Էնդրյու Քարնեգի
Հատվածներ

…. 1861թվականին, հենց սկսվեց Քաղաքացիական պատերազմը, պարոն Սքոթը, ով ռազմական նախարարի օգնականն էր, պահանջեց, որ գնամ Վաշինգթոն: Ինձ նշանակեցին նրա օգնական՝ ռազմական երկաթգծային և հեռագրական ծառայության բաժնում, բացի դրանից, նրան օգնում էի երկաթգծային խմեր կազմավորելիս:

Քանի որ իմ ենթակայության տակ էին երկաթգծային և հեռագրական ծառայությունները, ես հնարավորություն ունեի տեսնելու նախագահ Լինքոլնին, նախարար Քամերոնին և պարոն Սյուարդին, իսկ երբեմն նաև անձնապես հարաբերվելու նրանց հետ: Պարոն Լինքոլնը երբեմն գալիս էր մեր գրասենյակ և նստում սեղանի մոտ՝ սպասելով հեռագրի պատասխանի կամ ինչ-որ տեղեկանքի: Այդ ոչ սովորական մարդու բոլոր դիմանկարները իրեն շատ նման են: Սովորաբար նրա դեմքը հատուկ տպավորություն չէր գործում: Բայց բավական էր, որ նա հուզվեր կամ ինչ-որ բանի մասին պատմել սկսեր, և նրա կենդանի աչքերն սկսում էին փայլել` դեմքին տալով այնպիսի աշխույժ արտահայտություն, որ հազվադեպ եմ հանդիպել ուրիշ մարդկանց մոտ: Նրա վերաբերմունքը լի էր ազնիվ պարզությամբ, և յուրաքանչյուրի, նույնիսկ գրասենյակի ամենափոքր տղայի համար փաղաքշական բառեր ուներ: Նա հավասարապես ուշադիր էր բոլորի նկատմամբ՝ առանց բացառության, սկսած նախարար Սյուարդից և վերջացրած փոստատարով: Նրա ամբողջ էությունից բխող հմայքի գաղտնիքն այն էր, որ նա աչքի էր ընկնում պարզությամբ և բնականությամբ: Բոլորի սրտերը գրավում էին ոչ այնքան այն, թե ինչ էր նա ասում, որքան այն, թե ինչպես էր ասում: Նա իսկական ժողովրդավար էր և իր խոսքով ու գործով ապացուցում էր, որ բոլոր մարդիկ նրա համար հավասար են:

Այդ ժամանակներում Վաշինգթոնում տիրող քաոսն աննկարագրելի էր: Երբ առաջին անգամ տեսա գլխավոր հրամանատար գեներալ Սքոթին, երկու մարդ նրան թևանցուկ տանում էին դեպի կառքը: Նա զառամյալ, ուժազուրկ մի մարդ էր, ով կաթվածահար էր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Եվ անցյալի այդ սուրբ մասունքի վրա էր հանրապետականների զինվորական ուժերի կազմակերպումը: Նրա գլխավոր լիազորված մարդը` գեներալ Թեյլորը, նրա արժանի գործընկերն էր: Այդ երկու ծերունիների և էլի մի քանի նույնքան քիչ պետքական աշխատողների հետ էինք ստիպված խորհրդակցել զինվորական ուժերը և զինամթեքը տեղափոխելու մասին: Նրանք բոլորը խիստ կարգապահության կողմնակից էին, բայց վաղուց դուրս էին եկել այն հասակից, երբ մարդն ինչ-որ բանի պետքական է լինում: Երբեմն հարկ էր լինում օրերով սպասել, մինչև նրանցից հնարավոր էր լինում լուծում ստանալ ամենաշտապ խնդիրների վերաբերյալ: Չեմ հիշում, որ այդ ժամանակ որևէ բաժին ղեկավարարեր երիտասարդ, եռանդուն սպա:

Քաղաքացիական պատերզմի ժամանակ երկաթի գինը բարձարացավ մինչև տոննան 130 դոլար: Սակայն գլխավոր դժվարությունը ոչ այնքան թանկությունն էր, որքան տեղափոխման պայմանները: Նոր ռելսերի պակասը այնքան շատ էր, որ Ամերիկայում երկաթգծով տեղաշարժվելը դարձել էր վտանգավոր: 1864թ. որոշեցի ռելսերի արտադրության ընկերություն ստեղծել: Այդպիսով, Փիթսբուրգում ստեղծվեց ռելս արտադրող առաջին գործարանը:
Շոգեքարշերի պահանջարկն էլ շատ մեծ էր, և 1866թ. Թոմաս Միլերի հետ միասին հիմնեցինք Փիթսբուրգի շոգեքարշերի գործարանը, որը շատ հաջող էր աշխատում և այնպիսի համբավ ձեռք բերեց, որ նրա շոգեքարշերը լայն տարածում գտան Հյուսիսային Ամերիկայում:

Ընկերությունն ամեն տարի զգալի շահաբաժիններ էր վճարում և հասավ փայլուն արդյունքների, ինչը «արտադրիր միայն լավագույն ապրանք» պնդման բավարար ապացույց էր: Միշտ հետևել ենք այդ կանոնին:

Ալթունայում տեսել էի Փենսիլվանիայի երկաթգծի արհեստանոցում առաջին մետաղական փոքր կամուրջը, որը կյանքում շատ լավ արդյունքներ ցուցադրեց: Եկա այն համոզման, որ մշտական օգտագործման երկաթգծերում չի կարելի հույս դնել փայտե կարմուջների վրա:

Երկաթգծային կամուրջներ կառուցող՝ Ամերիկայում ձևավորված համարյա ոչ մի ընկերություն հաջողություն չի ունեցել, նրանց կառույցներից շատերը փլվել են, ինչը պատճառ է դարձել ծանր երկաթգծային աղետների, շատ կամուջներ նույնիսկ չեն կարողացել գիմակայել ուժեղ քամուն: Բայց մեր կամուրջներից ոչ մեկի հետ այդպիսի դժբախտություն չի պատահել, չնայած որ մի քանի կամուրջ կառուցել ենք փոթորիկների ենթարկվող տեղերում: Եվ սա ամենևին չպետք է վերագրել երջանիկ պատահականությանը: Մեր կամուրջները կառուցելիս օգտագործում էինք միայն բարձրորակ շինանյութ և երբեք այդ հարցում չենք խնայել, ինքներս էինք արտադրում մեզ անհրաժեշտ թուջը, հետագայում՝ նաև պողպատը, ինքներս էինք մեր աշխատանքի ամենախիստ հսկիչները. եթե պարզվում էր, որ չէինք կարող կառուցել լրիվ անվտանգ կամուրջ, գերադասում էինք հրաժարվելու այդ աշխատանքից:

Մի քանի տարի հատուկ ուշադրություն էի դարձնում մեր կամրջաշինարարական աշխատանքներին և հաճախ անձամբ էի մասնակցում պայմանագրերի կնքմանը: Մի անգամ, այդպիսի մի առիթով մեր ճարտարագետ Ուոլտեր Քեթի հետ մեկնեցինք Դուբյուք: Մենք այն կազմակերպությունների ցանկում էինք, որոնք մրցում էին ամենամեծ երկաթգծային կամրջի կառուցման համար: Այդ կամուրջը պետք է կառուցվել Դուբյուքի մոտ, լայն Միսիսպիի վրա, թռիչքների երկարությունը շատ մեծ էր, այդպիսի կամուրջ ոչ մեկը դեռ չէր կառուցել:

Ձմեռ էր և սահնակերով գնացինք սառած գետի վրայով: Այս ուղևորությունն ապացույցն էր այն բանի, որ հաճախ հաջողությունը կախված է մանրուքներից: Պարզվեց, որ մեր ներկայացրած պայմանները ամենաէժաններից չէին: Մեր ամենավտանգավոր մրցակիցը Չիկագոյից մի կոնցեռն էր, և հանձնաժողովը որոշեց նրանց տալ պատվերը: Ես դանդաղում էի դուրս գալիս և զրուցում էի տնօրենների հետ, որոնք իրենց կարծիքներն էին հայտնում թուջի և երկաթի մասին` չցուցաբերելով խորը տեխնիկական գիտելիքներ: Մենք կամուրջների հենարանները պողպատից էինք կառուցում, մինչդեռ մեր մրցակիցներն այդ նպատակի համար թուջ էին օգտագործում: Հենց դա էլ մեր խոսակցության առարկան էր: Նրանց բացատրում էի, թե ինչ տեղի կունենար, եթե շոգենավը հարվածեր պողպատե կամ թուջե հենարանին: Պողպատե հենարանը, ամենայն հավանականությամբ, միայն կծռվեր, իսկ թուջեն՝ կփշրվեր և ամբողջ կամուրջը կհայտնվեր գետի հատակին: Բարեբախտաբար տնօրեններից մեկը աջակցեց ինձ և հանձնաժողովին հայտնեց, որ ես ճիշտ եմ, գոնե թուջի հարցում: Նա պատմեց, թե ինչպես նախորդ երեկոյան մթության մեջ իր սահնակը բախվել է լապտերասյանը, և սյունը ջարդուփշուր է եղել:

-Ահա, պարոնայք,- ասացի,- սա է ամբողջ ասածս: Վճարեք ավելի թանկ և կունենաք ամուր պողպատե կամուրջ, որը կդիմակայի ցանկացած շոգենավի հարվածի: Մենք երբեք էժանագին կամուջներ չենք կառուցել և ապագայում էլ չենք կառուցի: Մեր կամուրջներն ի վիճակի են դիմանալու ցանկացած ճնշման:

Լռություն տիրեց: Հետո նախագահողը, ներողություն խնդրելով, ինձ մի քանի րոպեով դուրս հրավիրեց՝ իրենց մենակ թողնելով: Դուրս եկա: Որոշ ժամանակ անց ինձ նորից դահլիճ հրավիրեցին և առաջարկեցին վերցնել պատվերը՝ մի քիչ ավելի էժան գնով: Տարբերությունը ընդամենը մի քանի հազար դոլար էր: Համաձայնեցի:

Փշրված լապտերասյունը մեզ տվեց ամենաշահավետ պատվերներից մեկը, իսկ ամենակարևորը՝ հաղթանակ բոլոր մրցակիցների նկատմամբ:

Այս պատմության խրատն ակնհայտ է: Պատվեր ստանալ ցանկացողը անձամբ պետք է գտնվի այնտեղ, որտեղ որոշվում է դրա ճակատագիրը: Փշրված լապտերասյունը կամ մեկ ուրիշ չնախատեսված հանգամանք կարող է վճռորոշ դերակատարում ունենալ, եթե նա, ով ձգտում է պատվերը ստանալուն, տեղում լինի: Եվ հնարավորության դեպքում չպետք է լքել մարտի դաշտը, նախքան գործի վերջնական լուծումը, և այդ դեպքում կարող եք ձեզ հետ տանել ստորագրված պայմանագիր: Մենք այդպես էլ վարվեցինք Դուբյուքում, չնայած մեզ վստահեցնում էին, որ կարող ենք հանգիստ խղճով մեկնել, և պայմանագիրը մեզ կուղարկեն՝ ստորագրելու: Գերադասեցինք սպասել՝ պատճառաբանելով, որ ցանկանում ենք ծանոթանալ Դուբյուքի տեսարժան վայրերին:

…. Ինչքան շատ էի ծանոթանում մետաղաձուլական արդյունաբերությանը, այնքան զարմանում էի, որ դրա առանձին պրոցեսների գինը մնում էր չբացահայտված: Հետաքրքրվեցի փիթսբուրգյան մյուս արդյունաբերողներից և համոզվեցի, որ կասկածներս ճիշտ էին: Արտադրությունը պատահականորեն էր կատարվում, և մինչև տարվա վերջը, երբ որոշվում էր ապրանքի առկայությունը և ամփոփվում էին արդյունքները, գործարարները ոչ մի պատկերացում չունեին աշխատանքի արդյունքի մասին: Հաճախ էի լսում, թե ինչպես մարդիկ, ովքեր վախենում էին, որ տարին կփակեն պակասորդով, զարմանում էին, որ շահույթ էին ստացել և հակառակը: Նրանք նման էին մթության մեջ փորող խլուրդի: Նման վիճակը ինձ անթույլատրելի էր թվում և վճռականորեն հանդես եկա մեր արտադրության բոլոր բնագավառներում կշռելու և հաշվառման առաջարկով: Միայն այդպիսի համակարգը թույլ կտար որոշելու յուրաքանչյուր արտադրության գինը և վերահսկելու դրանում ընդգրկված յուրաքանչյուր մարդու աշխատանքը: Պետք է հնարավորություն ունենայինք որոշելու, թե ով է նյութի հետ խնայողաբար վարվում, ով է վատնում, ով է լավագույն արդյունքների հասնում:
Պարզվեց, որ դրան հասնելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր սկզբում: Ծառայողները դիմադրում էին նոր համակարգի ներդրմանը, և տարիներ պահանջվեց, մինչև այն սկսեց աշխատել այնպես, ինչպես հարկն է: Միայն կամաց-կամաց հասանք այն բանին, որ հնարավորություն ունեցանք լրիվ պատկերացում ունենալու յուրաքանչյուր բաժնի և յուրաքանչյուր աշխատողի մասին:

Ցանկացած արտադրության հաջողության հիմնական պայմաններից մեկը այնպիսի հաշվետվությունն է, երբ յուրաքանչյուր աշխատող սկսում է իրեն պատասխանատու զգալ վստահված նյութերի ու փողի համար:
Արդյունաբերողները, ովքեր իրենց ծառայողին առանց գրության հինգ դոլար էլ չէին տա, ամեն օր, առանց հսկելու, նրանց տրամադրում էին տոննաներով նյութ, չիմանալով, թե ինչքան կստացվի վերամշակումից հետո:

1862թ. Ամերիկայում առաջին անգամ ուշադրություն դարձրեցին Փենսիլվանիայի նավթի հարուստ աղբյուրներին: Իմ ընկեր Ուիլյամ Քոլմանը շատ հետաքրքրվեց նոր հայտնագործությամբ և ինձ համոզեց իր հետ գնալ նավթային շրջանները: Ճանապարհորդությունն անասելի հետաքրքիր ստացվեց: Դա ժողովուրդների իսկական վերաբնակեցում էր, և հոսքը նավթային դաշտեր այնքան մեծ էր, որ հնարավոր չէր բոլորի համար մնալու տեղ գտնել: Բայց տարբեր կողմերից եկող ամբոխը դրան ուշադրություն չէր դարձնում: Բավական էր լինում մի քանի ժամ, որպեսզի արագորեն մի բարաք կանգնեցնեին, և կարճ ժամանակ հետո առկա էին բոլոր կենսական հարմարությունները: Ինձ հատկապես շշմեցրեց այդ մարդկանց տրամադրվածությունը: Կարծես բոլորը հավաքվել էին մի մեծ զբոսախնջույքի: Բոլորը ուրախ էին, կենդանի. թվում էր, թե բավական էր ձեռքդ մեկնեիր և կարող էիր հարստությունը հավաքել:

Ամերիկացիներին բնորոշ հարմարունակությունն այստեղ փայլուն կերպով էր երևում: Քաոսը անմիջապես վեր էր ածվում ներդաշնակ կարգի: Կարող եմ գրազ գալ, որ ավելի շուտ հազար ամերիկացիներ, նոր երկիր գալով, կկարողանան կազմակերպվել և ստեղծել դպրոցներ, եկեղեցի, թերթեր, մի խոսքով` այն ամենը, ինչը մշակույթին է վերաբերում, քան նույնքան անգլիացիները համաձայնության կգան, թե ում տոհմն է ավելի հարգարժան, և, հետևաբար, ով իր հայրերի արժանիքների հաշվին պետք է առավել իրավունք ունենա ղեկավարելու: Ամերիկացին մի օրենք գիտի` Ճանապարհ ամենաարժանավորին:

Սկզբում այդպես ձեռք բերված նավթը Փիթսբուրգում լցնում էին փոքրիկ շշերի մեջ և, որպես դեղ, վաճառում շատ թանկ գնով՝ շիշը մեկ դոլար: Այն ռևմատիզմից բուժելու մեծ համբավ ուներ: Բայց այն բանից հետո, երբ սկսեցին նավթը մեծ քանակությամբ արտադրել և գինը իջավ, նրա բուժիչ հատկություններն սկսեցին թուլանալ:

Իմ կազմակերպություններն արդեն այն աստիճան էին իմ կարիքը զգում, որ որոշեցի հրաժարվել երկաթգծում ծառայելուց և ամբողջ ժամանակս նվիրել սեփական գործերին: 1865թ. դուրս եկա ծառայությունից:

Դրանից հետո էլ երբեք ծառայող չեմ եղել: Ուրիշներից կախվածություն ունեցողը շատ հեռու չի կարող գնալ: Նույնիսկ եթե մարդը հասնի ինչ-որ ընկերության նախագահի պաշտոնի, նա չի կարող իրեն գործի տերը համարել, եթե իհարկե նրան չեն պատկանում բաժնետոմսերի մեծամասնությունը: Նույնիսկ ամենգործունյա նախագահն անընդհատ նեղվում է մյուս բաժնետերերի կողմից, որոնք միշտ չէ որ գործից հասկանում են:

1867թ. պարոն Ֆիփսը, պարոն Վանդերվորտը (նույն ինքը՝ «Վանդին») և ես ճանապարհորդեցինք Եվրոպայով: Շրջագայեցինք Անգլիայում և Շոտլանդիայում և այնտեղից մեկնեցինք մայրցամաք: Եղանք համարյա բոլոր մայրաքաղաքներում, մագլցեցինք բոլոր լեռնագագաթները՝ ուսապարկերը շալակներիս:

Եվրոպայով ճանապարհորդությունն ինձ շատ բան սովորեցրեց: Մինչև այդ շատ քիչ էի հասկանում գեղանկարչությունից և քանդակագործությունից և միայն Եվրոպայում սովորեցի հասկանալ մեծ վարպետների գործերը: Այդ ժամանակ հնարավորություն ունեցա իսկական հաճույք ստանալ երաժշտությունից: Լոնդոնյան Բյուրեղապակյա պալատում Հենդելի տարեդարձն էր նշվում: Ո´չ մինչև այդ, ո´չ դրանից հետո երաժշտությունից այդպիսի տպավորություն չեմ ստացել:

Գործարար կյանքում էլ շատ նոր տպավորություններ ստացա: Բավական է կարճ ժամանակով դուրս գալ անդրատլանտյան հանրապետության ջրապտույտից, որպեսզի հասկանաս, թե որքան ինտենսիվ է այնտեղ կյանքն ընթանում: Երբ հայտնվեցի արտասահմանում, այնպիսի տպավորություն ունեցա, որ այնտեղ ոչինչ տեղից չի շարժվում: Բացառաթյամբ մի քանի մայրաքաղաքների, ամբողջ մայրցամաքը թվում էր անշարժության մեջ թաղված:

…. Բավականին երակար եմ մասնակցել Փիթսբուրգի գործարար կյանքին, որպեսզի պարզեմ տարբերությունը ծրագրված առևտրական աշխատանքի ոգու և սպեկուլյացիայի միջև:  Հեռագրատանը ծառայության ընթացքում ծանոթացել եմ մի քանի ֆիրմաների և առանձին մարդկանց, ովքեր աշխատում էին նյույորքյան բորսայի հետ և ուշադիր հետևել եմ նրանց: Իմ կարծիքով, նրանք ուղղակի մոլեխաղի մեջ էին ներքաշվել, բայց այդպիսի ֆիրմաները քիչ էին, նրանց կարելի էր մատների վրա հաշվել:  Փիթսբուգը ամենից առաջ արդյունաբերական քաղաք էր:

Նյու-Յորքում, ի զարմանս իմ, լրիվ այլ իրավիճակ էր:  Այստեղ գործարար մարդկանց շրջանում շատ քչերն էին, որ չէին խաղում բորսայում:  Բոլոր կողմերից ինձ դիմում էին երկաթուղային տարբեր  ընկերությունների մասին հարցումներով, որոնց հետ կապ ունեի: Մարդիկ, որ ցանկանում էին իրենց կապիտալը ինչ-որ տեղ ներդնել, ինձ առաջարկում էին միջնորդել` ենթադրելով, որ լավ ծանոթ եմ գործարար աշխարհին և կարող եմ շահավետ ներդնել իրենց գումարները:  Ինձ առաջարկում էին մտնել այն ընկերությունների մեջ, որոնք մտադիր էին գնել հայտնի ձեռնարկությունների բաժնեթղթերի մեծամասնությունը: Սպեկուլյացիայի ամբողջ ոլորտը իմ առջև փռվել էր իր բոլոր գայթակղիչ գույներով:

Բայց դիմացա այդ բոլոր գայթակղություններին: Ոչ մի անգամ սպեկուլյատիվ նպատակներով որևէ բաժնեթուղթ չեմ գնել: Միշտ պահել եմ կանոնը. երբեք չգնել այն, ինչի համար չեմ կարող վճարել, և երբեք չվաճառել այն, ինչը ինձ չի պատկանում:  

Միայն գործունեության սկզբում որոշ քանակությամբ թանկարժեք թղթեր և բաժնեթղթեր ունեի, որոնք գրանցված էին նյույորքյան բորսայում, դրանց պատճառով ամեն առավոտ, թերթը վերցնելով, ամեից առաջ աչքի էի անցկացնում բարսային հաշվետվությունները:  Բայց շատ արագ որոշեցի վաճառել ուրիշ կազմակերպությունների բաժնեթղթերը և կենտրոնանալ սեփական ձեռնարկությունների վրա: Բարեխղճորեն հետևել եմ այդ կանոնին: Սպեկուլյացիան մակաբույծ է, որ խժռում է արժեքները՝ առանց դրանք ստեղծելու:

.… Ննջավագոնների ընկերությունը, որում մասնակցություն ունեի, այնպիսի հաջողություն ուներ, որ հազիվ էր հասցնում պատրաստել պահանջվող քանակությամբ վագոններ: Ուղղակի հնարավորություն չունեինք երկրին մատակարարել պահանջվող քանակությամբ ննջավագոններ, և պարոն Պուլմանը, ով նմանատիպ ձեռնարկություն էր հիմնել երկաթգծային մեծագույն կենտրոնում՝ Չիկագոյում, մեզ համար լուրջ մրցակից էր:  Նա էլ, ինձ նման, հասկացել էր, որ Խաղաղօվկյանոսյան երկաթգիծը կարող է ամենաշահաբեր գիծը լինել ննջավագոնների հարցում, և ձգտում էի նույն նպատակին, ինչին և ես:  Նա մեր ճանապարհին էր կանգնած:

Այդ ժամանակ մի, իմ կարծիքով, մանր դեպք է տեղի ունեցել, ինչի մասին իմացել եմ պարոն Պուլմանից, որը ցույց է տալիս, որ ամենակրևոր լուծումները երբեմն կախված են մանրուքներից: Խաղաղօվկիանոսյան երկաթգծի ընկերության նախագահը Չիկագո էր եկել: Պարոն Պուլմանը այցելում է նրան: Մտնելով նրա սենյակը՝ սեղանին տեսնում է պարոն Սքոթին ուղղված հեռագիր. «Ննջավագոնների վերաբերյալ ձեր առաջարկությունն ընդունվում է»: Պարոն Պուլմանն ակամա կարդում է այդ բառերը. հեռագիրը այնպես է դրված լինում, որ չէր կարող աչքի չընկնել:  Երբ նախագահ Դյուրանը ներս է մտել, պարոն Պուլմանը ասել է, որ պատահաբար կարդացել է հեռագիրը և ավելացրել.

— Հուսով եմ, որ վերջնական որոշում չեք կայացնի, առանց իմ առաջարկը ուսումնասիրելու:

Պարոն Դյուրանը խոստացել է սպասել: Այդ դեպքից շատ չանցած Նյու-Յորքում պետք է տեղի ունենար Խաղաղօվկիանոսյան երկաթգծի ըկերության խորհրդի նիստը:  Ե´վ ես, և´ պարոն Պուլմանը նույնպես այնտեղ էինք, քանի որ ձգտում էին մրցանակ շահել, որի արժեքը մենք գիտեինք: Մի երեկո երկուսով հայտնվեցինք «Սբ. Նիկոլայ» հյուրանոցի լայն աստիճաններին: Մենք մի անգամ հանդիպել էինք, բայց ծանոթներ չէինք: Աստիճաններով բարձրանալիս դիմեցի նրան.

— Բարի երեկո պարոն Պուլման: Երկուսով հանդիպել ենք մի ճանապարհի: Ձեզ չի՞ թվում, որ անխոհոմ ենք վարվում:

Նա, ըստ երևույթին, տրամադրություն չուներ խոսակցութայն մեջ մտնելու և կարճ պատասխանեց.

— Ի՞նչ եք ցանկանում ասել:  

Նրան ներկայացրեցի իրերի իրական վիճակը. մասնավորապես, մրցակցելով միմյանց հետ, մենք մեզ զրկում էինք այն օգուտներից, որոնց ձգտում էինք:

— Ճիշտ է,- ասաց նա,- բայց ինչպե՞ս վարվենք:

— Միասին գործենք,- պատասխանեցի,- միասնական առաջարկ անենք Խաղաօվկիանոսյան երկաթգծային ընկերությանը: Առաջարկում եմ, որ ձեր և իմ ընկերություններն աշխատեն ձեռք ձեռքի և միավորվեն:

— Եվ ինչպե՞ս պետք է կոչվի այդ ընկերությունը:

— Կանվանենք «Ննջավագոնների պուլմանյան ընկերություն»,- առաջարկեցի:

— Գնանք իմ սենյակը և ավելի մանրամասն քննարկենք,- ասաց ննջավագոնների արքան:

Հետևեցի նրան, և արդյունքում՝ միասին պայմանագիր կնքեցինք Խաղաղօվկիանոսյան ընկերության հետ: Հետագայում վերջնական արդյունքը եղավ մեր ընկերությունների  միավորումը:

Պարոն Պուլմանը տիպիկ ամերիկյան կարիերա է արել, այնպես, որ արժե նրա մասին մի քանի խոսք ասել:  Նա հասարակ հյուսն է եղել, բայց երբ հարկ եղավ Չիկագոն բարձրացնել, նա սկսեց տները բարձրացնելու և տեղափոխելու պատվերներ ընդունել: Դա նրան զգալի եկամուտ է բերել, այնպես, որ քչից սկսելով, նա վերջում այդ բնագավառում ամենամեծ գործարարներից մեկն է դարձել: Եթե պետք էր լինում երեք մետր բարձրացնել մեծ հյուրանոցը՝ առանց հաճախորդներին անհանգստացնելու, դիմում էին պարոն Պուլմանին:  Նա այն եզակի մարդկանցից էր, ովքեր ակնթարթորեն կողմնորոշվում են ցանկացած իրավիճակում և, այսպես ասած, լողում են այնտեղ, որտեղ հոսանքն ավելի ուժեղ է: Նա, ինչպես և ես, հասկանում էր, որ Ամերիկան չի կարող առանց ննջավագոնների:

Մեր արևելյան ընկերությունը չէր կարող մրցակցել մի ընկերության հետ, որը հիմնել էր այնպիսի ուժեղ մարդ, ինչպիսին պարոն Պուլմանն էր: Սա ինձ համար ակնհայտ էր: Ճիշտ է, արտոնագիրը մեր ընկերության սեփականությունն էր, և պարոն Վուդրաֆը, ննջավագոնների հայտնագործողը մեր գլխավոր բաժնետերն էր:  Բայց, ամեն դեպքում, մեզ համար ավելի ձեռնտու էր միասին աշխատելը: Բանակցություննեը վարելն ինձ էր հանձնարարված, և արդյունքում մեր ընկերությունները միավորվեցին:

 Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով