«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5-6 տարեկանների խմբում խաղն օրվա անբաժան մասն է կազմում։ Սովորում ենք, երգում, մտածում, մարզվում խաղով։ Խաղի միջոցով ցանկացած նոր բան սովորելը շատ մեծ ուրախություն և հաճույք է պատճառում սաներին։ Խաղի միջոցով նորն իմանալը, բացահայտելը, հարցերի պատասխանները ստանալը ինչպե՞ս կարող է չուրախացնել… Դե հենց դա է չէ՞ «Իմացումի հրճվանքը»։
Մեծահասակները երբեմն թյուրիմացաբար կարծում են, թե խաղը ժամանակի անիմաստ վատնում է, և երեխաներն իրենց ժամանակը պետք է ավելի «կարևոր» բաների վրա ծախսեն։ Իրականում խաղը երեխայի զարգացմանը նպաստող կարևորագույն գործիքներից է։ Խաղի միջոցով երեխաները կիրառում են իրենց իմացածը, սովորում նորը, փորձում, փորձարկում, համոզվում իրենց իմացածի մեջ կամ էլ հասկանում, որ սխալվել էին․․․ Խաղի ընթացքում երեխաները գտնում են խնդիրների լուծումները, մշակում մարտավարություններ, սովորում քննադատորեն մտածել, տրամաբանել, վերլուծել։ Խաղերն առհասարակ սովորելու, զարգանալու հիանալի գործիք են, որոշ խաղերի միջոցով զարգանում է բանավոր խոսքը, այն նպաստում է ստեղծագործական մտածողության ձևավորմանը, որոշ խաղեր օգնում են երեխաներին ավելի համբերատար դառնալ, հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ, սովորեցնում են զիջել, օգնել, աշխատել թիմում, կրել պատասխանատվություն։ Խաղերը նպաստում են ֆիզիկական ակտիվությանը, զարգացնում երեխաների ֆիզիկական կարողությունները, մկանային համակարգը։
Երեխաների զարգացման ընթացքում ականատես ենք լինում տարբեր փուլերի, երբ երեխաները բացահայտում են աշխարհը խաղի միջոցով։ Օրորոցի մեջ նոր-նոր կանգնել սովորող երեխան սկսում է օրորոցից դուրս նետել խաղալիքները, հատակին թափել ջուրը։ Այս պրոցեսը հրճվանք է պատճառում երեխային, քանի որ դրա շնորհիվ երեխան բացահայտում է աշխարհը, դիտարկում է, թե երբ ինչպես է իր նետած իրը հայտնվում հատակին, ինչ ձայն է այն արձակում։ Կոտրվող, ցաք ու ցրիվ լինող իրի դեպքում հրճվանքն էլ ավելի մեծ է․ դիտարկելու ավելի շատ բան կա։ Բա ինչքա՜ն հետաքրքիր է հատակին թափվող ջուրը, ինչպես է այն ծորում կամ հավաքվում մի հատվածում։ Դե իսկ շատ ավելի հետաքրքիր է թաթիկներով, տոտիկներով այդ ջրի մեջ չմփչմփացնելը, հետևելը, թե ինչպես են թրջվում ձեռքերը, ոտքերը, բա հագու՜ստը… Հուսահատված մայրիկները չեն հասկանում, թե ինչ պատիժ է դա, ինչու չի կարող երեխան խելոք մնալ, ինչ պարտադիր է, որ իր չարություններով տանջի մայրիկին։ Դե որովհետև առանց այդ «չարությունների», առանց խաղի երեխան դժվար թե որևէ բան սովորի։ Բա էլ ինչպե՞ս իմանա, թե ինչ կլինի, եթե…
2-6 տարեկանները իրենց գիտելիքների մեծ մասը հիմնականում ստանում են կա՛մ դիտարկման, կա՛մ խաղի միջոցով։ Այս տարիքում հատկապես կարևոր է ճիշտ ուղղորդել երեխաներին, օգնել և ամենակարևորը՝ չխանգարել։ Պարտեզներում երեխաների ուսուցումը պիտի կազմակերպվի տարատեսակ խաղերի միջոցով։ Խաղը ոչ թե խանգարող, այլ օգնող գործիք է մեծահասակի ձեռքին` սաներին նոր գիտելիքներ փոխանցելու գործում։
Ստորև ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված խաղերի շարքը։

Ջրափոսից` ստվերախաղ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամենահասարակ ջրափոսերը կարող են վերածվել իրական խաղի, որի միջոցով սաները կուսումնասիրեն իրենց և ընկերների ստվերները և մի իսկական հրճվանք կապրեն դրանց մեջ խաղալով։

Գույները սովորեցնող խաղեր
Հատակին փակցնում ենք գունավոր թղթեր, սաներից մեկը մոտենում է թղթերին, դաստիարակը կամ մեկ ուրիշ սան ասում է որևէ գույնի անվանում, մյուսները սկսում են հաշվել մինչև երեքը, այդ ընթացքում թղթերի մոտ կանգնած սանը պիտի կանգնի նշված գույնի թղթի վրա։

Տվյալ խաղի միջոցով սովորում ենք, թե տարբեր գույները իրար խառնելիս ինչ գույն կստացվի։
Վերցնում ենք վրձիններ ու գույնզգույն գուաշներ, սաները հերթով մոտենում են գուաշներին, մի ափը ներկում են մի գույնով, մյուս ափը՝ մեկ այլ գույնով, ապա ափերը շփում են իրար և նայում, թե ինչ գույն ստացվեց։

Մաթեմատիկական խաղ
Վերցնում ենք թուղթ, մատիտներ և թղթե բաժակներ։ Բաժակի օգնությամբ թղթի վրա շրջաններ ենք գծում, որոնց մեջ գրում ենք մաթեմատիկական տարբեր հավասարումներ, օրինակ` 2+3, 4+4, 7+3 և այլն։ Թղթե բաժակների հակառակ կողմում գրում ենք հավասարումների պատասխանները, ապա սահմանում ժամանակ, որի ընթացքում սանը պետք է բաժակները ճիշտ տեղերում դասավորի։

Բառուսուցմանը նպաստող խաղ
Վերցնում ենք գունավոր թղթեր, մկրատ, մատիտներ, հյութ խմելու ձող։ Թղթի վրա գծում ենք շրջաններ, կտրատում դրանք, ապա յուրաքանչյուր շրջանի վրա որևէ տառ գրում։ Թղթերը շարում ենք սեղանի վրա, ապա բերանում պահելով ձողը՝ փորձում թղթերը ձողի միջոցով վերև քաշելով դասավորել այնպես, որ որևէ բառ ստացվի։

Մանր մոտորիկան զագացնող խաղեր

Վերցնում ենք հատիկեղեն, լցնում խորը տարայի մեջ: Հատիկեղենով լի տարայում թաքցնում ենք տարբեր մանր իրեր, տալիս երեխային, որ գտի թաքցրած իրերը։

Հատիկեղենով մեկ այլ խաղ։ Վերցնում ենք ստվարաթղթե տուփ, լոբի, մատիտներ։ Ստվարաթղթե տուփի վրա նկարում որևէ կենդանու գլուխ, բերանի հատվածում փոքրիկ անցք բացում: Երեխան, լոբիներն այդ անցքից տուփի մեջ գցելով, պիտի «կերակրի» կենդանուն։

Զարգացնելով մանր մոտորիկան՝ ծանոթանում ենք մրգերին, բանջարեղենին: Այս խաղի համար անհրաժեշտ է կտոր՝ աչքերը կապելու համար, միրգ, բանջարեղեն, խոշորացույց: Նախ կապում ենք սաներից մեկի աչքերը, ապա տալիս ենք տարբեր մրգեր, բանջարեղեն, որոնք շոշափելով սանը պիտի փորձի գուշակել, թե ինչ միրգ կամ բանջարեղեն է իր ձեռքում: Ապա արդեն բաց աչքերով հանում ենք սերմերը և խոշորացույցով սկսում ուսումնասիրել:

Գոլորշիանկարչություն

Լոգարանի հայելու, մեքենայի ապակու վրա նկարել սիրում են բոլորը։ Ձմռանը խմբասենյակի պատուհաններին առաջացող գոլորշու վրա նկարելը ևս կարող է նորը սովորելու հիանալի տարբերակ լինել, որի ընթացքում սաները կարող են սովորել, թե ինչպես է գոլորշին առաջանում, ինչու է նկարելիս վերածվում ջրի։ Գոլորշիանկարչությունը կարելի է կիրառել նաև բառուսուցման շրջանում` ապակու վրա նկարելով ծանոթ բառերը։

Նեյրոռիթմիկ խաղեր
Մեծ դեր և նշանակություն ունեն նաև նեյրոռիթմիկ խաղերը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Պարտեզ» ամսագրում կարելի է գտնել նմանատիպ բազմաթիվ խաղեր, շատ ու շատ հնարքներ, թե ինչպես է հնարավոր ամեն ինչ խաղի վերածել և յուրաքանչյուր խաղից որևէ բան սովորել։
Կրթահամալիրը նաև իրականացնում է մասնագիտական զարգացման ամենշաբաթյա սեմինարներ դաստիարակների համար, որոնց ընթացքում սովորած հնարքները, խաղերը արդեն խմբում խաղում են սաների հետ։

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5 տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով