«5-6 տարեկաններ» + «Մեդիահմտություն» + «Իմացումի հրճվանք» = մտքի, խոսքի, ինքնուրույնության, մտածածն արտահայտելու, անկաշկանդ դրսևորման, հավասարության. այս ամենը միախառնած բացահայտեցի 2021-2022 ուսումնական տարում, երբ սկսեցի աշխատել որպես 5 տարեկանների խմբի ղեկավար։
Մեդիահմտություն. մեդիահմտությունը 5 տարեկանների իրականության մեջ շատ կարևոր դեր ունի։ Նախ, սկսեմ նրանից, որ 5 տարեկանների ուսուցման առաջին տարում սաները տիրապետում են համակարգչային հմտություններին։ Խաղի և մեդիահմտության շնորհիվ սաներն է՛լ ավելի արագ և հեշտ են սովորում: Սովորողների հետ դեռ սեպտեմբերից սկսեցինք ծանոթանալ մեդիագործիքներին, ձեռք բերեցինք մեդիահմտություններ։ Մեդիան դարձավ մեր ուսումնական գործունեության կարևորագույն մասը, որն առավել հեշտացրեց ուսումանկան նյութի յուրացումը սովորողի կողմից։ Իհարկե, հիմնական աշխատանքային գործիքը paint համակարգչային ծրագիրն է, որին տիրապետում են սովորողները, սակայն նշեմ, որ տարիքային այս փուլում նման մեդիահմտությանը տիրապետելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Սկզբում աշխատանքի նպատակն էր սովորողի մեդիահմտությունների ձևավորումը, զարգացումը։
Գործիքին ինչ-որ չափով տիրապետելուց հետո սկսեցինք այն օգտացործել որպես ուսուցման միջոց։
Խնդիրները՝
- Միացնել, անջատել աշխատանքային գործիքը
- Ճանաչել paint համակարգչային ծրագիրը
- Մուտք ծրագիր
- Ծանոթանում ենք գործիքներին
- Սովորող-սովորեցնող նախագծով հմտությունների ձեբքբերում
Քանի որ տարիքային այս շրջանում երեխաների մոտ ավելի զարգացած է ակնառու-պատկերավոր մտածողությունը, նյութն առավել մատչելի մատուցելու ընթացքում օգտագործել ենք այն ամենը, ինչ ունեինք ձեռքի տակ։ Այստեղ մեզ օգնության եկավ նաև հեռուստացույցը։ Հեռուստացույցի միջոցով ավելի պարզ Է լինում ընկալել նյութը, քանի որ բացի այն, որ սովորողը տեսնում է, նաև լսում է և համեմատում արդեն իր իմացածի հետ։ Չէ՞ որ մի քանի զգայական մեթոդի կիրառումն արդեն իսկ առավել լավ է նպաստում, որ ուսումնական նյութը մարսվի և պահպանվի հիշողության մեջ։
Հարթակում ծնողն է. հոկտեմբերին` աշնանային 17-րդ հավաքի շրջանակում, հարթակում ծնողն է նախագծի շնորհիվ ծանոթացանք նաև ֆոտոտեսախցիկ-մեդիագործիքի հետ։ Սովորողների հետ, բացի համակարգչով և մատիտներով նկարելուց, սկսեցինք նկարել նաև տեսախցիկով։ Լուսանկարելու համար ուսումնասիրեցինք մեզ շրջապատող իր, առարկա, լուսանկարեցինք Հարավի այգու սերկևիլները, դրանով տպավորված՝ ունեցանք նաև ճամփորդություն-այց համագործակցություն Այնթապի մսուր-մանկապարտեզի հետ և այնտեղ միասին բերքահավաքի գնացինք սերկևիլի այգի, երգեցինք կոմիտասյան երգեր և լուսանկարեցինք գեղեցիկ այգին։ Հետագայում մեր ձեռք բերած լուսանկարչական հմտությունները կիրառեցինք տարբեր գործունեություններում և ևս մի մեդիագործիք ունեցանք մեր առօրյա գործունեության մեջ, իսկ մայիսյան 17-րդ հավաքին 5-6 տարեկանները կներկայացնեն իրենց լուսանկարների անհատական ցուցահանդեսը:
Ծեսը 5 տարեկանների խմբում. հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս է ծեսը` որպես ուսումնական նախագիծ։ Ծեսերի իրականացման համար կրթահամալիրի հեղինակային ծրագրի ծիսական օրացույցը դառնում է հուշարար-կազմակերպիչ, որն ավելի հեշտ և համակարգված է դարձնում տվյալ ուսումնական տարվա աշխատանքները:
Հենց ուսումնական տարվա սկզբից ծեսը մտել է մեր առօրյա։ Յուրաքանչյուր ծես իրականացնելիս` նախ, մատուցվող, ուսուցանվող նյութը դարձնում ենք առավել մատչելի, հասանելի 5 տարեկանների համար, ընտրում ենք երգերը, բանաստեղծությունները, որոնք պետք է սովորենք, համակարգում ենք մեր հետագա անելիքները։ Այստեղ կարևոր է նշել նաև այն, որ սովորողը ծեսը տանում է ընտանիք, այսինքն` ունենում ենք ընտանեկան ծիսական հետաքրքիր գործունեություն։ Օրինակ՝ ծիսական խոհանոց , ծիսական երաժշտական գործունեություն , մեդիան և ծեսը ընտանիքում։
Ծեսեր. 5 տարեկանները յուրաքանչյուր ծիսական պատրաստություն վերածում են խաղ-ներկայացման․ պատրաստվում են մեծ ոգևորվածությամբ։ Օրինակ՝ թթուդրիկի ծեսը. նախ, ծանոթանում ենք բանջարեղեններին, սովորում ենք անվանումները, համտեսում ենք, ծեփում ենք պլաստիլինով, հետո paint ծրագրով նկարում ենք այդ բանջարեղենները՝ էլ ավելի լավ ամրապնդելու, պատկերացնելու և մեդիաթթու պատրաստելու համար։
Ծեսեր ամփոփումներով՝
Ընտանեկան դպրոց։ Մեդիահմտությունը ոչ միայն 5 տարեկանների ուսումնական առօրյայի մի մասն է, այլ նաև ընտանկան դպրոցում կիրառվող մի գործիք է, որն ընտանիքը օգտագործում է տարբեր նախագծեր իրականացնելիս։ Թումանյանական ընթերցումներ, երբ ընթերցում են սովորողները և ընտանիքի անդամները, ընթերցումն է՛լ ավելի տպավորիչ դարձնելու համար հեքիաթը նկարում են paint նկարչական ծրագրով և հեքիաթը դարձնում ավելի ամբողջական։ Նկարելու և ընթերցելու ընթացքում զարգացնում ենք ստեղծագործական միտքը, խոսքը և ստեղծածը ավելի տպավորիչ դարձնում մեդիահեքիաթի շնորհիվ։
Ամանորյա մեդիաբացիկ։ Յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական մեդիագործիքը, և ի՞նչ է պետք ամանորյա բացիկներ պատրաստելու համար, եթե ոչ մեդիագործիք՝ notebook, հեռախոս, պլանշետ։ Սովորողը պատրաստում, նկարում է բացիկ՝ ստեղծագործելով և վստահ լինելով, որ դա անում է ջնջելու, փոփոխելու, ավելացնելու կամ պակասեցնելու հնարավորությամբ։ Մեդիագործունեությունը 5 տարեկանների համար մի հնարավորություն է, որ ավելի անկաշկանդ և վառ երևակայությամբ ստեղծագործեն և, ինչու չէ, իրենց ստեղծած բացիկները ավելի անվնաս տուն հասցնեն։
Սովորող-սովորեցնող նախագիծը լավ հնարավորություն է սովորել ավագ ընկերներից։ Իմացածն է՛լ ավելի ամրապնդելու համար երրորդ դասարանի սովորողները 5 տարեկաններին սովորեցրին paint նկարչական ծրագրում օգտագործվող ավելի շատ գործիքներ։ Արդյունքում իմացածն ամրապնդվեց, և ձեռք բերվեցին նոր մեդիահմտություններ։
Բառուսուցում. բառ-տառ, տառ-բառ, 5 տարեկաններն արդեն մեդիահմուտ են, կարողանում են իրենց պատկերացրածը նկարել paint ծրագրով և այն դարձնել ֆոտոպատում, բայց ինչպե՞ս սովորել բառը՝ իհարկե համակարգչում մուտքագրելով։ Սովորողի համար դրանից էլ ուրախ, հավես և հետաքրքիր գործունեությու՞ն։ Ընտրում ենք բառը, խոսում բառի մասին, հեգում, ծափերով վանկատում և նկարում ենք համապատասխան նկարը։ Օրինակ՝ «Շուն» բառը. Paint ծրագրով նկարում ենք շուն և սկսում մուտքագրել։ Սովորողը մի քանի հպումով կարողանում է հեշտությամբ գրել բառը` վստահ լինելով, որ սխալվելու դեպքում նաև նույն մեկ հպումով կկարողանա ջնջել և մուտքագրել ճիշտը, ու դրա շնորհիվ սովորողն էլ ավելի ինքնավստահ է լինում իր մտքում ստեղծագործած նկարը-բառը մուտքագրել նաև համակարգչում։
Մեդիաայբբենարան. 5-6 տարեկանները ստեղծել են իրենց մեդիաայբբենարանը։ 5-6 տարեկանները գերագույն հաճույք են ստանում թումանյանական հեքիաթների հերոսներին մեդիահերոսներ դարձնելուց և մեդիահեքիաթ ստանալուց։ Բացի մեդիահեքիաթներից, մեր այբբենարանում օր օրի ավելանում են նոր պատկերներ, նոր բառեր։ Այդ մեդիահմտության շնորհիվ է, որ 5-6 տարեկաններն այժմ սովորել են շատ բառեր և կարողանում են գրել, կարդալ։
Մաթեմատիկան և 5 տարեկանները. բացի բառերից և մեդիահմտությունից, 5 տարեկանները շատ լավ կարողանում են հաշվել, համեմատել, ավելացնել, պակասեցնել բանավոր խաղ-մաթեմատիկայով։ Ինչպե՞ս 5 տարեկաններում սովորեցնել մաթեմատիկա. իհարկե ո’չ թվերը պատկերավոր գրելով կամ նկարելով։ Այստեղ մեզ օգնության կգա նորից մեդիագործիքը՝ համակարգիչ, հեռախոս, հեռուստացույց. այս տարիքում ավելի հեշտ է մաթեմատիկան սովորել և ամրապնդել խաղով՝ բանավոր խոսքով։
Առավոտյան նախաճա՞շ, թե՞ մաթեմատիկա. երկուսն իրար հետ շատ համատեղելի են, սովորում ենք հաշվել, համեմատել։ Հաշվում ենք` քանի խնձոր ունենք, բաժանում երկու մասի, տեսակավորում ենք խնձորները՝ որ գույնն է ավելի շատ, որը՝ քիչ, իսկ այս ամենը պարզելուց հետո նախաճաշում ենք։ Արդյունքում սովորում և ավելացնում ենք մաթեմատիկական գիտելիքները։
Մաթեմատիկան առօրյայի մի մաս. սովորողների հետ օրն սկսվում է մաթեմատիկական գիտելիքներ ստանալով։ Հաշվում, համեմատում ենք մեզ շրջապատող ամեն իր, առարկա։ Օրինակ՝ առավոտյան ջրում ենք խմբասենյակի ծաղիկները, հաշվում ենք բաժակները, ափսեները։ Ամեն օր, ներկա-բացակա անելիս, հաշվում ենք՝ քանի սովորող կա, քանիսն են բացակա, քանիսը՝ ներկա։ Առօրյայում կարող ենք ամեն պահը օգտագործել և վերածել ուսումնական նախագծի։ Առավոտյան դպրոց գալուց կամ լողի գնալիս` հաշվում ենք ծառերը, մեքենաները։ Դասարան հասնելուն պես սկսում ենք քննարկել՝ ով քանի ծառ կամ մեքենա է տեսել։ Մեդիագործիք-հեռուստացույցով խաղում ենք մաթեմատիկական խաղեր։
Ծեսը և մաթեմատիկան. ծեսերի ժամանակ նույնպես մաթեմատիկական գործունեություն է իրականացվում։ Հացթխիկի ժամանակ հաշվում ենք՝ քանի գունդ ունենք, քանիսը թխեցինք, քանիսը կերանք։ Թթուդրիկի ժամանակ հաշվում ենք՝ որ բաջարեղենից քանի հատ կա, համեմատում ենք շատ-քիչ բանջարեղենները, մեծ-փոքրը, որ գազարն է երկար, որը՝ կարճ։
Տեխնոլոգիա. տեխնոլոգիական գործունեությունը նույնպես օգտագործում ենք որպես մաթեմատիկայի ուսուցման մի մաս, կլինի գունավոր թղթով, պլաստիլինով, տարբեր պիտանի, թե անպիտան իրերով։ Պլաստիլինից պատրաստում ենք շրջանակներ, հաշվում դրանք, գումարում, հանում։
Ինքնաշեն TV. 5 տարեկաններում սեղծեցինք դասարանական TV, որն անվանեցինք ինքնաշեն։ «Ինքնաշեն TV»-ում ստեղծում ենք խաղեր տարբեր իրերից։ Սկզբում ինքնաշեն TV-ում ստեղծվում էին տարբեր զարգացնող խաղեր, որոնք կզարգացնեին սովորողի միտքը, խոսքը, կօգնեին բառուսուցմանը և մաթեմատիկային, սակայն ժամանակի հետ սկսեցինք ստեղծել և ուղղվածությունը տանել մաթեմատիկան զարգացնող խաղերի։ 5 տարեկանների հետ ստեղծում ենք մաթեմատիկական խաղեր և սովորում հենց այդ խաղերի շնորհիվ։ Փետրվարից «Ինքնաշեն TV»-ն դարձավ նաև ընտանեկան նախագիծ։ Խաղն ընտրում են իրենք՝ ինչ խաղ կցանկանան պատրաստել։ Նկարում են տեսաֆիլմ ՝ սկիզբ, ընթացք, ավարտով։ Պատրաստած խաղը սովորողը բերում է դասարան, և ընկերներով խաղում են։
Մաթեմատիկական խնդիրներ. Գունավոր մատիտները մեզ օգնության են հասնում ոչ միայն նկարելիս, այլ նաև հաշվելիս։ Նստում ենք սեղանի շուրջ, և հերթականությամբ սկսում եմ առաջարկել փոքրիկ խնդիրներ, երբեմն սովորողները պատասխանում են բանավոր, բայց երբ դժվարանում են, սկսում ենք օգտվել մատիտներից։ Մաթեմատիկան զարգացնելու և ամրապնդելու համար մեզ նաև օգնության են գալիս ամենամսյա ֆլեշմոբները։ 5-6 տարեկանների հետ մեծ հետաքրքրությամբ քննարկում և լուծում ենք տարբեր ֆլեշմոբյան խնդիրներ, տալիս ենք դրանց հետաքրքիր լուծումներ։ Ֆլեշմոբի խնդիրներ քննարկելիս` լինում է նաև, որ փոխում ենք խնդրի պահանջը՝ այն դարձնելով ավելի մատչելի այդ պահի կիրառման համար։
Paint-երկաչափական պատկեր. հեռուստացույցով դիտում ենք երկրաչափական պատկերներ, սովորում անվանումները ,հաշվում՝ որը քանի անկյուն ունի։ Սովորածը ամրապնդում ենք մեդիագործիքով՝ անընդհատ կրկնելով և նկարելով Paint-ծրագրով ։
Ամփոփում: Որպես մեդիահմուտ 5-6 տարեկանների ղեկավար` կասեմ, որ ծրագիրն արդյունավետ է և հաջողված։ Այսպիսով, եթե փորձեմ մեկ բառով նկարագրել 5 տարեկանների ծրագրով մեկամյա աշխատանքս, այն կանվանեմ «խաղուսուցում»։ Քանի որ մենք խաղալով սովորում ենք բառը, թիվը, հեքիաթը, խաղի ենք վերածում ծեսը և դասը։