«Սեփական փորձով, նախագծով ու սցենարով» սկզբունքով է առաջնորդվել Աշոտ Տիգրանյանը, երբ նախաձեռնեց «Պատմության վերակառուցում» նախագծի իրականացումը, իսկ թե ինչու՞ հենց Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները դարձան այդ հետաքրքիր նախագծի մասնակիցները, կիմանաք, եթե սկսենք պատմությունն ամենասկզբից, երբ 2020 թվականը բոլորիս համար մեծ հույսերի տարի էր խոստանում լինել, բայց…
Սկսենք սկզբից:
Ինչպես գիտենք՝ մեր ուսումնական ճամբարները գործելու լայն հորիզոններ են տրամադրում՝ համագործակցությունների նոր փուլ, իրար ճանաչելու նոր հարթակ: Սկսվեց Ձմեռային ուսումնական ճամբարը, ասել է թե միասնական նախագծեր իրականացնելու հրաշալի ժամանակաշրջանը, պահը որսա և հաջողիր:
Աշոտ Տիգրանյանի հետ աշխատելու և համագործակցելու առիթ ու հնարավորություն միայն այս տարի ունեցա: Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Աշոտ Տիգրանյանի մտքով անցել էր «Կրթական ինքնավարություն» նախագծային հանդիպումների հետաքրքիր շարք սկսել ավագ և կրտսեր սեբաստացիների հետ: Իսկապես հետաքրքիր, ուսուցողական, փորձի փոխանակման, սովորող-սովորեցնող կրթահամալիրյան հրաշալի նախագծի իրագործում էր, որը հող դարձավ «Պատմության վերակառուցում» նախագծի համար: Նախ՝ սկսեցին հասկանալ ու ճանաչել իրար, միմյանց գործելաոճը, աշխատելաոճը, վստահել իրար, սովորողների հնարավորություններն ու հետաքրքրվածության աստիճանը պարզել:
«Կրթական ինքնավարություն» հանդիպումների շարք-նախագծի մասին իրենց տպավորություններ են գրել Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիները:
Ընթերցեք սովորողների բլոգներում՝
Անուշիք Ենոքյան- 4.2 դասարան
Մուրադյան Դավիթ- 4.1 դասարան
Մարիա Խանյան- 4.1 դասարան
Արամ Խաչատրյան- 4.2 դասարան
Արգիշտի Ղարիբյան- 4.1 դասարան
Դավիթ Եսայան- 4.1 դասարան
Սամվել Մխիթարյան-4.1 դասարան
Դավիթ Բլեյան- 4.2 դասարան
Ձմեռային ճամբարը նոր էր ավարտվել, երբ աշխարհում հայտարարվեց պանդեմիա՝ COVID 19: Ա՜յ քեզ 2020, մենակ չի եկել:
Առցանց ուսուցման ողջ հրետանին մեր տրամադրության տակ՝ սկսեցինք աշխատել տանից:
Հեռախոսազանգ.
— Չե՞նք աշխատելու էլ միասին, սովորողների հետ հանդիպելու առիթ էլ չե՞մ ունենա:
Աշոտ Տիգրանյանն էր:
-Իհարկե, կունենաք,-պատասխանեցի ես,- անպայման ենք աշխատելու:
Օրհնվի էն սհաթը, երբ Teams հարթակը մտավ մեր հանրակրթության մեջ ու դարձավ անփոխարինելի մեդիատարածք իրար առցանց հանդիպելու:
Առաջին հանդիպում
Սովորողներին առաջարկվում է հետաքրքիր նախագիծ՝ «Պատմության վերակառուցում»: Վերնագիրն արդեն հնչում է ծավալուն աշխատանքի պատրաստվելու ենթատեքստով, բայց լի հետաքրքիր բացահայտումներով:
Առաջարկվեց երեք թեմաների շուրջ աշխատելու հնարավորություն, պետք է վերակառուցեինք երեք ժամանակաշրջան՝ «Քարի դար», «1000 տարի առաջ», «Մեր պապիկների և տատիկների մանկությունը»:
Սովորողների գերակշիռ մասն ընտրեց «Քարի դարը» վերակառուցելու հետաքրքիր աշխատանքը: Իհարկե, ընտրելուց հետո, չէին էլ պատկերացնում, որ Աշոտ Տիգրանյանի նման բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանքը գնահատող մարդու հետ գործ ունեն:
Սկսեցինք երկար ու ոչ շատ հեշտ, բայց ուսուցողական աշխատանքի առաջին փուլը:
Նախագծի առաջին փուլն ամբողջապես կատարվել է առցանց տարբերակով, հանդիպումներ-քննարկումներ, դիտումներ, աշխատանքի շտկումներ: Նախ տեսական մասի լավ ուսումնասիրություն, հետո արդեն անցում գործնական մասին՝ պետք է նկարեին քարի դարում անցկացրած օրվա մասին փոքրիկ ֆիլմ, որտեղ չպետք է լինեին 21-րդ դարը խորհրդանշող ոչ մի դետալ: Սովորողները և ընտանեկան դպրոցների ուսուցիչները, սովորողների ընտանիքի այլ անդամներ մասնակից էին նախագծի իրականացմանը:
Նախագծի առաջին փուլի երկրորդ հատվածում արդեն հաջորդեցին հանդիպումները ֆիզիկական միջավայրում: Մինչ այդ քննարկվում էր հարմար միջավայր ընտրել և մեկ ընդհանուր ապրում-ֆիլմ ստանալ՝«Օրը քարի դարում»: Նախապես քննարկվեց Հրազդանի կիրճին հարակից տարածքի քարանձավը:
Առաջին փուլի առցանց հանդիպումների համակարգում և լուսաբանում՝ ենթակայքում և բլոգում
- «Պատմության վերակառուցում» նախագծի առաջին փուլի վերջին հանդիպում
- «Պատմության վերակառուցում» նախագիծ. սովորողների աշխատանքային փաթեթներ
- Հետաքրքիր նախագծային հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
- Առցանց հարթակում հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
Երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներ՝
Ֆիզիկական միջավայրում՝
առաջին հանդիպում
երկրորդ հանդիպում
Աստիճանաբար կորոնավիրուսով վարակվածների թվերը սկսում էին նվազել, վիճակը հուսադրող էր դառնում: Ծագեց միտք՝ Արատեսի դպրական կենտրոնը դարձնել մեր նախագծի միջավայր՝ իր քարանձավներով, բնական լանդշաֆտով, քանի որ շատ հարմար է, և այն է, ինչ ուզում էինք:
-Մեկ օր քարի դարում՝ առավոտից մինչև երեկո,-ասաց Աշոտ Տիգրանյանն ու արեց:
Սեպտեմբերի 18-ին արդեն Արատեսում էինք:
Առաջին օրը կարևոր ու նախապատրաստական օր էր։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ՝ քննարկելու հաջորդ օրվա անելիքները: Ավագ ընկերները կրտսեր ընկերներին ուղղորդում էին: Խումբը բաժանվեց երեք մասի՝
- Հավաքչությամբ զբաղվողներ
- Քարանձավը պաշտպանողներ և խարույկ վառողներ
- Որսորդության, ավելի կոնկրետ ձկնորսության գնացողներ
Հագուստները լիովին հարմարեցված էին քարի դարի մարդու հագուստին. դետալ առ դետալ քննարկել ենք ծնողների հետ, ուսումնասիրել զանազան աղբյուրներ, որպեսզի չվրիպենք նյութի օգտագործման հարցում:
Իհարկե, եղան որոշ զիջումներ, քանի որ նախագծին մասնակցելու ոգևորությունը ամեն ինչից առավել էր:
Քնեցինք 21-րդ դարում և արթնացանք քարի դարում
Չեմ ճանաչում, չեմ գտնում սովորողներիս, 350.000 տարի առաջ են գնացել, գտնելը դժվար է:
Քարի դարի մարդն ուներ իր լեզուն, իր զբաղմունքը, ապրում է խմբերով, քարանձավներում, ձկնորսության է գնում, հավաքչությամբ զբաղվում:
Քիչ-քիչ սկսում եմ ճանաչել, գտնել, տեղորոշել վայրենիներիս: Ի սկզբանե, մեկ սցենարի գաղափարն էր պտտվում նախագծի հեղինակի մտքում, բայց որոշվեց ամեն բան թողնել իմպրովիզի, ասել է թե ստեղծականության ու պահի ոգու վրա, ու կարծես՝ արդարացված որոշում էր:
Սովորողներն իրենք ստեղծեցին իրենց քարի դարն ու իրենց բարքերը, իրենց օրենքները, կյանքը: Այստեղ ցեղախումբը կարող էր ըմբոստանալ, ներքին խժդժություն առաջացնել, հին ցեղապետին մերժել, հեռացնել, նորին բերել: Այստեղ է, երբ սովորողին տալիս ես ազատ գործելու ու ինքնուրույն լինելու, ստեղծագործելու հնարավորությունը և ճաշակում ես մանկավարժության մեջ ամենահրաշալի վայրկյանների՝ սովորողներիդ մտքի թռիչքի, արդարացված ինքնագործունեության, հետաքրքիր մոտեցումների ականատեսը լինելու հնարավորության համը: Այսպես մի քանի դրվագներ, որոնք սցենարով պլանավորված չէին, բայց դարձան նախագիծը զարդարող ամենատիպիկ կադրերը:
Սուսան Ամուջանյանը՝ 21-րդ դարի կինո-ֆոտոյի վառ ներկայացուցիչը, փորձեց ֆիքսել կարևոր կադրեր՝ դրանք դարձնելով ուսումնական ֆիլմ:
Քարի դարից վերադարձած սովորողների պատումները ՝
- Արեգ Քեշիշյան
- Դավիթ Մուրադյան
- Միքայել Հովհաննիսյան
- Արգիշտի Ղարիբյան
- Տիգրան Գալստյան
- Վահան Սեդրակյան
- Աշոտ Գրիգորյան
- Ալվինա Խարազյան
- Սամվել Մխիթարյան
- Արեգ Հարությունյան
Կրթահամալիրի, Արատեսի դպրական կենտրոնի, իրականացված նախագծերի մասին են խոսում Արևմտյան դպրոցի ծնողական բաց համայնքի ներկայացուցիչները:
Եթե ամփոփելու լինենք նախագիծը, որից շատ բան սովորեցինք բոլորս, ապա կարող եմ ասել՝ նախագիծը նպաստեց.
- Թիմով դժվարություններ հաղթահարելուն
- Թիմով գործելու կարևոր հատկանիշների զարգացմանն ու բացահայտմանը
- Սովորելու համար ներկայացված նյութը կյանքով փորձելու կարևոր հնարավորությանը
- Ապրի՛ր մեկ անգամ, հիշիր միշտ
- Տարատարիք սովորողների միմյանց հետ աշխատելու կարևոր հմտությունների զարգացմանը
- Միասին երեք օր ապրելու, կենցաղ կիսելու, հանդուրժող լինելու կարողությունների զարգացմանը
- Փորձի փոխանակմանը
- Ծնող-սովորող-դասավանդող կապի ամրացմանը
- Արատես դպրական կենտրոնի այլընտանքային միջավայր լինելուն-ծառայելուն։
Խմբագիր՝ Հասմիկ Թոփչյան