Ամեն ինչ սկսվեց իմ նախագիծ-առաջարկից , որին հաջորդեց տիար Բլեյանի դրական արձագանքը:
Մեղվաշխարհի հանդեպ իմ սերը և հետաքրքրությունը առաջացել են տարիներ առաջ: Տիար Բլեյանի համար, գործը սկսելուց առաջ, կարևոր է քո սերը այդ գործի հանդեպ: Եթե գործդ սիրում ես, դառնում ես պատասխանատու, պարտաճանաչ, նպատակասլաց, դժվարությունների առաջ կանգ չառնող: Նա զգում է քո նվիրումը գործին: Եվ նա, իհարկե, կամեցավ իմանալ իմ մեղվաբուծական ուղու մասին: Ես պատմեցի, թե ինչպես եմ ներքաշվել այդ աշխարհ, թե ինչպես է այն դարձել ինձ սիրելի: Ահա իմ պատումը: Ինձ շատ ոգևորեց տիարի ոգևորությունը, որը առավել պարտավորեցնող էր, որ ես, իմ հանձն առած գործը, պետք է պսակեմ հաջողությամբ: Ես սիրում եմ մեղուների հետ աշխատանքը: Նրանք խաղաղեցնում են իմ ներաշխարհը: Մեղվանոց մտնելը ինձ համար երբեք պարտականություն չի եղել, այլ կանչ, սպասված հանդիպում: Երբ բացում եմ փեթակը, նրանց բզզոցից անգամ հասկանում եմ, թե ի՞նչ է կատարվում փեթակի ներսում, դրսում. բերք կա՞, թե՞ ոչ, մայր ունի՞, թե՞ ոչ, նոր մայրը ձվադրու՞մ է, թե՞ ոչ, և այսպես՝ մի հսկայական շարան, միայն ծածկոցը հետ քաշելով, առանց շրջանակները տեղաշարժելու: Սա պարզապես իմացություն և փորձ չէ, այլ սեր, որը եկել է նրանց ճանաչելու, հասկանալու մղումից: Երբ ճանաչելով ես շարունակում սիրել, դա վերջ չունի: Գործի հանդեպ սերը նշեցի, որ կարևոր է, բայց սա դեռ բավարար չէ՝ գործ սկսելու համար: Պետք է լինել նախաձեռնող, հետևողական: Մեղվաբուծությունը շատ արագ մտավ կրթահամալիր: Բայց իմ նպատակը կրթահամալիրում մեղվաբուծություն զարգացնելը չի միայն, այլ այն ուսումնական դարձնելը, սովորողներին ներգրավելը, մեղվասեր, մեղվապահ դարձնելը: Եվ ես ներկայացրի իմ Ուսումնական մեղվանոցը հունիսյան փառատոնին մասնակցելու համար:
Ուսումնական մեղվանոցը կրթահամալիրում հաճելի նորույթ դարձավ: Մեկ շաբաթ եղավ Ագարակի հյուրը, մասնակցեց հունիսյան պլեներին: Այդ մեկ շաբաթվա ընթացքում հասցրեց դառնալ սիրելի: Այն զարդարեց Ագարակը, ստեղծեց իր ուսումնական միջավայրը: Դասավանդողների մի մասը «Ուսումնական մեղվանոց» նախագիծը օգտագործեց՝ որպես ուսումնական ամառվա աշխատանք սովորողների համար: Ստացված աշխատանքների փաթեթը կներկայացնեմ առանձին: Կարճ ասած՝ ուսումնական մեղվանոցը հաստատվեց, հիմնավորվեց Մխիթար Սեբաստացի կրթահահամալիրում:
Մեկ շաբաթ անց այն տեղափոխվեց Արատես: Արատեսյան հարթակից ՝ իր գունագեղ փեթակ- տնակներով, մեղվանոցը ժպտաց, կանչեց, հյուրընկալեց բոլոր այցելուներին: Այցելած բազմաթիվ խմբեր կամա, թե ակամա ներգրավվեցին, վախը հաղթահարելով՝ հետաքրքրվեցին, սիրեցին մեղվաշխարհը:Այցելուների մասին նյութերին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումներով:
Հենց սկզբից՝ նախագիծը առաջարկելուց առաջ, ես մտավախություն ունեի՝ տեղի հետ կապված: Այցելեցի Արատես, զննեցի տեղանքը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք հարմար վայր է մեղվապահության համար: Արտաքին պատկերը, իսկապես, անհանգստացրել էր ինձ. ժայռ, քար, ծերպ: Կաշխատի՞ արդյոք մեղուն այստեղ: Միակ հանգստացնող փաստը՝ մոտակա գետի առկայությունն էր: Մեղուն օգտագործում է ջուր, անհրաժեշտ է նրա աշխատանքի համար: Բայց միայն այդ չէր ինձ հանգստացնում: Թեորեապես գիտեի, որ գետերի հովիտներում ծաղկաստան պետք է լինի: Ժամանակագրական առումով պետք է ճանաչեի Արատեսը: Մայիսի վերջին, երբ դեռ Արատեսում խնձորենին ու տանձենին նոր են ծաղկում, ես դժվար թե դաշտի ծաղիկ տեսնեի: Եվ չտեսա այցիս ժամանակ: Հույսս դնելով Եղեգիսի Արատես վտակի վրա՝ վերադարձել էի Երևան: Մեղուները գնեցինք հունիսի 8-ին, Ագարակ տեղափոխեցինք 9-ի գիշերը, և 9-ի լուսաբացին նրանք արդեն տանն էին: Իսկ Արատես տեղափոխեցինք հունիսի 16-ի գիշերը, և 17-ին նրանք արդեն իրենց համար հարմար տեղավորված էին այնտեղ: Հունիսի 20-ին հյուրընկալեցինք արատեսյան մեղվանոցի առաջին այցելուներին՝ Բլեյան- Խաչատրյան ընտանիքներին: Տիար Բլեյանի անեզր հոգատարությունը, սատարելը ինձ թև է տալիս: Հենց դրա համար էլ նա եկավ այնտեղ, որ ինձ խրախուսի, ոգևորի, հասկանա իմ գործը: Ես, անկեղծ ասած, շատ եմ ոգևորվում նրա մոտեցումից, ճիշտ ըմբռնումից: Բլեյան- Խաչատրյան ընտանիքները այս ամառվա ընթացքում Արատեսում եղան երկու անգամ: Վերը տեղադրված հղումներում, կան պատումներ այդ այցերի մասին ևս:
Այժմ ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ Արատես վտակի վրա հույս դնելը ճիշտ էր: Ես չէի սխալվել: Հունիսի կեսին իմ առաջ փռված էր մի անիրական ծաղկաստան՝ մեղրածաղիկների փունջ: Անհանգստությունս, տեղանքի հետ կապված, անցավ: Արատեսը՝ իր ալպյան ծաղիկներով, մեղրաստեղծման համար բավականին նպաստավոր գոտի է: Արտաքին վտանգները կանխելով՝ մենք կարող ենք այնտեղ բազմացնել մեղվաընտանիքները, որի արդյունքում էլ՝ կստանանք մեծաքանակ բարձրորակ, մաքրամաքուր մեղր: Մեղվապահությունը այնպիսի գործ է, որը շատ է կախված արտաքին գործոններից՝ վայր, եղանակային պայմաններ և այլն: Մեղուները սկսեցին խաղաղ աշխատել, ես էլ նրանց հետ խաղաղվեցի: Նրանք ինձ կապեցին Արատեսի հետ: Այցերս դարձան պարբերական՝ յուրաքանչյուր 5-6 օրը մեկ: Մեկնում էի ամենատարբեր խմբերի հետ: Բացի իմ մեղվանոցային աշխատանքները, նաև հասցրեցի ծանոթանալ շատ սեբաստացի դասավանդողների, ընտանիքների, սովորողների հետ: Մեղվաբուծությունը կրթահամալիրում՝ իմ կյանքը դարձրեց ավելի գունագեղ և հետաքրքիր:
Ուզում եմ մի քիչ պատմել իմ և մեղուների արած աշխատանքների մասին: Այժմ մեղվանոցում աշխատանքային եռուն շրջան է: Մոմաթերթերով շրջանակների համալրումը փեթակներում, մեղվաընտանիքին ճիշտ աշխատանքային ուղու վրա դնելու, կարևոր գործառույթներից է: Թե ինչպե՞ս են մոմաթերթը շրջանակին փակցնում, կարող եք իմանալ՝ անցնելով այս հղումով: Տասներկու շրջանականոց փեթակները համալրվելուց հետո, երբ մոմաթերթերը գործված են, մեղվի քանակը շատացել է 〈դա հասկացվում է, երբ վերջին շրջանակի վրա կախված մեծաքանակ մեղուներ են լինում,որոնք շրջանակների վրա չեն տեղավորվում〉, անհրաժեշտ է նրանց տալ էլի աշխատանքային տարածք, որպեսզի անգործության չմատնվեն և ձագատենդով չբռնկվեն: Այսինքն՝ պետք է ավելացնել վերնահարկ կամ կորպուս. վերնահարկի շրջանակները կորպուսի կամ բուն փեթակի շրջանակներից կարճ են: Ես նախընտրեցի վերնահարկերը, որովհետև կորպուս դնելու համար արդեն ուշ էր: Այս մասին կպատմեմ ուրիշ առիթով:
Մեղուները պետք է վերնահարկերում տեղադրված մոմաթերթերն էլ գործեն, եթե մեղրաբերքը շարունակվի: Եթե բերքը պակասի կամ կանգ առնի, մոմագործությունն էլ կդադարի: Մեղրաբերքը երկու փուլով է ընթանում՝ օժանդակ բերք և գլխավոր բերք: Գլխավոր բերքի մասին պատմում եմ այստեղ՝Գլխավոր բերք:
Օժանդակ բերքը նախորդում և հաջորդում է գլխավոր բերքին:Այն կարող է ձգվել մինչև օգոստոսի վերջը՝ ընդմիջումներով, կարճատև: Մեղուների լավ կամ վատ աշխատելը կապված է եղանակային պայմաններից, տվյալ տարածքում նեկտարատու բույսերի առկայությունից և քանակից և, իհարկե, մեղվաընտանիքի հզորությունից՝ մեղուների քանակից: Նրանք սիրում են չոր, արևոտ ամառ: Հաճախ տեղացող անձրևները լվանում են նեկտարը: Մեղուն գնում է դաշտ, ծաղկից ծաղիկ է թռչում և դատարկ վերադառնում: Մի քանի օր շարունակ պետք է կիզիչ արև լինի, որպեսզի նորից նեկտար արտադրվի: Տարբեր ծաղիկներից օրվա տարբեր ժամերի կարող են նեկտար հավաքել: Նեկտար առաջանալու համար և՛ արևի լույս է հարկավոր, և՛ խոնավություն, և՛ ջերմություն: Նեկտարը կարող է լինել ջրիկ և խիտ:Այն կարող է պարունակել7-70 տոկոս մեղր: Տ Այս տեսանյութի մեջ նեկտարահավաք մեղվի թռիչքն է՝ ծաղկից ծաղիկ, որը հաջողությամբ որսացել է իմ տեսախցիկը:Այժմ բերքի շրջան է: Իսկ առջևում ունենք Մեղրաքամի ծես, որը կիրականացնենք օգոստոսի վերջին, որպեսզի նոր ուսումնական տարին սկսենք քաղցր, գոհ, առողջ և ուժեղ: Այս երկու ամիսների ընթացքում, երբ ահռելի աշխատանք է արվել իմ նախագծի շրջանակներում, կարող եմ ասել, որ այն ճիշտ է ներկայացվել և ճիշտ ուղու վրա է; Հուսով եմ, որ առաջիկայում ևս կհաջողի: Ինձ համար մեղրի քանակը առաջնային չէ: Առավել կարևոր է մեղվաընտանիքների պահպանումը, զարգացումը, ուսումնական լինելը: Ես ներկայացրել եմ նաև Ուսումնական մեղվանոց. ծրագիր, որը դեռևս քննարկման փուլում է: Առջևում անելիքների հսկայական շղթա կա: Սիրով կշարունակեմ իմ գրառումները « Մեղվապահի օրագիր» բաժնում և կներկայացնեմ ձեզ:
Շարունակելի…