Նորից բացեցի բառարանը։ Հետաքրքիր էր՝ ինչպես է բացատրված Ստեփանոս Մալխասյանցի բացատրական բառարանում կրթել բառը։ Զարմացա։ Կամ վաղուց եմ նայել, մոռացել եմ կամ կարող է նույնիսկ չեմ էլ նայել այդ բառի բացատրությունը՝ Էնքան համոզված եմ եղել, որ կրթել նշանակում է հենց ուսում տալ, ուսուցանել։
Ուրեմն էսպես՝ ըստ Ստեփանոս Մալխասյանցի բացատրական բառարանի՝ կրթել՝ կիրթ դարձնել։ 1․ մարզանքներով՝ վարժություններով զարգացնել ֆիզիկական, մտավոր, բարոյական կարողությունները 2․ ուսում տալ, ուսուցանել, հրահանգել
Նկատեցի՞ք՝ առաջին իմաստով կրթել նախ նշանանկում է ՝ ֆիզիկական կրթություն տալ, մտավոր և բարոյական կարողությունների զարգացում ապահովել, և միայն երկրորդ իմաստով՝ ուսում տալ, ուսուցանել, հրահանգել։
Բայց իրականում իսկապես էդպե՞ս է, չէ՞։ Կրթությունը հենց ֆիզիկական, մտավոր, բարոյական կարողությունների զարգացումն է։ Ուրիշ էլ ո՞նց։ Թե չէ՝ կրթություն ասելով եթե հասկանում ենք միայն ու նախևառաջ ուսում տալը, ուսուցանելը, հրահանգներ տալը, էլ չեմ ասում ֆիզիկական կրթության երկրորդ պլան մղելը, ունենում ենք այն, ինչ ունենք այօրվա հանրակրթության մեջ՝ դաս-դասարանական կազմակերպմամբ, նեղ առարկայական ուսուցմամբ։ Դրա համար էլ ինչ ջանասիրությամբ էլ որ կրթում ենք, մեծ հաշիվների մեջ էդպես էլ կիրթ չենք դառնում։ Վկան մեր եթերով հնչող խոսքը, մեր երիտասարդ, թվում է՝ մտավորական սերնդի խոսքուզրույցներն ու բանավեճերը՝ ամենատարբեր մակարդակներում, օր-օրի ծաղկող հեռուստասերիալները՝ իրենց բառուբանով, պահանջարկ ունեցող երաժշտությունը՝ հանրության տարբեր տեղանքներում․․․ Սա՝ որպես նախաբան։ Ընտանեկան դպրոցի հետ մեր համագործակցության արդյունքում ծանոթացանք վավերագրական ֆիլմերի երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ։
Առցանց հանդիպում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ
VIDEO
Տեսանյութերով ասելիք, գաղափարներ, իրենց և դիմացինի խոսքն ու մոտեցումները ներկայացնելը կարևոր է։ ,,Նա նաև մեզ խորհուրդներ տվեց, թե ինչպես կարող ենք մենք ,,նկարահանումներ,, կատարել, չէ՞ որ մենք էլ ունենք մեր «Չաչանակ TV-ն» և շատ ենք կատարում նկարահանումներ տարբեր նախագծերի շրջանակներում։ Ունենում ենք շատ հարցազրույցներ և այլն։ Այդպես՝ Արթուրը մեզ մի քանի խորհուրդներ տվեց նկարահանումների վերաբերյալ և ոչ միայն։ Նա նաև պատմեց արդյունավետ մոնտաժի մասին, պատմեց մի քանի փաստեր նյութերի մշակման վերաբերյալ ,,։- գրում է Արթենի Ջանիկյանն իր բլոգում։ Այսպիսի հանդիպումները, որ մեր կրթական ծրագրերի մեջ՝ որպես նախագծային ուսուցման ձև, ներառված են, ապահովում են կրթական լայն շրջանակ։ Կրթությունը մեր կյանքն է, մեզ շրջապատող աշխարհը՝ իր բոլոր բաղկացուցիչներով։ Այս մի հանդիպման արդյունքում սովորողները կարդացին Արթուր Սուքիասյանի և նրա գործունեության մասին տեղեկատվությունը, համացանցում գտան նյութեր վավերագրական ֆիլմերի մասին։ ,,Առավոտում,, հրապարակված ,,Հայ որբերի ամառային ճամբարը․ մեր Ատլանտիդան,, ,,Հարցազրույց Արթուր Սուքիասյանի հետ,, ,,Աղավնիների վարպետը,, ֆիլմը Երկու թռիչք՝ ,,Հրապարակ,,-ու հրապարակված Կարդացին, ֆիլմը դիտեցին, քննարկեցին, լսեցին իրար, հարցեր տվեցին, տպավորությունների մասին գրեցին իրենց բլոգներում, տեսանյութ ստեղծելու հետ կապված կարևոր խորհուրդներ ստացան։ Սա հայոց լեզու, գրականությա՞ն դաս էր։ Իհարկե, նաև․․․ Սա կրթություն էր, նաև լեզվագործունեություն։ Կյանքը առարկաների բաժանված չէ։ Ընթացք է։ Իմ, քո գործունեությամբ պայմանավորված՝ լավ կամ վատ, տխուր կամ ուրախ, ձանձրալի կամ ակտիվ-աշխույժ ընթացք։ Այդ ինչպե՞ս եղավ, որ հանրակրթությունը, որի գործուն շահառուները մեր ամենակտիվ մասն են՝ մեր 5-15 տարեկանները, պիտի արհեստական ինչ-որ առարկայական բաժանումների ու ծրագրերի գերին դառնան։ Լա՞վ է, որ հանրակրթությունը փակվել է դաս-դասարանական զնդանում, իսկ կյանքն էլ իր համար ,,հոսում է տիեզերքում զնգալեն, ու մեկն ապրում է, մյուսն սպասում,,։ Չէ, լավ չէ, որովհետև տխուր է։ Մենք սպասողը չենք, մենք ապրում ենք՝ առանց կյանքն ու կրթությունը իրար հակադրելու։ Մեր կյանքն է նաև մեր կրթությունը, ինչպես նաև մեր կրթությունն էլ մեր կյանքն է։ Էդպես ճիշտ է մի պարզ պատճառով՝ էդպիսի կրթությունը հավես է։ Եվ ոչ միայն սովորողի համար է հավես, հավես է նաև ուսուցչի համար։ Մեր ծնողներից մեկը կազմակերպեց հանդիպումը։ Երբ կրթության մեջ ծնողը դառնում է գործընկերդ, այնքա՜՜ն է հեշտանում կրթական գործի կազմակերպումը։ Վավերագրությունը էսպես թե էնպես կապվում է մեր կրթական հեղինակային ծրագրի հետ։ Մենք բոլորս էլ՝ սեբաստացի մեծով ու փոքրով, մեր կրթության վավերագրերն ենք՝ մեր տեսանյութերով, մեր ռադիոներով ու TV-ներով։ Ի՞նչ կփոխանցի մեզ այս գործող արվեստագետը։ Ի՞նչ հմտությունների մասին կխոսի։ Ինչպե՞ս կհետաքրքի սովորողին, ինչո՞ւ է կարևոր օրը, երևույթը, տեսածը վավեր դարձնելու հնտություններ ունենալը։ Իրենց ուսումնական /ինչո՞ւ միայն ուսումնական/ առօրյայում տեսախցիկի գործածումը կարո՞ղ է այսպիսի հանդիպումներից, վարպետության դասերից ավելի արդյունավետ դառնալ։ Ռեժիսորը նախօրոք ուղարկեց մեզ իր ֆիլմը՝ ,,Նոր Անտարկտիդան, , / սա նրա մյուս ֆիլմն է՝ ,,Աղավնիների վարպետը,,/ , որը նայելուց հետո առցանց Teams հարթակում կազմակերպեցինք քննարկումը։ Անհանգստությունս, որ վավերագրական ֆիլմը այդ 13-14 տարեկանների համար կարող է և հետաքրքիր չլինել, անտեղի էր։ Արթենին գրում է․,, Ֆիլմը դիտեցի մայրիկիս հետ և երկուսիս էլ այն շատ դուր եկավ։ Ֆիլմի թեման շատ հետաքրքիր էր, ինչի շնորհիվ իրականում հետաքրքիր էր նրա դիտումը,,։ Վավերագրական ֆիլմը սովորողներին դուր էր եկել։ Եվ ես նորից մտածեցի, որ մենք երբեմն վերագրում ենք մեր սովորողներին բաներ, որ գուցեև էդպես չէ։ ,,Հայոց լեզու, գրականություն,, առարկայի նեղ խնդիրների մեջ վավերագրական ֆիլմերի ռեժիսորի հետ հանդիպումը չի մտնի։ Քերականության դասընթացը, հայ գրականության հայտնի բովանդակությունը․․․ որտե՞ղ և ինչպե՞ս տեղավորես այդ ծրագրում վավերագրական ֆիլմը։ Այո, չի մտնի, չի կապվի, եթե լեզվագործունեությունը չլինի քո ուսումնական ծրագրի գործունեության հիմքում։ Թվային գործիքի կիրառումը բանավոր խոսքի մշակման գործում անփոխարինելի է։ Որևէ բան նկարելու համար սովորողը չի կարող չմշակել իր խոսքը, չփորձել հասկանալի, հստակ ներկայացնել այն։ Իսկ մատուցման ձևը՝ նկարահանումը, ռեժիսուրան, տեղանքի, տեսարանների, գործողությունների ընտրությունը հատուկ աշխատանք է ենթադրում։ Եթե ուզում ես լավ տեսանյութ ստանալ, չես կարող այս ամենը հաշվի չառնել։ Եվ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արթուր Սուքիայանը խոսում էր այս ամենի ինչպեսի մասին։Շուշան Փաշինյանը ներկայացնում է ընտանեկան զատկական ծեսը։
VIDEO
Արթուր Սուքիասյանը խոսում էր մարդու ,,հայացքի կարևորության,, մասին։ Կարևոր է՝ ի՞նչ է տեսնում մարդը, հայացքը ո՞ր ուղղությամբ է հառում՝ նկատո՞ւմ է պատշգամբում միայնակ նստած տատիկի՞ն, երկնքի թռչուննե՞րը, թե՞ ուշադրությունը ներքևի հարևանի կենցաղային խոսակցություններն են գրավում։ Ի՞նչն է տեսնում և կարևորում։ Այս ամենը ինչո՞վ գրականության խնդիր չէ։ Նո՞ւյնը չի անում նաև գրողը իր գրչով։ Իսկ քո ընթերցողի ընդունակությունը դրանո՞վ չի որոշվում՝ տեսնո՞ւմ ես գործի հենց այդ առանձնահատկությունը, գնո՞ւմ ես գրողի հայացքի հետևից։ Կարողանո՞ւմ ես հետևել գրողի գրչին, թե ո՞ր ուղղությամբ է տանում քեզ։ Երիտասարդ արվեստագետը խոսում է պարզ թվային գործիքի՝ հեռախոսի մասին, որի անընդհատ առկայությունը քեզ մոտ հնարավորություն է տալիս օրվա մեջ հանդիպած ոչ սովորական, ուշագրավ կադրերը ֆիքսել։ Թե հետո դրանք ինչպե՞ս տարբեր նյութերում կօգտագործես, ինչպե՞ս ասելիք կդառնան, դա ցույց կտա քո մոնտաժային հմտությունները, քո երևակայական թռիչքները, որոնք նույնքան կարևոր են ասելիքդ, մտահղացումդ արտահայտելու համար։ ,,Շատ կարևոր խորհուրդներ տվեց նա մեզ և՛ ռեժիսուրայի, և՛ տեսանյութեր պատրաստելու մասին։ Տեսահանդիպումից հետո ցանկություն առաջացավ ֆիզիկական միջավայրում հանդիպել այդ մարդուն, որպեսզի ավելի գործնական և հասկանալի լինեին նրա խորհուրդները։ Մի՞գուցե նույնիսկ նա կհամաձայնի մեզ գործնականում ցույց տալ որոշ մանրամասներ, բացահայտել գաղտնիքներ ռեժիսուրայից,,։ — իր բլոգում գրում է Կարինե Գոմցյանը։ Առավոտը գյուղում։ Կարինե Գոմցյան
VIDEO
Գրառումների նավարկումը