Ինքնակրթությունը, դրա սովորույթը ձեռք բերելու հմտությունը սովորողի համար կրթությունն անհատական ուղեգծով շարունակելու լավագույն հնարավորությունն է։
Ես՝ որպես ուսուցիչ, իմ փորձով գիտեմ, որ յուրաքանչյուր սովորող հենց այդ ճանապարհը պիտի գտնի, որ հենց դա է իր բացառիկությունն ու յուրահատկությունը դրսևորելու միջոցը, այս փոփոխվող աշխարհում ապրելու իրավունքի հաստատման իր հնարավորությունը։
Անհատին ուղղված կրթական պատվերի իրականացումն ու դրա կազմակերպումը կարևոր եմ համարում։
Հենց այս մոտեցումներն են ընկած «Իմ հերոսը» կամ «Ազդեցիկը» նախագծի հիմքում։
Այս նախագիծը կարևոր է նրանով, որ քննարկման հնարավորություն է ստեղծում․ սովորողներն իրենք են ձևակերպում իրենց աշխատանքը՝ առաջնորդվելով որոշակի՝ առաջարկված սկզբունքներով։
Նախագիծը հետաքրքիր է նրանով, որ կարող է անցնել տարբեր փուլեր՝ յուրաքանչյուր անգամ կոնկրետ ու նորություն բերող հարցադրումներով։ Կազմման և աշխատանքի ձևաչափն այնպիսին է, որ սովորողներին ազատություն է տալիս և՛ զարգացման աշխատանքի ուղղություններով, և՛ ինքնադրսևորման, սեփական առաջարկը ներկայացնելու առումով։ Այս նախագիծը կարևոր է, որ նախագծի իրականացման տարբեր փուլերում թիրախային թեման տարբեր է լինում՝ թույլ տալով անդրադառնալ տարբեր թեմաների, ոլորտների, ժամանակաշրջանների։
Նախագծի ձևակերպումն արդեն ուսումնական աշխատանք է, քանի որ կազմվում է սովորողների ներառմամբ՝ նրանց հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով անհատ սովորողների առաջարկները, հետաքրքրությունները։ Սա արդեն իսկ հետաքրքիր ուսումնական աշխատանք է, որովհետև, մինչև առաջարկները հստակեցնելը, քննարկում ենք, բանավիճում․ առաջարկը ներկայացվում է արդեն հիմնավորված։
Նախագիծը լեզվական, մշակութային-գրական աշխատանքի, դրանց համակցման հնարավորություն է տալիս։ Լեզվական աշխատանքը դառնում է իրական գործունեություն-ուսումնասիրություն՝ լուծում կոնկրետ խնդիրներ, սովորեցնում աշխատել տարբեր նյութերի հետ։
Թարգմանական-փոխադրական աշխատանքը դառնում է կոնկրետ ու շոշափելի լեզվական աշխատանք։ Սովորողն ուսումնասիրում է տարբեր աղբյուրներ, համադրում նյութերը, եզրակացություն անում։ Փորձում իր աշխատանքը հետաքրքիր ներկայացնել։
Այս նախագիծն արդիական է, քանզի կա կապ իրականության հետ․ յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է նաև այդ կապը, համեմատում, զուգահեռներ անցկացնում իր հետ, իր ապրած ժամանակաշրջանի։ Սա շատ կարևոր կետ է․ այսպիսով, ուսումնասիրվող նյութը կապվում է կոնկրետ մարդու, նրա խնդիրների հետ։ Ժամանակակիցն ու անցյալը զուգորդվում են, առաջ են գալիս տարբեր զուգահեռներ, ժամանակաշրջանն ու դրա հրամայականը վերլուծելու ազդակներ։ Ցանկացած նյութ, ուսումնասիրություն մարդն իր միջով է անցկացնում՝ բերելով իր առօրյա, իր լեզվաբանական, մշակութաբանական համակարգ։
Նախագծային փուլերն ունենում են բանավոր ներկայացման պարտադիր փուլ, որի ընթացքում սովորողները զարգացրել են իրենց խոսքը, լսարանի հետ աշխատելու հմտությունները, հետո քննարկում ենք ներկայացումներն, աշխատում սխալների վրա։ Սա ևս կարևոր փուլ է, որովհետև սովորողները աշխատում են ընկերների համար հետաքրքիր ներկայացման ձև ընտրել, համագործակցել, ներառել հարցումների, խաղերի, ինտերակտիվ թեստերի միջոցով։ Այդ ընթացքում տեսանելի են դառնում իրենց արածի թերությունները, զարգանում է բանավոր խոսքն, ու հաջորդ փուլում աշխատում ենք մի քայլ առաջ գնալ՝ կոնկրետ հմտություններ զարգացնել։
Կարևոր աշխատանք է այն առումով, որ սովորողն աշխատում է իր խոսքի վրա, հասկանում-տեսնում, որ անգիր արված տեքստը լսելի չի, որ լսարանն՝ այս դեպքում իր ընկերները, չեն լսում, չեն աշխատում։ Աշխատում է կենդանի խոսքի վրա, կիրառում լսարանի հետ աշխատելու գործիքները։
Նախագծի նման կազմակերպումը հնարավորություն չի տալիս սովորողներին պատճենելու, որովհետև աշխատանքը ենթադրում է տեքստի հետ կոնկրետ աշխատանք, տեքստի մշակում ու փաստերի համադրում։ Նախագծի ձևակերպումներն այնպիսին են, որ ենթադրում են հիմնավորում, սեփական կարծիք, ինքնուրույն մոտեցում։
Բանավոր ներկայացման փուլը նույնպես նպաստում է, որ խնդիրները վեր հանվեն։
Պարզ է, որ նման նախագիծ ղեկավարելը ուսուցչի համար լրացուցիչ լարում է ստեղծում․ դժվար է 27 սովորողի հետ անհատապես աշխատելը, բոլորին բավարար ուշադրություն դարձնելը։ Այս խնդիրը լուծվում է խմբային քննարկումների, հեռավար աշխատանքի միջոցով։ Որպես դրական զարգացում՝ նշեմ սովորող-սովորեցնող բաղադրիչի կիրառումը․ սավորողները սկսել են օգնել իրար, միմյանց խորհուրդներ տալ ու նյութեր ուղարկել։ Աշխատանքի մի հատված էլ (բավական տարողունակ հատված), մնում է տանը. հեռավար ենք աշխատում։
Աշխատանքի ընթացքում ամենաբարդըն ու դժվարը թեմայի ընտրությունն է, սովորողները շատ երկար են ընտրում, կողմնորոշվում։ Դժվար են սեփական կարծիք արտահայտում։ Հենց այդ հմտությունների զարգացման վրա էլ աշխատում ենք։
Այս նախագիծը մի քանի փուլով լեզվական կարևոր աշխատանք է ենթադրում։
Աշխատանքի ընթացքում սովորողները ոգևորվում են, քանի որ ընտրել-առաջարկելու հնարավորություն ունեն։
Նախագիծը շարունակական է։
Մի փուլի արդյունքներից՝
- Իրինա Գյուրջինյան, Լուի Ուեյն. Նկարիչ, ով փոխեց մեր կարծիքը կատուների մասին
- Ալիսա Հակոբյան, Իմ հերոսը Ռեյ Բրեդբերին է
- Մանե Հովհաննիսյան, Թումանյանը միշտ արդի հերոս
- Էրիկ Հարությունյան, Մերօրյա հերոս Յութուբը
- Մերի Կարապետյան, Իմ հերոսն Իլոն Մասկն է
- Մարիա Թամրազյան, Իմ հերոսը «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպն է
- Անահիտ Ալեքսանյան, Աննա Ֆրանկ
- Էլեոնոր Պետրոսյան, Իմ հերոսը բժիշկ է
- Դավիթ Մուրադյան, Իմ հերոսը Ստեփան Դեմիրճյանն է
- Քեթրին Բուդաղյան, Ազդեցիկն իմ ընտանիքում
Իմ հերոսն՝ իմ ընտանիքում՝
- Հասմիկ Վարդերեսյան, Իմ հերոսն իմ մայրն է
- Դավիթ Մուրադյան, Իմ հերոսն իմ պապիկն է
- Մերի Կարապետյան, Իմ հերոսը երևի հայրս է