Հեղինակ՝ Քրիստին Բոութմեն
Երբ սովորողների մի քանիսը դասասենյակում են, իսկ մյուսները դասին առցանց են հետևում, ուսուցիչները եզակի մարտահրավերներ և հնարավորություններ են ունենում:
Հեղինակ՝ Քրիստին Բոութմեն
Թարգմանություն անգլերենից
Նախաբանը թարգմանչի կողմից
Ես շատ էի մտածում համավարակի պայմաններում դպրոց հաճախելու պարետի ուղեցույցի մասին, որն անխնա քննադատության ենթարկվեց: Մեր կրթահամալիրում քննարկման է դրված մեկ այլ ուղեցույց: Հիմնականում համաձայն եմ Գևորգ Հակոբյանի առաջարկած ուղեցույցի պահանջների հետ՝ հիգիենայի պահպանման, ախտահանիչ նյութերի օգտագործման, տրանսպորտից օգտվելու կանոնների մասին և այլն:
Ինձ մոտ հարցեր են առաջանում ուսումնական պարապմունքների ձևերի վերաբերյալ, որոնք կապված են դասավանդողի աշխատաժամանակի, ծանրաբեռնվածության մեծացման հետ: Վերջին օրերին այս խնդրով այլոց փորձը նկարագրող հոդվածների փնտրտուքների արդյունքում , ի վերջո, կանգ առա առկա-առցանց հիբրիդային դասարանների փորձի վրա, որն իր անձնական փորձով նկարագրել է ԱՄՆ Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցի ուսուցիչ Քրիստին Բոութմենը: Կարծում եմ, որ այս այլոց փորձը արժանի է ուշադրության:
Երբ դպրոցներն անցնում են աշխատանքի բնականոն ռեժիմի Քովիդ-19-ի ընթացքում, դասապրոցեսի «հիբրիդային մոդել» բառակապակցությունը ամենագործածականն է դառնում կրթական ասպարեզում: Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցում, որտեղ ես դասավանդում եմ, մենք ձգտել ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի հիբրիդային մոդելը և ինչպես կարող ենք այն օգտագործել, որպեսզի այն լավագույնս ծառայի մեր սովորողներին: Այս ամռան ընթացքում մենք ամառային կրթական ծրագիր իրականացրեցինք՝ առաջին անգամ օգտագործելով ուսուցման հիբրիդային մոդելը:
Այս հիբրիդային մոդելով ամառային դպրոցի ընթացքում մենք մի քանի արժեքավոր բան սովորեցինք:
Հայեցակարգը
Հիբրիդային դասարանը ենթադրում է սովորողների մի քանիսի առկա մասնակցությունը ուսումնական պարապմունքին, իսկ մի քանիսն էլ հետևում են նույն դասին կենդանի Zoom տեսակապով: Առցանց սովորողները նույն հասանելիությունը ունեն ուսումնական պարապմունքին, ինչն ունեն առկա սովորողները:
Հիբրիդային դասարանն իր մեջ ներառում է մեծ վեբ տեսախցիկ և բարձր որակի բարձրախոսներ, որոնք թույլ են տալիս առցանց մասնակիցներին տեսնելու ամբողջ դասասենյակը, լսելու ուսուցչին և պատասխանելու ուսուցչի և դասընկերների հարցերին: Դասասենյակն ունի նաև մի մեծ սմարթ հեռուստացույց, որով առցանց մասնակիցները կարողանում են տեսնել և լսել միմյանց:
Բոլոր սովորողների առջև աշխատանքային քրոումբուք (նոութբուքի, նեթբուքի, պլանշետի ընդհանուր անունը) է դրված թե′ տանը, և թե′ առկա մասնակցության ընթացքում՝ գրառումներ դասարանական աշխատանք կատարելու համար:
Առավելությունները
Այժմ, երբ առողջ մնալը բոլորի համար առաջներթային է դարձել, հիբրիդային դասարանը թույլ է տալիս սովորողներին կապնվել ուսուցչի և դասընկերների հետ՝ մնալով տանը՝ անվտանք պայմաններում:
Ամառային դպրոցի ծրագիրն իրականացնելիս որոշ սովորողներ ի վիճակի չեղան հաճախել առկա պարապմունքներին՝ իրենց կամ իրենց ընտանիքների անդամների առողջական խնդիրների պատճառով:
Հիբրիդային մոդելի շնորհիվ յուրաքանչյուր սովորող ի վիճակի է ուսուցչի նույն տեղեկատվությունը միևնույն ժամանակ ստանալ: Նույն հնարավորությունն է տրվում բոլոր սովորողներին մասնակցելու դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին և առցանց ուսումնական այլ գործունեություններին:
Երբ ես զրուցեցի մի սովորողի հետ հիբրիդային դասերին իր մասնակցության մասին, նա ասաց. «Զիլ է այդքան տեխնոլոգիա օգտագործելը դասարանում, և ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ զրուցել իմ լավագույն ընկերոջ հետ՝ նույնիսկ, եթե նա առկայի փոխարեն Zoom-ով մասնակցությունն է ընտրել»:
Սովորողի ներգրավվածությունը
Ինչպես մաթեմատիկայի ուսուցիչ Մարիա Ուորենն ասաց. «Ամառային հիբրիդային դպրոցի ընթացքում ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ Zoom-ով սովորողները ավելի ուշադիր էին ներգրավված դասին, քան առկա սովորողները:
Հիբրիդային դասարանում բոլոր սովորողները աշխատում են դասարանական նույն գործունեության վրա իրենց քրոումբուքերով: Առցանց մասնակիցները առկա մասնակիցների հետ միևնույն ժամանակ մասնակցում են դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին:
Դասարանական համայնքի ձևավորումը
Յուրաքանչյուր դասարանի հիմքում անձնական փոխհարաբերություններն են: Մենք բոլորս էլ կարոտել ենք մեր սովորողներին այն ժամանակվանից ի վեր, ինչ համաճարակի պատճառով փակվեցին դպրոցները: Մենք ուզում ենք գրկել մեր սովորողներին, բայց դեռ համաճարակը շարունակվում է: Հիբրիդային դասարանի մոդելը մի փոքր դժվարություն կստեղծի ուսուցիչ-սովորող սերտ միջանձնային հարաբերություններ ստեղծելու գործում, այնուամենայնիվ, այդ մոդելը ավելի կջերմացնի սովորող-սովորող միջանձնային հարաբերությունները:
Հիբրիդային դասարանի համայնք ձևավորելու համար շատ կարևոր է սովորողներին միմյանց հետ շփվելու, զրուցելու առավելագույն հնարավորություններ տալ: Դա կարելի է անել ներգրավելով նրանց թիմային գործունեությունների մեջ հենց ուսումնական տարվա սկզբին:
Խնդրահարույց թեմաներով քննադատական մտածողության զարգացումը
Սովորողների Հասակակիցների միջև գրավոր և բանավոր խոսքում քննախոսությանը նպաստելը զարգացնում է նրանց քննադատական մտածողությունը և նրանց հաղորդակցվելը ավելի արդյունավետ է դառնում: Հիբրիդային դասարաններում դասավանդողը հասնում է նշված նպատակին՝ դասարանական քննախոսական խմբեր ձևավորելով, որտեղ սովորողները միասին աշխատում են մի որևէ խնդրի լուծման վրա, քննարկում են դասավանդողի հանձնարարությունը, կամ էլ՝ մի որևէ գրական գործ:
Ինչպես արդեն ասվել է, քանի որ հիբրիդային դասարանում յուրաքանչյուր սովորող աշխատում է իր անձնական քրոումբուքով (նոութբուքով, նեթբուքով, պլանշետով), դասավանդողը կարող է 3-5 հոգանոց փոքրիկ աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք բաղկացած են առկա և Zoom հեռավար սովորողներից: Աշխատանքի կազմակերպման այս ձևը սովորողներին հնարավորություն է տալիս պահպանել ջերմ հարաբերությունները հեռավար սովորող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև՝ զարգացնել իրենց գրավոր և բանավոր հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունները:
Նորարարության անհրաժեշտությունը
Համաճարակի հետ կապված, հիբրիդային ամառային դպրոցի տնօրեն Բեն Հարգրավն ասում է. «Դպրոցները փոխվել են, և դրանք շուտով չեն վերադառնա իրենց սովորական բնականոն ռեժիմին: Մենք պետք է ընդունենք այս փոփոխությունը և դպրոցը սովորողների ուսումնառության համար դարձնենք լավագույն վայրը»:
Երբ մենք մտածում ենք, թե ինչպես ստեղծել հնարավոր լավագույնը մեր սովորողների համար, հիբրիդային դասարանի մոդելը փորձարկող ուսուցիչները պետք է ռիսկի դիմեն, լուծեն առաջացող խնդիրները և փորձեն նորերը: Ուսուցիչները պետք է համբերատար և աճի ու զարգացման մտածելակերպով մոտենան այս գործին: Հիբրիդային դասարանը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսուցիչների նորարարական աշխատանքի և սովորողների ուսումնառության միջավայրի համար:
Աղբյուրը՝
Christine Boatman, Edutopia 08, 2021, Lessons from a summer of teaching in hybrid classrooms
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան