Վերջերս շատ ենք սիրում խոսել երեխաների իրավունքներից․ այդ թեմային նվիրված հեռուստահաղորդումները, քննարկումները, հոդվածները, կարծիքներն ու միմյանց դատապարտող նյութերը շատ են․ փնտրե՛ք համացանցում։ Հիմա կասեք՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Լավ է, քանզի քննարկումները, նույնիսկ եթե դրանց հետ համաձայն չենք, մեզ ուժեղացնում են․ թեմային տարբեր կողմերից ենք նայում, հասկանում, որ 21-րդ դարում չեն կարող և չպիտի լինեն փակ թեմաներ, գաղտնի լուծումներ, իրավունքի ոտնահարում։ Վատ է, որովհետև, ինչպես ցանկացած նյութ, դառնում է շահարկման, ինքն իրեն գովազդելու, հերթական անգամ իրար վրա ցեխ շպրտելու, քաղաքականացնելու թեմա։
Ես հիմա գրում եմ որպես կրթության գործի կազմակերպիչ, ինձ հետաքրքրում է երեխայի կրթության իրավունքը։
Կրթության մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ որպես կրթության բնագավառում օրենսդրության խնդիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը։
Նույն հոդվածի մյուս ենթակետը պարտավորեցնում է կրթության համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների և մեխանիզմների ստեղծումը։
Կարծես ամեն ինչ ասված է, օրենքով կարգավորված, բայց արի ու տես, որ ամենօրյա աշխատանքում բախվում ենք խնդիրների, որոնց լուծում չի տրվում, կամ լուծումը երեխայի կրթության իրավունքի իրացման տեսակետից անընդունելի է։ Մանկավարժության մեջ առաջացող խնդիրները կապվում են երեխայի՝ սովորողի ու նրա կրթության կազմակերպման հետ, հետևաբար բոլոր խնդիրները հետաքրքիր են, լուծումները՝ մանկավարժական։ Հենց այդ խնդիրներներն են օգնում, ձևավորում մանկավարժի, կրթության գործի կազմակերպչի մանկավարժական հմտությունները, ստիպում, որ մտածի, լուծումներ գտնի։ Մանկավարժական խնդիրներից խոսափելը հակամանկավարժական եմ համարում։
Կրթությունը սահմանող, վերահսկող օրենքները, նորմատիվ փաստաթղթերը, կարգավորումները պետք է ծառայեն մարդուն՝ սովորողին, ուսուցչին՝ ՀՀ քաղաքացուն, ում համար էլ դրանք ստեղծվել-մշակվել են, և ոչ հակառակը։ Հաճախ հակառակին ենք ականատես լինում։ Այն, որ օրենքները պիտի ընթերցման համար հեշտացվեն, հասանելի լինեն քաղաքացու համար՝ տարատեսակ, ակտիվ հղումներ, որոնման արդյունքներով երևա օրենքի նոր տարբերակը․ այդ մասին մի քանի անգամ խոսել եմ, այստեղ չեմ խոսի։ Իրականում մենք չենք ուզում մարդկանց օգնել, որ օրենքները կարդան, չենք ուզում, որ օրենքից օգտվել իմանան. դա լուրջ մշակույթ է, որը ձևավորելու հստակ մեխանիզմներ է պետք գործարկել։ Մենք ուզում ենք օրենքը զենք դարձնել մարդու դեմ՝ հիշել օրենքը, երբ պետք է։ Ինչպես չենք ուզում հանրային քննարկումները, օրենքների մշակումները բաց ու հանրային դարձնել, մարդկանց ներգրավման մեխանիզմներ մշակել․ այս մասին էլ եմ խոսել։
Հիմա ուզում եմ խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող Հեռավար ուսուցման ծրագրի մասին։ Ի դեպ, հեռավար ուսուցումը սահմանվում է օրենքով, կարգով․ «Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն»։ Կրթահամալիրում այս ծրագիրը ներդրվել, մշակվել ու փորձարկվել է հենց կրթության պատվիրատուի՝ ծնող-սովորող, պահանջով։ Կրթահամալիրը՝ որպես հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հաստատություն, չէր կարող չդիտարկել ծնողների օրինական հարցադրումները, չմշակել և չզարգացնել օրենքով սահմանված-պահանջված կրթության կազմակերպման այս տարբերակը։ Հատկապես, չկտրվելով մեր իրականությունից, գիտենք, որ արտերկրում ունենք դիվանագետների երեխաներ, հրավիրյալ մասնագետներ՝ տարբեր ժամկետային պայմանագրերով, արտագնա աշխատանքի մեկնած, այլ՝ բազմաբնույթ, խնդիրներ առաջ քաշող ընտանիքներ․ սրանք փաստեր են, որոնք չենք կարող շրջանցել։ Այս երեխաների կրթության կազմակերպումը հենց մանկավարժական խնդիր է։ Արդեն յոթից ավելի տարի է, որ կրթահամալիրում իրականացվում է հեռավար ուսուցում, ունենք մշակած կարգ, փաստաթղթեր։ Տարբեր տարիների ունեցել ենք 20-35 սովորող, հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված ուսուցիչներ, որոնց բլոգներում առկա են համապատասխան մշակումներ, փաթեթներ։
Ունենք այս թեմայով բազմաթիվ մշակումներ, հոդվածներ, այլոց փորձի ուումնասիրություններ․
- Ի՞նչ է խառը (համակցված) ուսուցում-ուսումնառությունը. այլոց փորձի ուսումնասիրություն․ Յուրա Գանջալյան
- Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց․ Յուրա Գանջալյան
- Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում․ Յուրա Գանջալյան
- Հեռավար ուսուցում․ այլընտրանքային իրականություն․ Մարգարիտ Սարգսյան
- Հեռավար ուսուցումը՝ 21-րդ դարի կրթության մարտահրավերների դեմ․ Մարգարիտ Սարգսյան
Կրթահամալիրի սովորողներն այս տարի հայտնվեցին մի իրավիճակում, որը մանկավարժական լուծումներ ու ճկուն մոտեցումներ էր պահանջում։ Նորից բախվեցինք այն խնդրին, որ հանրակրթության գործունեությունը կարգավորող փաստաթղթերը ճկուն չեն ու ուղղված չեն մարդուն՝ անհատին։ Ներկայացնում ենք իրավիճակը․
- Կրթահամալիրի ավագ դպրոցում հեռավար ձևով սովորողի ավարտական քննության հեռավար կազմակերպման անհրաժեշտությանն առնչվել ենք առաջին անգամ։ Ուսումնական տարվա վերջում 9-րդ, 12-րդ դասարաններում հեռավար սովորողները ավարտական քննությունների համար եկել են Երևան, քննություններին մասնակցել են նախարարության սահմանած կարգով։ 2022թ. մայիս-հունիսին ևս 9-րդ դասարանում հեռավար ձևով սովորողները Գերմանիայից, ՌԴ-ից քննությանը մասնակցելու համար Հայաստան են եկել, ինչպես ամեն տարի։ Դավիթ Խաչատրյանը, Մանե Հովհաննիսյանը Չինաստանից չեն կարողացել գալ համաճարակի պատճառով։ Ի՞նչ պիտի անեին սովորողները, որոնք իրենցից անկախ պատճառներով հայտնվել էին արտակարգ իրավիճակում։ Նրանք հետևողական դիմել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կրթության անօտարելի իրավունքի, Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (հոդված 20, կետ 1.2), կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ կրթության ձևի ընտրության իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ի՞նչ պիտի անեին դպրոցը, ղեկավարը, մանկավարժական խորհուրդը՝ որպես այդ իրավունքի համար պատասխանատու մարդիկ։ Կա՛մ պետք էր ազատել սովորողներին քննություններից, ինչպես դա արվել է համաճարակի պատճառով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18.05.2020թ. N 07-Ն հրամանով, կա՛մ պետք է կազմակերպեին քննությունները հեռավար՝ կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված կարգով՝ լիազորված պետական մարմնին խնդրի լուծման առաջարկը ներկայացնելով, մշակելով և փորձարկելով մի կազմակերպում, որ օգտակար կլինի նաև այլոց համար, հատկապես որ covid-ը նորից ակտիվանում է, արտակարգ՝ պատերազմական, համաճարակային իրավիճակների պակաս աշխարհով մեկ չկա։ Իրավունքի տեսանկյունից՝ Հայաստանի քաղաքացի սովորողների կրթության անօտարելի իրավունքը, Հանրակրթության մասին օրենքով հռչակված պետական քաղաքականության սկզբունքների ապահովումը (հոդված 5) պահանջում են հնարավոր բոլոր տեսակի դեպքերի համար նախատեսվող կարգավորումներ։ Մանկավարժության տեսանկյունից՝ եթե չենք խրախուսում պատանիների՝ սեփական իրավունքները պաշտպանելու փորձը, ինչպե՞ս են «սովորողները նպաստում ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը» (Հանրակրթության պետական չափորոշիչ, կետ 8.4), ինչպե՞ս է հիմնական կրթության շրջանավարտն ապահովում իրեն ներկայացվող պահանջը. «ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում» (Հանրակրթության պետական չափորոշիչ, կետ 10.38)։ Եվ զարգացման տեսանկյունից՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «տեսլականի հիմքում Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է՝ «գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն», նախատեսում է «աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթություն ստանալու, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով (82.21 կետ)»։
- 22-04-150 գրությամբ (2022թ. ապրիլի 29) ԿԳՄՍՆ տեղեկացրել ենք, որ 9-րդ դասարանի սովորողներ Մանե Հովհաննիսյանը, Դավիթ Խաչատրյանը իրենցից անկախ պատճառներով մոտակա ամիսներին Հայաստան գալու հնարավորություն չունեն։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի ապահովում՝ դիմել ենք ամփոփիչ ստուգումը, ավարտական քննությունները հեռավար-առցանց անցնելու խնդրանքով։ Նախարարությունից մերժում, այդ գրությանը որևէ այլ արձագանք չի եղել։
- 9-րդ դասարանցիների քննությունները կազմակերպվել են կարգի պահանջներին համապատասխան։ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված քննությունները կազմակերպվել են ԳԹԿ-ի կողմից հաստատված քննական կենտրոնում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ԳԹԿ-ի տրամադրած թեստերով, Երևանի քաղաքապետարանի կազմած քննական հանձնաժողովների կողմից։ Մանե Հովհաննիսյանի և Դավիթ Խաչատրյանի քննությունները կազմակերպվեցին առցանց՝ Microsoft Teams հարթակում իրենց ձայնագրություններով: Քննությունների արդյունքները, ԳԹԿ-ի սահմանած կարգով, քննության օրը ուղարկվել են համապատասխան պաշտոնական հասցեին։ 22-06-248, 22-07-272 գրություններով ԿԳՄՍՆ են ներկայացվել հրապարակային անցկացված քննությունների արդյունքները՝ վստահ, որ լիազորված մարմինը ոչ միայն կհաստատի, այլև մեր օրինակը կօգնի, որ կրթության անօտարելի իրավունքը հանրապետությունով մեկ, առանց բացառության, իրացված լինի, ինչպես էքստեռն քննությունների դեպքում։
Կարծում ենք, որ հենց նման խնդիրներն են մանկավարժական, սրանք են օգնում ունենալ նորարար ու անընդհատ զարգացող մանկավարժություն․ կա խնդիր և կա լուծում, չկան չլուծվող խնդիրներ։ Մանկավարժության մեջ խնդիրները լուծվում են հօգուտ սովորողի։
21-րդ դարում, երբ բոլորիս ձեռքին համացանցին միացված հեռախոս կա, կյանքի հետզհետե արագացող տեմպի մեջ, համացանցային ու առցանց տիույթի այս դարաշրջանում, կրթությունը չի կարող կրիայի նման հետ ընկնել, չգնալ նոր լուծումների ու չծառայել նոր մարդուն։ Այսօրվա կրթությունը 20-րդ դարի մարդու համար չէ․ կա ժամանակակից սովորող իր պահանջներով, ու կյանք, որը այլ պահանջներ ու խնդիրներ է առաջ քաշում։ Սա պետք է հաշվի առնենք, սովորենք ու ճկուն դառնանք։
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան