Հեղինակային ծրագրի՝ Ավագ դպրոցում ուսուցման կազմակերպումը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Ավագ  դպրոցը (այսուհետ՝ դպրոց) կրթահամալիրի մասնաճյուղ է:

Ավագ դպրոցում ուսմնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի

Ուսուցումը կազմակերպվում է խմբով`

  • դասարան (20-25 սովորող)
  • սովորողների ընտրությամբ դասընթացի խումբ (8-15 սովորող)
  • սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ (նվազագույն քանակը՝ 8)
  • երգչախումբ
  • ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ և անհատական:

Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:

Ուսուցումը կազմակերպվում է անհատական թվային միջոցների կիրառմամբ՝ սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով:

Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի  վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

Կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով։ Ավագ դպրոցում ընդունելությունը շուրջտարյա է և կազմակերպում է «Մուտք կրթահամալիր» ճամբարով։

Ավագ դպրոցի սովորողների մոտ կրթական աստիճանի ավարտին ձևավորվում են վերջնարդյունքներ, որոնք ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։ Ուսումնական պլան բաժնում կտեսնեք, որ բոլոր բնագավառներում ուսումնական գործընթացի կամակերպումը ուղղված է հենց այդ 8 կարողունակությունների ձևավորմանը։

Անհատական պլանով ուսուցում

Սոցիումի պահանջներից ելնելով՝ ուսումնական  հաստատության խնդիրն է դառնում բացահայտել սովորողների ներուժը, տալ բազմակողմանի հնարավորություններ դրսևորվելու, նախասիրությունները զարգացնելու, մասնագիտական կողմորոշում ստանալու: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում անհատի պահանջն արտացոլվում է նրա ուսումնական պլանի անհատականացման մեջ։

Ավագ դպրոցի սովորողը կազմում է իր անհատական պլանը, որի հիման վրա կազմվում է անհատական դասացուցակը։

Անհատական պլանն ունի հետևյալ բաղադրիչները՝

  • ընդհանուր բաղադրիչ (22 ժամ)
  • սովորողի ընտրությամբ բաղադրիչ (9-րդ դասարանում՝ 4 ժամ, 10-11-րդ դասարանում՝ 8-12, 12-րդ դասարանում՝ 4-8 ժամ)
  • լրացուցիչ կրթություն։

Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են դպրոցի կաբինետներում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում։

Անհատական պլան կազմելիս Ավագ դպրոցի սովորողն ընտրում է՝

  • դասընթացի ժամաքանակ
  • ընտրությամբ դասընթաց, գործունեություն
  • մարզական ակումբ
  • հետազոտական աշխատանքի թեմա, ղեկավար
  • ուսուցիչ
  • ռազմամարզական ճամբարի (որպես ՆԶՊ-ի այլընտրանք) հերթափոխ, ջոկատ։

Սովորողի անհատական պլանի կազմակերպումը ներկայացնեմ ՀՊՉ բնագավառների հիման վրա։

Հայոց լեզու և գրականություն

Նշված բնագավառի դասավանդողին սովորողն ընտրում է ներկայացված ծրագրի և նախագծերի հիման վրա։ Հայոց լեզու և գրականություն բնագավառի դասընթացները կազմակերպվում են կրթահամալիրի, դպրոցի օրացույցով։ Սովորողները իրենց ստացած գիտելիքները ներկայացնում են ընթերցումներով, թարգմանական նախագծերով, բանավեճ-քններկումներով, ստեղծագործական աշխատանքներով։ Ստեղծում են ռադիոթատրոններ, տեսահոլովակներ։ Կարևոր է, որ առարկայական ծրագիրը սովորողին լայն հնարավորություն է ընձեռում ծանոթ լինելու ինչպես հայ դասականներին, այնպես էլ ժամանակակիցներին։ Ընթերցում են արտասահմանյան գրականություն։ Եվ հենց ժամանակակիցների հետ հանդիպում- քննարկումների արդյունքում էլ սովորողները կարողանում են իրենց դիրքորոշումը ներկայացնել ընթերցածի շուրջ։ Սովորողները կարողանում են սեփական մտքերն արտահայտել, ստեղծագործել, դիրքորոշում հայտնել, այցելել գրողների ծննդավայր, թանգարաններ, որի արդյունքում ձևավորվում է հուզական-պատկերավոր մտածողությունը, աշխարհաճանաչողությունը, քննադատական մտածողությունը։

Օտար լեզուներ

Այս բնագավառը կրթահամալիրի Ավագ դպրոցում ունի լայն տարածում և կիրառություն։

9-րդ դասարանում սովորողը պարտադիր ընդհանուր բաղկացուցիչի դասընթացների ցանկում կարող է, ռուսերենի հետ զուգահեռ, ընտրել որևէ այլ լեզու առաջարկվող ցանկից[1], ինչպես նաև ընտրությամբ գործունեության բաղադրիչից 2 կամ 4 ժամանոց լեզվական գործունեության նախագիծ՝ առաջարկվող ցանկից։

10-12-րդ դասարանում սովորողը ընդհանուր բաղկացուցիչում կարող է ընտրել 4 կամ 6 ժամանոց օտար լեզվի դասընթաց[2]։ Ընտրությամբ դասընթացներից սովորողը կարող է ընտրել մեկ 4 ժամանոց օտար լեզվի դասընթաց առաջարկվող ցանկից։

Օտար լեզվի բնագավառի դասընթացները կազմակերպվում են նախագծերով,որոնք ուղղված են սովորողների լեզվամտածողությանը, ազատ հաղորդակցվելուն։ Կրթական փոխանակումների նախագծերի միջոցով սովորողները ստանում են լեզվի փորձառություն՝ շփվելով լեզվակիրների հետ, ճանաչում են տվյալ երկրի մշակույթը, խոհանոցը, քաղաքական բևեռները։

Կրթահամալիրը բազմամյա կրթական փոխանակումների փորձ ունի հարևան Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ։ Տարածաշրջանային լեզուների ուսուցումը նաև հասարակագիտական բաղադրիչ ունի։ Եվրոպական լեզուների ուսուցումն էլ փորձառություն է ստանում՝ Ֆրանսիայում, Իտալիայում փառատոնային, ուխտագնացությունների, ճանաչողական ճամփորդությունների միջոցով։ Կրթական կապեր են ստեղծվում դեսպանությունների, դպրոցների, ոչ կառավարական կառույցների հետ, ինչը լեզվի ուսուցման գործընթացում շատ արդյունավետ է գործոն է։

Կարևոր է նաև ուսումնական պարապմունքները լեզվակիր մասանգետների հետ, որը օտար լեզվի ուսուցման լավ մեթոդ է։ Ինչպես նաև այլալեզու հյուրերի հետ հանդիպումները, ինչի միջոցով սովորողները կարողանում են կենդանի շփվել՝ զարգացնելով հաղորդակցման հմտություններ։

Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա

ԲՏՃՄ բնագավառի ամենալայն փորձը թերևս կրկին կրթահամալիրում է և Ավագ դպրոցում մասնավորապես։

Բնագիտություն

9-12-րդ դասարանի ուսումնական պլաններում բնագիտությունը ներկայացված է հետևյալ դասընթացներով՝

  • 9-րդ դասարան՝ աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա
  • 10-11-րդ դասարաններում՝ Էկոլոգիա և բնագիտություն ինտեգրացված դասընթաց և 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրության բաղկացուցիչով՝ աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա։

Դասընթացները կազմակերպվում են բացառապես փորձի հիման վրա։ Նախագծերի արդյունքները ներկայացվում են «Հակոբ Հակոբյան» բնագիտատեխնիկական ստուգատեսին։ Փորձարարական, նախագծային բնագիտությունը սովորողների մոտ զարգացնում է նյութի հետ աշխատելու և լուծումը վերհանելու հմտություններ, տրամաբանությունն է զարգացնում։ Սովորողները լաբորատոր փորձեր են անում նաև ԵՊՀ բնագիտական ֆակուլտենտների, այլ մասնավոր կազմակերպությունների լաբորատորիաներում։ Ստեղծում են փոձերի փաթեթներ, որոնք դառնում են ուսումնական նյութ։

Տեխնոլոգիական

Տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես ամենօրյա դասընթացների ժամանակ, այնպես էլ որպես սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ՝ 4 ժամանոց դասընթացներ ինժեներատեխնիկական և տեղեկատվական հմտություններ։

Բոլոր դասընթացների ժամանակ կիրառվում են ՏՏ գործիքներ, որոնց շնոհիվ սովորողները տիրապետում են մեդիային։ Իսկ ընտրությամբ դասընթացները ուղղված են արդեն սովորողների մասնագիտական կողմնորոշմանը։ Նաև շատ կարևոր է, որ Ավագ դպրոցի սովորողները իրենց սովորածը փոխանցում են կրտսեր տարիքի սովորողներին՝ սովորող-սովորեցնող նախագծով։

Տեխնոլոգիա դասընթացի բաղադրիչներից է գինեգործությունը։ Գինու գործող լաբորատորիայում սովորողները մասնակից են դառնում գինու ստեղծման գործընթացին՝ մթերումից մինչև շշալցում և պիտակավորում։ Դասընթացները կազմակերպվում են կրթահամալիրի Քոլեջում, որտեղ իրականացվում է մասնագիտական կրթություն, և սովորողները այդ դասընթացի միջոցով կարող են մասնագիտական կողմնորոշում ձևավորեն։

Մաթեմատիկա

9-րդ դասարանում  սովորողն ուսումնասիրում է մաթեմատիկա, իսկ 10-12-րդ դասարանում ընտրում է մաթեմատիկա և ինֆորմատիկա շաբաթական 2 կամ 6 ժամանոց դասընթացներից մեկը։ Այստեղ էլ սովորողին տրված է հնարավորություն ընտրելու դասընթացի ժամաքանակ՝ կախված իր մասնագիտական կողմնորոշումից։

 Հասարակություն, հասարակական գիտություններ

Այս բնագավառի դասընթացներն են՝ պատմություն, հասարակագիտություն՝ իրավունք, քաղաքագիտություն։  Բնագավառն ինքնին ծրագրի թելադրողն է դառնում և սովորողները բացի առարկայական ծրագրից նաև իրականացնում են ամենատարբեր նախագծեր, հետազոտություններ, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, այցելություններ ՀՀ Կառավարություն, ԱԺ, նախարարություններ, ոչ պետական կառույցներ։ Դասընթացի շրջանակում սովորողների մոտ ձևավորվում է դիրքորոշում, արժեքային համակարգ ուսումանսիրվող թեմաների մասին։ Ինչպես նաև որպես ՀՀ քաղաքացիներ կարողանում են բարձրաձայնել հասարակական հնչեղության հարցեր, մասնակցում են հանրային քննարկումների։

Արվեստ և արհեստ

Բնագավառն Ավագ դպրոցում ներկայացված է արվեստ հանրակրթական դասընթացից և սովորողի ընտրությամբ դասընթացներից, որոնք սովորողն ընտրում է առաջարկվող ցանկից[3]։

Արվեստ առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական մոդուլներով:

Այս բնագավառում որպես հեղինակային փորձ ուզում եմ ներկայացնել առավոտյան ընդհանուր պարապմունքները, ուսումնական ժամերգությունները և ուրբաթ-համերգները։ Այստեղ համատեղ և բազմակողմանի աշխատանք է տարվում։Այդ մասին կարող եք կարդալ հոդվածում։

Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն

«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմամարզական խաղերը, սահմանված կարգով ռազմամարզական ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են՝

  • նետաձգություն
  • սուսերամարտ
  •  մարմնամարզություն
  •  ֆուտբոլ
  • բասկետբոլ
  • վոլեյբոլ
  • ձեռքի գնդակ
  • սեղանի թենիս
  • հրաձգություն
  • ձյուդո:

 Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ:

Սովորողի անհատական պլանի բաղադրիչ է նաև պետական ՆԶՊ դասընթացի այլընտրանքը՝ ռազմամարզական ճամբարը (9-րդ դասարաններում՝ 5 օր, 10-11-րդ՝ 10 օր)։ Ճամբարները կազմակերպվում են երկու փուլով՝ երևանյան (դաշտային) և արտագնա (քառօրյա բանակումներով Արատես դպրական կենտրոնի ռազմամարզական գոտում)։ Ճամբարի մասնակցությունը ստանում է էլեկտրոնային գրանցում։ Սովորողների ձեռքբերած ցուցանիշների հիման վրա կատարվում է գնահատում։

Առարկայական ծրագրերի, նախագծերի կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք ստանում են էլեկտրոնային գրանցում։

Ուսումնական պլանի պարտադիր մաս է կազմում նաև հետազոտական նախագիծը։

Հետազոտական նախագիծն Ավագ դպրոցում

Հետազոտական աշխատանքը (կարող եք կարդալ հոդվածը) կատարելիս սովորողները ոչ միայն  կարողունակություններ են ձեռք բերում, այլ նաև այն օտար լեզուն, տեղեկատվական տեխնոլոգիաները  կիրառելու, սովորելու մեծ խթան է հանդիսանում։

Հետազոտական աշխատանքի բովանդակությունը ուղղված է ինչպես ուսումնական պլանով որոշված ընդհանուր բաղադրիչի դասընթացների, այնպես էլ սովորողի ընտրությամբ բաղադրիչի ծրագրին։

Դասավանդողները յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հրապարակում են հետազոտական աշխատանքների թեմաները, ուղղությունները։ Նախագծային ուսուցման շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 1-10-ը, Ավագ դպրոցի բոլոր սովորողներին ներկայացվում են թեմաների ուղղությունները, բովանդակային պահանջները, այլն։

Սովորողները իրենց ղեկավարի հետ աշխատում են ինչպես ֆիզիկական միջավայրում, այնպես էլ՝ առցանց։ Աշխատանքն ունի հետևյալ կառուցվածքը՝

  • տիտղոսաթերթ
  • բովանդակություն
  • ներածություն
  • թեմայի արդիականություն
  • գլուխներ
  • եզրակացություն
  • օգտագործված գրականության ցանկ։

Աշխատանքը կատարելու ընթացքում սովորողները կատարում են ուսումնասիրություններ, օգտագործում են համացանցային աղբյուրներ, կարդում են գրքեր, անում հարցազրույցներ, հարցումներ։

Հետազոտական աշխատանքն նաև ունի գրախոս։ Կարևոր է, որ սովորողն իր ղեկավարի հետ գտնում է ոլորտի մասնագետներ՝ գիտնականներ, ասպիրանտներ, գրականագետներ, ովքեր կարդում են աշխատանքը և գրախոսում։

Հետազոտական աշխատանքի հաջորդ փուլը հանրային պաշտպանությունն է։ Սովորողները լսարանում մասնագետների, ընկերների, ծնողների ներկայությամբ ներկայացնում են իրենց աշխատանքը։

Սովորողները ձեռք են բերում խոսքի մշակույթ, հաղորդակցվելու, գրածի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հմտություններ, նյութի վերաբերյալ գիտելիք, հետազոտելու, հարցումներ անելու կարողություններ։ Հետազոտական աշխատանք կատարելիս ճանաչում են, արժևորում են, վերլուծում են, ստեղծագործում են, թարգմանում են, կողմնորոշվում են և ի վերջո քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու որակներ են ձեռք բերում։


[1] անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն

[2] Oտար լեզուներից` անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն, սովորողն ընտրում է մեկը՝ շաբաթական 4 կամ 6 ժամանոց դասընթաց:

[3] լուսանկարչություն, օպերատորական գործ, ռեժիսուրա և բեմական գործ, սոլֆեջիո, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով