Սիրում եմ շարունակական նախագծեր իրականացնել։ Նախագծի շարունակականությունը չընդհատվող ուսումնական գործընթաց է ապահովում, որի հաջորդական փուլերը կարող են տեսանելի չլինել սովորողին, սակայն շատ կարևոր է հետազոտող ուսուցչի գործունեության համար։ Նախագիծը սկսելիս հետազոտող ուսուցիչն է  որոշում և առանձնացնում շարունակականության հավանական փուլերը, զարգացումներն ու զուգորդումները, յուրաքանչյուր փուլում ծառացող  խնդիրները, ակնկալվող արդյունքներն ու նպատակները, ապա նաև իրավիճակի հետ կապված՝ հետազոտող ուսուցիչն է կազմակերպում սովորողի գործունեությունը, մղում նրան նոր աշխատանքային ձևերի։  Շարունակական նախագծի ողջ ընթացքում ուսուցչի խնդիրն է դառնում՝

  • սովորողի համար ապահովել ուսումնական գործունեության սահուն անցումներ
  • տարբեր մակարդակներ ունեցող սովորողների մասնակցություն այս կամ այն փուլում ՝ ըստ կարողությունների և ընդունակությունների
  • սովորողների աշխատանքների կազմակերպում և համակարգում
  • արդյունքների ամփոփում

Ամառային արձակուրդի հենց սկզբից սովորողների ուսումնական  գործունեության նախագծերը հանգամանալից մշակելով՝ առաջարկեցի «Հայոց աշխարհի բերդերն ու ամրոցները» հեռավար-առցանց նախագիծը՝ իր բովանդակային ու աշխատանքային ուղղություններով։ Կորոնավիրուսի այդ ակտիվ շրջանում, հասկանալի էր, որ սովորողները ճամփորդելու հնարավորություն չէին կարող ունենալ, բայց, անշուշտ, կարող էին համացանցով ճանաչողական, հետազոտական-որոնողական, նաև ընթերցողական աշխատանքներ իրականացնել։ Ակնկալում էի, որ նախագծի ամառային փուլից հետո  հայրենաճանաչության գործընթացը ֆիզիկական միջավայրում հնարավոր կլինի շարունակական դարձնել 2020-2021 ուսումնական տարում, և հենց սեպտեմբերի առաջին օրերին էլ ներկայացավ առիթը, և հնարավոր դարձավ բերդերի նախագիծը հեռավարից ֆիզիկական միջավայր փոխադրելը։ Իհարկե, ամառվա ընթացքում սովորողների ակտիվ մասնակցությունն էլ նշանակությունն ունեցավ՝ նախագծին շարունակականություն հաղորդելու համար։ Ամառային գործունեության արդյունքներն ամփոփելիս արձանագրեցի, որ Քոլեջի մի խումբ սովորողներ կարողացել էին Հայոց աշխարհի հետաքրքիր բերդեր ու ամրոցներ «հայտնաբերել»  համացանցում և ընդարձակ տեղեկություններով, նկարաշարերով, տեսանյութով հրապարակումներ անել  իրենց բլոգներում։

Ամառային գործունեության շարունակականություն ապահովող հաջորդ՝ «Հայոց աշխարհի բերդերը»՝ ֆիզիկական միջավայրում» նախագիծը կարևորում էր ոչ միայն ճամփորդությամբ ուսուցումը՝ որպես ուսումնական պարապմունքի տեսակ, այլև   նպատակ ուներ մի քանի այլ խնդիրներ էլ լուծել՝

  • ընկերական փոխհարաբերությունների ձևավորում և ամրապնդում հին ու նոր սեբաստացիների միջև
  • հայրենաճանաչություն՝ ճարտարապետական հուշարձանների ու կոթողների դիտում, ծանոթացում
  • քայլք, բարձունքների, զառիթափի, դժվարընթաց տեղանքի հաղթահարում
  • հմտությունների, կարողությունների ձևավորում և զարգացում
  • սովորողի ճաշակի, արժեհամակարգի ձևավորում, մշակույթի արժևորում և փոխանցում

Հայրենագիտական այս մեկ ճամփորդության ընթացքում սովորողները հնարարավորություն ունեցան՝  տեսնելու, ճանաչելու Արագածոտնի մարզի երեք գյուղ (Կոշ, Արուճ, Դաշտադեմ),  մեկ շրջկենտրոն (Թալին), ճարտարապետական մի շարք հուշարձաններ՝ ութ եկեղեցի (Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս ժայռափոր եկեղեցիներ, Արուճի տաճար, Սուրբ Կաթողիկե, Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս, Սուրբ Քրիստափորի եկեղեցիներ), մեկ քարավանատուն, աղբյուր-հուշարձան, երեք ամրոց (Կոշ, Արուճ, Քաղենի)։ Ճամփորդությունը հիանալի առիթ էր՝ շփվելու, հարաբերվելու գյուղի մարդկանց,  հասակակից պատանիների, ճամփորդող խմբերի ու առանձին մարդկանց հետ և ամենակարևորը՝  պարզապես վայելելու հայ մարդու պատրաստակամ, ջերմ, հոգատար ու հյուրընկալ վերաբերմունքը։

Եվ հենց մեր տեսած ամրոցների բարձունքներից, երբ, վերելքի դժվարությունը, հոգնությունը հաղթահարած, սովորողներով ու մասնակից դասավանդողներով վերից զմայլանքով ու ոգևորությամբ նայում էինք մեր չքնաղ երկրի անծայր հորզոններին, մեծագույն ցանկություն առաջացավ բանաստեղծական խոսքով կարևորել պահը, մեր առջև փռված տեսարանը, բայց միասնական ասմունքի միայն մի օրինակ ունեինք՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։ Իսկ վերադարձի ճանապարհին իբրև մայրենիի ուսուցիչ՝ ես արդեն գիտեի, որ դասերը վերսկսելու առաջին իսկ օրերին հարկավոր է լրացնել այդ բացը։

Այդպես ծնվեց «Հայրենիքիս» ընթերցողական նախագիծը (տե՛ս Սեպտեմբերյան նախագծեր), որում ներառել էի Սահյան-Չարենց-Իսահակյան բանաստեղծական եռյակի «Հայաստան ասելիս», «Հայրենիքում», «Է՜յ, ջան-հայրենիք» սքանչելի ստեղծագործությունները։ Հայրենաճանաչությունը, անշուշտ,  հայրենիքը սիրելու, նրա ամեն պատառ հողին գորովանքով վերաբերվելու անհրաժեշտ նախապայման է, իսկ ահա բանաստեղծական խոսքը՝ պոեզիան, սովորողին մի նոր հարթակ է ուղեկցում, մղում  նրան՝ բարձր ու վսեմ հոգևորի հետ հաղորդակցվելու, որ շատ կարևոր է սովորողի թե՛ գրական ճաշակի, թե՛ մարդկային հոգեկերտվածքի ձևավորման համար։

Ընթերցողական նախագիծը նպատակ ուներ հիմա արդեն հայրենի երկրի ամեն մի անկյունը սիրել տալ բանաստեղծական խոսքի միջոցով։  Կարևոր էր  նաև, որ  նախագծի իրականացման ընթացքում  սովորողների մեջ ընթերցողական հմտություններ ձևավորեն, որ սովորեն միասին արտասանել, զրույց-քննարկում անցկացնել բանաստեղծությունների շուրջ, կարծիքներ արտահայտել, փոխանակել, ապա նաև տեսաձայնագրություններ պատրաստել, գրավոր համեմատել, վերլուծել ստեղծագործությունները։ Ահա այդ աշխատանքներից մի քանիսը․

Դե իսկ իրար հաջոդող «Հայրենագիտական ճամփորդություն՝ նվիրված անկախության օրվան» և «Քայլք Մուսալեռ գյուղում»  նախագծերը իսկական «թատերաբեմ» եղան մեր բերանացի ասմունքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով