Հատվածներ
Սկիզբը
Մի անգամ պարոն Սքոթից հեռագիր ստացա, որով ինձ հրավիրում էր Ֆիլադելֆիա՝ հանդիպման: Հարցը հետևյալն էր: Որոշ ժամանակ առաջ պարոն Սքոթը միտք էր հղացել կառուցելու Տեխաս-Խաղաղօվկիանոսյան երկաթգիծ: Նրան համառորեն խորհուրդ էի տվել, որ չսկսի այդպիսի մեծ գծի կառուցումը, քանի դրա համար անհրաժեշտ կապիտալը չունի, և հույսը չդնի վարկի վրա: Բայց չէր հետևել իմ խորհրդին: Նա հայտնեց, որ հասել է մեծ վարկը մարելու ժամկետը, որը նա վերցրել էր Լոնդոնում՝ Մորգանից, և վերջինս համաձայն կլինի երկարացնել վճարման ժամկետը, եթե ես մասնակցություն ունենամ այդ վարկում: Ես հրաժարվեցի: Այդ ժամանակ իմ առջև հարց դրվեց` պատրա՞ստ եմ իմ հրաժարումով սնանկացման դատապարտել ընկերներիս: Դա կյանքիս ամենատանջալի պահերից մեկն էր, բայց ոչ մի րոպե չտատանվեցի: Իմ ամբողջ կապիտալը ներդրված էր մեր ձեռնարկություններում, և չէի կարող այնտեղից նույնիսկ դոլար վերցնել: Ես, թեև համեստ չափսերի, բայց մեր կոնցեռնի ֆինանսիստն էի և պատասխանատվություն էի կրում նրա մասնակիցներից յուրաքանչյուրի ճակատագրի համար:
Չնայած որ չէի խրախուսում պարոն Սքոթի այդ ծրագիրը, այնուամենայնիվ ներդրեցի այդ գործում իմ բաժինը՝ կանխիկ 250 հազար դոլար: Աշխարհում ոչ մի բան չէր կարող ինձ ստիպել իմ անունը տրամադրել ուրիշի ձեռնարկումների համար. իմ անունով պատասխան եմ տալիս միայն իմ ֆիրմայի համար:
Գործարար մարդու համար չկա ավելի մեծ վտանգ, քան ուրիշի փոխարեն երաշխավորելը: Այդ վտանգից խուսափել կարելի է, եթե երկու հարցի պատասխանես: Առաջինը. անհարաժեշտության դեպքում կունենա՞մ այդքան ազատ միջոցներ, որ վճարեմ իմ երաշխավորած գումարը: Եվ երկրորդը. պատրա՞ստ եմ զրկվելու այդ փողից այն մարդու համար, ում երաշխավորել եմ: Դրական պատասխանի դեպքում, միայն դրական, կարելի է ընկերոջը այդպիսի ծառայություն մատուցել: Բայց այդ դեպքում հարց է առաջանում. ավելի լավ չէ՞ միանգամից այդ գումարը կանխիկ տալ, քան երաշխավորագիր ստորագրել: Վստահ եմ, որ շատ դեպքերում ավելի լավ է այդպես վարվել:
…. Գործերս Լոնդոնում այնքան հաջող էին գնում, որ քիչ էր մնում հեռանայի արդյունաբերական գործունեությունից և ամբողջությամբ զբաղվեի ֆինանսական և բանկային գործունեությամբ: Բայց ինձ ավելի շատ արդյունաբերությունն էր ձգում: Ցանկանում էի նյութական արժեք ստեղծել: Այդ պատճառով էլ իմ բոլոր ազատ փողը ներ էի դնում մեր փիթսբուրգյան գործարաններում: Մեր գործին մեծ ապագա էր սպասում, և որոշեցի ամբողջությամբ նվիրվել մետաղագործական արդյունաբերությանը:
Մաքսային սակագնի հարցում կառավարության բռնած դիրքը ամբողջովին ցրեց իմ մտավախությունները մեր գործ ապագայի հարցում: Տեսնում էի, որ Քաղացիական պատերազմը ամերիկական ժողովրդի մոտ Եվրոպայից անկախ, ինքնաբավ ազգ դառնալու վճռականություն էր առաջացրել: Մինչ այդ Ամերիկան իր պողպատի և մասամբ երկաթի կարիքները բավարարում էր արտասահմանից, հիմնականում Անգլիայից, ներկրմամբ: Հիմա ժողովուրդը պահանջում էր, որ այդ ամենը արտադրվի երկրում, և Կոնգրեսը պաշտպանեց հայրենական արդյունաբերությունը` ներկրվող պողպատե ռելսերի համար սահմանելով դրանց գնի քսանութ տոկոսի չափսով սակագին:
…. Հիմա, երբ ետ եմ նայում, անհավանական է թվում, որ անցյալ հարյուրամյակի յոթանասունականներին Ամերիկայում չուգունի արտադրության գործում քիմիան ոչ մի դեր չուներ:
Մենք հին կառավարչին փոխարինեցինք նորով և նրան տեղակալ հրավիրեցինք քիմիկոս դոկտոր Ֆրիկեին, կրթված գերմանացու, ով մեզ այնպիսի բաներ բացահայտեց, որոնց մասին չէինք էլ մտածում: Օրինակ, իմացանք, որ ամենալավ հանքերի հանքաքարը հաճախ սպասվածից տասը, տասնհինգ և նույնիսկ քսան տոկոս ավելի քիչ երկաթ էր պարունակում: Հանկարծ պարզվեց, որ մինչ այդ վատ համբավ ունեցող հանքերը բարձր կարգի հանքաքար էին տալիս: Այն, ինչ լավ էր համարվում, պարզվեց՝ վատ է, և հակառակը. ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Չուգունի արտադրության հարցում մեր անտեղյակության ինը տասներորդ մասը հալվեց, ինչպես մեղրամոմը՝ քիմիական գիտելիքների վառ արեգակի տակ:
Ի˜նչ հիմարն էինք եղել: Բայց կարող էինք մխիթարվել նրանով, որ մեր մրցակիցները ավելի հիմար էին:
Տարիներ էին անցել, ինչ մենք չուգունի մեր ամբողջ արտադրությունը վստահել էին քիմիկոսներին, իսկ ուրիշ դոմնյան վառարանների տերերը շարունակում էին պնդել, որ նրանց միջոցները չէին բավարարում քիմիկոս պահելու համար:
Եթե իրերի վիճակը նրանք պարզ պատկերացնեին, ապա վաղուց հասկացած կլինեին, որ դրանց շահագործումը առանց քիմիկոսի ավելի թանկ էր նստում:
…. 1873թ. սեպտեմբերին ֆինանսկան ճգնաժամ սկսվեց: Դա կյանքիս ամենատագնապալի շրջանն է եղել: Երբ հանգստանում էի Ալեգանյան լեռներում, մի առավոտ հեռագիր ստացա՝ «Jay Cooke & Co» ֆիրմայի սնանկացման մասին: Դրանից հետո նոր սնանկացումների մասին լուրերը թափվում էին: Մեկը մյուսի ետևից ֆիրմաները դադարեցնում էին վճարումները: Ամեն առավոտ մեզ հարց էինք տալիս, թե ում հերթն է հիմա: Ցանկացած նոր սնանկացում թուլացնում էր մյուսների վճարունակությունը, մինչև, որ երկրում ամբողջ գործարար աշխարհը կաթվածահար եղավ:
Փոթորկի առաջին պոռթկումը այն ֆինանսական շրջաններին դիպավ, ովքեր գործ ունեին բորսայի հետ: Որոշակի ժամանակ անցավ, մինչև այն զգաց մնացած գործարար աշխարհը: Բայց վիճակը անկասելիորեն վատանում էր, և վերջապես անկումը բռնկվեց, ինչը իր հետ անդունդ տարավ Տեխաս-Խաղաղօվկիանոսյան երկաթգծի իմ ընկերներին: Դա ինձ համար ամենածանր հարվածն էր: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ Տեխասյան խմբի հետ իմ անձանական կապերի դեպքում, նրանց ֆինանսական պարտավորություններին չէի մասնացում:
Փիթսբուրգի փոխանակման բանկի տնօրենը Նյու-Յորքում գտնված ժամանակ էր ստացել պարոն Սքոթի և պարոն Թոմասի սնանկացման լուրը: Նա անմիջապես շտապել էր Փիթսբուրգ և խորհրդի նիստում հայտարարել, որ իմ կապ չունենալը այդ գործի հետ անհավատալի է համարում: Այդ հիմքով առաջարկել է, որ բանկը մեր հաշիվների հետագա վարումից խուսափի:
Այդ բանն իմանալով, որոշեցի անմիջապես գործել: Առաջին իսկ գնացքով Փիթսբուրգ մեկնեցի և բոլոր շահախնդիր անձանց ապացուցեցի, որ չնայած Տեխաս-Խաղաղօվկիանոսյան երկաթգծի բաժնետեր եմ, բայց իմ բաժինը կանխիկ եմ վճարել: Պարտաթղթերից ոչ մեկի վրա իմ ստորագրությունը չկա: Նրանց նկատմամբ ոչ մի ֆինանսական պարտավորություն չունեի, ինչը որ ունեի ձեռքիս, դրա համար վճարել էի, և ինձ էր պատկանում: Իմ բոլոր պարտավորությունները սահմանափակվում էին իմ սեփական ձեռնարկություններով, և այդտեղ ինձ պատասխանատու էի համարում յուրաքանչյուր դոլարի համար:
Դրանից հետո ֆինանսական շրաջաններում մեր նկատմամբ բոլոր կասկածները ցրվեցին և տեղը զիջեցին վստահությանը: Մեր վարկը անսասան դարձավ:
Ինձ ծրագիր ներկայացրին, որի համաձայն գործարանը պետք է երկու ստորաբաժանումից բաղկացած լիներ. դրանցից մեկը պետք է ղեկավարեր մի շոտլանդացի՝ պարոն Սթիվենսոնը, մյուսը՝ պարոն Ջոնսը: Ես այն կարծիքին էի, որ մի ձեռնարկությունում չի կարող լինել նույն իրավասություններով երկու ղեկավար: Նման պայմաններում գործը կործանման է դատապարտված, ինչպես երկու գլխավոր հրամանատար ունեցող զորքը, կամ երկու նավապետ ունեցող նավը: Հայտարարեցի.
-Այսպես չի լինի: Ես չեմ ճանաչում ո´չ պարոն Սթվենսոնին, ո´չ պարոն Ջոնսին, բայց հրամայել կարող է միայն նրանցից մեկը, և միայն այդ մեկը պետք է պատասխանատվություն կրի:
Ընտրությունը կանգնեց պարոն Ջոնսի վրա: Այդպիսով «նավապետ» ունեցանք:
«Նավապետը» այդ ժամանակ շատ երիտասարդ էր ու շատ աղքատ. նա մեզ մոտ տեղափոխվել էր հարևան ֆաբրիկայից, որտեղ օրական երկու դոլարով մեխանիկ էր աշխատում: Շուտով համոզվեցինք, որ նա հիանալի մարդ է: Ռելսերի արտադրության մեր հաջողությունների մեծ մասով նրան ենք պարտական: Հետագայում առաջարկեցինք, որ նա մասնակցություն ունենա մեր եկամուտներում, ինչը նրան միլիոններ կբերեր: Նա հրաժարվեց:
— Ոչ, — ասաց, — չեմ ցանկանում շեղվել դեպի ձեռնարկության առևտրային կողմը: Բավականին գործ ունեմ անելու հենց արտադրությունում: Բայց, եթե կարծում եք, որ արժանի եմ, բարձրացրեք աշխատավարձս:
— Շատ լավ, նավապետ, քեզ նշանակում ենք Միացյալ Նահանգների նախագահի աշխատավարձ:
— Դրանից չեմ հրաժարվի, — պատասխանեց Ջոնսը:.
Պարոն Ջոնսի բերած մեքենաները, նրա աշխատանքային ծրագրերը, նրա ընտրած մարդիկ այնքան հաջող էին, որ գործը փայլուն էր գնում, և արդյունքները գերազանցեցին սպասելիքները: Բավական է ասել, որ հենց առաջին ամսում 11 հազար դոլար աշխատեցինք: Կարևոր էր նաև, որ հաշվառման մեր համակարգը հնարավորություն էր տալիս մեծ ճշտությամբ հաշվարկել եկամուտը: Մեր մետաղաձուլական գործարանների փորձը ցույց տվեց, թե ինչ նշանակություն ունի այդ համակարգը: Ձեռնարկության համար չկա ավելի ձեռնատու բան, քան գրասենյակային մի քանի աշխատողներ, որ արտադրության ընթացքում մի ստորաբաժանումից մյուսը գնացող նյութերի ճշգրիտ հաշվառում են վարում:
…. Մեր ձեռնարկության հաջողություններով թևավորված, հնարավոր համարեցի այս անգամ ավելի երկարատև արձակուրդ վերցնել և իրականացնել վաղեմի երազանքս՝ ճանապարհորդել աշխարհի շուրջը:
Եվ այսպես, 1878թ. պարոն Վանդևորտի («Վանդի») հետ ճանապարհ ընկանք: Հետս մի քանի ծոցատետր էի վերցրել և ամեն օր տպավորություններս գրանցում էի:
Սկզբում գրքի մասին չէի էլ մտածում, ուղղակի կարծում էի, որ գրառումներս մի քանի օրինակով կարտագրեմ և կտամ բարեկամներիս: Բայց, երբ տեսնում ես սեփական մտքերդ գրքում տպագրված, դա լրիվ ուրիշ զգացողություն է:
Երբ տպարանից ուղարկեցին մի քանի օրինակ, նորից նայեցի, որպեսզի հասկանամ՝ արժի ուղարկել ընկերներին: Որոշեցի, որ արժի:
…. Շուրջերկրյա ճամփորդությունը ինձ համար նոր հորիզոններ բացեց: Ամբողջ մտավոր կյանքս նոր ուղղություն ստացավ:
Ճանապարհորդության արդյունքում ինչ որ ներքին խաղաղություն զգացի: Այնտեղ, ուր քաոս էր տիրում, հիմա կարգ հաստատվեց: Հոգիս խաղաղվեց: Վերջապես գտա իմ փիլիսոփայությունը: Քրիստոսի՝ «Աստծո արքայությունը ձեր մեջ» բառերը ինձ համար նոր իմաստ ձեռք բերեցին: Աստծո արքայությունը ո´չ անցյալում, ո´չ ապագայում, այլ ներկայում, այստեղ, երկրի վրա: Մեր բոլոր պարտականությունները կապված են ներկա աշխարհի և ներկա ժամանակի հետ, և իզուր են այդ սահմաններից դուրս նայելու բոլոր ձգտումները:
Յուրաքանչյուրը, ով գոնե մի փոքր հնարավորություն ունի, պետք է շուրջերկրյա ճամփորդություն կատարի, թեկուզ մեծ զոհողությունների գնով: Դրա համեմատ մյուս բոլոր ճամփորդությունները կիսատ են թվում, որովհետև տալիս են ամբողջի միայն առանձին մասերի մասին պատկերացումներ: Բայց նա, ով այցելել է բոլոր երկրները, տուն է վերադառնում այն զգացողությամբ, որ տեսել է ամբողջը, ինչ կարելի էր տեսնել (իհարկե, ընդհանուր գծերով): Սփռված մասերը հավաքվում են մեկ ամբողջության մեջ, և մարդկությունը ճանաչում ես իր տարբեր կերպարներում՝ տարբեր գաղափարներով և նպատակներով:
Շուրջերկրյա ճանապարհորդը, Արևելքի սուրբ գրքերը ուսումնասիրածի նման, հանգում է եզրակացության, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր կրոնը համարում է լավագույնը: Յուրաքանչյուր ժողովուրդ ուրախանում է իրեն բաժին ընկած ճակատագրով, և համարում է, որ հյուր գնալը լավ է, բայց տանն ավել լավ է:
…. Նորդկապ (հրվանդան, համարվում է Եվրոմիության ամենահյուսիսային կետը. Գ.Հ) գնալու ճանապարհին այցելեցինք եղջերուների արոտավայր Լապլանդիայում: Մեզ հետ էր մեր նավի նավաստիներից մեկը: Ետդարձի ճանապարհին միասին էինք քայլում. մոտենալով ծովախորշին, կանգնեցինք և սկսեցինք դիտել դիմացի ափը, որտեղ տեսանք ցաքուցրիվ մի քանի խրճիթ և կառուցվող երկհարկանի մի տուն:
— Սա ի՞նչ տուն է,- հարցրեցի:
— Սա, հավանաբար, մի մարդու տուն է, ով Տրոմսյոյում է ծնվել, արտասահմանում շատ փող է աշխատել և հիմա վերադարձել է, որպեսզի այստեղ ապրի իր կյանքի մանցած մասը: Նա շատ հարուստ է:
— Ինձ պատմել եք, որ նավարկումների ընթացքում շրջել եք ամբողջ աշխարհով: Գիտեք Լոնդոնը, Նյու-Յորքը, Կալկուտան, Մելբուրնը և բոլոր մյուս քաղաքները: Որտե՞ղ կցանկանայիք ապրել տարիքն առնելուց հետո, եթե այս մարդու նման հարուստ լինեք:
Նրա աչքերը փայլատակեցին, և պատասխանեց.
— Օ, աշխարհում Տրոմսյոյի նման ուրիշ տեղ չկա:
Այդ Տրոմսյոն գտնվում է արկտիկական գոտում, և գիշերը այնտեղ կես տարի է տևում, բայց նա ծնվել էր Տրոմսյոյում: Օ˜, հայրենիք, սիրելի հայրենիք:
Կյանքի շատ պայմաններ և բնության օրենքներ մեզ թվում են անարդար և դաժան, բայց կան շատերը, որոնք շշեցմնում են իրենց գեղեցկությմաբ: Անկասկած, դրանց թվում է սերը հայրենիքի նկատմամբ՝ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչպիսին է այդ հայրենիքը և որտեղ է:
…. Դանֆերմլինում ինձ նորից հաջողվեց լինել 1881թ. ամռանը, երբ դրվում էր իմ հիմնադրած առաջին գրադարանի հիմնաքարը: Արդեն, մեկ ուրիշ տեղ, պատմել եմ, որ այս հարցում գնացել եմ հորս հետքերով: Քաղաքը որոշեց այն անվանել «Քարնեգիի գրադարան»: Շինարարությունն իրականացնող ճարտարապետը ինձ դիմեց՝ անձնական զինանշանի հարցով: Պատասխանեցի, որ զինանշան չունեմ, բայց առաջարկեցի մուտքի դռան վերևում քանդակել ծագող արև՝ տարամիտվող ճառագայթներով և ներքևում գրել. «Թող լույս լինի»:
Այդ այցելության ընթացքում մի քանի ընկերներիս հետ ձիով անցանք ամբողջ Բրիտանիան: Այդ ճանապարհորդությունը կյանքիս ամենաերջանիկ հիշողություններից է: Ամեն երեկո նոթատետրում գրանցում էի այդ օրվա տպավորությունները: Այդ գրանցումների հետ նույնը կատարվեց, ինչ «Աշխարհի շուրջը» գրքի հետ: Սկզբում չէի մտածում, թե դրանցից լուրջ բան կստացվի, բացի, թերևս թերթի հոդվածից կամ ընկերներիս համար կազմած կարճ հաշվետվությունից: Բայց ձմռան մի տհաճ օր, երբ ցանկություն չունեի գնալ երեք մղոն հեռավորության վրա գտնվող գրասենյակս, մտածում էի, թե ինչով լցնեմ ազատ ժամանակս և հիշեցի ձիերով ճանապարհորդությանմ մասին: Հանեցի նոթատետրերս և գարծի անցա: Գործը շատ լավ գնաց և երեկոյան արդեն մոտավորապես չորս հազար բառ գրել էի: Երեք շաբաթից գիրքը պատրաստ էր: Այն հանձնեցի հրատարակիչ Սքրիբներին և խնդրեցի մի քանի հարյուր օրինակ հրատարակել ՝ հեղինակային իրավունքով: Գիքը բարեկամներիս դուր եկավ:
Որոշ ժամանակ անց նրանցից մեկը փոխանցեց, որ Սքրիբները կարդացել է գիրքը և առաջարկում է այն հրատարակել լայն հասարակության համար: Փառասեր հեղինակին դժվար չէ համոզելը, որ նրա ստեղծագործությունը շատ լավն է, և ես համաձայնեցի: Այդպիսով լույս տեսավ երկրորդ գիրքս՝ «Ամբողջ Բրիտանիան՝ քառակառքով»:
1886 թվականի վերջը ինձ ծանր վիշտ մատուցեց: Կարճատև հիվանդությունից հետո մահացան մայրս և եղբայրս. այդ ժամանակ, ես ծանր հիվանդ էի` տիֆ, և պայքարում էի մահվան դեմ: Այդպես ավարտվեց իմ երջանիկ երիտասարդությունը, և աշխարհում միայնակ մնացի:
Բժիշկներն իմ վիճակն անհուսալի էին համարում: Ինձ ոչինչ չէին հայտնել մորս և եղբորս ծանր վիճակի մասին: Իսկ երբ լուր ստացա, որ նրանք այլևս չկային, ինձ համար շատ բնական էր, որ ես էլ հետևելու եմ նրանց:
Բայց ճակատագիրն այլ կերպ վարվեց: Աստիճանաբար սկսեցի առողջանալ: Այդ ժամանակ մի սփոփանք ունեի, հույսի մի ճառագայթ: Արդեն մի քանի տարի էր, որ ծանոթ էի օրիորդ Լուիզա Ուայդֆիլդին: Նա առաջարկս միանգամից չընդունեց: Իմ դեմ էր հարստությունս, և նա մտածում էր, որ ինքը իմ կյանքում ոչինչ չէր նշանակի: Նրա իդեալը կյանքի համար պայքարող մարդն էր, ում համար ինքը իսկական ընկեր կլիներ, ինչպես իր մայրը՝ հոր համար: Քսանմեկ տարեկանում զրկվել էր հորից, և այդ ժամանակից ընտանիքի հոգսը ամբողջությամբ ընկել էր նրա վրա: Հիմա նա արդեն քսանութ տարեկան էր և լրիվ կազմակերպված մարդ էր: Երբեմն գրում էինք իրար:
Երբ առողջությունս այնքան լավացավ, որ կարող էի դիմանալ տեղափոխությանը, պրոֆեսոր Դենիսը ինձ տեղափոխեց նյույորքյան իր բնակարանը, և այնտեղ՝ նրա անձնական հսկողության տակ էի, մինչև լրիվ ապաքինվելս: Ինձ այցելեց օրիորդ Ուայդֆիլդը: Հիմա նա տեսնում էր, որ իր կարիքն ունեմ: Աշխարհում միայնակ էի մնացել: Հիմա նա կարող էր լինել իմ ընկերը՝ բոլոր հարցերում: Հիմա նրա սիրտը և գիտակցությունը տարահունչ չէին: 1887թ ապրիլի 27-ին Նյու-Յորքում պսակվեցինք:
…. Արդեն քսան տարի է անցել այն ժամանակից, երբ կինս մուտք գործեց իմ կյանք, որը լրիվ ամայացել էր մորս և եղբորս մահից հետո: Նա ինձ այնքան երջանկություն է պարգևել, որ բոլորովին չեմ պատկերացնում կյանքն առանց նրա:
…. Մեկ տոննա պողպատ ստանալու համար պետք էր մեկուկես տոննա հանքաքար հանել, հարյուր մղոն տեղափոխել մինչև լճերը, բարձել նավը, հարյուր մղոն ջրով տեղափոխել, հետո նորից բարձել վագոնները և երկաթգծով հարյուր հիսուն մղոն տեղափոխել մինչև Փիթսբուրգ. հետո պետք էր մեկուկես տոննա ածուխ հանել, այն կոքս դարձնել և երկաթգծով հիսուն մղոն տեղափոխել: Դրանից բացի, պետք էր մեկ տոննա կիր հանել և հարյուր հիսուն մղոն տեղափոխել: Հնարավո՞ր էր այս պայմաններում, առանց վնասի, վաճառել պողպատի երեք ֆունտը երկու ցենտով: Խոստովանում եմ, որ ինձ էլ դա հասկանալի չէր, բայց՝ այդպես էր:
Ամերիկան մոտ ապագայում պողպատաձուլական արտադրության ամենաէժան երկիրը կդառնա: Ներկա պայմաններում Ամերիկան կարող է մատակարարել նունյքան էժան պողպատ, ինչպես մյուս երկրները, իսկ նրա բանվորները կստանան ամենաբարձր աշխատավաձը՝ մյուսների համեմատ: Տեխնիկայի բնագավառում թանկարժեք բանվորը ամենաէժանն է: Եվ Ամերիկան այս հարցում բոլոր երկրներից առաջ է:
…. Արժե պատմել բանվորների հետ ունեցած մի քանի կոնֆլիկտների մասին, որոնք ինձ հաջողվել է հարթել: Մի անգամ դոմնային արտադրությունում ընդգրկված բանվորներից բողոք ստացանք՝ բազմաթիվ ստորագրություններով, որտեղ նրանք հայտարարում էին, որ երկուշաբթի օրը ժամը չորսին կդադարեցնեն աշխատանքը, եթե ընկերությունը չահմաձայնի բարձրացնել աշխատավարձերը: Բայց հարցն այն էր, որ սակագնի ժամկետը, որի հիման վրա ձեռք էր բերվել համաձայնությունը, լրանում էր տարվա վերջում՝ մի քանի ամիս հետո: Ես ինձ ասացի, եթե այս մարդիկ մտադիր են պայմանագիրը խախտել, ապա ոչ մի իմաստ չունի նրանց հետ նոր պայմանագիր կնքելը: Չնայած դրան, գիշերային գնացքով Նյու-Յորքից մեկնեցի և մյուս առավոտյան արդեն գործարանում էի:
Տնօրենին խնդրեցի, որ խորհրդակցության հրավիրի բանվորական երեք կոմիտեներին՝ ոչ միայն դոմնային արտադրության, որը անմիջապես ներգրավված էր այս գործում, այլև պողպատաձուլական և գլանվածքային արտադրամասերի:
Առաջինը դիմեցի գլանվածքային արտադրամասի ներկայացուցչին: Նա ակնոցով մի ծերուկ էր:
— Պարոն Մաքեյ, կարծեմ մենք ձեզ հետ պայմանագիր ունենք մինչև տարվա վերջը:
Նա դանդաղ հանեց ակնոցը, հուզված պահեց ձեռքում և ասաց.
— Այո, մենք պայմանագիր ունենք, և, պարոն Քարնեգի, ձեր ունեցած ամբողջ փողն էլ չի բավարարի, որպեսզի ստիպեք մեզ խախտել այն:
— Այսպես խոսում է իսկական ամերիկացի բանվորը-, պատասխանեցի,- հպարտանում եմ ձեզնով: Պարոն Ջոնս (նա պողպատաձուլական արտադրամասի բանվորների առաջնորդն էր), ձեզ հե՞տ էլ ունենք այդպիսի պայմանագիր:
Պարոն Ջոնսը փոքրամարմին մարդ էր: Նա խոսեց դանդաղ, շեշտադրումներով:
— Պարոն Քարնեգի, երբ ինձ պայմանագիրը տալիս են ստորագրելու, ես այն ուշադիր կարդում եմ, և, եթե ինձ ձեռք չի տալիս, չեմ ստորագրում, իսկ եթե ձեռք է տալիս, ստորագրում եմ, և եթե այն ստորագրում եմ, ես այն կատարում եմ:
— Այստեղ էլ խոսում է ամերիկացի գիտակից բանվորը,- ասացի:
Նույն հարցով դիմեցի դոմնային արտադրության ներկայացուցչին: Դա Քելի ազգանունով մի իռլանդացի էր:
— Պարոն Քելի, ասացեք, մենք ունե՞նք ձեզ հետ կնքած պայմանագիր մինչև տարվա վերջը:
Պարոն Քելին պատասխանեց, որ ինքը չի կարող ճշգրիտ ասել: Ինչ-որ թուղթ եղել է, որը ինքը ստորագրել է, բայց այն չի կարդացել, ինչպես հարկն է և չի հասկացել, թե ինչ է գրված եղել:
Մեր տնօրենը, կապիտան Ջոնսը՝ տաք գլուխը, վրա տվեց:
— Պարոն Քելի, շատ լավ հիշում եք, որ ձեզ հետ երկու անգամ կարդացել և քննարկել ենք այդ թուղթը:
— Հանգիստ, հանգիստ, կապիտան,- կանգնեցրեցի նրան:- Պարոն Քելին սեփական կարծիքը շարադրելու իրավունք ունի: Ես էլ, երբեմն թղթեր եմ ստորագրում՝ առանց դրանք կարդալու: Պարոն Քելին ասաց, որ ինքը առանց կարդալու ստորագրել է, և մենք պետք է հավատանք նրա խոսքին: Բայց պարոն Քելի, ես այն կարծիքին եմ, որ եթե մարդը անզգուշություն է ունեցել պայմանագիրը ստորագրելու, նա պետք է այն կատարի, և իր համար օրենք դարձնի մյուս անգամ ավելի զգուշավոր լինելը: Ձեզ համար ավելի լավ չի՞ լինի, որ մնացած չորս ամիսն էլ աշխատեք այդ պայմանագրով, իսկ երբ հարկ կլինի նոր պայմանագիր ստորագրելու, ավելի ուշադիր լինեք և աշխատեք հասկանալ էությունը:
Սրան չպատասխանեց: Այդ ժամանակ տեղիցս վեր կացա և ասացի.
— Դոմնային արտադրության ներկայացուցիչներ, սպառնացել եք խախտել պայմանագիրը և, ինչը կարող է ճակատագրական լինել, դադարեցնել աշխատանքը, եթե մինչև ժամը չորսը չստանաք ձեր պահանջների դրական պատասխանը: Դեռ ժամը երեքը չկա, իսկ պատասխանը պատրաստ է: Կարող եք թողնել դոմնային վառարանը: Ավելի լավ է գործարանը խոտով ծածկվի, քան մենք նահանջենք ձեր սպառնալիքի առաջ: Բանվորի ամենաամոթալի օրը այն կլինի, երբ նա կխախտի պայմանագիրը և ինքն իրեն պատվից կզրկի: Ես ձեզ էլ ասելիք չունեմ:
Բանվորական կոմիտեն դանդաղ հեռացավ: Հետո մեր ծառայողներից իմացանք, թե ինչպես էր ավարտվել այդ պատմությունը դոմնային արտադրամասում: Քելին և իր ընկերները վերադարձել են արհեստանոցներ: Այնտեղ արդեն բանվորների մեծ ամբոխ էր հավաքվել, ովքեր անհամբերությամբ սպասում էին նրանց: Ամբոխը տեսնելով՝ Քելին բղավել է.
— Գնացե´ք աշխատանքի, կապիկներ: Ի՞նչ եք այստեղ ցցվել: Թող Աստված ինձ պատժի, եթե այդ մարդը նորից չխեղճացրեց ցուլին: Նա չի ցանկանում մեզ հետ պայքարել, բայց ասում է, որ ավելի շուտ համաձայն է, որ իրեն սպանեն, քան թույլ կտա իրեն տեղից շարժել: Անցե´ք աշխատանքի, կապիկներ:
Իռլանդացիները և շոտլանդացիները տարօրինակ մարդիկ են, բայց նրանց հետ հեշտ է լեզու գտնել, միայն պետք է իմանալ, թե որ ծայրից սկսել: Այդ Քելին հետո իմ ամենանվիրված ընկերներից դարձավ: Փորձը ինձ ցույց է տվել, որ բանվորների վրա կարելի է հույս դնել, նրանք միշտ ճիշտ և արդարացի են վարվում, եթե միայն անվերապահորեն չեն ենթարկվում իրենց առաջնորդին:
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան