Պաուլո Կոելիո
Մենք աշխարհ ենք գալիս մեր երազանքների և իդեալների որոնման համար: Հաճախ մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է:
Երբ սխալվում ենք, զգում ենք, որ վատնել ենք մեր ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով: Մենք մեղադրում ենք մեզ սխալների, մեր որոնումների անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար: Ուսուցիչն ասում է.
— Չնայած գանձը կարող է թաղված լինել քո իսկ տան տակ, դու այն կգտնես միայն, եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը չզգար մերժման ցավը, նա Եկեղեցու գլուխ չէր ընտրվի: Եթե անառակ որդին չվատներ ամեն ինչ, նրա ապաշխարությունը հոր համար տոն չէր դառնա: Մեր կյանքում կան առանձնահատուկ իրեր, որոնց վրա որպես կնիք գրված է . «Դու իմ արժեքը կգիտակցես միայն այն ժամանակ, երբ կկորցնես ինձ ու կվերագտնես: Լավ չէ, երբ փորձում ես կարճացնել ուղին»:
Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է նրա հոգևոր առաջընթացը: Աշակերտն ասաց, որ ինքը հիմա ընդունակ է իր օրվա ցանկացած պահը նվիրելու Աստծուն:
— Այսպես, ուրեմն՝ քեզ մնացել է ներել քո թշնամուն, — ասաց ուսուցիչը:
Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին և ասաց.
— Բայց դա պարտադիր չէ: Ես չարություն չեմ տածում իմ թշնամու հանդեպ:
-Ի՞նչ ես կարծում` Աստված քո հանդեպ չարություն տածո՞ւմ է, — հարցրեց ուսուցիչը:
— Իհարկե, ո′չ, — պատասխանեց աշակերտը:
— Այնուամենայնիվ, դու ողորմածություն ես խնդրում նրանից, չէ՞: Նույն կերպ վարվիր և քո թշնամու հետ, եթե անգամ դու նրա հանդեպ չարությամբ չես համակված: Ներող մարդու սիրտը մաքուր է և անուշաբույր:
Երիտասարդ Նապոլեոնը քամուց տարուբերվող եղեգնի նման դողում էր Տուլոնի կատաղի ռմբակոծությունների ժամանակ: Մի զինվոր, այդ պահին տեսնելով նրան, մի ուրիշ զինվորի ասաց.
— Նայի′ր, նա վախենում է մահից:
-Այո′, վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել: Եթե դուք իմ վախի կեսն անգամ զգայիք, հիմա փախել էիք:
Ուսուցիչն ասում է.
— Վախը փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը և գործել՝ թույլ չտալով վախին ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով դժվարին իրավիճակում հաշվի չի առում վտանգը, հաստատում է միայն սեփական անպատասխանատվությունը:
Ճանապարհորդը Սուրբ Հովհաննեսի տոնին է. վրաններ, նետաձիգներ ու ազգային ուտեստներ: Հանկարծ ծաղրածուն սկսում է ընդօրինակել նրա շարժումները: Մարդիկ ծիծաղում են, ծիծաղում է նաև օտարականը և ծաղրածուին հրավիրում սուրճի:
— Կենդանի′ եղիր,-հայտարարում է ծաղրածուն:-Եթե դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես, ամենուր թռչկոտես, աղմկես, ծիծաղես ու խոսես մարդկանց հետ: Որովհետև կյանքը մահվան ճիշտ հակապատկերն է: Մեռնելով դու հավետ մնում ես միևնույն դիրքում: Եթե դու չափից ավելի լուռ ես, դու չես ապրում:
Մի անգամ՝ առավոտյան, աշակերտն ու ուսուցիչը գնում էին դաշտով: Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է հարկավոր մաքրության հասնելու համար: Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ ամեն սնունդ սուրբ է, աշակերտը դրան չէր հավատում:
— Պիտի լինի մի հատուկ ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:
— Լավ, գուցե դու ճիշտ ես: Օրինակ՝ ահա այն սնկերը,- ասաց ուսուցիչը:
Աշակերտը հուզվեց՝ մտածելով, որ սնկերը պիտի իրեն տան մաքրություն և պայծառացում: Բայց երբ կռացավ, որ մեկը պոկի, սարսափած բղավեց.
— Սրանք թունավոր են: Եթե ես սրանցից մեկն անգամ ուտեմ, անմիջապես կմեռնեմ:
— Այդ դեպքում ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ այդքան արագ տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:
1981 թվականի ձմռանը ճանապարհորդն իր տիկնոջ հետ զբոսնում էր Պրահայի փողոցներով, երբ տեսավ, որ մի տղա մոտակա շենքերի գծանկարն է անում: Օտարականին դուր եկան տղայի էտյուդները, և նա որոշեց գնել դրացից մեկը: Երբ նա վճարում էր դրամը, նկատեց, որ տղան առանց ձեռնոցների է աշխատում, այնինչ դրսում -20 աստիճան էր:
— Ինչո˚ւ ձեռնոց չես դնում,- հարցրեց նա:
— Որպեսզի կարողանամ մատիտով նկարել:
Նրանք մի քիչ էլ խոսեցին Պրահայի մասին: Ապա տղան առաջարկեց անվճար նկարել ճանապարհորդի տիկնոջ դիմանկարը: Մինչ վերջինս սպասում էր, որ տղան ավարտին հասցնի այն, ճանապարհորդը հասկացավ, որ տարօրինակ մի բան է կատարվել. նա մոտ հինգ րոպե խոսել է տղայի հետ, բայց իրենցից և ոչ մեկը մյուսի լեզվով չի խոսել: Նրանք գործածել են ժեստերի լեզուն, ժպիտներ ու դիմախաղ, և ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը հնարավորություն է տվել նրանց՝ մտնելու առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:
Ընկերը բերել էր Հասանին երազանքների դռան մոտ, որտեղ մի կույր մարդ ողորմություն էր խնդրում:
— Այս կույր մարդը մեր երկրի ամենաիմաստուն մարդն է,- ասաց ընկերը:
— Ինչքան ժամանակ է, որ կույր ես,- հարցրեց Հասանը:
— Ծնված օրից,- պատասխանեց կույրը:
— Իսկ ինչպե˚ս ես այդքան իմաստուն դարձել:
— Քանի որ ես իմ կուրությունը չէի ընդունում, փորձում էի աստղագետ դառնալ,- ասաց կույրը: Բայց որովհետև ես չէի կարող տեսնել երկինքը, ստիպված էի պատկերացնել աստղերը, արևը և գալակտիկաները: Եվ որքան ես թափանցում էի Աստծո արարչագործության մեջ, այնքան ավելի էի մոտենում Նրա իմաստնությանը:
Իսպանիայի հեռավոր գյուղերից մեկում՝ Օլիտ քաղաքից ոչ հեռու, կա մի բար, որի տերը մի ցուցանակ էր կախել ու վրան գրել. «Հենց որ ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը»: Ուսուցիչն ասում է.
— Մենք միշտ աշխատում ենք հարցերի պատասխանները գտնել: Մենք զգում ենք, որ պատասխանները կարևոր են կյանքի իմաստը հասկանալու համար: Լիարժեք ապրելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն տալ ժամանակին, որ բացի մեզ մեր գոյության գաղտնիքները: Եթե չափից ավելի հետաքրքրված լինենք կյանքի իմաստի մեկնությամբ, կխանգարենք գործելու բնությանը, ուստի ի վիճակի չենք լինի կարդալու Աստծո նախանշանները:
Ավստրալական լեգենդ կա մի շամանի մասին, ով իր երեք քույրերի հետ ճանապարհ գնալիս հանդիպում է այդ ժամանակների ամենահայտնի զինվորին: Զինվորն ասում է, որ ինքն ուզում է ամուսնանալ այդ գեղեցկուհիներից մեկի հետ:
— Եթե երեք քույրերից մեկն ամուսնանա, մյուս երկուսը կտուժեն,- ասում է շամանը:- Ես այնպիսի մի ցեղ եմ փնտրում, որը թույլ կտա տղամարդուն երեք կին ունենալ:
Տարիների ընթացքում նրանք կտրում-անցնում են ողջ Ավստրալիան և այդպիսի ցեղ չեն գտնում:
— Ծայրահեղ դեպքում մեզանից գոնե մեկը կարող էր երջանիկ լինել,- ասում է քույրերից մեկը, երբ նրանք արդեն ծերացել էին ու էլ քայլել չէին կարողանում:
— Ես ճիշտ չէի,- ասում է շամանը,- բայց հիմա շատ ուշ է:
Եվ նա իր երեք քույրերին վերածում է ահռելի քարե զանգվածի, որպեսզի նրանք, ովքեր երբևէ կանցնեն քարազանգվածի կողքով, հասկանան, որ մի մարդու երջանիկ լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են լինում:
Լրագրող Ուոլթեր Կորելին հարցազրույց էր վերցնում արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսից: Երբ հարցազրույցն ավարտվեց, նրանք սկսեցին խոսել մի լեզվի մասին, որ գոյություն ունի բառերից այն կողմ, ինչպես նաև դիմացինին հասկանալու մարդկային ունակության մասին:
— Ես Ձեզ մի օրինակ բերեմ,- ասաց Բորխեսը և սկսեց խոսել տարօրինակ մի լեզվով: Ապա նա կանգ առավ և հարցրեց լրագրողին, թե ինքը ինչ էր ասում: Մինչ Կորելլին կհասցներ պատասխանել, լուսանկարիչը, որ նրանց հետ էր, ասաց.
— Դա «Հայր Մեր…»›-ն էր:
-Այո,- ասաց Բորխեսը, — ես մեջբերում արեցի մի հատված ֆիններեն:
Թարգմանիչ` Թամար Ղահրամանյան
Խմբագիր` Հասմիկ Ղազարյան