից: Փոխվեցինք տեղերով:
- Ընտանիքը չի խանգարի, կօգնի: Ընտանեկան նախագծերը միշտ են օգտակար, այս օրերին`առավել ևս: Այս շաբաթվա ընտանեկան աշխատանքը ընտանեկան չարենցապատումների ֆլեշմոբն էր: Ծնողը կամ քույրը ոչ թե պետք է սենյակից դուրս գան, թողնեն մենակ աշակերտին, որ նա միայնության մեջ տառապի, սովորի` դասերից ազատվելու վայրկյանները հաշվելով, այլ աշխատի ընտանիքի հետ: Այս օրերին բոլորն են տանը: Փոքր քույրիկը կարող է ոչ միայն խանգարել, այլև օգնել ու ավելի զվարճալի դարձնել աշխատանքը:
Տեխնիկական յուրահատկություններ: Դասի տեխնիկական նոր ձևաչափը ենթադրում էր տարբեր ծրագրերի նոր հնարավորությունների յուրացում: Գրավոր հաղորդակցման համար կար Outlook-ը, տեսադասերի համար օգնության եկավ Microsoft Teams-ը: Ես պատրաստվում էի պայմանավորված ժամին սկսել տեսադասը: Աշակերտները գրում էին, շտապեցնում` վախենալով, որ մոռացած կլինեմ: Կարոտել են շփումը, ընկերներին, մեզ: Տեսադասի ավարտին շատերի մոտ նույն հարցն էր. «Իսկ մյո՞ւսը երբ կլինի»: Երեկ էլ էին գրել, այսօր էլ: Ինչպես Ֆրանցիսկոս պապն էր կանխատեսնում, սկսել են սիրել ու գնահատել այն, ինչը նախկինում գուցե չէին նկատում: Տեսադասերն ինքնին հետաքրքիր են: Բոլորս տանն ենք ու իրար հետ: Մեկի քույրիկը կարող է սկսել իր անսպասելի լացը, մեկի մայրիկը գուցե չգիտի, որ դաս ենք անում, փոշեկուլ է միացրել, բայց հաղթահարում ենք:
Հեռավար ուսուցումը հրեշ չէ: Կամ էլ ինչպես ասում էր Կարնեգին, եթե չեք կարող փոխել իրավիճակը, փոխեք ձեր վերաբերմունքը իրավիճակի հանդեպ: Թող խուճապը ձեզ չհաղթի, դուք մեզ պես ընկեք խուճապի ետևից: Փոխվե՛ք տեղերով:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան