Ինչո՞ւ կարկատենք մի համակարգ, որն անկախ մտածողությունը ոչնչացնելուն է ուղղված։ 

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա. հնարավոր է` մենք ոչ թե քիչ, այլ չափից դուրս շատ գումար ենք ծախսում դպրոցի վրա: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երեխաների դաստիարակությանն առնչող ոլորտներում չափազանց շատ մարդ է ներգրավված: Ե՛վ այդ մարդիկ, և՛ այդ ամբողջ գումարը, նաև իրենց տներից, ընտանիքներից, հարևաններից և սեփական հայտնագործություններից երեխաներին կտրելը խոչընդոտում են կրթությանը:

Հասկանում եմ, կտրուկ է հնչում: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիական հասարակությունում, ժամանակն ու փողը, որ ծախսել եք կրթության վրա, որոշակի առումով որոշում են ձեր արժեքը: Ընդամենը անցյալ տարի եմ Սենտ-Լուիսում ես լսել, թե ինչպես IBM-ի փոխնախագահը, ելույթ ունենալով մի լսարանում, որը հավաքվել էր վերանայելու ուսուցիչների հավաստագրման համակարգը, ասում էր, որ իր կարծիքով ԱՄՆ-ն համակարգչային գրագիտության հասել է ինքնուսուցման միջոցով և ոչ թե դպրոցական ծրագրերի շնորհիվ: Նա ասել է. «45 միլիոն մարդ, որոնց  հարմար է համակարգչով աշխատել, սովորել է ինքնուրույն՝ օգտագործելով տասնյակ ոչ համակարգված մեթոդներ, որոնցից և ոչ մեկը լիարժեք ընդունված չէ: Եթե համակարգիչների օգտագործման ուսուցման իրավունքը նախապես դպրոցներին տրված լիներ, ապա համակարգչային գրագիտության համաշխարհային առաջատար լինելու փոխարեն հիմա հրեշավոր քաոսի մեջ կլինեինք »: Իսկ հիմա եկեք նայենք Շվեդիային՝ գեղեցիկ, առողջ, բարգավաճող և ժամանակակից երկիր, որը  լավագույն համարում ունի այնտեղ արտադրվող յուրաքանչյուր արտադրանքի որակի առումով: Տրամաբանական է մտածել, որ նրանց դպրոցները դրա հետ որոշակիորեն կապված են:

Ի՞նչ կասեք այն մասին, որ Շվեդիայում չեք կարող դպրոց գնալ, քանի դեռ յոթ տարեկան չեք դարձել: Պատճառն այն է, որ պրագմատիկ շվեդները հանել են այն, ինչը առաջին և երկրորդ դասարան կկոչեինք, որովհետև չեն ցանկանում շատ արագ պարտքի վերածվող սոցիալական մեծ վճարներ անել այն բանի համար, որ տղաներին և աղջիկներին շատ վաղ պոկեն իրենց սիրելի տնային ուսուցիչներից:

Ուսուցիչներին և թերապևտներին աշխատանքով ապահովելն ուղղակի չարժե, ասում են շվեդները, եթե արդյունքը հիվանդ և ոչ լիարժեք երեխաներն են, որոնց այնքան էլ հեշտ չէ վերադարձնել  նորմալ վիճակի: Շվեդական դպրոցի լրիվ դասընթացը 12 տարի չէ, այլ՝ ինը: Նման քայլը ԱՄՆ-ում կհանգեցներ  75-100 միլիարդ դոլարի խնայողության ու ազատված շատ ժամանակի` գիտելիքի փնտրտուքի համար:

Ո՞վ է որոշել Շվեդիայի փոխարեն ձեր ուշադրությունը սևեռել Ճապոնիայի վրա: Ո՞ւր կգնա ձեր երեխան` Ճապոնիայի՞ դպրոցը` իր երկար ուսումնական տարով ու վարչական բռնությամբ, թե՞ Շվեդիայի՝ իր ուսումնական կարճ տարով, դպրոցի կարճ կուրսով, դպրոցի ազատ ընտրությամբ: Ո՞վ է որոշել, որ դուք պետք է իմանաք Ճապոնիայի, այլ ոչ թե նրա ասիական հարևան, կարճ ուսումնական տարով Հոնգ-Կոնգի մասին, որը մաթեմատիկայի և գիտությունների բնագավառում առաջ է Ճապոնիայից : Ո՞ւմ շահերից է բխում այս տեղեկությունները ձեզանից թաքցնելը:

Այս դժբախտության մեջ մեր հայտնվելու սկզբունքային պատճառներից մեկն այն է, որ մենք թույլ ենք տվել, որ դպրոցը դառնա շատ եկամտաբեր մոնոպոլիա, որը պետության ադմինիստրատիվ ուժի շնորհիվ ապահովված է մշտական սպառողներով: Դպրոցը պարբերաբար իր վրա է հրավիրում ներդրողների ուշադրությունը, երբ վատ է աշխատում: Եվ քանի որ ոչ մի տուգանք նախատեսված չէ, ապա լավ չաշխատելու գայթակղությունը հսկայական է: Հատկապես այդ պատճառով էլ դպրոցի անձնակազմը՝ և՛ աշխատակիցները, և՛ ղեկավարները, ներգրավված են գիլդիայի համակարգում: Միասնության այս հնագույն ձևի մեջ անդամներից և ոչ մեկն իրավունք չունի առաջ անցնելու մյուսից, իրավունք չկա ներդնելու նոր տեխնոլոգիաներ, չի թույլատրվում իմպրովիզներ` առանց գիլդիայի մեծամասնության համաձայնության: Այս սկզբունքների խախտումը հանգեցնում է խիստ պատժամիջոցների, ինչպես պարզեցին Կոլինզը, Էսկալատը և ուրիշ շատ փայլուն ուսուցիչներ:
Գիլդիայի իրականությունը չի կարող խաթարվել առանց վերադարձնելու ծնողներին որոշումներ կայացնելու արտոնությունը՝ թույլ տալով նրանց գնել այն, ինչ ուզում են գնել դպրոցից, ու դրանով պահպանել նախաձեռնողական իրականությունը, որը գոյություն ուներ մինչև 1852 թիվը: Այդ պատճառով էլ ես հավատացնում եմ, որ ներկայիս դպրոցի հետ համագործակցություն սկսելուց առաջ ցանկացած ծրագիր պետք է կրկնակի քննարկել: Այդ կազմակերպությունների հետ համագործակցությունը նրանց ավելի վատն է դարձնում:
Ամերիկյան դպրոցի 20-րդ դարի նմուշի կառուցվածքը ծնվել է 1806 թվին, երբ Նապոլեոնի սիրողական զորքը Իենի ճակատամարտում ջարդեց Պրուսիայի պրոֆեսիոնալ զորքին: Եթե ձեր գործը զինվորների վաճառքն է, ապա նման ճակատամարտում պարտությունը լուրջ է: Դրանից գրեթե անմիջապես հետո գերմանացի փիլիսոփա Ֆիխտը գրեց իր հայտնի աշխատությունը՝ «Ելույթներ ուղղված գերմանական ազգին», որը դարձավ ժամանակակից պատմության ազդեցիկ ստեղծագործություններից մեկը: Ըստ էության նա  պրուս ժողովրդին ասել է, որ լավ ժամանակները վերջացել են, որ ազգը պետք է ընտելանա  հարկադրված դպրոցի նոր ինստիտուտին, որտեղ յուրաքանչյուր ոք կսովորի հրամաններ կատարել:
Այս ձևով մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհը պետության թրի սայրով հարկադրված դպրոց ստացավ: ժամանակակից հարկադրված դպրոցը սկսեց աշխատել 1819 թվականից Պրուսիայում` հստակ պատկերացումով, թե ինչ պետք է տա կենտրոնացված դպրոցը`

Բանակի հնազանդ զինվորներ.
Հանքերի հնազանդ աշխատողներ.
Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ.
Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ.
Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում:

Դպրոցն արհեստական ազգային համաձայնություն պիտի ստեղծի այն հարցերում, որոնք մշակվել են գերմանական առաջնորդող ընտանիքների և վարչական ղեկավարների կողմից: Դպրոցը պետք է միաբանություն ստեղծի գերմանական հողերի միջև ` վերջ ի վերջո նրանց միավորելով մեծ Պրուսիային:

Պրուսական արդյունաբերությունն անմիջապես առաջ գնաց: Պրուսիան զինվորական գործում հաջողակ է եղել, և նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում շատ բարձր է եղել: Այս դպրոցական համակարգը մտցնելուց 26 տարի անց  Պրուսիայի թագավորը հրավիրվել է Հյուսիսային Ամերիկա, որ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև սահմանը որոշեն: Իսկ 33 տարի անց կենտրոնացված դպրոցի ինստիտուտի ճակատագրական հայտնագործությունից հետո Մաննի[1] և շատ ուրիշ հարգված քաղաքացիների կողմից պրուսական դպրոցական համակարգի  օրինակն ընդունվեց մեր կողմից որպես սեփական:

Դուք պետք է  իմանաք, որովհետև մեր դպրոցական համակարգի առաջին 50 տարիներին պրուսական նպատակը պետական սոցիալիզմի որոշակի ձևերի ստեղծումն էր՝ աստիճանաբար դուրս մղելով ավանդական ամերիկյանը, որը նախապատրաստում էր  ինքնուրույն անհատների:

Պրուսիայում Volksshule-ի` գերմանական ժողովրդական դպրոցների, որտեղ սովորում էր երեխաների 92 տոկոսը,  նպատակն ընդհանրապես մտավոր զարգացումը չէր. այն ուղղված էր հնազանդության և ենթարկվածության դաստիարակման: Մտածելու ունակությունը թողել էին Real Schulen-ին, ուր այցելում էր երեխաների միայն 8 տոկոսը: Իսկ ժողովրդական հսկայական զանգվածների համար մտավոր զարգացումը դիտվում էր որպես վատ կառավարման պատճառ, որի հետևանքով զորքը տանուլ է տալիս ճակատամարտը:

Պրուսիան բարդ բաժանման վրա  հիմնված մեթոդ էր մշակել, որ երաշխավորի, որ շրջանավարտները ապագայի սոցիալական համակարգին համապատասխան կլինեն: Այդ մեթոդներից մի քանիսը ներառում էին ամբողջական գաղափարների բաժանում դպրոցական առարկաների միջև, որոնք իրենց հերթին շարունակում էին բաժանվել: Որոշ մեթոդներ ենթադրում էին զանգերով բաժանված կարճ դասեր` այնպես, որ ուսման նկատմամբ ներքին շարժառիթը  ճնշվում էր մշտական ընդհատումներով:

Գոյություն ունեին կրթության բազում այլ տեխնոլոգիաներ ևս, սակայն բոլորի  հիմքում էլ ան գաղափարն էր, որ առաջին ձեռքից տեղեկատվության թաքցնումը և ուսուցիչների մատուցած վերացական ինֆորմացիայի տրոհումը հանգեցնում են  հնազանդ և լավ ենթարկվող շրջանավարտների, որոնք համապատասխան հարգանքով էին վերաբերվում վերադասի հրամաններին: «Փոքր» մարդն ունակ չէր հակառակվելու ղեկավարությանը, քանի որ եթե անգամ   ի վիճակի լիներ բողոքելու, հետևողականորեն և համակարգված մտածել չէր կարողանա: Դպրոցի լավ մշակված երեխան չէր կարող մտածել քննադատաբար, չէր կարող վիճել արդյունավետ:

Պրուսական դպրոցական համակարգի ամենահետաքրքիր կողմնակի արդյունքներից մեկը ժամանակակից պատմության 2 ամենաավերիչ պատերազմներն էին: Էրիխ Մարիա Ռեմարկը իր դասական ստեղծագործության մեջ՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», մեզ ասում է, որ առաջին համաշխարհային պատերազմը եղել է ուսուցիչների հնարքով, իսկ նշանավոր բողոքական աստվածաբան Դիտրիխ Բոնհյոֆերն ասել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը դպրոցների լավ աշխատանքի անխուսափելի արդյունքն էր:

Կարևոր է նշել, որ Բոնհյոֆերը բառացի է ձևակերպել, այլ ոչ փոխաբերական. պրուսական օրինակով դպրոցները վերացնում են ինքնուրույն մտածելու ունակությունը: Այդպիսի դպրոցը մարդկանց սովորեցնում է սպասել, որ ուսուցիչն իրենց ասի` ինչ անեն, և լավ կամ վատ գնահատի իրենց արածը: Պրուսական կրթությունը կաթվածահար է անում ինչպես բարոյականությունը, այնպես էլ միտքը: Այո՛, որոշ լավ սովորած ուսանողներ խելացի են երևում, որովհետև նրանք լավ հիշում են մեծագույն փիլիսոփաների բազում մտքեր, բայց իրականում նրանք խեղված են, քանի որ նրանց մտածելու ունակությունը մնացել է տարրական մակարդակի և չի աճել: Մենք ԱՄՆ-ից տեղափոխվեցինք Պրուսիա և վերադարձանք, քանի որ 19-րդ դարում մի քանի գաղափարական առաջնորդներ այցելել էին Պրուսիա և հիացել այդ համակարգի կարգապահությամբ, հնազանդությամբ և արդյունավետությամբ և հետևողական միջնորդում էին  պրուսական դպրոցների մոդելը մեր ափերը փոխանցելու համար:

Եթե Պրուսիայի վերջնական նպատակը Գերմանիայի համախմբումն էր, ապա մեր գլխավոր նպատակը, այդ մարդկանց կարծիքով, գաղթական-կաթոլիկների համախմբումն էր ազգային միասնության մեջ՝ հիմնվելով հյուսիսային Եվրոպայի մշակույթի մոդելի վրա: Դրան հասնելու համար երեխաներին պետք է վերցնեին նրանց ծնողներից և հեռու պահեին ոչ համապատասխան մշակութային ազդեցությունից: Այդ առումով հարկադրական դպրոցը վատ միտք էր, որը օդի մեջ էր դեռ Պլատոնի «Հանրապետություններ»-ի ժամանակից, վատ միտք, որը Նոր Անգլիան ձգտում էր ի մի բերել 1650 թվին, որը վերջի վերջո հայտարարվեց 1852թ. Մասաչուսետսի նահանգի օրենսդիր ժողովի ժամանակ: Դա, իհարկե, հայտնի «Ոչինչ չգիտեմ» ժողովն էր, որ ընդունեց այդ օրենքը. ժողով, որը հայտնի «Աստղային դրոշի օրդեն» («The Order of the Star Spangled Banner») գաղտնի միության ավանգարդում էր, որն այդ ժամանակ ծաղկում էր, և նրա գաղտնաբառը մի պարզ նախադասություն էր՝ «Ոչինչ չգիտեմ». դրանից է գաղտնի ընկերության քաղաքական թևի՝ Ամերիկյան կուսակցության մականունը: Վերջին 50 տարիների  ընթացքում նահանգ նահանգի հետևից, հետևելով այս ուղղությանը, փակեցին ընտրություն ապահովող դպրոցները՝ տեղ բացելով կառավարական նոր մենաշնորհի ծաղկման համար:

Որպես էական բացառություն՝ մնացին այն երեխաներ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ մասնավոր կրթություն ստանալը: Բայց կարևոր է նշել, որ պրուսական դպրոցական համակարգի հիմքում ընկած էր այն միտքը, որ պետությունն է երեխաների իսկական ծնողը, պետությունը կարևոր է ընտանիքից:

Այս գաղափարի առավել ծայրահեղ տարբերակն այն է, որ կենսաբանական ծնողներն իրենց երեխաների թշնամիներն են, պետք չէ նրանց վստահել: Ինչպե˜ս կարողացավ երեխաների բթացման պրուսական համակարգը գրավել ամերիկական դպրոցները:

Ամերիկյան ազդեցիկ ընտանիքների հազարավոր երիտասարդներ 19-րդ դարի ընթացքում ճամփորդել էին Պրուսիայում և Գերմանիայի այլ մասերում և վերադարձել տուն բուհական աստիճաններով, վերադարձել ազգ, որը ծանոթ չէր ատեստացիայի նման համակարգին: Այդ մարդիկ ակադեմիական աշխարհում, կոոպերատիվ հետազոտություններում, կառավարության մեջ  զբաղեցրին բոլոր լավագույն տեղերը: Հասել էին նրան,  որ նման պաշտոնները գրեթե անհասանելի էին այն մարդկանց համար, ովքեր չէին սովորել Գերմանիայում կամ չէին եղել գերմանական գիտությունների թեկնածուների անմիջական աշակերտները: Այսպիսով, ամերիկյան դպրոցական համակարգի յուրաքանչյուր հիմնադիր ուխտագնացության է եղել Գերմանիայում, և այդ մարդկանցից շատերը գրել էին լայն տարածում ստացած հաշվետվություններ, որտեղ ներկայացված էին տևտոնական մեթոդները: Մաննի հայտնի «7-րդ հաշվետվությունը », որը մինչ այժմ կա մեծ գրադարաններում, հնարավոր է, ամենակարևորն էր դրանցից:

1889 թվին, մի քիչ ավելի քան 100 տարի առաջ, բերքահավաքի ժամանակն էր: Այդ տարի Միացյալ Նահանգների կրթության կոմիսար Վ. Թ. Հարիսը համոզել էր երկաթուղային մագնատ Հանթինգտոնին, որ ամերիկյան դպրոցները «գիտականորեն մշակված են» «չափազանց գերուսուցումը» հաղթահարելու համար: Միջին ամերիկացին գոհ կլինի կյանքում իր համեստ դերով, որովհետև նա ժամանակ չի ունենա մտածելու  այլ  բանի մասին: Կռահում եմ, որ Հարիսը նկատի է ունեցել, որ միջին ամերիկացին ի վիճակի չի լինի մտածելու այլ դերի մասին: 1896 թ. Չիկագոյի ինստիտուտի աշխատակից հայտնի Դյուին ասել է, որ  անկախ, ինքնավստահ մարդիկ ապագայի հավաքական հասարակությանը, արտադրողականությանը խոչընդոտող  անաքրոնիզմ  կլինեն։ Ժամանակակից հասարակության մեջ, ասել է Դյուին,  մարդիկ կգնահատվեն ըստ իրենց թիմի, և ոչ թե անհատական ձեռքբերումներով:

Նման աշխարհում մարդիկ, ովքեր շատ լավ են կարդում, կամ կարդալն ավելի վաղ են սովորել, վտանգավոր են, քանի որ ունեն անհատական ուժ, չափազանց շատ գիտեն և ինքնուրույն, առանց փորձագետի խորհրդատվության կարող են պարզել այն, ինչն իրենք չգիտեն: Դյուին ասել է, որ ավանդական մանկավարժության մեծ սխալն էր գրել ու կարդալ սովորեցնելը կրտսեր դպրոցական  ծրագրի հիմնական մաս դարձնելը: Նա պնդում էր, որ հնչյուններով ուսուցումը իր տեղը կզիջի ամբողջական բառերով ուսուցման մեթոդին, ոչ թե նրա համար, որ հետո կպարզվի, որ այն ավելի արդյունավետ է (Դյուին խոստովանում էր, որ այն ավելի քիչ արդյունավետ էր), այլ նրա համար, որ մտածել կարողացող, բարդ գրքերով սովորած, անկախ մարդկանց դժվար էր հանրայնացնելը։ Հանրայնացում ասելով` Դյուին նկատի ուներ հասարակական խնդիրների ծրագիրը, որը ղեկավարում են կառավարության լավագույն հասարակական գործիչները:

Դա մի հսկայական քայլ էր դեպի Պրուսիայում մշակված և ամերիկյան անցյալի, ամերիկյան ավանդական հույսերի և երազանքների  հետ բացարձակ կապ չունցող պետական սոցիալիզմը: Դյուիի նախկին դասավանդողն ու  մտերիմ ընկերը՝  Սթենլի  Հոլը մոտավորապես այդ ժամանակ ասել է. «Կարդալը չպետք է կուռք մնա, դրան պետք է շատ քիչ ժամանակ հատկացնել»: Հոլը դպրոցական դասարանները ղեկավարելու համար հսկայական վարչական ենթակառուցվածքների ստեղծման երեք պատասխանատուներից մեկն էր: Այնքան մեծացավ այդ համակարգը, որ դա կարելի է հասկանալ միայն համեմատության միջոցով, օրինակ՝ Նյու Յորքի նահանգի դպրոցական վարչակազմն ուներ ավելի շատ աշխատողներ, քան ամբողջ Եվրոպական տնտեսական միությունը միասին վերցրած:

Արժե մտածել, որ այն, ինչով զբաղվում են դպրոցները, վարքագծի վերահսկումն է. բարեփոխում բառը յուրահատուկ իմաստ է ձեռք բերում: Դա նշանակում է փոխել համակարգն այնպես, որ երիտասարդները չկարողանան ազատվել այն մտքից, որ իրենց մտքերն ու մարմինները վերահսկվում են: Իրենց միտքն ավելի լավ  օգտագործելու համար երեխաներին օգնելու հարցը քննարկումից դուրս էր: Ռասելը մի անգամ նկատել է, որ ամերիկյան դպրոցական համակարգը մարդկության պատմության մեջ ամենաարմատական փորձարկումներից էր, որ Ամերիկան դիտմամբ երեխաներին զրկել է քննադատական մտածողությունից: Եթե ուզում եք, որ երեխան մտածի, ապա հենց մանկությունից նրան լուրջ վերաբերվեք, նրան պատասխանատվություն զգալ տվեք` բաց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակելով որպես կարդացողև հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։ Եթե դուք իսկապես ուզում եք երեխային մտածել սովորեցնել…

Ոչ մի ապացույց չկա, որ պարտադրված դպրոցի ներդրումով սա´ է եղել ԱՄՆ-ի նպատակը: Երբ մանկապարտեզ հորինող Ֆրոբելը (19-րդ դար Գերմանիա) զարգացնում էր իր տեսությունը, նա նկատի չուներ պարտեզը երեխաների համար, այլ նկատի ուներ այգեպանի դերով ուսուցիչ և երեխաներ ՝ որպես բանջարեղեն: Մանկապարտեզը հնարեցին որպես երեխաներին մայրական ազդեցությունից կտրելու միջոց: Ես հետաքրքրությամբ դիտարկում եմ, որ ԱՄՆ-ում տնից դուրս երեխաների խնամքը ընդլայնելու համար դպրոցական սահմանը ցանկանում են դարձնել 4 տարեկանից:

Դեպի պետական սոցիալիզմ շարժումը պատմական հազվադեպ երևույթ չէր, այլ հզոր ուժ` մեզ շրջապատող աշխարհում: Ադ շարժումը կենսական պայքար է մղում այն ուժերի դեմ, որոնք կարող են երաշխիքների կամ հարկային զիջումների միջոցով նրան ֆինանսավորումից զրկել, հակադարձում է այդ հարձակումներին` պահանջելով մանկան կյանքի ավելի շատ վերահսկում և ավելի շատ փող` վճարելու դպրոցական օրն ու տարին երկարացնելու համար, որ անհրաժեշտ է այդ վերահսկումն իրականացնելու համար։  

Այն, որ այս շարժումը կործանարար է անհատականության, ընտանիքի և հասարակության համար, ակնհայտ է այնպես, ինչպես  այն, որ դպրոցական կառավարական համակարգն իր տխուր արդյունքների, հատկապես հարկատուներից միջոցների ավելի ագրեսիվ շորթումների հետևանքով պետք է որ ձախողվեր: Բայց դա չեղավ: Դա հավանաբար այն պատճառով, որ  ընտանիքներին և քաղաքներին ուղղված պարզ ծառայությունից անցում էր արվել մեծ, կենտրոնացված և կորպորատիվ գործի: Թեպետ գործի նման ընթացքն ակնհայտորեն վատ ազդեցություն ունեցավ մարդկանց և մեր դեմոկրատական ավանդույթների վրա, այն ԱՄՆ-ում դպրոցական համակարգը դարձրեց Պաշտպանության նախարարությունից հետո ամենամեծ գործատուն և տարբեր պայմանագրերի ամենամեծ  մատակարարը: Այս երկու փոքր  ֆենոմենը դպրոցական մոնոպոլիան ապահովում է հզոր քաղաքական ընկերներով, դատավորներով և այլ օգտակար դաշնակիցներով: Քիչ թե շատ դրանով է բացատրվում, թե ինչու ցանկացած քանակի ձախողում դպրոցական կարգը չի փոփոխում կամ շատ դանդաղ է փոխում:   Դպրոցի աշխատողներն այնպիսի իրավիճակում են, որ խնդիրը ցանկացած փոթորկի ժամանակ գոյատևելն ու  հասարակության սևեռուն ուշադրության կարճատև պահերին դիմանալն է:

Դպրոցական համակարգի գոյության ընդհանուր համառոտ նկարագիրը ցույց է տալիս, որ մոդելը բնութագրվում է հասարակական անհանգստության բռնկումներով, որոնց ամեն դեպքում հետևել է մենաշնորհի ուժեղացումը:

Տարբեր հանրային դպրոցներում, որոնց մեջ մի քանիսն ավելի լավն էին, մի քանիսը` ավելի վատը,  անցկացրած մոտ 30 տարիներից հետո ես որոշակիորեն համոզված եմ, որ ղեկավարությունը չի կարող կարգուկանոն մտցնել իր սեփական տանը: Նա համառորեն մերժում է յուրաքանչյուր աննշան փոփոխություն: Համակարգի «տերերը» բարեփոխումներ անելու խթան չունեն, առանց արտաքին մրցակցության խթաններ չեն կարող լինել:

Առաջիկա 10 տարում մեզ անհրաժեշտ է լայն ազատ շուկա, որն ունեինք ազգային պատմության սկզբին: Ավելորդ չէ ընդգծել, որ տեսություն չկա, որը հստակ որոշում է` ինչպե՞ս սովորեցնել երեխաներին, կամ սովորեցնելու ո՞ր մեթոդն է ճիշտ: Ձևացնելով, թե այդ տեսությունը կա` մենք մեզ կտրում ենք տեղեկատվությունից ու նորարարությունից, որը միայն ազատ շուկան կարող է տրամադրել: Բարեբախտաբար, մեր ազգային վիճակն այնքան բարենպաստ է եղել,  և մենք նույնքան կայուն առաջատար ենք եղել մեր պատմության գրեթե ողջ ընթացքում, որ թույլատրելի սխալների չափը մեծ է:

Բայց ապագան այդքան էլ հստակ չէ: Բռնությունը, թմրանյութերի ազդեցությունը, բաժանումները, ալկոհոլը, միայնությունը վատ կրթության հստակ նշաններն են: Իհարկե, որպես կառույց` երեխաների ժամանակի մենաշնորհային տնօրինման համար դպրոցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Ժողովրդավարության պայմաններում ոչ թե փորձագետները կարող են վերջնական դատավոր լինել, այլ միայն ժողովուրդը:
Վստահե՛ք ժողովրդին, տվե՛ք նրան ընտրելու հնարավորություն, և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա:

2010թ. հուլիս

Թարգմանություն ռուսերենից

[1] Հորացիուս (Օրիս) Մաննը ԱՄՆ հանրակրթության ներկա համակարգի հիմնադիրն է համարվում (ծանոթ.՝ թարգմ.)

19 thoughts on “Միջնակարգ դպրոցի մղձավանջը”
  1. Միջնակարգ դպրոցի մղձավանջը հոդվածում հեղինակը՝ Ջոն Թեյլոր Գատոն, մեր ուշադրությունը հրավիրում է տարբեր ժամանակներում ստեղծված կրթական համակարգերի, դրանց իրական նպատակների վրա։ Ցույց է տալիս, որ կրթական ոլորտում բավական մեծ գումարներ, մեծաքանակ մարդիկ են ներգրավվում բավական տարբեր նպատակներով։ Այդ նպատակներից են, օրինակ․
    Բանակի հնազանդ զինվորներ,
    Հանքերի հնազանդ աշխատողներ,
    Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ,
    Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ,
    Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում:

    Կամ, օրինակ․

    Հաջողակ քաղաքացի,
    Ինքնուրույն անհատներ,
    Զարգացած քննադատական մտածողությունից զուրկ անհատներ․․․

    Այս բոլոր նպատակների հիմքում ես տեսնում եմ ոչ մաքուր մտադրություններ, էգոիզմ, բռնություն մարդու բնույթի հանդեպ։ Սրանցից ոչ մեկն ուղղված չէ անհատի, ընտանիքի, ազգի երջանկացմանը, մարդու ինքնակատարելագործմանը, ինքնաճանաչմանը, ներքին ու արտաքին խնդիրների լուծմանը։ Այս նպատակներից ոչ մեկը երեխային չի ոգեշնչելու, որ գտնի իր կյանքի նպատակը, առաքելությունը։ Երեխային իր բնական ռիթմից հանելով՝ ներդաշնակությունից է զրկում, ձգտելու ցանկությունը կոտրում հաճախ, հուսահատության տանում։ Ակնհայտորեն կրթությունն օգտագործվում է որպես հասարակությանը ղեկավարելու գործիք։

    Ժամանակն է, որ պատմությունը մի լավ ուսումնասիրենք, վեր հանենք մեր պետության կրթական ոլորտում թաքցրած թակարդները։ Ժամանակն է, որ մեր երջանկության ճանապարհը գծագրենք։ Ժամանակն է, որ ինքներս զարդարենք այդ ճանապարհը նոր մեթոդներով, նոր ժամանակների մեր խնդիրներին համապատասխան լուծումներով։ Ժամանակն է, որ կրթական համակարգը ստեծենք մեր շահերից ելնելով, մեծ իմաստունների խորհոիրդներով, ոչ թե ազդեցիկ երկրների թելադրանքով։ Ժամանակն է, որ երեխաների ներքին մղումներին արձագանքելով նրանց ոգեշնչենք դեպի ինգնակատարելագործում, դեպի գիտելիքների հարստությունների բացահայտում, դեպի գեղեցիկի ընկալում, դեպի մարդու ու բնության ներդաշնակ, համահունչ զարգացում։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ճշմարտությունը, գիտակցենք մեր իսկական բնույթը, թևեր առնենք ու ամեն մեկս մեր առաքելության իրագործման մեջ համընդհանուրին ծառայելով՝ գտնենք մեր երջանկության իսկական բանալին։

  2. Ինչո՞ւ կարկատենք մի համակարգ, որն անկախ մտածողությունը ոչնչացնելուն է ուղղված։

    Նախ նշեմ, որ հեղինակը հոդվածում խոսում է տարբեր ժամանակների և տարբեր երկրների դպրոցական համակարգերի մասին։

    Հեղինակը խոսում է լավագույն երկիր համարվող Շվեդիայի դպրոցական համակարգի մասին, որտեղ անիմաստ են համարում երեխաներին յոթ տարեկանը չլրացած ներառել դպրոցական համակարգի մեջ։ Հետաքրքիր և ապշեցնող փաստ ևս նշվեց հեղինակի կողմից, որը հետևյալն էր․<>: Այսինքն այն երեխաները, ովքեր ի վերուստ ունեն որևէ առանձնահատկություն, այս երկրում համարում են անիմաստ ժամանակ կամ գումար վատնել նրանց վրա։

    Եվ ասյսպես տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, ստեղծվում են դպրոցներ, որոնց համար նպատակ չի եղել ակադեմիական գիտելիքների ստեղծումը, քննադատական մտածողության զարգացումը, այլ <>։

    Այսինքն երեխան որպես ինքնուրույն անհատ չի ձևավորվել դպրոցում։ Դաստիարարակվել է որպես հնազանդ և ենթարկվող անձ՝ ոչ մտավոր կարողություններով։

    Էրիխ Մարիա Ռեմարկը իր դասական ստեղծագործության մեջ՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», մեզ ասում է, որ առաջին համաշխարհային պատերազմը եղել է ուսուցիչների հնարքով, իսկ նշանավոր բողոքական աստվածաբան Դիտրիխ Բոնհյոֆերն ասել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը դպրոցների լավ աշխատանքի անխուսափելի արդյունքն էր:

    Այս և նմանատպ այլ օրինակները կարդալով գալիս եմ այն եզրահանգմանը, որ ինչպես նշում է հեղինակը հարկադրված դպրոցներում երեխաներին զրկել են ինքնուրույն մտածելու ունակությունից, քննադատական մտածողությունից, հորդորել են դիտարկել ծնողներին որպես թշնամիներ, պետությունը կարևորել սեփական ծնողներից։ Այս ամենը բնականաբար ունեցել է վատ մտադրություններ։

    Սակայն այս ամենը, մենք չպետք է թողնենք ներխուժի մեր դպրոցական համակարգի մեջ։ Մեր նպատակը չպետք է լինի ստեղծել սդանտարտ մտածող, սեփական կարծիքը երբեք չբարձրաձայնող, բանավիճել չկարողացող անհատ։ Ընդհակառակը, պիտի ստեղծենք այնպիսի անհատներ, ովքեր ունեն սեփական կարծիքը, կկարողանան հստակ արտահայտել իրենց կարծիքը և հանդես կգան սեփական նախաձեռնություններով։

    Եվ համամիտ եմ, որ պետք է տալ ընտրության հնարավարություն․․․

  3. Հոդվածում շատ մանրակրկիտ և հանգամանալից ներկայացվում են այն փաստարկները, որոնք, փաստորեն, խոչընդոտում են երեխաների կրթությանը։

    Եվ իսկապես, հնարավոր չէ ստանալ ազատ մտածողությամբ, ստեղծագործելու մեծ հնարավորությամբ սերունդ, երբ այդ նույն սերնդին հարկադրաբար կամ ստիպողաբար դրդում են կատարելու այն, ինչն ուղղակի ընդունված է` առանց թույլ տալու ունենալ սեփական կարծիքը, դիրքորոշումը որևէ հարցի շուրջ։

    Հաճախ երեխան կամ առհասարակ մարդն էլ իր հնարավորության ողջ ներուժն օգտագորժում է այն ժամանակ, երբ միայնակ է, երբ գիտակցում է, որ ոչ ոք չի միջամտում իր մտքերի, երևակայության իրագործմանը, և ինքնուսուցումը դառնում է հիմնաքար՝ առաջ շարժվելու համար։ Իսկ այն կրթությունը, որի հիմքում արդեն հնացած, գործնականում ոչ կիրառելի ծրագրերն են, ընդամենը դառնում է ուղեղն ավելորդ ինֆորմացիայով լցնելու աղբյուր, որը, փաստորեն, գուցեև երբևէ կիրառություն չունենա էլ գործնականում։

    Հոդվածում նշվում է շվեդական և ճապոնական դպրոցների տարբերության մասին։ Եվ իսկապես, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը միանշանակ կընտրեր Շվեդիայի դպրոցը՝ ուսումնական կարճ տարով, դպրոցի կարճ կուրսով, դպրոցի ազատ ընտրությամբ:

    Պրուսական դպրոցական համակարգով առաջնորդվել, նշանակում է՝ բոլոր բնագավառներում ունենալ այնպիսի աշխատողներ, ովքեր հնազանդ ու ենթական են իրենց պաշտոնյաներին, բոլոր հարցերում միանման են մտածում, բայց արդյոք հիմա մեզ պետք են նման մտածողությամբ քաղաքացիներ․․․Իհարկե, ո՛չ, և այդ հարցում անասելի մեծ է հենց կրթական համակարգի դերը, որը պետք է միտված լինի ազատ մտածողությանը, ինքնուրույնությանը, ինքնաարտահայտվելուն, ընտրելու հնարավորությանը, համագործակցելուն․․․

    Աշխատելով 2-4 տարեկանների խմբում՝ ուզում եմ հավաստիացնել, որ նույնիսկ նախակրթարանից սկսած՝ մենք արդեն ունենք անհատներ՝ ինքնուրույն մտածողությամբ, երևակայելու մեծ ընդունակությամբ, ովքեր հստակ գիտեն՝ ինչ են ուզում։ Բավական է նստել սաների կողքին, լուրջ վերաբերվել նրանց, սկսել խոսել՝ ինչպես մեծի հետ, ու տեսնում ես, որ նրանք ուղղակի անհատներ են՝ երևակայելու, մտածելու, ստեղծագործելու մեծ ընդունակությամբ ու շնորհով․․․ Ու ամենակարևորը՝ նրանք իրենց արժևորված ու «մեծ» են զգում, երբ խոսում ու խաղում ես հետները ինչպես հավասարը հավասարի հետ՝ երգում ես, ցատկոտում, վազվզում, թռչկոտում․․․ Երբ տեսնում են, որ իրենց լսող կա, իրենց կարծիքը հարցնող կա, երբ տեսնում են, որ դո’ւ էլ իրենցից մեկն ես, զգում ես, թե որքա՜ն արժևորված են զգում իրենց այդ փոքրիկ «մարդուկները», ու այդ ժամանակ արդեն գիտակցում ես, որ շփման ճիշտ ուղի ես բռնել, ու հասկանում ես, որ առաջնորդվելով հենց այդ գաղափարով` երբևէ չի կարող որևէ խոչընդոտ ու արգելք լինել փոխադարձ շփման ու համագործակցության մեջ։

    Մի բան հստակ է` կրթության նպատակը պետք է լինի երեխայի մտավոր զարգացումը, երեխային ինքնուրույնության սովորեցնելը, երևակայելու, ստեղծագործելու հնարավորություն տալը, և ոչ թե հնազանդ ու ենթարկվող սերունդ «դաստիարակելը»։

  4. Իմ կարծիքով պետք է մեծ ուշադրություն և ապահովություն նվիրել դպրոցներին`կրթությունը համարելով առաջնային։ Իհարկե, դա այդպես է, պետք է նաև մանրակրկիտ հետևել, որ ամեն ինչ ճիշտ նպատակակետին ծառայի։ Այո’, այդ գործում յուրաքանչյուր հանգամանք պետք է ծառայի երեխայի ճիշտ ուսուցմանը։

    Շվեդիայում երեխան եթե չի դառնում յոթ տարեկան, չի թույլատրվում հաճախել դպրոց։ Այնտեղ ուսուցումը 12տարի չէ, այլ 9-ը։ Դրան ես համամիտ եմ։Երեխային պետք է ազատ ժամանակ,որ մտահորզոնը, գիտելիքները ինքնին խորացնի, ունենա ազատ մտածելակերպ ։12 տարվա փոխարեն կուզեի 9-10 տարի լիներ ուսումնառության տևողությունը։

    Եթե պատերազմող կողմի նպատակը զինվորի վաճառքն է, ապա նման ճակատամարտում պարտությունը լուրջ է։ Նույնը և դպրոցում է։

    Գերմանացի փիլիսոփա Ֆիխտը գրեց իր հայտնի աշխատությունը` «Ելույթներ ուղղված գերմանական ազգին», որտեղ նա ասել է , որ լավ ժամանակները վերջացել են, որ ազգը պետք է ընտելանա հարկադրված դպրոցի նոր ինստիտուտին, որտեղ յուրաքանչյուր ոք կսովորի հրամաններ կատարել։

    Իմ կարծիքով սովորողը ուսուցչի տված ցուցմունքի մեխանիկական կատարողը չպետք է դառնա։ Նա պետք է ավանդական ուսուցման հետ մեկտեղ կարողանա զբաղվել գիտելիքների խորացմամբ, նորարարությամբ և ինքնին կարողանա ստեղծել սովորելու հեշտ մեթոդներ, թեկուզ համակարգչի օգնությամբ։

  5. Կարդալով վերոնշյալ հոդվածը եկա եզրահանգման և ուզում եմ մեկնաբանել իմ կարծիքը սույնի վերաբերյալ։ Գուցե այն փաստը, որ երեխաների դաստիարակությանն առնչող ոլորտներում չափազանց շատ մարդ է ներգրավված համամիտ եմ, քանի- որ այն իսկապես չի կարող դրական արդյունք տալ հատկապես այն դեպքում, երբ կրթության ոլորտում միակարծիք լինելն ավելի բարդ է և հակասական…

  6. Մանկավարժական ակումբ
    Հոդվածի վերլուծություն

    Ես կուզենաի քննադատաբար մոտենալ Ջոն Թեյլոր Գատոյի հոդվածին։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ նրա հետ, որ կրթության սկանդինավյան համակարգը շատ հետաքրքիր է և ուսուցանելի, բայց այդ համակարգը նախատեսված է սոցիալ դեմոկրատական հակումներ ունեցող պետությունների համար։ Եվ Շվեդիան և ԱՄՆ֊ն՝ Արևմտյան քաղաքակրթության մաս են, բայց ԱՄՆ֊ում գերիշխում է ազատական գաղափարախոսությունը ( աջական են) և իրենց կրթական համակարգը բխում է ազատական գաղափարախոսությունից և պետության ու դպրոցի մասին ամերիկյան պատկերացումներից, իսկ Շվեդիայում գերիշխում է սոցիալ դեմոկրատական գաղափարախոսությունը ( ձախական են) և դպրոցը համապատասխանում է այդ գաղափարին։ Երբ Գատոն քննադատում է գերմանացի մեծ փիլիսոփա Ֆիխտեյին՝ պրուսական դպրոցի մոդելը ստեղծելու համար, նա հաշվի չի առնում այն ժամանակները, որում ապրել է Ֆիխտեն, և ինչ խնդիր էր լուծում Ֆիխտեն։ Ֆիխտեն կանգնած էր գերմանական ազգայնականության ակունքներում և նրա համար դպրոցը միջոց էր ազգային պետություն ստեղծելու ճանապարհին։ Նա փորձում էր ձևավորել միլիտարիստական հասարակություն, որպեսզի այդ հասարակությունը հետագայում ստեղծի գերմանական միասնական պետություն և այդ առումով Ֆիխտեյի գաղափարները պսակվում են հաջողությամբ։ 19֊րդ դարի Պրուսիայի համար կրթական այդ մոդելը հաջողված էր, բայց այն չի համապատասխանում 21֊րդ դարի պահանջներին։

  7. Հոդվածն ինձ մոտ առաջացրեց իրարամերժ զգացմունք: Մի կողմից, համակարծիք եմ հեղինակի հետ այն իմաստով, որ ժամանակակից կրթական համակարգը դաստիարակում է պետության համար հեշտ կառավարելի, միօրինակ մտածելակերպով հասարակություն, որը զրկված է քննադատական մտածողությունից։ Նմանատիպ հասարակությանը պետական շահերին ծառայեցնելը ավելի դյուրին է:
    Միևնույն ժամանակ չի կարելի բացառել, որ երեխային բացարձակ ազատություն տալը, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Արդյո՞ք գործողությունների ազատությունը պետք է սահմանափակվի: Եթե ​​այո, ապա ի՞նչ չափով։

    Ինձ մտահոգում է նաև այն հարցը, թե
    ինչպես նման միջավայրում դաստիարակել ու կրթել ստեղծական, ինքնուրույն, յուրօրինակ մտածողություն ունեցող անձնավորությանը: Ցավով կարող եմ արձանագրել, որ մեր պետական դպրոցներում պահպանվել են սովետական դոգմատիկ կրթական համակարգին բնորոշ էլեմենտներ.տարբերվող մտածելակերպ ունեցող երեխաներին հաճախ չեն ընդառաջում։ Եվ ինչպես նշված է հոդվածում. «Եթե ուզում եք, որ երեխան մտածի, ապա հենց մանկությունից նրան լուրջ վերաբերվեք, նրան պատասխանատվություն զգալ տվեք` բաց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակելով որպես կարդացող և հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։ Եթե դուք իսկապես ուզում եք երեխային մտածել սովորեցնել…»:
    Ուրախ եմ, որ մեր երկրում գործում է մի կառույց, որը հատուկ մշակված հեղինակային ծրագրերի միջոցով դաստիարակում ու կրթում է քննադատական մտածելակերպ ունեցող սերունդ, որին դժվար կլինի կառավարել և մասսայականացնել: Սեբաստացի կրթահամալիրը հանդիսանում է մի այնպիսի հզոր կենտրոն,որտեղ խրախուսվում է ազատ, անկաշկանդ ու ոչ ստանդարտ մտածելակերպ։

  8. Հեղինակը հոդվածում օրինակներ է բերում տարբեր երկրների դպրոցական համակարգերից։Գատոն քննադատության առաջ է դնում պրուսական դպրոցի օրինակը, որը դարձել էր գումար աշխատելու միջոց , և թույլ չէր տալիս երեխային ստանալ գիտելիքների այն պաշարը, որն իրեն օգնելու էր իր կյանքի ընթացքում։ Երեխաներին զրկում էին քննադատական, վերլուծական մտածողությունից:

    Իսկ ծնողը մղված էր ետին պլան, այնինչ գլխավոր դերում պետությունն էր։ Նրանք այս միտքը բացատրում էին այսպես՝ «ծնողը երեխայի թշնամին է, չի կարող ճիշտ որոշումներ կայացնել ու խորհուրդներ տալ։Այդ հարցերով ավելի ճշգրիտ զբաղվում էր դպրոցը, պետությունը»: Եվ այս համակարգը գրավել էր ամբողջ ամերիկյան դպրոցները։

    Գատոն գտնում էր,որ ամեն բան արվում էր նրանց մարմիներն ու միտքը վերահսկելու համար: Անգամ ընտանեկան տարբեր գժտություններ, թմրանյութերի ազդեցություն, ալկոհոլ,համարում էր վատ կրթության նշաններ:

    Նրա կարծիքով պետք է ժողովրդին տալ ընտրության հնարավորություն և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա։

    Ես գտնում եմ ,որ ուսուցիչներից յուրաքանչյուրը դպրոցում պետք է առաջնորդվի այն սկզբունքով , որ «Եթե ուզում եք, որ երեխան մտածի, ապա վաղ մանկությունից պետք է երեխային ընդունել որպես անհատ,հնարավորություն տալ, որ երեխան իր կատարած սխալները ինքնուրույն ուղղի, պետք է անհատին վերաբերվել մեծ պատասխանատվությամբ և այդ պատասխանատվությունն էլ պահանջել նրանից, պետք է սվորեցնել մտածել, վերլուծել և անընդհատ ինքնազարգանալ … »։

  9. Մանկավարժական ակումբ
    Հոդվածի վերլուծություն

    Ջոն Դյուին փիլիսոփա է և   փիլիսոփայության՝ պրագմատիզմ ուղղության հետևորդներից է, ես ընդհանուր առմամբ համաձայն եմ նրա գաղափարների հետ , ինչ վերաբերվում է քննադատական մտածողության ձևավորմանը՝ սովորողների մոտ։ Կարևոր է նաև նրա՝ մտքի մասին դատողությունները,  սակայն այստեղ ես ունեմ մի փոքր անհամաձայնություն նրա հետ։ Ես համաձայն չեմ նրա՝ ռեֆլեքսիայի մասին սահմանումների  հետ։ Այս դեպքում,Դյուիի համար ռեֆլեքսիան անալիտիկական մտածողությունն ձև է։, Սակայն ռեֆլեքսիան դա մտքի հետհայացքն է ինքն իրեն, երբ  միտքը ուսումնասիրում է իր առարկային՝ մտածողությանը։ Օրինակ ՝ փիլիսոփաները մտածում են մտածողության տարբեր ձևերի մասին, կամ ժամանակակից  նկարիչներն իրենց արվեստում մտորում են արվեստի և արվեստի պատմության մասին։

  10. Երբ տղայիս համար պետք է մանկապարտեզ ընտրեի, շատ հարցեր ինձ մոտ առաջ եկան՝ արդյո՞ք ուզում եմ, որ իմ երեխային սովորեցնեն հրահանգներ կատարել, հնազանդ մարդ ձևավորել, թէ՞ լիարժեք, սեփական կարծիք ու տեսակետ ունեցող անհատ ձևավորվի։ Հասկացա, որ գրեթե բոլոր կառույցները հենց այդպիսին են՝ հնազանդ մարդ ձևավորող։ Մենք ինքներս հաճախել ենք նման դպրոցներ, որտեղ լավ աշակերտ էինք․ ունեինք գեղեցիկ ձեռագիր, երբ անգիր արած, առանց շունչ քաշելու ասում էինք սովորած հանձնարարությունները և ուսուցչին ոչ մի դեպքում չէինք հակադարձում։ Կարելի է ասել, որ երեկվա և այսօրվա ուսուցումը միտված է նրան, որ սաներն ընտելանան հեշտ հրամաններ կատարելուն։ Այսինքն, ոչ թէ ձևավորվում է անհատական միտք, ստեղծագործելու կարողություն, նորը բացահայտելու և իրագործելու դրանք, այլ զուտ ամբոխի ստեղծման է նման։ Բոլորս էլ գիտենք, որ ամբոխը հեշտ կառավարելի է։ Պետք է հասկանանք, թէ ում է պետք այդպիսի կրթությունն ու ինչ սերունդ ենք մենք ուզում իսկապես ունենալ։
    Ես գտնում եմ, որ ուսուցման որակը պետք է փոխել՝ դուրս գալ կործանարար կաղապարից, թույլ տալ անձին զարգանալ, ունենալ իր տեսակետը, բարձրաձայնել այն, հակադարձել։ Նման դեպքում կունենանք մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում կլինի։ Շատ կարևոր է նշել, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն այն եզակիներից է, որ պայքար է տանում անձի անհատականության ձևավորման համար, արհեստական կաղապարներ չի ստեղծում, այլ ընդհակառակն՝ ազատում է երեխային դրանցից, որի արդյունքն էլ երևում է հենց նախակրթարանից։ Այս տեսակետին եկել եմ, երբ դեռ երեխաս էր հաճախում նախակրթարան։ Այս ամիսների աշխատանքի ընթացքում ավելի եմ համոզվել դրանում։ Եթե նման կրթական հաստատությունները շատ լինեն, կվերանա այն կարծիքը, որ պետք է փակվեն դպրոցներն ու նախակրթարանները։
    Նյութից մեջբերում ՝ Վստահե՛ք ժողովրդին, տվե՛ք նրան ընտրելու հնարավորություն, և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա:
    Մեզ մնում է միայն փորձել անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի, գտնել նրա պոտենցիալը և ճիշտ ուղղորդում տալ՝ հետագայում իր գիտելիքը նպատակին ծառայեցնելու համար։

  11. Ջոն Թեյլոր Գատոյի հոդվածում ներկայացված է տարբեր ժամանակաշրջանների, տարբեր երկրների դպրոցներ, կրթության տարբեր մեթոդներ։ Ըստ հեղինակի , խնդիրներից մեկն այն է , որ երեխաների դաստիարակության ոլորտներում չափազանց շատ մարդ է ներգրավված: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Շվեդիայի օրինակը, երբ երեխաները չեն կարող դպրոց գնալ, քանի դեռ յոթ տարեկան չեն դարձել։  Պատճառն այն է, որ շվեդները հանել են այն, ինչը առաջին և երկրորդ դասարան կկոչեինք, քանի որ նրանք չեն ցանկանում արագ պարտքի վերածվող մեծ վճարներ անել և երեխաները ստիպված չեն լինում շատ վաղ տարիքից կտրվել տնային ուսուցիչներից։ Եվ հնարավոր է լինում շատ մեծ գումար խնայել և ունենալ ազատ ժամանակ գիտելիքի փնտրելու համար։ Համեմատելով մի քանի երկրների պատմության տարբեր դրվագների , բնորոշ կրթական առանձնահատկությունների, և յուրօրինակ մոտեցումների վերաբերյալ՝ հեղինակը պնդում է, որ դպրոցը անհատի և հասարակության վարքագիծը վերահսկելու օղակ է:

    Հոդվածում ասվում է նաև, որ դպրոցի լավ մշակված երեխան չի կարող մտածել քննադատաբար։ Եվ եթե ուզում ենք, որ երեխան մտածի, ապա հենց մանուկ տարիքից նրան լուրջ պետք է վերաբերվենք։ Ես համաձայն եմ Գատոյի այս մտքի հետ, քանի որ եթե մենք իսկապես ուզում եք երեխային մտածել սովորեցնել՝ երեխային տալով ազատ ու բաց խոսելու, միտքն արտահայտելու հնարավորություն,ապա մենք դաստիարակում ենք հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։

  12. Հոդվածագիրն իր խոր անհանգստությունն է հայտնում դպրոցների, սովորողների ստացած կրթության և դրա հետևանքով առաջացած խնդիրների, ինչու ոչ՝ արատների վերաբերյալ:

    Հեղինակը ներկայացնում է տարբեր երկրների կրթական համակարգերը և անդրադառնում դպրոցների կարծրատիպային մոտեցումներին, կաղապարներից դուրս չեկող մտածելակերպ ունեցող սերունդ դաստիարակելուն, որոնք բացասաբար են ազդում երեխաների զարգացման, մտածողության վրա: Ինչն էլ խոչընդոտում է ապագայում հասարակության մեջ որպես ազատ, ինքնուրույն, սեփական կարծիքն ու դիրքորոշումն ունեցող, բարոյական բարձր արժեքների տեր անհատի ձևավորմանը:
    Ես կարծում եմ, որ դպրոցի դերն ու նշանակությունը կարևոր է անկախ երկրից և ժամանակաշրջանից, սակայն կրթական համակարգում իրականացվող ցանկացած բարեփոխում պետք է ենթարկվի խոր ուսումնասիրության՝ հաշվարկվեն հնարավոր ռիսկերը, կատարվեն կանխատեսումներ: Սրանք այն առաջնային աշխատանքներն են, որոնք պետք է նպաստեն դպրոցի դերի արդյունավետության բարձրացնմանը:

  13. Ջոն Թեյլոր Գատո «Միջնակարգ դպրոցի մղձավանջը». Վերլուծություն
    Ջոն Թեյլոր Գատոն իր «Միջնակարգ դպրոցի մղձավանջը» հոդվածում ներկայացնում է ժամանակակից կրթական համակարգի խիստ քննադատությունը՝ հենվելով ուսուցչի իր փորձի վրա՝ ընդգծելով դրա խորքային թերությունները։ Գատոն վիճում է պարտադիր կրթության դեմ՝ պնդելով, որ այն խեղում է ստեղծականությունը, անհատականությունը, վերլուծական, քննադատական ​​մտածողությունը՝ պարտադրելով ուսուցման համար միակողմանի մոտեցում: Նա կարծում է, որ սովորողներին ստիպելը հավատարիմ մնալ կոշտ ուսումնական ծրագրերին և ստանդարտացված թեստավորմանը, խաթարում է նրանց բնական հետաքրքրասիրությունը և կիրքը ուսման հանդեպ։ Գատոն կրթական համակարգը նմանեցնում է գործարանի, որտեղ սովորողներին վերաբերվում են որպես գործարանային աշխատողների, իսկ ուսուցիչներին` որպես ուղղակի վերահսկողների: Նա քննադատում է համապատասխանության, հնազանդության և անգիր սովորելու ձեւաչափը, որը, նրա կարծիքով, սովորողներին պատրաստում է ոչ թե հզորացման, այլ ստրկության: Գատոն դատապարտում է կրթության բյուրոկրատական ​​վերահսկողությունը և ինստիտուցիոնալացումը՝ պնդելով, որ այն առաջնահերթություն է տալիս արդյունավետությանը և համապատասխանությանը իրական ուսուցման և անձնական զարգացման փոխարեն: Նա դպրոցներին մեղադրում է սոցիալական անհավասարությունը հավերժացնելու և աշակերտներին քարոզչությամբ ուսուցանելու մեջ: Գատոն բացահայտում է դպրոցի «թաքնված ուսումնական ծրագիրը», որը, ըստ նրա, սովորեցնում է ընդունել հեղինակություններ, անկասկած հետևել կանոններին և համապատասխանեցնել հասարակական նորմերին: Նա կարծում է, որ այս վարդապետությունը խաթարում է սովորողների ինքնավարությունը և հետազոտական, վերլուծական ​​մտածողության հմտությունները՝ պայմանավորելով նրանց լինել պասիվ և հնազանդ քաղաքացիներ: Չնայած ավանդական կրթական համակարգի քննադատությանը, Գատոն պաշտպանում է կրթության այլընտրանքային ձևերը, որոնք առաջնահերթություն են տալիս ինքնուրույն ուսուցմանը, փորձառական կրթությանը և համայնքի ներգրավվածությանը: Նա կարծում է, որ տնային ուսուցումը, դպրոցից ազատելը և այլ ոչ ավանդական մոտեցումներն ավելի մեծ ազատություն և ճկունություն են տալիս ուսանողներին՝ իրենց հետաքրքրություններն ու կրքերը հետապնդելու համար: Գատոն եզրափակում է իր միտքը` կոչ անելով ծնողներին, ուսուցիչներին և քաղաքականություն մշակողներին մարտահրավեր նետել և վերապատկերացնել կրթությունը որպես ազատագրող և փոխակերպող փորձ: Նա կոչ է անում անհատներին դիմակայել համապատասխանությանը, վերականգնել իրենց ինքնավարությունը և պահանջել կրթական բովանդակալից բարեփոխումներ, որոնք առաջնահերթ են դարձնում սովորողների կարիքներն ու ձգտումները: Թեեւ հեղինակի այս հոդվածը ունի 14 տարվա վաղեմություն, բայց այսօր իր արդիականությունը չի կորցրել, խնդիրները համակարգային, մասնագիտական առկա են ամբողջ աշխարհում, Հայաստանում։ Հրաշալի է այն հանգամանքը, որ հեղինակի ընդգծմամբ այլընտրանքային կրթության կազմակերպումը իր բոլոր բաղադրիչներով, սովորողներին հզորացնող հուզական, մանկավարժական, մտավոր, վերլուծական արժեքներով գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Անհատի կրթական պատվեր» խորագրով։

  14. Հոդվածը, որը հիմնված է Ջոն Թեյլոր Գատտոյի կարծիքի վրա, հետաքրքիր հեռանկար է ներկայացնում ժամանակակից կրթական համակարգի վերաբերյալ ՝ առաջ բերելով կարևոր հարցեր դրա նպատակների, մեթոդների և արդյունավետության մասին:

    Գատտոն առաջ է քաշում կրթության ոլորտում ներդրվող ահռելի գումարները։ Տարիներ շարունակ պետական գումարները ուղղվում են մի համակարգ, որտեղ գործընթացը անարդյունավետ է, և ամեն բան կեղծ։ Կրթական համակարգում ներդրված միջոցների, մարդկանց և ժամանակի մեծ քանակությունը արդյունավետ չեն, դրա վառ ապացույցն է այս տարիների ընթացքում դպրոցն ավարտող «հնազանդ քաղաքացիների» ահռելի քանակը, շատ դեպքերում այլակարծություն արտահայտողների նկատմամբ սուր քննադատությունն ու անհանդուրժողականությունը։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, թե այս ամենն ում է պետք և ինչին է միտված, սակայն ամեն բան ունի լուծում։

    Որպես ուսուցիչ կարող եմ փաստել, որ, այո՛, ուսուցչի համար ավելի հեշտ կլինի մտնել մի դասարան, որտեղ բոլորը միանման են հագնված, ունեն միևնույն սանրվածքը, նույն դեմքը և մեկ հարցի շուրջ լսել նույն կարծիքը, մեկ այլ հարց է, թե արդյոք դա ենք մենք ուզում, արդյոք դա է մեր նպատակը ու երազած ապագան։ Չէ որ ուրաքանչյուր ճիշտ և սխալ կարծիքի հետևում թաքնված է մի ամբողջ ճշմարտություն, որը պարզապես պետք է հասկանալ։ Կրթությունը դա մի յուրահատուկ երաժշտական ստեղծագործություն է, որտեղ դիրիժորը ոչ թե ուսուցիչն է, այլ սովորողը, մենք հասարակ նոտաներ ենք, որոնք օգնում են իրենց անցնել կյանքի այդ ամենաանփոխարինելի տարիները։ Այդ տարիները պետք է ուղղված լինեն սեփական ես-ի ձևավորմանը, ինքնաճանաչմանը, անձի ինքնակատարելագործմանը։
    Այսօր երեխան չպետք է սահմանափակվի միայն դպրոցում ստացած գիտելիքով, ինքնակրթությունը կարևոր է ոչ միայն նրա, այլև ծնողի համար։ Գիտելիքը պետք է կապող օղակ լինի ուսուցչի սովորողի և ծնողի միջև, քանի որ միայն այս երեք օղակների համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք ասել, որ մենք հաջողել ենք, և որ կրթական համակարգը անարդյունք չի աշխատում։

    Կարևոր մի նախապայման կա․․․ ամեն ինչում սերն ու հոգատարությունն են ապրեցնում․․․

  15. Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարը բնորոշվում է տեխնիկայի զարգացմամբ, այն տեխնոլոգիական գործիքների առաջընթացի մասին է, նախորդ դարի տեխզարգացման շարունակությունը։ Մարդը շարունակում է նորամուծություններ և հեղափոխություններ անել կյանքի բոլոր բնագավառներում։Մեր տարածաշրջանում, ցավոք, բնակչությունը 50-60%-ով դեռ ամեն կերպ կառչում է հին ավանդական կրթությունից, և ինչպես հեղինակն է բնորոշում, փորձում է ամեն կերպ «կարկատելով» պահել այդ ամենը։ Սակայն, քիչ տեղեկացված լինելու պատճառով մարդիկ շեշտը դնում են երկրորդայինի վրա՝ բաց թողնելով առաջնայինը։ Հանրակրթական դպրոցներում կրթությունը, սովոողների և սովորեցնողնրի հնարավորությունները սահմանափակ են հատուկ սահմանված ծրագրով։ Սովորելու հատուկ տեսություն չկա։ Ձևացնելով թե տեսություն կա, աչք է փակվում տեղեկատվության և նորարարության վրա, որը միայն ազատ կրթությունը կարող է տալ։ Կրթության մեջ ազատություն է պետք։ Արդյունքում դպրոցները տալիս են միանման, նույն մտածողություններով դաստիարակված շրջանավարտներ։ Այն ինչ, սովորողներին պետք է տալ ազատություն, ազատ մտքի, վարքի դրսևորում, որի արդյունքում կունենանք ինքնուրույն,հաստատված անհատներ։ Հասարակության մեջ կրթված մարդը հզոր է։ Գիտելիքն ուժ է, ինքնավստահություն, այն հզոր զենք է տգիտության դեմ։ Ըստ ամերիկյան մտավորականների, եթե ուզում եք, որ երեխան մտածի, ապա հենց մանկուց պետք է նրան լուրջ վերաբերվել, նրան պատասխանատվություն զգալ տալ, բայց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակելով հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։ Եվ ես միանշանակ համամիտ եմ հեղինակի հետ։ Տարբեր հանրակրթական հաստատություններում սահմանափակ կրթություն ստացած շրջանավարտները անգամ տարիներ հետո որոշակի բախումների են հանդիպում , քանի որ նրանք համառորեն մերժում են ցակացած աննշան փոփոխություն, նրանք բարեփոխումներ անելու խթան չունեն։ Հասարակությանը ազատություն է պետք, ազատ արտահայտվելու, մտածելու իրավունք է պետք, և միայն այդ պարագայում մարդը, ազգը, պետությունը և երկիրը կկարողանան ազատվել դեպի միշտ նույն տեղում դոփելու շղթաներից, առաջ գնալ, զարգանալ։

  16. «Միջնակարգ դպրոցի մղձավանջը» Ջոն թեյլոր Գատո. (վերլուծություն)
    Posted on 29 Փետրվարի 2024 •Խմբագրել”«Միջնակարգ դպրոցի մղձավանջը» Ջոն թեյլոր Գատո. (վերլուծություն)”
    Հոդվածը կարդալուց հետո, մտորեցի.

    իսկապես, կա վտանգ։ Կարծում եմ` պետք է լինել իրատես, ոչ թե շարժվել իներցիայով ընթացող կառուսելի մեջ և չփորձել անգամ նկատել թերությունները, այլ պետք է փորձել վերլուծել ու շտկել մեր իսկ թերությունները։

    Անմիջապես մտածեցի, թե ես ինչպես եմ մոտենում այդ նուրբ մանկավարժական հարցին։ Ստեղծու՞մ եմ արդյոք այնպիսի միջավայր, որ ազատ ու անկաշկանդ կլինի սովորողի համար, վերջինս կարո՞ղ է այդ միջավայրում երևակայել, մտածել, ստեղծագործել։ Արդյո՞ք նա մեր հասարակության մասնիկը լինելով` կլինի ուժեղ ու կայացած անձ, կունենա ստեղծագործ միտք, թե կլինի ստանդարտների մեջ ապրող ու ոչինչ չարարող մարդու կրկնօրինակը ։ Ի վերջո, դպրոցականը ազգը ձևավորող մի մասնիկն է, և յուրաքանչյուր մասնիկից է բաղկացած մեր այս փոքր ազգը, որին անհրաժեշտ է առաջ գնալ, զարգանալ ու բարգավաճել, անհրաժեշտ են ստեղծագործ մտքեր՝ որոնցից կծնվի առողջ դատողությամբ հասարակություն, որն էլ կհզորացնի մեր երկիրը։

    Կարծում եմ` յուրաքանչյուր մանկավարժ պետք է մտորի այս ամենի մասին ու անի ամեն ինչ, որ սովորողը ունենա ստեղծագործ միտք և լինի ստեղծական մարդ։

    Պետք է լուրջ հարթակի վրա դնել այս կարևորագույն խնդիրը, քանի որ մարդու, հասարակության զարգացումն ու կատարելագործումը մեծապես կախված է դպրոցից։

    Ցավալի է, որ այս ամենի մեջ մեծ դեր է խաղում քաղաքականությունը, քանի որ ձևավորվում են ենթարկվող անձինք։ Հեշտ է կառավարել կոնկրետ քայլերի տիրապետող անձի, ով նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է անգամ անցնել իր մտահորիզոնի սահմանը։ Ցավո’ք, այն ինչով զբաղվում են այսօր շատ դպրոցներ, մեղմ ասած, վարքագծի վերահսկում է, որը խեղում է երեխայի մեջ ինքնահաստատվելու կարողությունը։ Չէ՞ որ բանակին պետք են հնազանդ զինվորներ, կառավարությանը՝ ենթարկվող պաշտոնյաներ, քաղաքացիներ, ովքեր հիմնականում միանման են մտածում։

    Կարծում եմ, որ յուրաքանչյուր մանկավարժ պետք է տեղեկացված լինի, վերլուծի, կատարի հետևություններ, առաջին հերթին ինքը ունենա ստեղծագործ միտք, տա սովորողին լայն մտահորիզոն։

    Յուրաքանչյուր դպրոցի կարգախոս պետք է լինի՝ մեծացնել անհատ, ով կունենա զարգացած միտք և լայն մտահորիզոն։ Սովորողը չպետք է վախենա մտքերն ազատ արտահայտել։

    Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում կա այդպիսի կրթահամալիր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողները ունեն ազատ մտածելու, երևակայելու, մտածածը արտահայտելու հնարավորություն։

    Շատ կցանկանայի, որ դա լիներ վարակիչ և տարածվեր ողջ կրթական համակարգում։

    Ես հույս ունեմ, որ կրթական համակարգում կլինեն փոփոխություններ և մենք կունենանք ազատ, անկաշկանդ, լայն մտահորիզոնով ու առողջ մտածելակերպով անհատ, հասարակություն, ազգ։

    POSTED IN

  17. Իմ կարծիքով պետության առաջնային հարցերից մեկը՝ կրթությանն է, այն պիտի մեծ ուշադրություն դարձնի դպրոցներին, ուսուցիչների աշխատանքին և սովորողների ուսմանը, չէ որ գիտելիքներով զինված մարդը անպարտելի է։ Ուսման տևողությունը կարևոր չէ, այն կարող է լինել 12 տարի, բայց ոչ արդյունավետ։ Շվեդիայում չեք կարող դպրոց գնալ, քանի դեռ յոթ տարեկան չեք դարձել, և շվեդական դպրոցի լրիվ դասընթացը 12 տարի չէ, այլ՝ ինը: Համամիտ եմ այս մտքերի հետ։ Մեր կրթական համակարգը 5-6 տարեկանից արդեն երեխային բերում է դպրոց, կտրելով նրան իր մանկությունից, երեխան դեռ չի հասկանում, թե ինչ պիտի անի, ոնց պիտի սովորի, այն չունի ազատ մտածելակերպ, բավարար մտահորիզոն։ Փորձը ցույց է տալիս, որ 7 տարեկանում առաջին դասարան հաճախող երեխան ավելի լավ է սովորում, ավելի լավ է ըմբռնում ծրագիրը: 12 տարվա փոխարեն կուզեի, որ 9-10 տարի լիներ ուսումնառության տևողությունը, բայց այն լինի արդյոնավետ, սովորողն ուսումնասիրի այն, ինչ իրեն հետաքրքիր է,զբաղվի ինքնակրթությամբ, խորացնի իր գիտելիքները, կարողանա ստեղծել սովորելու նոր հեշտ մեթոդներ,նաև համակարգչի օգնությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով