Ճանապարհորդի ընկերուհին գնացել էր Բրոդվեյում ներկայացում դիտելու և ընդմիջմանը դուրս եկավ՝ ինչ-որ բան խմելու: Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին, զրուցում և խմում: Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ ոք նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում: Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին: Վերջինս խեղճ ու կրակ մեկն էր երևում, ուղղակի իր գործն էր անում և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական հաջորդ բաժակից հետո, արդեն մի քիչ գինովցած, կինը մոտեցավ դաշնակահարին ու բացականչեց.
— Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք: Ինչո՞ւ պարզապես Ձեզ համար չեք նվագում:
Դաշնակահարը զարմացավ: Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում էր: Մի քանի րոպե անց սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց, որոտընդոստ ծափահարություններ հնչեցին:
Սուրբ Ֆրանցիսկուս Ասսիզիենացին բավական հայտնի երիտասարդ էր, երբ որոշեց ամեն ինչ թողնել ետևում և զբաղվել իր կյանքի գործով: Սուրբ Կլերը երիտասարդ, գեղեցիկ կին էր, երբ միանձնուհի դառնալու երդում տվեց: Սուրբ Ռայմոնդ Լուլլացին արդեն գիտեր իր ժամանակի մեծ մտածողներին, երբ առանձնացավ մենաստանում: Հոգևոր որոնումները ամեն ինչից բարձր են, դա կոչ է: Նա, ով թաքնվում է դրա ետևում, որպեսզի իր խնդիրներից խուսափի, շատ հեռուն չի գնա: Աշխարհաթող լինելը լավ չէ, եթե դու ի վիճակի չես ինչ-որ մեկի հետ ընկերանալու: Աղքատ մնալու երդում տալը ոչինչ չի նշանակում, եթե դու քո գոյատևման համար ի վիճակի չես միջոցներ հայթայթելու: Եվ ոչ մի նշանակություն չունի այն փաստը, որ համեստ կդառնաս, չէ՞ որ դու արդեն վախկոտ ես: Մի բան է ինչ-որ բան ունենալը և հրաժարվելը, մի այլ բան՝ ոչինչ չունենալ և քննադատել նրանց, ովքեր ունեն: Թույլ մարդուն հեշտ է անմնացորդ բարեգործություն քարոզելը, բայց դրանից ի՞նչ օգուտ: Ուսուցիչն ասում է. «Գովաբանե´ք Աստծո գործը: Հաղթե´ք ինքներդ ձեզ՝ ինչպես դուք կանգնած եք աշխարհի առաջ»:
Հեշտ է դժվար լինելը: Այն ամենը, ինչ անում ենք, մեզ մարդկանցից հեռու պահելն ու այսկերպ տառապանքներից խուսափելն է: Այդ ուղին անցնելիս մենք սերը փորձության չենք ենթարկում, չենք հիասթափվում, չենկործանվում մեր երազանքները: Ծանր լինելը հեշտ է: Մենք չենք անհանգստանում այն հեռախոսազանգերի համար, որ պետք է անենք, այն մարդկանց համար, ովքեր մեզանից խնդրում են օգնություն ու բարեգործություն, որոնք պետք է ավելանան: Դժվար լինելը հեշտ է: Մենք պարզապես պետք է պատկերացնենք, որ ապրում ենք փղոսկրե ապարանքում և երբեք լաց չլինենք: Մենք պետք է անցկացնենք մեր մնացած կյանքը՝ պարզապես մեր դերը խաղալով: Հեշտ է դժվար լինելը: Մենք մի բան պետք է անենք. հրաժարվենք ամեն լավից, ինչ առաջարկում է կյանքը:
Հիվանդն ասում է իր բժշկին.
— Վախն իշխում է ինձ և խլել է իմ ամբողջ ուրախությունը:
— Այստեղ՝ իմ սենյակում, մի մուկ կա, որ կրծում է իմ գրքերը,- ասաց բժիշկը:- Եթե ես վախեցնեմ մկանը, նա կթաքնվի ինձանից, և իմ կյանքը կերածվի մկան որսի: Դրա փոխարեն ես իմ լավագույն գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ և նրան թույլատրել, որ կրծի մնացածները: Այսկերպ նա մուկ է մնում ինձ համար և հրեշ չի դառնում: Մի քանի բաների´ց վախեցեք և Ձեր ամբողջ վախը դրանց վրա կենտրոնացրեք: Այդպես կարևոր գործերի հանդիպելիս Դուք կարող եք ուժեղ լինել:
Ուսուցիչն ասաց.
— Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան սիրվել: Մենք դժվարությամբ ենք ընդունում ուրիշների օգնությունն ու աջակցությունը: Մեր անկախ մնալու բոլոր փորձերը ուրիշներին զրկում են իրենց սերը մեր հանդեպ արտահայտելու հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ զրկում են իրենց զավակներին ծնողի հանդեպ իրենց սերն ու աջակցությունը դրսևորելու հնարավորությունից, որ ստացել են զավակները մանկության տարիներին: Շատ ամուսիններ (և կանայք), երբ դժբախտությունը բախում է նրանց դուռը, ամաչում են ուրիշներից կախված լինելու համար: Արդյունքում սիրո գետը չի հոսում: Դուք պետք է ինչ-որ մեկից ընդունեք սիրո կոչը: Դուք պիտի թույլ տաք ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու: Եթե դուք խոնարհությամբ ու մաքրությամբ ընդունում եք այդպիսի սերը, հասկանում եք, որ Սերը միայն չի տալիս կամ միայն վերցնում. դա տեղի է ունենում միաժամանակ:
Եվան զբոսնում էր Եդեմական այգում, երբ հանդիպեց օձին:
— Կե՛ր այս խնձորը,- ասաց օձը:
Եվան, Աստծուց դաս առած, հրաժարվեց:
— Կե´ր այս խնձորը,- պնդեց օձը,- և դու կդառնաս ավելի գեղեցիկ քո ամուսնու համար:
— Դա ինձ պետք չէ,- պատասխանեց Եվան,- նա, բացի ինձանից, ուրիշ մեկին չունի:
— Իհարկե ունի,- ծիծաղեց օձը:
Քանի որ Եվան չհավատաց, օձը տարավ նրան բլրի գագաթը, ուր մի ջրհոր կար:
— Նա այնտեղ՝ ներքևում է, հենց այդտեղ է թաքցրել նրան Ադամը,- ասաց օձը:
Եվան ներքև նայեց և ջրի մեջ տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը: Ապա նա կերավ օձի առաջարկած խնձորը:
Հատվածներ «Նամակներ իմ սրտին» գրքից. «Ի´մ սիրտ, ես երբեք չեմ քննադատի և դատի քեզ: Ես երբեք չեմ ամաչի այն ամենի համար, ինչ դու կասես: Ես գիտեմ, որ դու Աստծո սիրած զավակն ես, և որ Նա շրջապատել է քեզ վսեմ ու սիրով լի լույսով: Ես հավատում եմ քեզ, ի´մ սիրտ: Ես միշտ քո համախոհն եմ, և ես քեզ համար միշտ պիտի օրհնություն խնդրեմ իմ աղոթքներում: Ես միշտ խնդրում եմ, որ դու քեզ անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը գտնես: Ես հավատում եմ քեզ, ի´մ սիրտ: Ես հավատում եմ, որ դու քո սերը կտարածես բոլոր նրանց վրա, ովքեր արժանի են դրան և կամ ունեն դրա կարիքը: Իմ ուղին քո ուղին է, և այսպես միասին մենք կհասնենք Սուրբ Հոգուն: Ես խնդրում եմ քեզ. վստահի´ր ինձ: Իմացի´ր ՝ ես սիրում եմ քեզ և ջանում եմ քեզ ազատություն տալ, որ կօգնի քեզ՝ շարունակելու ուրախ բաբախելու իմ կրծքի տակ: Ես իմ կարողացածը կանեմ քեզ համար, որպեսզի դու անհարմարություն չզգաս, որ շարունակ շրջապատում եմ քեզ»:
Ուսուցիչն ասաց.
— Միանգամայն բնական է, որ երբ մենք որոշում ենք մի բան անել, կարող է անսպասելի կոնֆլիկտ առաջանալ: Բնական է, որ մենք այդ կոնֆլիկտի արդյունքում կարող ենք վիրավորվել: Վերքերը բուժվում են. դրանցից մնում են միայն սպիները, իսկ դրանք ոգեշնչող են: Այդ սպիները մեզ հետ են մինչև մեր կյանքի վերջը և մեզ մեծօգնություն են ցույց տալիս: Եթե որևէ իրավիճակում, անկախ նրանից, թե ինչ պատճառով, դեպի անցյալը վերադառնալու մեր ցանկությունն ուժեղանում է, պարզապես պետք է նայենք այդ սպիներին: Սպիներ մնում են նաև ձեռնաշղթաներից և մեզ հիշեցնում բանտային սարսափները. այդ հիշողություններով էլ մենք գնում ենք առաջ:
Կորնթոսցիներին ուղղված իր թղթում սուրբ Պողոսն ասում է մեզ, որ քաղցրությունը սիրո ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Երբեք մի մոռացե´ք՝ սերը քնքուշ է: Դաժան հոգին թույլ չի տալիս, որ Աստծո ձեռքն այն ծեփի Իր ցանկություններին համապատասխան: Ճանապարհորդը գնում էր հյուսիսային Իսպանիայի մի նեղ արահետով, երբ տեսավ մի մարդու, որ փռվել էր ծաղկահյուս անկողնում:
— Դուք չե՞ք ճզմում այս ծաղիկները,- հարցրեց ճանապարհորդը:
— Ոչ,- պատասխանեց մարդը,- ես ընդամենը փորձում եմ մի քիչ քաղցրություն վերցնել
նրանցից:
Ուսուցիչն ասաց.
— Ամեն օր աղոթե´ք, եթե անգամ ձեր աղոթքները անբարբառ են ու ոչինչ չեն խնդրում և դժվարությամբ կարող են հասկացվել: Աղոթելը սովորությո´ւն դարձրեք: Եթե սկզբում դժվար է, որոշե´ք ձեզ համար. «Ես այս շաբաթ ամեն օր պիտի աղոթեմ»: Եվ նորացրե´ք ձեր խոստումը այդ յոթ օրերի ամեն հաջորդ օրը: Հիշե´ք, որ դրանով ոչ միայն ամրապնդվում է ձեր կապը հոգևոր աշխարհի հետ, այլև դուք մարզում եք ձեր կամքը: Որոշակի մեթոդների օգնությամբ մենք կարգապահություն ենք մարզում մեր մեջ, որն անհրաժեշտ է կենսական պայքարի համար: Բոլորովին լավ բան չկա այն բանի մեջ, որ կարող ես մի օր մոռանալ աղոթելը, դրա փոխարեն հաջորդ օրը երկու անգամ աղոթել: Կամ յոթ անգամ աղոթես մի օրվա ընթացքում և մնացած ամբողջ շաբաթը մտածես, որ դու լուծել ես այդ խնդիրը: Որոշակի իրողություններ պետք է տեղի ունենան անհրաժեշտ տեմպով ու ռիթմով:
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան