Խաղն իր զորավոր պոտենցյալով մեծերին տալիս է դպրոցականների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հնարավորություն (Շ. Ա. Ամոնաշվիլի)։
Կրտսեր տարիքում սովորողների համար ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու ամենաարդյունավետ միջոցը խաղն է։ Հատկապես այս տարիքում սովորողների խաղալու ցանկությունը մեծ է, իսկ խաղ+կրթություն=«իմացումի հրճվանք»։
Խաղը պետք է լինի հետաքրքիր, գրավող, պարզ, չհոգնեցնող։ Շատ կարևոր է նախապատրաստական աշխատանքը։ Նախապես պետք է սովորողների հետ խոսել խաղի, անհրաժեշտ նյութերի կամ պարագաների, խաղի կանոնների, նպատակի, ընթացքի և արդյունքի մասին։ Որպեսզի խաղը ստացվի, սովորողը պետք է ամբողջությամբ հասկանա և պատկերացում կազմի խաղի մասին։
Լինելով 5-6 տարեկան սովորողների խաղընկերը, ոգեշնչվելով նրանց ընկերակցությունից, հետաքրքիր և երևակայական մտքերից՝ ամեն անգամ փորձում եմ սովորողների հետ միասին ստեղծել նոր, տարբերվող խաղեր։ Իսկ սովորողների ոգևորությունը, երբ ասում եմ, որ խաղ ենք պատրաստելու, անասելի է․ փորձեմ մի փոքր նկարագրել։
Սովորողների հաճախ հնչող հարցերից է «հիմա ի՞նչ ենք անելու» հարցը, մինչ իմ պատասխանը լսելը, նրանք փորձում են գուշակել՝ բակ ենք գնալու, հեքիաթ ենք հորինելու, ագարակ ենք գնալու, խաղ ենք խաղալու, խաղ ենք պատրաստելու… և ժպիտիցս անմիջապես հասկանում են, թե որ պատասխանն է ճիշտ, ապա արագ կողմնորոշվողը հայտարարում է.
— Էրեխե՜ք, խաղ ենք պատարաստում։
Եվ սկսվում է իրարանցումը․ մի խումբը բերում է մկրատները, մյուսը՝ սոսինձները, մի խումբ սովորողներ արագ միացնում են սեղանները և նստում շուրջը։ Իսկ թե ինչու են սեղանի շուրջ նստում, որովհետև այդպես տեսնում են բոլոր ընկերներին, իրար հարցեր են տալիս, մեկը մյուսին լրացնում է, կարողանում են միմյանց օգնել. ստացվում է համագործակցային աշխատանք։
Լինում են դեպքեր, երբ չեմ ասում, թե ինչ խաղ ենք պատրաստում, թողնում եմ՝ սովորողները գուշակեն, երբեմն ավելի հետաքրքիր առաջարկներ են հնչում, և խաղի ձևն ու նպատակները փոխվում են։
Ստորև ներկայացված են 2021-2022թթ ուս.տարվա 5-6 տարեկանների հետ ստեղծած ինքնաշեն խաղերը։
2021-2022 ուսումնական տարին սկսեցինք «Գիտելիքի օրը թաղարներով» նախագծով, որի արդյունքում ստեղծեցինք մեր կանաչ անկյունը, իսկ ստեղծելու ընթացքում ծնվեց միտք՝ ծաղիկները համեմատելով սովորել «Մեծ-հավասար-փոքր» հասկացությունները։ Խաղի ժամանակ հաշվելով տերևները՝ համեմատեցինք շատ և քիչ տերևներ ունեցող ծաղիկները, համեմատեցինք բարձր և ցածր, ապա՝ մեծ և փոքր ծաղիկները։
Յուրաքանչյուր ճանաչողական-ուսումնական փուլ անցնում է տարբեր ձևով, որը յուրաքանչյուր սովորողի համար անհատական է, պարզապես պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի սովորողն ինքնուրույն ճանաչողական գործընթաց ծավալի։
Ուսումնաճանաչողական ամենաարագ փուլերից էր ծանոթացումը երկրաչափական պատկերներին, որին նպաստեցին թե՛ ծեփը, թե՛ տեխնոլոգիական աշխատանքները, թե՛ շրջապատի առարկաները։
«Ծեփում ենք երկրաչափական պատկերներ» խաղի ժամանակ սովորողներն աշխատեցնում են մատների մանր մոտորիկան և մտածողությունը։ Մի մասը մատների ծայրով փոքր գնդիկներ էր պատրաստում պլաստիլինից՝ ակամայից աշխատեցնելով մատների բոլոր զգայարանները, մյուսները ծեփում էին պլաստիլինե թելեր և ուրվագծում երկրաչափական պատկերները։
Երկրաչափական պատկերներով խաղի ժամանակ տեսնում, համեմատում ենք տարբեր չափերի երկրաչափական պատկերներ, շոշափում ենք և հասկանում, որ կլորն ու շրջանը միևնույնը չեն, որ կա խորանարդ և կա քառակուսի, եռանկյուն և բուրգ։
Իսկ «Տեխնոլոգիա երկրաչափական պատկերներով» աշխատանքի նպատակն էր կտրել երկրաչափական պատկերներ՝ ճանաչելով պատկերը, հաշվելով պատկերների կողմերի քանակը՝ պատրաստել տնակ։ Աշխատանքի շնորհիվ սովորողները պարզեցին, որ քառակուսին կարող է դառնալ երկու եռանկյուն և հակառակը՝ երկու եռանկյունը՝ քառակուսի։
«Երկրաչափական պատկերներով լաբիրինթ» խաղի միտքն առաջացել է համացանցից. փնտրում էի խաղ, որը կլիներ հետաքրքիր, ուրախ, զարգացնող։ Իսկ այս խաղը շատ կհետաքրքրեր սովորողներին. լաբիրինթ սիրում են բոլոր երեխաները։ Խաղի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ զվարճալի էին և ուսուցանող․ կտրում էինք երկրաչափական պատկերներ, փորձում էինք մի պատկերից մյուսը տանող ուղին հնարավորինս երկարացնել և հաշվում էինք, թե քանի քայլով է մի ուղին երկար մյուսից։
Ուսումնական խաղն արդյունավետ լինելու համար, այն պետք է ունենա սովորողի ճանաչողական ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություն, որի շնորհիվ սովորողը պետք է կարողանա ճանաչել, ընկալել և կրկնել հստակ պատկերներ, զարգացնել մտածողությունն ու երևակայությունը, օրինակ՝ «Ավազաթերապիան» ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը հնարավորություն է տալիս պատկերը արտատպելու, կրկնելու, սխալի դեպքում՝ ուղղելու և նյարդային համակարգը հանգստացնելու։
Արտատպելու, կրկնելու, նույն պատկերը ստանալու ևս մեկ միջոց է «Դիդակտիկ խաղ գունավոր փայտիկներով» աշխատանքը։
Ի տարբերություն վեր նշված երկու խաղերի «Կառուցողական խաղ փայտիկներով» աշխատանքը հիմնված է մտքի ճկունության և մտածողության վրա, որը օգնում է շուտ կողմնորոշվելու և գործելու։ Ըստ խաղի պահանջի՝ պետք է փայտիկներ տեղափոխելով ստանալ այլ պատկեր, որի արդյունքում սովորողը պատկերացում է կազմում պատկերների, նրանց կողմերի, կառուցվածքի մասին։
Յուրաքանչյուր օր փորձում եմ պլանավորել, նախագծել օրակարգս, բայց հիմնականում ամեն ինչ փոխվում է, որովհետև մեծ մասամբ սովորողների հետ են ստեղծվում լավագույն մտքերը։ Ստորև ներկայացված ճանաչողական խաղերը ստեղծվել են սովորողների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ։
«Երկու աչք, մեկ բերան» խաղը ճանաչողական խաղ է։ Գուցե 5 տարեկան սովորողը երբեք էլ չնկատի, չխոսի աչքերի դիրքի, քանակի, քթի մասին, եթե քննարկում, զրույց կամ խաղ չլինի մարմնի մասերին կամ դեմքի կառուցվածքին վերաբերող։ Խաղը նպաստեց, որ սովորողները հասկանան՝ աչքերը քթից վեր են և երկուսը, շուրթերը՝ քթից ներքև են և այլն։ Խաղը օգնեց նաև տարածության մեջ կողմնորոշվելուն, աչքերի, քթի, շուրթերի տեղը ճիշտ գտնելուն։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից, զբոսանքից հետո սովորողներից մի քանիսը գնում են խոհանոց՝ նախաճաշի մի մասը բերելու։ Ճանապարհին հաշվում են մրգերը, որոշում՝ մրգի որ տեսակն է շատ, որը՝ քիչ։ Երբ նախաճաշ բերողները հասնում են խմբասենյակ, մյուսներն անմիջապես հարցնում են.
-Այսօր ի՞նչ միրգ ենք ուտելու։
Այստեղից էլ ծնվեց մեր խաղը՝ « Գուշակի՛ր՝ ի՞նչ միրգ է»։ Սովորողները պետք է գուշակեին արկղի մեջ դրված մրգերը շոշափելով, առանց տեսնելու։
Սովորածը մտապահելու, հետո վերարտադրելու համար շատ կարևորը է հիշողությունը։ «Հիշողության խաղի» նպատակն է զարգացնել սովորողի տեսածը, լսածը հիշելու և հերթականությամբ կրկնելու կարողությունը։ Խաղի ժամանակ հարվածում ենք տարբեր գունավոր թղթերի, իսկ սովորողը պետք է կրկնի ճիշտ հերթականությամբ։
Այն խաղը, որի մասին պետք է պատմեմ, սովորողներն անվանեցին «Գունեղ շախմատ»։ Խաղը մտքի ճկունության, արագության, կողմնորոշվելու կարողության զարգացման համար է։ Սովորողը պետք է արագ կողմնորոշվի՝ թե որ ուղու վրա է անհրաժեշտ դնել գունեղ խաղաքարը։
5-6 տարեկանների դասարան-լաբորատորիայում նույնիսկ կշեռքն է ինքնաշեն, որի օգնությամբ սովորողները կշռում էին խաղողի հատիկները, հետո համեմատում, հաշվում։
Սովորողների համար ամեն ինչն էլ կարող է ծառայել որպես ուսումնական գործիք, նույնիսկ ընկույզներն ու նկարչական մատիտները, գուաշն ու քանոնը, ամանորյա կոները։
Զարգացնող խաղերի նպատակն է սովորողներին հաղորդել որոշակի գիտելիք, զարգացնել որոշակի հմտություններ։
Խաղերի շնորհիվ զարգանում են նաև սովորողների համագործակցային ունակությունները։ Ստորև ներկայացված խաղերը միտված են եղել զարգացնելու լեզվագործունեությունը, մաթեմատիկական հմտությունները, բառեր կազմելու, կարդալու կարողությունը, հաշվելու, համրելու հմտությունները։
Խմբային խաղերի արդյունքում ծնված տեսանյութեր՝
- Մաթեմատիկական խաղ
- Բառակազմական խաղ
- Մակարոնե բառեր
- Բառախաղ
- Բառախաղ
- Թվի կազմություն
- Մաթեմատիկական խաղ
- Ինքնաշեն ուսուցողական խաղ
- Ինքնաշեն ուսուցողական խաղ
Սովորողների և ինձ համար հետաքրքիր թեմաներից են նաև ֆլեշմոբի խնդիրները։ Իմ առջև կա հստակ խնդիր՝ պարզաբանել, վերլուծել խնդիրն այնպես, որ հասկանալի լինի 5-6 տարեկան սովորողներին, իսկ թե ինչպես եմ դա անում, դիտե՛ք ստորև.
Առհասարակ, խաղը պարզապես զվարճանալու միջոց չէ, եթե ծառայում է ճիշտ նպատակին։