Մեկ տարի է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում՝ որպես ուսուցչի օգնական։ Մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը։ Հոդվածում կներկայացնեմ իմ գործունեությունը, կխոսեմ նախագծային ուսուցման մասին։
Ուսումնական նախագիծն իրական կյանքում հանդիպող մի խնդրի (հիմնահարցի) ձևակերպումն է, որի լուծումն իրականանում է անհատական, խմբային, համագործակցային հետազոտական գործունեությամբ։ Կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է հեղինակային նախագծերի տեսքով, որոնց հեղինակները հենց մանկավարժներն են։ 5-6 տարեկանների խմբում նախագծային ուսուցումն իրականացվում է տարբեր բնագավառներում։
Տեխնոլոգիական նախագծային ուսուցումը սովորողներին ստեղծագործելու, երևակայելու հնարավորություն է տալիս։ Ես իմ գործունեության ընթացքում հաճախ եմ իրականացնում տեխնոլոգիական նախագծեր, որոնց նպատակն է սովորողներին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ, զարգացնել սովորողի ստեղծագործական միտքը, երևակայությունը։ Նախագծի ընթացքում սովորողները ուսումնասիրում, ծանոթանում են այն նյութերին, որոնցով պետք է աշխատեն։ Ունենում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և, ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում են աշխատանքը՝ մինչ վերջնական արդյունքի հասնելը։ Հաճախ եմ լսում այսպիսի արտահայտություններ, օրինակ՝ մայրիկս չի թողնում մկրատով աշխատել, մայրիկս ասում է,որ թուղթը թեք եմ կտրել, գեղեցիկ պատկեր չի ստացվի, սոսնձով չի կարելի տանը աշխատել, քանի որ ամբողջ տունը սոսինձ կլինի․ այս արտահայտությունների շարքը կարելի է անվերջ թվել։Բայց չէ՞ որ սաներին պետք է հնարավորություն տալ ստեղծագործելու, ինքնուրույն կառուցելու, ոգևորվելու ստացված պատկերով։ Օրեր առաջ ծաղիկներ էինք պատրաստում մայրիկների համար, և Վիկան ասաց․
—Ընկե՛ր Սիլվա, սիրում եմ, երբ այստեղ մկրատով աշխատում ենք։
—Ինչո՞ւ, Վիկա՛ ջան։
—Մայրիկս ասում է, որ դեռ փոքրիկ եմ և մկրատով աշխատելիս կարող եմ ինձ վնասել, բայց արդեն մեծ եմ է՜ ։
— Վիկա՛ ջան, իհարկե մայրիկդ ճիշտ է և պետք է լսել մայրիկին, քանի որ նա մտածում է, որ հանակած չվնասես քեզ, բայց երբ տեսնի քո պատրաստած ծաղիկը, շա՜տ կհպարտանա և կուրախանա քո կատարած աշխատանքով։ Կտեսնի, որ մեծացել ես և այստեղ սովորել ես մկրատով ինքնուրույն աշխատել։
Կրթահամալիրում սաները լիովին ազատ են իրենց զգացմունքների, ցանկությունների, երևակայությունների արտահայտման մեջ։ Մենք չենք պարտադրում սանին ներգրավվել գործունեության մեջ, այլ այնպես ենք անում, որպեսզի նա հետաքրքրությամբ գա և միանա մեզ։ Մի անգամ Ալեքսն ինձ ասաց․
—Ընկե՛ր Սիլվա, ես չեմ ուզում աշխատել, քանի որ թուղթ կտրելուց և սոսնձելուց հոգնել եմ։
—Լավ, Ալե՛քս ջան, մենք սկսում ենք աշխատել, երբ կցանկանաս միացիր մեզ։
Ալեքսը, տեսնելով ընկերոջ աշխատանքը, ոգևորված և սիրով սկսեց աշխատել, քիչ-քիչ ներգրավվեց գործունեության մեջ և ստացավ ընկերոջ պատրաստած պատկերը, բայց իր ցանկացած գույներով։
Այսպիսի ոգևորությամբ իրականացնում ենք նաև մարզական նախագծեր։ Մարզական նախագծի նպատակն է խաղերի միջոցով զարգացնել սաների մարզական հմտությունները, զարգացնել մրցակցային և համագործակցային կարողությունները, մտքի ճկունությունը, ուշադրությունը, ձևավորել ճիշտ կողմնորոշվելու հմտություններ։ Նախակրթարանում մարզական խաղերն իրականացվում են ռոդարիական սկզբունքով, որը մեծ դերն ունի սաների ֆիզիկական զարգացման հարցում։ 5-6 տարեկանների խմբում հաճախ եմ իրականցնում մարզական նախագծեր։ Երբեմն սաներն իրենք են որոշում խաղերի ընթացքը։ Եվ դա էլ ավելի մեծ ոգևորություն է առաջացնում։ Երբեմն հանդիպում եմ այնպիսի խնդիրների, երբ սաները չեն համագործակցում միմյանց հետ, զույգերով չեն ցանկանում աշխատել, և դա խանգարում է խաղի ընթացքին, խոչընդոտում է ընկերասիրության ձևավորմանը։ Ուսուցիչը, որն ընկերն է սովորողի, պետք է միշտ լինի խաղի մասնակիցը։
Մարզական խաղերից են՝ ցատկեր,քայլք ոտնաթաթերի վրա, գլուխկոնծիներ, անցում օղակների միջով, անցում բուլավաների արանքով և օղակի միջով․ այսպես կարելի է անվերջ թվել։ Շարժախաղերը նպաստում են երեխաների վազելու, ցատկելու, նետելու կարողությունների ամրապնդմանը, արագաշարժությանը, տարածության մեջ կողմնորոշվելուն։ Սաները մարզական պարապմունքներին պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները:
Ուսումնական ագարակ այցելությունները ևս նախագծային աշխատանք են։ Այդ նախագծի շնորհիվ սաները դրսևորում են հոգատար վերաբերմունք կենդանիների, թռչունների նկատմամբ, հաղթահարում են վախերը կենդանիների հանդեպ։ Սկզբում քայլքով գնում ենք ագարակ, շրջում ենք, այնուհետև խնամում ենք կենդանիներին, թռչուններին, ձիերին և ձիավարում ենք։ Ձիավարությունը մեծ հրճվանք է պատճառում սաներին, մեծ ոգևորությամբ բարձրանում են ձիուկի վրա և վարգում։
Ուսումնական ագարակում իրականացրել ենք նաև «Լավաշթխիկի ծես» նախագիծը։ Միասին խմոր պատրաստեցինք, ալրոտվեցինք, խաղացինք, թոնրից հանած հացով փոքրի բրդուճներ պատրաստեցինք և համտեսեցինք հրաշք լավաշը։
Լավաշթխիկի ծեսի ժամանակ Նանեն առանձնացել և տխուր նստած էր։ Մոտեցա Նանեին․
—Ի՞նչ է պատահել, Նանե ջան, ինչո՞ւ ես տխուր։
—Ընկեր Սիլվա, մայրիկս չի թողնում խաղալ ալյուրով, խմոր պատրաստել, ասում է, որ հագուստս կկեղտոտվի, բայց ես շատ եմ սիրում պատրաստել, ալյուրով խաղալ։
—Նանե ջան, ես խոստանում եմ, որ միասին կմաքրենք հագուտդ, դու լրիվ մաքուր կգնաս տուն և մայրիկդ չի բարկանա։
Նանեն այնպես ուրախացավ, այնպես ուրախացավ, որ ուրախությանը չափ ու սահման չկար ։ Ամբողջ ընթացքում հրճվանքվ և՛ խաղաց, և՛ պատրաստեց, ու միասին նշեցինք լավաշթխիկի ծեսը։
Կրթահամալիրը հնարավորություն է տալիս սաներին ընդգրկվելու ցանկացած ուսումնական գործունեության մեջ։ Սա այն հարթակն է, որտեղ սաներն ազատ արտահայտում են իրենց զգացմունքները, ցանկությունները, երևակայությունը։