Ինձ համար երկու տարիների կրթահամալիրյան աշխատանքի ընթացքում առանձնացան 2020-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսները, երբ պետք է աշխատեինք սովորողների, ինչպես նաև ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: Դարձա ուսուցիչ և խորհրդատու. ինքս ինձ անընդհատ վերլուծում էի՝ ինչը հաջողվեց, ինչը փոխեմ, որ ուղղությամբ առաջ գնամ շաբաթ-շաբաթ։ Լավ է, անհաղթահարելի դժվարության չբախվեցի, միայն ժամանակը չէի զգում. ինչքա՜ն արագ էր անցնում հեռավար ուսուցման ընթացքում, ակնթարթի պես:
Հեռավար, առցանց աշխատանքի մարտի 2-ից 6-ի շաբաթը սկսեցինք «Սերմնացան» ուսումնական նախագծով։ Սովորողներից յուրաքանչյուրն իր ցանկությամբ սերմն ընտրում էր և սերմնացան էր իրականացնում. նախագծի ամփոփումը: Զուգահեռ «Բույսերի ուսումնասիրում» նախագիծն էր, որի ընթացքում սովորողները բույսերի մասին տեղեկություններ են հավաքում. արդյունքը՝ այստեղ:
Առցանց ուսուցման հաջորդ՝ մարտի 16-ից 20-ի ընթացքում շարունակեցինք իրականացնել «Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ» նախագիծը: Այդ նախագծի ընթացքում սովորողները հաճույքով աշխատում էին իրենց բակերում, այգիներում, գարնանային աշխատանքների փաթեթ ներկայացնում, հարզազրույց վարում տատիկից բույսերի մասին, մեկը հարցազրույց էր պատրաստում պարտիզապուրակային աշխատանքների մասին, մյուսը հայրիկի հետ այգում ծառերի էտ էր իրականացնում, և հայրիկը պատմում էր այդ մասին: Եվ այդպես շարունակ տարատեսակ ընտանեկան աշխատանքներ:
Ապրիլ ամսում էլ ավելի կարևորվեցին ընտանեկան նախագծերը: Ընտանեկան նախագծերի համար ծնողը դարձավ ուսուցիչ, իսկ ուսուցիչը՝ խորհրդատու: Սկսեցինք միասնական, համերաշխ առաջ գնալ: Իրականացրեցինք «Իմ այգի» նախագիծը՝ բույսեր ենք տնկում, ծառերն ենք կրապատում, գարնանային աշխատանքներ ենք կատարում, իսկ ընտրության խմբի սովորողների հետ իրականացրեցինք «Իմ այգին» նախագիծը:
«Զատկածեսն ընտանիքում» նախագծին սովորողները սիրով մասնակցեցին, ածիկացան իրականացրեցին, զատկական ուտեստներ պատրաստեցին և պատմեցին այդ մասին։ Ահա նախագծի արդյունքները:
Հետաքրքիր նախագծերից էր նաև բնագիտական փորձերի ուսումնասիրությունը. սովորողները ընտանիքի անդամների հետ և նրանց օգնությամբ կատարեցին հետազոտական աշխատանքներ և նոր կարողություն ձեռք բերեցին փորձերի արդյունքում՝ հիշելով մի խորհուրդ, որ ընտրում ենք այնպիսի փորձեր, որոնք անվնաս են և անվտանգ:
Բնագիտական փորձերի փաթեթները՝
Հաջորդ կարևոր նախագծերից էր «Օգտակար և բուժիչ բույսեր իմ պատշգամբում», որը սկսել ենք համատեղ իրականացնել տիկին Շողիկի հետ: Այդ նախագծով սովորողներն ուսումնասիրում են բույսերը, ծանոթացեք սովորողների կատարած աշխատանքի արդյունքներին. դրանք շարունակական կլինեն: Հետաքրքիր ստացվեց նաև սովորող-սովորեցնող նախագիծը՝ բույսերի բազմացումը սերմերով թեմայով, որի արդյունքում սովորողը դարձավ ուսուցիչ և իր ընկերներին փոխանցեց իր յուրացրածը:
Սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ մասնակցեցինք ապրիլի 24-ի կրթահամալիրային Կանաչ օր նախաձեռնությանը: Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք ծառատունկ, իսկ Սիենայի պուրակում՝ ծաղկատունկ: Հյուսիսային դպրոցի սովորողները նույնպես, հետևելով օրվա խորհրդին, իրենց ընտանիքի անդամների հետ ծառատունկ և ծաղկատունկ են իրականացրել իրենց բակերում՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Մայիսին արդեն աշխատեցի և՛ հեռավար, և՛ ֆիզիկական միջավայրում:
Հերթապահությամբ սահմանված աշխատանքային խմբերով աշխատում ենք դպրոցում, իրականացնում ենք մի շարք պարտիզապուրակային աշխատանքներ՝ պարտիզպանի, տիկին Շողիկի, Էդմոնդի մասնագիտական խորհրդատվությամբ: Ամենօրյա աշխատանքներ ենք կատարում Հյուսիսային դպրոցում. իրականացրել ենք ճեմուղիների շրջակայքում սերմնացան, բակում ծաղկանոցներ ենք ստեղծել, Սիենայի պուրակում ծաղիկների համալրում ենք իրականացրել: Պարտիզապուրակային աշխատանքների հաշվետվություն եմ ներկայացնում. այդ շաբաթների ընթացքում աշխատելով կարգապահ աշխատանքային խմբերով՝ ունեցանք այդպիսի արդյունք:
Սովորողների հետ առցանց աշխատել եմ տեսադասերով: Հետաքրքիր տեսադասերից առանձնացնեմ Սիրանուշ Թումանյանի առաջարկած «Թռչունների ճանաչում» նախագիծը: Նախագիծն իրականացնում ենք ապրիլ ամսից, իսկ մայիսին Սիրանուշ Թումանյանի առաջարկով կազմակերպեցի բաց պարապմունք 5-րդ դասարանի սովորողների համար: Մի քանի սովորողների հետ Հյուսիսային դպրոց-պարտեզից միացանք թռչնադիտարկման տեսադասին, որը վարեց կրթահամալիրի շրջանավարտ Նարե Ղալամքարյանը: Տեսադասի ընթացքում մեզ միացավ նաև տիար Բլեյանը. հետաքրքիր և ուսուցողական ժամանակ անցկացրեցինք:
Այսպիսի հնարավորություն տվեց Microsoft Teams հարթակը և հեռավար աշխատանքը, որպեսզի սովորողներին ավելի լավ ճանաչենք և ներթափանցենք սովորողի ընտանիք, դառնանք սովորողի խորհրդատուն՝ հիշելով Գրիգոր Տաթևացու խոսքերը, ուսանողական տարիներից հուշ մնացած. «Երեխու հոգին մաքուր մագաղաթ է, ինչ կգրես, այն կգրվի»:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան