Հոգևոր զարգացման խարույկ

Մի անգամ,  երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:

— Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա,  ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ,  երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում:  Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:

— Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի`  փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:

— Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ,  քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ  վառել, այդ ժամ աշխարհը  խավարի մեջ կընկղմվի:

Երջանիկների քաղաքը

Հին պերուական լեգենդը պատմում է մի քաղաքի մասին, ուր ապրում էին երջանիկ մարդիկ: Այս քաղաքի բնակիչները լավ էին վերաբերում միմյանց, անում էին այն ամենը, ինչն իրենց  բավականություն էր պատճառում և հաճելի էր: Բոլորը երջանիկ էին, բացի քաղաքապետից, ով տխուր էր, որովհետև ղեկավարելու բան չկար: Բանտը դատարկ էր, դատարանին երբեք չէին դիմում, նոտարը ոչինչ չէր անում, որովհետև այնտեղ մարդկային խոսքը  ավելին էր, քան թղթի վրա գրված օրենքը:

Մի անգամ քաղաքապետը հեռու մի երկրից աշխատողների հրավիրեց` քաղաքի գլխավոր հրապարակի կենտրում ինչ որ բան կառուցելու համար: Մեկ շաբաթ շարունակ հրապարակից լսվում էին մուրճի և սղոցի ձայներ: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլոր բնակիչներին հրավիրեց ներկա գտնվել հրապարակի հանդիսավոր բացմանը: Մեծ հանդիսավորությամբ բացվեցին հրապարակը փակող արտաքին վահանակները և մարդիկ տեսան մի կախաղան: Մարդիկ միմյանց հարցնում էին` ինչ գործ ունի այնտեղ կախաղանը:

Վախեցած մարդիկ սկսեցին դատարան դիմել` ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Հարցեր, որոնք մինչ այդ առանց դժվարության լուծում էին փոխադարձ համաձայնությամբ: Նրանք գնում էին նոտարի գրասենյակ, որպեսզի գրանցեին փաստաթղթերը, որոնց մինչ այդ փոխարինում էին պարզ մարդկային խոսքերը:
Եվ նրանք օրենքից վախենալով` սկսեցին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը:

Կախաղանը երբեք չօգտագործվեց: Բայց նրա ներկայությունը փոխեց ամեն ինչ:

Հիշելու ունակություն

Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ տեսավ արտասվող մի տարեց կնոջ:

— Ինչո՞ւ եք  լալիս, -հարցրեց նա:

-Որովհետև ես մտաբերել եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ, հիշել եմ այն տղամարդուն, որին սիրել եմ:  Աստված դաժան է,  որ մարդուն տվել է հիշելու ունակություն: Նա գիտե, որ ես հիշելու եմ իմ կյանքի գարունը և լաց եմ լինելու:

Իմաստունը կանգնել էր ձյունածածկ դաշտում և ուշադիր նայելով մի կետի`  մտածում էր:  Կինն անսպասելի դադարեց արտասվելուց:

— Ի՞նչ տեսաք այնտեղ,- հարցրեց կինը:

— Վարդերի մի դաշտ,- պատասխանեց իմաստունը:- Աստված մեծահոգի է իմ հանդեպ` օժտելով հիշելու ունակությամբ: Նա գիտե` ձմռանը ես գարուն կհիշեմ ու կժպտամ…

Ներելու ունակություն

Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:

Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր  օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:

— Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը:

Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:

— Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:

— Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել,- հարցրեց ուսուցիչը:

-Իհարկե´ ոչ, -պատասխանեց աշակերտը:

— Բայց  և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի´ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել:

Այն մարդու սիրտը, ով կարողանում է  ներել, մաքուր է ու անուշ:

Դա հնարավոր չէ

— Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը`  կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,- վերադարձի´ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:

Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:

— Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ»,- տեղեկացրեց նա:

— Գրությունը  պատի՞ վրա էր, թե՞ դռան,- հարցրեց ուսուցիչը:

— Դռա´ն,- պատասխանեց աշակերտը:

— Լա´վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի´ր:

Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:

Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց:  Եվ աշակերտը ներս մտավ:

Ընկնելու պատճառները

Աֆրիկյան շամանը  աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում: Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին,  թքում էր ընկած տեղը և շարունակում  հետևել իր ուսուցչին:

Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ:

— Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ ընկնելուց հետո:

— Ես քեզ ինչ-որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել`  ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները:

— Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում:

— Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:

Ոչ թե ազատում, այլ զորություն

Վանահայր  Ջուզեպեն միշտ ասում էր, որ ինքը այնքան շատ է աղոթել, որ դադարել է ինչ-որ բանի մասին անհանգստանալուց. կրքերը պարտվել են:

Այս խոսքերը հասնում են Սցետեի վանքի մի  իմաստունի ականջը, ով իր աշակերտների հետ հավաքվել էր երեկոյան ընթրիքի:

— Դուք լսե՞լ եք` ինչ են ասում:  Վանահայր  Ջուզեպեի համար այլևս չկան գայթակղություններ, որի դեմ  ինքը պետք է պայքարի,- ասացին իմաստունին:

— Պայքարի բացակայությունից հոգին թուլանում է: Եկեք Տիրոջից խնդրենք, որպեսզի հայր Ջուզեպեի համար զորավոր գայթակղություն ուղարկի: Եթե նա դիմակայեց գայթակղությանը, մենք կխդրենք մեկ այլը, հետո` մյուսը:  Երբ նա վերստին սկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Տեր, այս սատանային ինձնից հեռացրու»:

Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Տեր, ինձ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել փորձությունը»:

Հիսուս պետք չէ

Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:

Վանահայր Սիսոիսը վիրավորված  վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:

— Ես չեմ կարող դա անել,- պատասխանում է վանականը:- Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:

Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
— Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած  հանցանքների  համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականն ամոթից անմիջապես ներում է եղբորը:

Նայել արևին

Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց.
— Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը:  Զգում եմ`  ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը:
— Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,- հարցեց ուսուցիչը:

— Առայժմ չեմ վաստակում:  Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե,  դա այդքան էլ նշանակություն չունի:

— Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը:  Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը:

Աշակերտն այդպես էլ արեց:
Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը:

— Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ:

-Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ՝ Նունե Մովսիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով