Վերնագիրն ակամա ստացվեց․ մտովի անդրադարձ էի կատարում սովորողների կատարած աշխատանքներին, «տեսնում» էի նրանց համակարգիչների առջև նստած, լսում ձայները։ Հանկարծ զգացի, որ այս շրջանում յուրաքանչյուրին նորովի բացահայտեցի։
Ֆիզիկական շփումը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս ճանաչելու մարդուն։
Ապրիլյան այս հոդվածում արդեն ներկայացրել եմ հեռավար դպրոցում ինքնակրթության զարգացումները։
Այժմ ուզում ամփոփել ապրիլ-մայիս ամիսների ուսուցման գործընթացը, ձեռքբերումներն ու դժվարությունները, նաև՝ ամփոփեմ տարվա գործունեությունս։ «Կալանքի» այս ամիսներին յուրաքանչյուր սովորող ավելի հարազատացավ, ես նրանց «տեսա», բացահայտեցի բոլորովին այլ կողմերից։
Եղան սովորողներ, ովքեր դպրոցում, դասարանում գրեթե չէին խոսում, ակտիվ չէին, իսկ հեռավար ուսուցման ընթացքում մասնակցեցին բազմաթիվ նախագծերի, քննարկումների, նկարեցին, ստեղծագործեցին, կարդացին։
Ինքնամփոփ մարդիկ հանկարծ իրենց ավելի վստահ զգացին ոչ տեսանելի միջավայրում, սկսեցին իրենց ժամանակը տնօրինել ըստ նախասիրությունների։
Հակառակն էլ եղավ․որոշ սովորողներ, զրկվելով ֆիզիկական միջավայրից, քաշվեցին իրենց մեջ, թերացան աշխատանքներում։ Նման աշակերտների թիվը շատ փոքր է։ Ուրախալի է, որ հեռավար-առցանց դպրոցն իր արդյունքներով գերազանցեց մեր սպասելիքները։ Կներկայացնեմ այդ ընթացքում իրականացրած նախագծերը, սակայն քանակն այնքան մեծ է, որ կթվարկեմ մի մասը։
Սկսեմ 2019 թվականի ամառային ճամբարից։
Օգոստոս ամսին ավագ դպրոցի մուտքի ճամբարից (սովորողների հետ եռօրյա ճամբար Արատեսում) անցում կատարեցի ուսումնական այլ նախագծերին։
Առաջին շրջանի նախագծերն ու արդյունքները (պատումներ, ձայնանյութեր, տեսանյութեր, լուսանկարներ)․
- Քննարկում՝ «Ազատության իմ բանաձևը»
- Գրաբարի օրեր, Թարգմանչաց տոն
- «Սեբաստացու պատում»
- «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»
- «Կարդում ենք աշուն»
- Մայրենիի ֆլեշմոբի կազմում, սովորողների մասնակցության թիվը՝ մոտ՝ 200 դեկտեմբեր)
- «Մի քիչ խենթ Լորկան»
- «Վ․ Սարոյան»
- Այլ նախագծեր
- Ուսումնական ճամփորդություններ՝ Էջմիածին, Արատես, Գյումրի
- Ուսումնական երկրորդ շրջանի նախագծեր և արդյունքներ․
- Վիլյամ Սարոյան
- Պարույր Սևակ
- Խորխե Բուկայ
Քննարկումներ՝
«Սոցցանցեր»
«Բարձրագույն կրթություն»
«Ինտելեկտ»
Ուսումնական երրորդ շրջանի նախագծեր, որոնք իրականացրել ենք այս ամիսների ընթացքում։ Հղումներով կարող եք տեսնել արդյունքները․
Ընտանեկան
Ստեղծագործական
Վիրտուալ Ճամփորդական
Ընթերցողական
Թարգմանական
Նախասիրությամբ
Այլ
Փետրվարյան նախագծեր
Մարտ -1
Մարտ -2
Մարտ -3
Ապրիլյան նախագծեր
«Էպոսի վերադարձը»
Այս նախագիծն իրականացրինք 8-րդ և 9-րդ դասարանցիների հետ։ Ես և իմ գործընկեր Տաթև Աբրահամյանը համակարգեցինք։ Սովորողները խանդավառությամբ մասնակցեցին․կարդացին, հարցեր կազմեցին, վիկտորինա կազմակերպեցին, հետո էլ համատեղ ընթերցումներ եղան։
«Սասնա ծռեր» համատեղ նախագծի տեսագրություն-1
«Սասնա ծռեր» համատեղ նախագծի տեսագրություն-2
Մի քանիսը էպոսյան կերպարներ նկարեցին։ Սերգեյ Հայրիյանը՝ 9-րդցի հումորով մի տղա, Մսրա Մելիքին նկարել էր կատաղի և տգեղ։ Ավելի ուշ նա ասաց, որ միտումնավոր է այդպես նկարել, ավելացրեց, որ մինչև այսօր չգիտեր, որ կարող է նկարել։
Միլենա Գոգինյանը սիրով պատմել է իր նկարիչ պապիկի մասին, որը Սասունցի Դավթին նկարել է, այդ կտավը երկար տարիներ Նոյեմբերյանի դպրոցում կախված լինելուց հետո վերջապես վերադարձել է իրենց տուն։
Հուզիչ էր, երբ 9-րդցիների 3 հոգանուց խումբը հանդիպեց կրթահամալիրի Մայր դպրոցում։ Էպոսի ընթերցումները նորացված դահլիճում տեսագրելու միտքը նրանց շատ էր դուր եկել․ և՛ նորամուտ էր, և՛ կարոտել էին միմյանց։ Զգուշավորությունը մոռացած Իլոնա Սահակյանը՝ մի պայծառ աղջիկ, նետվեց դեպի իր ընկերներն ու արցունքն աչքերին՝ գրկեց նրանց։ Օրեր անց նա իր բլոգում գրեց․«Զգում եմ, որ ցանկանում եմ շարունակ գրել ու գրել իմ մեծ սիրո մասին դպրոցիս նկատմամբ»։
Յուրաքանչյուր սովորող մի զարմանալի աշխարհ ունի իր մեջ, և այդ զարմանալի աշխարհի բացահայտումը ինձ համար նման էր հրավառության։ Ինձ համար էլ հեռավար ուսուցումը խորթ չէր, հիշեցնեմ, երբ 2016-ի հունվար ամսվա գրիպի համաճարակը կաթվածահար արեց հայաստանյան դպրոցները, ամբողջ մեկ ամիս երեխաները չհաճախեցին կրթական հաստատություններ: Այդ ընթացքում կրթահամալիրը շարունակեց կրթական գործունեությունը առցանց հարթակում։ Սակայն ոչ մեկս չունեցավ այքան հակասական զգացողություններ, ես այսքան բացահայտումներ չունեցա։ Ավելին, ամեն օր իրար տեսնում էինք, խոսում, օրվա մեծ մասն անցկացնում միասին, բայց շատ քիչ գիտեինք մեր սովորողների մասին։
Աստղիկ Ավագյանի մտքերից եմ ուզում մեջբերել․«Լռում եմ ու պահում բոլոր զգացումներս իմ մեջ։ Պահում եմ ու բաց չեմ թողնում, չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը տեսնի դրանք, զգա դրանք․․․․․»։
Հիմա հանկարծ ես տեսա, զգացի նրանց կարողությունները, նախասիրությունների ոլորտը․մեկը ստեղծագործում է, մյուսը՝ ընտանիքի հետ հող է մշակում, երրորդի հումորը բոլորիս ծիծաղել է տալիս, չենք էլ զգում, որ վիրտուալ աշխարհում ենք։
Եղան սովորողներ, որ այս ամիսների ընթացքում աշխատեցին, բայց ոչ տեսակապով։ Նրանք ուղարկում էին աշխատանքները, հարցերն ուղղում գրավոր։ Եղան աշակերտներ, որոնք չմասնակցեցին մայրենիի նախագծերին, բայց երբ թերթում էի նրանց բլոգները, նկատեցի, որ այդ աշակերտներն այլ նախագծեր են արել, ինքնակրթությամբ զբաղվել։ Իմ կարծիքով՝ սա հենց ավագ դպրոցի առանձնահատկություններից է՝ զբաղվել, հետազոտել, ուսումնասիրել, կարդալ իր նախասիրած թեմանները։
Իմ կարծիքով սովորողներն էլ ինչ-ինչ բացահայտումներ արել են իրենց համար, ինչպես Նանեն է գրում․ «Այս տարի բացահայտեցի ոչ միայն ինձ, այլ նաև ինձ շրջապատող մարդկանց։ Բոլորը այնքա՜ն լավն են»։
Այս ընթացքում սովորողներն ազատ շարադրանքներ էին գրում, երբեմն վերնագրերը ես էի հուշում։ Տրված էր «Դուք լավն եք, մարդիկ» վերնագրով ստեղծագործական աշխատանք կատարել։ Մի քանի մեջբերումներ մեր պատանիների ստեղծագործություններից․
«Կարծում եմ՝ բարդ բնավորության տեր մարդ եմ. շուտ եմ հոգնում մարդկանցից: Այս ընթացքը փոխեց ինձ․կարոտում եմ բոլորին»։ Վարդուհի Ս․
«Կարոտում եմ հասարակ մարդկային շփումն ու դպրոցը։ Զզվել եմ հեռավար ուսուցումից։ Վերջապես ուզում եմ հանդիպել դասավանդողներիս։ Իմ բնականոն կյանքն եմ ուզում»։ Էլեն Ս․
«Կուզեի մարդիկ սկսեին պահը գնահատել, ապրել իրենց և իրենց հարազատների համար: Մաքուր աշխարհ եմ ուզում, ուզում եմ մտածենք մայր բնության, կենդանիների մասին․․․»։ Տաթև Ա․
Այսպես, հետաքրքիր ուսուցմամբ, հասանք գարնան վերջին։ Նախագծեր, որոնք շարունակվում են․
Մայիսյան նախագծեր
Մայիսի 18-22-ը ամփոփումների շաբաթ էր։
9-րդ դաս․ ամփոփման տեսագրությունը,
10-րդ դաս․ ամփոփման տեսագրությունը,
11-րդ դաս․ ամփոփման տեսագրությունը։
Սկսվում է ուսումնական չորրորդ շրջանը։
Սովորողների քանակը օնլայն հարթակում մի քիչ պակասել է, ավելի շատ զբաղվում են իրենց ուզած գործերով, ընտանիքների հետ սկսել են ճամփորդել։
Հունիսյան ճամբարի գրավիչ ուղղությունները նախագծերի տեսքով դեռ կարտացոլվեն սովորողների գործունեություններում։
Հեռավար-առցանց ուսուցման գործընթացը նպատակային է, վերահսկելի, քանի որ սովորողը, իրեն հարմար վայրում, իր անհատական գրաֆիկով աշխատում է՝ ձեռքի տակ ունենալով էլեկտրոնային գրականություն, հնարավորություն ունենալով պահպանել կապը դասավանդողի հետ:
Վերջին ժամանակները հաճախ եմ կարդում տարբեր երկրների ուսուցիչների, ծնողների, աշակերտների հոդվածներ, մտքեր, լսում կարծիքներ հեռավար ուսուցման մասին։ Ուրախությամբ եմ նկատում, որ «Մխ․ Սեբաստացի» կրթահամալիրում չեղան խոչընդոտներ, երբ ուսուցիչն ու ծնողը կանգնած են աշակերտի կողքին, սովորում ու սովորեցնում են։ Ընտանեկան դպրոցն առաջ մղվեց, ծնողներն արագ մտան գործընթացի մեջ, օգնեցին։ Այստեղ էլ բացահայտումներ եղան ինձ համար։
Որպես վերջաբան
Հեռավար-առցանց ուսուցումը բոլորովին այլ է, որքան էլ ասենք՝ մենք պատրաստ ենք, կարող ենք, դժվարություններ չկան․ հանդիպում են և՛ դժվարություններ, և՛ խոչընդոտներ։ Այլընտրանքն այստեղ ավելի ցայտուն է, կարևոր, ուսուցիչն այստեղ այնքան հնարամիտ պետք է լինի, որ սովորողը ցանկանա միանալ առցանց գործունեությանը, չպատճառաբանի՝ ինտերնետս թույլ է, լույս չունենք․․․․․Կրթահամալիրի դասավանդողը, լինելով հեղինակ մանկավարժ, տրապետում և կիրառում է այլընտրանքային մեթոդներ, սակայն դա էլ երբեմն չի նպաստում, որ սովորողները մասնակցեն դասապրոցեսին։
Այս ամիսներին է՛լ ավելի սիրեցի աշակերտներիս, այդ պատանիներին, որոնք ակամա ներքաշվեցին համաշխարհային «դիմակահանդեսի» մեջ։
Իմ հաշվետվություններն ու հոդվածները։
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան