2019-2020 ուսումնական տարին սկսվեց հունիսյան մուտքի բաց ճամբարով: 2013 թվականին ծնված մի խումբ սովորողներ հայտվեցին մեր կրթական միջավայրում՝ առաջին անգամ առաջին դասարանում: Ըստ կարգի՝ կրթահամալիր ընդունվող յուրաքանչյուր սովորող պիտի անցնի մուտքի ճամբարով, որի նպատակն է սովորողին ծանոթացնել կրթական միջավայրին, մանկավարժական մոտեցումներին՝ կարևորելով սովորողի ազատ ընտրության իրավունքը: Ահա այսպես մուտքի ճամբարում հանդիպեցինք ես և իմ առաջին դասարանցիները: Հեշտ բան չէր․ առաջին անգամ էին ինձ տեսնելու, իսկ առաջին տպավորությունը շատ կարևոր է: Յուրաքանչյուր առաջին նոր դասարանի հետ ամեն ինչ սկսվում է նորից՝ նոր ապրումներ, հուզմունք, անհանգստություն.
«Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր»։
Եվ այսպես սկսվեց մեր ուսումնառության առաջին տարին: Մուտքի ճամբարից հետո, որպես իրար լավ ծանոթ ընկերներ, շարունակեցինք մեր ուսումնական գործունեությունը: Առաջնորդվելով կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ սկսեցինք կազմել ու իրականացնել մեր ուսումնական նախագծերը:
Սեպտեմբերի 4․ շատ սպասված կրթական շքերթ: Սովորողներն առաջին անգամ Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ մեր կրթական ավազանում, միասին բերանացի կարդացին ու երգեցին, կարծես մկրտվեցին ու դարձան իսկական սեբաստացիներ:
Առջևում «Ես» ուսումնական նախագիծն էր, որը լուծեց մի շարք խնդիրներ: Սովորողները սկսեցին ավելի լավ ճանաչել միմյանց հույզերն ու զգացմունքները, յուրացնել միջավայրը, անհրաժեշտ փոխհարաբերություններ հաստատել՝ զարգացնելով իրենց ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքները ներգրավվեցին ուսումնական աշխատանքներում, մի խոսքով՝ ձևավորեց իսկական սեբաստացիական կրթական համայնք: Ծնվեցին մեր առաջին դասարանական ռադիոեթերները, որոնք ապագայում զարգանալով պիտի դառնային ընտանեկան ռադիոհաղորդումներ:
Մեր հեղինակային մանկավարժությունը հայտնի է իր ուսուցմամբ ճամփորդությունով կամ ճամփորդությամբ ուսուցմամբ, ու մենք էլ սկսեցինք ճամփորդել՝ բացահայտելով նոր աշխարհներ։ Ճամփորդությունները դարձան մեր գործունեության անբաժանելի և սիրելի մասը:
Այսպես օր օրի, քայլ առ քայլ, լուծելով մեր առջև դրված կրթական խնդիրները, առաջ գնացինք, ուսումնական շրջաններն իրար հաջորդեցին, և առաջին ու երկրորդ շրջաններն ամփոփելուց հետո հայտնվեցինք 3-րդ ուսումնական շրջանում, որտեղ մեկ ամիս անց մեզ էր սպասում անակնկալը՝ թագավարակ անունով: Թագավարակը բոլորին փակեց չորս պատի մեջ: Մեզ օգնության հասավ Microsoft Office համակարգի Teams հարթակը: Սկսվեցին հանդիպումները Microsoft Teams հարթակում: Այս հարթակում ուսուցչի դերը փոխվեց, ուսուցիչը դարձավ խորհրդատու, իսկ ընտանիքները դարձան դպրոցներ: Յուրաքանչյուր շաբաթ ամենայն մանրամասնությամբ մշակվում էր շաբաթվա անելիքը՝ հնարավորինս ներառելով գործունեության բոլոր ձևերը՝ մարմնակրթությունից սկսած մինչև ընթերցանություն:
Այս շրջանում էր, որ առաջին անգամ ընտանեկան դպրոցում լույս տեսավ սովորողի էլեկտրոնային այբբենարանը։ Այս շրջանում էր, որ սովորողի մեջ արթնացավ մարզիկը, լրագրողը, հաղորդավարը, նկարիչը, շախմատիստը, բնագետն ու մաթեմատիկոսը: Ծնվեցին առաջին հորինուկները: Առաջ եկան ընտանեկան դպրոցները, իսկ Մայիսյան հավաքին տրվեց ընտանեկան դպրոցների ուսումնական պարապմունքների մեկնարկը.
- Խուդոյանների ընտանեկան դպրոցի հայրիկն ու մայրիկը՝ մասնագիտությամբ ոստիկաններ, հետաքրքիր դաս վարեցին՝ սովորողներին ծանոթացնելով երթևեկության կանոններին:
- Ղասաբօղլյանների ընտանեկան դպրոցը ներկայացրեց Ֆրանսիան և ֆրանսերենը:
- Հայրենագետ Իվետա Ջանազյանը մեզ ծանոթացրեց գիշատիչների, կաթնասունների և երկկենցաղների հետ:
Տեսադասերի ընթացքում մտովի ճամփորդում էինք և լինում ամեն տեղ: Եվ ահա եկավ ճամփորդության առաջարկը, բայց ոչ ֆիզիկական միջավայրում, այլ վիտուալ: Հանդիպման առաջարկ ստացանք Գաֆէսճեան արվեստի կենտրոնից. պետք է մասնակցեինք մի շատ հետաքրքիր ծրագրի՝«Հայ գրերն իմ գրչով» թեմայի շրջանակում: Այստեղ էլ մեզ օգնության եկավ Հայրապետյանների ընտանեկան դպրոցը՝ գրերի գյուտի մասին իր ուսումնական պարապմունքով: Տարվեց մեծ նախապատրաստական աշխատանք, ծանոթացանք թռչնատառերին: Նախագիծն ամփոփեցինք տառթխիկով, որ հասկանալի պատճառով դարձավ ընտանեկան ծես:
Այս ընթացքում ընտանեկան դպրոցները սկսեցին հոդվածներով հանդես գալ և ներկայացնել իրենց ընտանիքներում տիրող իրավիճակը՝
Այսպիսով՝ ամփոփելով 3-րդ ուսումնական շրջանը, սահուն անցանք 4-րդ շրջանին ու 2019-2020 ուստարին ամփոփեցինք «Ես կարողանում եմ» ստուգատեսով, որտեղ ներառվեց ընտանեկան դպրոցներում կատարված աշխատանքը:
Քանի որ այս նախագիծն ամփոփվեց ընտանեկան դպրոցներում, կարելի է ասել՝ «Ես կարողանում եմ»-ը կարծես վերաճեց ու դարձավ «Մենք կարողանում ենք»։ Նախագծի շնորհիվ ընտանեկան դպրոցները մեդիահարթակում ցույց տվեցին իրենց հաղորդակցական, մաթեմատիկական, երաժշտական, տեխնոլոգիական, ստեղծագործական, մարզական, բնագիտական հմտություններն ու կարողությունները։
«Ես կարողանում եմ» նախագիծը, ինչը նաև տարվա ամփոփում է, սովորողի մեկ տարվա ստացած ուսումնական կարողությունների գրանցում և ինքնագնահատում, ընտանեկան դպրոցում շահեց, քանի որ յուրաքանչյուր սովորող ունեցավ իր անհատական տարատարիք ուսուցիչները:
Այս ընթացքում իմ ընտանեկան դպրոցն առավել ևս շահեց, քանի որ ունենք տարատարիք սեբաստացիներ, որ սովորում ու սովորեցնում են։
Անկախ ժամանակներից, ուզում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա իր կայացած դպրոցը, ինչպես տիար Բլեյանն է ասում՝ ընտանիքն է կրթում երեխային, դպրոցն ընդամենը շտկումներ է անում:
