Ինչպե՞ս է փոխվում դպրոցը մեր ժամանակներում: Ինչպե՞ս են փոխվում դասավանդման մեթոդները, ինչպիսի՞ այլընտրանքային մոտեցումներ է մշակում դասավանդողը` սովորողին ներգրավելու ուսումնական գործընթացի մեջ: Կրթական գործընթացում կարևորվում են սովորողի դերն ու նշանակությունը։ Սովորողի մոտ ձևավորվում են սեփական կարծիքն արտահայտելու, դիտարկումներ ու քննարկումներ անելու, հետազոտելու, ազատ մտածելու հմտությունները։ Թվային տեխնոլոգիաները փոխում են մեր ապրելակերպը, հաղորդակցության ձևերը, մտածելակերպը, զգացմունքները, մարդկանց վրա ազդեցության ուղիները, սոցիալական հմտությունները և սոցիալական վարքագիծը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որտեղ կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ Առաջին դասարանից սկսած՝ վեց տարեկաններն ինքնուրույն միացնում են համակարգիչները, բացում Paint կամ Word ծրագրերը և իրենց երևակայական ու ստեղծագործ մտքերն արտահայտում նկարի, փոքրիկ պատումի կամ հորինուկների տեսքով, հետո պահպանում թղթապանակներում։ Կրտսեր դպրոցում գործում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ենթադրում է նաև նախագծային ուսուցում։ Նախագծերի իրականացման ընթացքում լուծում ենք մի շարք խնդիրներ՝ ձեռք բերելով տարբեր հմտություններ ու կարողություններ։ Ուսումնական գործընթացում նաև անհրաժեշտ են հատուկ մոտեցումներ, որոնք արհեստականորեն չեն տարանջատի մաթեմատիկան մայրենիից։ Ցանկացած նախագիծ իրականացնելիս` կիրառում ենք մաթեմատիկական և մայրենիի մի շարք հմտություններ՝ հաշվել, համեմատել, ավելացնել, պակասեցնել, հեգել, վանկատել, հորինել, երևակայել և այլն։
Մի անգամ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների հետ հարց ու պատասխանի արդյունքում պարզեցինք, որ ամեն օր տեսնում ենք շատ թվեր ժամացույցի, համակարգիչների, հեռախոսների, երթուղայինների, շենքերի, շքամուտքի դռների, դրամների, լուսացույցների և նույնիսկ հագուստի ու կոշիկների վրա։ Թվերով ենք որոշում բոլորիս տարիքը, տոների և ծեսերի օրերը և այլն։ Էսպես երկար-բարակ խաղացինք թվերի հետ, ու հանկարծ Հենրին բացականչեց․ «Ընկե՜ր Մարիամ, ստացվում է, որ թվերը կառավարում են աշխարհը»։ Այդ ժամանակ ակամայից հիշեցի, որ Պյութագորասի ուսմունքն ամբողջությամբ հիմնված է այն գաղափարի վրա, որ թվերը կառավարում են աշխարհը: Թվերը միայն քանակի կամ թվերի նշանակումները չեն հաշվարկի մեջ։ Թվերն են կանոնակարգում ամեն բան։ Թվերը պատմական իրադարձությունների տարեթվերն են, առանց որոնց անհնար է ընկալել և ուսումնասիրել պատմությունը։ Թվեր՝ տարածություն, երաժշտություն, ճարտարապետություն, սիմվոլներ, վերափոխում․․․այսինքն՝ մեզ շրջապատող իրականության անբաժանելի համակարգ։ Ուսումնական գործունեության ընթացքում շատ հաճախ լուծելով որևէ մաթեմատիկական խնդիր՝ կիրառում ենք նաև բառուսուցման սկզբունքները։ Առաջին դասարանցիների հետ հաճախ ենք անդրադառնում ֆլեշմոբի խնդիրներին։ Այս անգամ որոշեցինք լուծել մի խնդիր, որի պայմանն է՝ գրել «մաթեմատիկա» բառը, բայց ամեն օր` մի տառ։ Պետք է սկսենք գրել չորեքշաբթի օրը։ Պահանջվում է գտնել այն օրը` երբ կգրենք վերջին տառը։ Խնդիրը հետաքրքիր ու զվարճալի խաղի վերածելու նպատակով որոշեցինք «մաթեմատիկա» բառը ոչ թե գրել, այլ կառուցել, այն էլ՝ չամիչներով։ Եվ սկսեցինք մեր զվարճալի խաղ-խնդիրը։ Խնդրի պատասխանը գտնելուց հետո որոշեցինք շարունակել խաղը և «մաթեմատիկա» բառի տառախմբով կազմել իրական և երևակայական բառեր։ Մաթեմատիկան է՛լ ավելի զվարճալի դարձնելու նպատակով հաճախ կազմակերպում ենք բացօթյա պարապմունքներ։
Բացօթյա պարապմունքներ կազմակերպում ենք նաև բառուսուցման, ընթերցանության նպատակով։ Ընթերցանության հանդեպ սերը սկսվում է դեռ մանկուց։ Սովորողները գիտեն, թե ինչպես պետք վարվեն գրքի հետ, երբ գնում են կամ վերցնում գրադարանից։ Մայրենի լեզվի ուսուցումը ամրապնդում է սովորողների սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր, գրագետ խոսքով արտահայտելը, ազատ հաղորդակցվելը։ Հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններն օգնում են ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորմանը, զարգացմանը և կատարելագործմանը ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր անհատ լեզուն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում, շրջապատի մարդկանց հետ հաղորդակցման միջոցով, և այդ ճանապարհին լեզվի տիրապետման շրջանն առանձնանում է իր առանձնահատկություններով, խնդիրներով, իր վերելքներով և վայրէջքներով: Այս պարագայում դպրոցը դառնում է լեզու սովորելու, մայրենի լեզուն զգալու, մայրենի լեզվով կարդալու, գրելու գլխավոր օղակը: Սովորողը դպրոցում լեզուն սովորում է լսելով և հաղորդակցվելով իր առաջին ուսուցչի հետ, շփվելով դասընկերների հետ։ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում բառուսուցումն իրականացնում ենք այլընտրանքային, ստեղծագործ ու խաղային մեթոդներով։ Բառերը կազմում ենք հատիկեղենով, պլաստիլինով, կավով, չիր ու չամիչով, նույնիսկ բանջարեղենով ու մրգերով։ Շատ հաճախ դա լինում է հենց սովորողների մտահղացումը՝ Թթուդրիկի ժամանակ՝ ավելացած բանջարեղենի կտորներով, Դդմածեսի ժամանակ՝ դդմի կտորներով, Զատկածեսի ժամանակ՝ չիր ու չամիչով։ Բառուսուցում կարելի է իրականացնել ամենուր՝ նույնիսկ ագարակում։
«Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում սովորողը դառնում է սեփական այբբենարանի հեղինակը, ներկայացնում իր հմտություններն ու կարողությունները։ Սովորողին ստեղծագործելու և երևակայելու հնարավորություն է տրվում: Նա ցանկանում է գրել ու պատմել իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, իրեն ծանոթ, հարազատ, հետաքրքիր թեմաների մասին։ Նա հորինում է հետաքրքիր ու անսովոր պատմություններ, կարողանում է արտահայտել սեփական միտքը, ձևակերպել, գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա` գրանցել, իսկ հետո` ներկայացնել: Համագործակցային նախագծերն այլ դասարանների հետ խթանում են սովորողների խոսքի զարգացման գործընթացը։ Բանավոր խոսքի զարգացմանը նպաստում են նաև դասարանական «ռադիոները», տարբեր հանդիպում-քննարկումները, որոնցից կառանձնացնեմ «Ֆիլմադարան» ակումբի հանդիպումը, քանի որ սովորողները շատ տպավորվել ու ոգևորվել էին թե՛ ֆիլմից և թե՛ քննարկումից։ Ընթերցանության ֆլեշմոբները նույնպես օգնում են բանավոր խոսքի զարգացմանը. սովորողների հետ պարտադիր մասնակցում ենք դրանց անգամ լողավազանից՝ լողուսուցման ընթացքում։ Այս ամենին զուգահեռ՝ չենք մոռանում նաև խնամել միջավայրը, ստեղծել «Կանաչ անկյուն» , աշխատում ենք վարել «Անթափոն կենցաղ» , որպեսզի ապագայում ունենանք մաքուր մոլորակ, լինենք խաղաղ ու ներդաշնակ բնության և ինքներս մեզ հետ։