Ռեյմոնդ Սմալլիան
Ալիսան Հնարամտության երկրում
Խնդիրներ Հրաշքների աշխարհից
Գլուխ 1
Ալիսաներից ո՞րը
Ամեն ինչ սկսվեց Ալիսայի ծննդյան օրը: Հրաշքների աշխարհի Ալիսայի չէ, այլ Ալիսա անունով ծանոթ մի աղջկա: Իսկ թե ինչպես այս պատմության մեջ հայտնվեց մյուս Ալիսան, դուք շուտով կհասկանաք: Բնականաբար, ծննդյան օրը ներկա էին Ալիսայի փոքր եղբայրը՝ Թոնին, ինչպես նաև նրա ընկերները ` Մայքլը, Լիլիանը, նաև մի քանի տղաներ ու աղջիկներ:
Երբ խաղացին բազմաթիվ խաղեր և ցույց տվեցին բոլոր աճպարարությունները, երեխաները ցանկացան լսել տրամաբանական խնդիրներ` գլուխկոտրուկներ:
– Կարող եմ ձեզ առաջարկել մի հետաքրքիր խնդիր,- ասացի ես: — Պատկերացրեք, որ ձեր առջև բոլորովին չտարբերվող երկվորյակներ են: Մեկը միշտ ստում է, մյուսը միշտ ասում է ճշմարտությունը:
– Իսկ ի՞նչ են նրանց անունները:
– Երկվորյակներից մեկի անունը Ջոն է, – հայտնեցի ես:
– Այնքան էլ հազվադեպ հանդիպող անուն չէ,- հայտարարեց Թոնին: – Գրեթե ամեն պատահածին, ինչպես ասում են, գրեթե ամեն պատահած Տոմին, Դիկին և Գարիին, անպատճառ անվանում են Ջոն:
Թոնիի դիտողությունը մի քիչ շփոթեցրեց ինձ:
– Իսկ ի՞նչ է մյուս եղբոր անունը,- հարցրեց Թոնին:
– Չեմ հիշում,- խոստովանեցի ես:
– Իսկ ինչո՞ւ Դուք չեք հիշում,- հետաքրքրվեց Մայքլը:
– Չգիտեմ,- պատասխանեցի ես,- իմիջիայլոց, մյուս եղբոր անունը բացարձակապես էական չէ:
– Իսկ ո՞վ է Ջոնը։ Նա, ով ստո՞ւմ է, թե՞ նրա եղբայրը,- խոսակցությանը խառնվեց Լիլիանը:
– Լավ հարց է,- հավանություն տալով՝ նկատեցի ես,- ցավալի է միայն, որ ոչ ոք չգիտի՝ ով է ստում ` Ջո՞նը, թե՞ նրա եղբայրը:
– Իսկ ո՞րն է խնդիրը,- հարցրեց Ալիսան:
– Ահա թե որն է խնդիրը: Ենթադրենք դուք հանդիպել եք երկվորյակներին և ցանկանում եք իմանալ՝ ով է նրանցից Ջոնը: Նրանցից ցանկացածին կարող եք տալ միայն մեկ հարց, որին կարելի է պատասխանել կարճ՝ «այո» կամ «ոչ» : Հարցը պետք է բաղկացած լինի երեք բառից: Իսկ ի՞նչ հարց կտայիք դուք:
– Ընդամենը երեք բա՜ռ,- զարմացած բացականչեց Մայքլը:
– Միանգամայն ճիշտ է,- հաստատեցի ես: – Իրականում այս պայմանը բավականաչափ հեշտացնում է խնդիրը. այդքան էլ շատ չեն հարցերը, որոնք բաղկացած են ընդամենը երեք բառից:
– Ես գիտեմ,- ասաց Ալիսայի հյուրերից մեկը: – Պետք է հարցնել երկվորյակներից մեկին. «Դու Ջոնն ե՞ս» :
– Ոչինչ դուրս չի գա,- առարկեց Մայքլը: — Ենթադրենք քո հարցին երկվորյակը պատասխանել է «այո»: Ի՞նչ կտա դա: Ընդհանուր առմամբ ոչինչ, որովհետև նա կարող է և՛ ստել, և՛ ասել ճշմարտությունը:
– Մտածեցի,- տեղից վեր ցատկեց Ալիսայի մյուս ընկերը: – Ես կհարցնեի եղբայրներից մեկին. «Քո կարծիքով ջուրը թա՞ց է» :
Բոլորը սկսեցին մտորել հարցի նոր տարբերակի շուրջ: Հետո Ալիսան ասաց.
– Ոչինչ չի ստացվի: Եթե երկվորյակը, ում հարցրել եք պատասխանի «այո», ապա դու կիմանաս , որ նա ասում է ճշմարտությունը: Եթե նա պատասխանի «ոչ», ապա կիմանաս, որ ստում է, բայց նրա անունը կմնա նախկինի պես անհայտ:
– Միանգամայն ճիշտ է,- հաստատեցի ես:
-Բայց փոխարենը Դուք կիմանաք ստո՞ւմ է նա, թե՞ ասում է ճշմարտությունը, – պաշտպանեց հարցի հեղինակին Թոնին:
– Ճիշտ է ,- համաձայնեցի ես ,- խնդիրը դրված է այլ կերպ: Չէ՞ որ մենք պետք է պարզենք, թե եղբայրներից որն է Ջոնը, ոչ թե որն է ստախոսը:
– Ես մի միտք ունեմ,- ձայն հանեց հյուրերից մեկը։ -Իսկ ի՞նչ կլինի, եթե հարցնենք երկվորյակներից մեկին. «Դու ստու՞մ ես»:
– Անօգուտ հարց է ,- վրդովվեց Լիլիանը: – Նախապես կարելի է ասել, որ ում էլ դու դիմես, նրան, ով միշտ ասում է միայն ճշմարտությունը, թե նրան, ով ստում է, պատասխանը միշտ լինելու է նույնը՝ «Ոչ»:
– Ինչու՞,- զարմացավ հյուրերից մեկը:
– Որովհետև,- պատասխանեց Լիլիանը,- նա, ով միշտ ասում է միայն ճշմարտությունը, երբեք չի ստի և իրեն չի ներկայացնի որպես ստախոս, իսկ ստախոսը երբեք ազնվորեն չի խոստովանի, որ ինքը ստախոս է: Եվ երկուսն էլ հարցին միանման կպատասխանեն՝ «Ոչ»:
– Շատ լավ,- գլխով հավանության նշան արեցի ես:
– Իսկ ո՞ր հարցը մեզ թույլ կտա իմանալ՝ երկվորյակներից ու՞մ անունն է Ջոն ,- հարցրեց Թոնին։
-Հենց դա է խնդիրը։
Մտորելով և վիճելով՝ Ալիսան և նրա հյուրերը վերջապես կարողացան կռահել անհրաժեշտ հարցը` բաղկացած ընդամենը երեք բառից: Կկարողանա՞ք դուք գտնել այդպիսի հարց :
Երբ խնդիրը համատեղ ուժերով լուծվեց, Ալիսան հարցրեց.
– Իսկ եթե երկվորյակներից Ջոնին գտնելու փոխարեն ցանկանայիք պարզել՝ ստախո՞ս է Ջոնը կամ ո՞վ է երկվորյակներից միշտ ճշմարտությունն ասում։ Հնարավո՞ր էր այդ դեպքում միայն մեկ հարցով բավարարվել։
– Առանց որևէ կասկածի,- պատասխանեցի ես:
– Բայց այս անգամ երեք բառն արդեն, հավանաբար, բավարար չէր լինի, – հետաքրքրվեց Թոնին:
Ես երկար չմտածեցի․
– Ո՛չ, այս անգամ էլ կարելի է բավարարվել միայն երեք բառ պարունակող հարցով:
Կհաջողվի ձեզ, ընթերցո՛ղ, գտնել երեք բառից կազմված հարց, որը թույլ կտա ոչ թե պարզել՝ ո՞վ է եղբայրներից Ջոնը, այլ չի՞ ստում արդյոք Ջոնը:
Երբ հոբելյարը և հյուրերը նստեցին հյուրասիրության սեղանի շուրջ, բոլորը նորից ցանկացան փորձել իրենց ուժերը տրամաբանական խնդիրների լուծման մեջ:
– Ձեր գրքերից մեկում, – սկսեց Ալիսան՝ դիմելով ինձ,- տրված են մի քանի տրամաբանական խնդիրներ Ալիսայի մասին՝ Անդրհայելային աշխարհից: Չե՞ք կարող առաջադրել մեզ ևս մի քանի խնդիր Ալիսայի մասին:
– Մի՞թե ես երբևէ գրել եմ քո մասին Անդրհայելային աշխարհում ,- հարցրեցի կեղծ զարմանքով:
– Ոչ իմ մասին,- բուռն կերպով բողոքեց Ալիսան,- այլ մյուս Ալիսայի մասին:
– Այդ ո՞ր,- հետաքրքրվեցի ես:
– Նրա, ով եղել է Անդրհայելային աշխարհում:
– Կարելի է ասել քո արտացոլանքի՞ :
– Ո’չ , ո’չ և ո’չ,- համառորեն չէր հանձնվում Ալիսան: – Այդ Ալիսան ամենևին իմ արտացոլանքը չէ: Նա ինձ հետ ոչ մի կապ չունի: Այդ Ալիսան Լուիս Քերոլի հեքիաթից է:
– Ա՜խ այդպես,- նկատեցի ես անմեղ տեսքով:
– Այո՛: Վերջապես Դուք կպատմե՞ք մեզ ինչ-որ նոր պատմություններ խնդիրներով: Մեկ րոպե մտածեցի:
– Իսկ ի՞նչ կասեք «Ալիսան Հրաշքների աշխարհից» պատմության մասին:
-Ես երբեք չեմ եղել Հրաշքների աշխարհում,- իսկույն պատասխանեց Ալիսան:
– Իհարկե՛ ոչ, ո՛չ և ո՛չ ,- հաստատեցի ես: – Նկատի ունեի ամենևին ոչ քեզ, այլ մյուս Ալիսային:
– Ո՞ր ,- հարցրեց Ալիսան:
– Լուիս Քերոլի հեքիաթի Ալիսային,- ստիպված էի խոստովանել ես:
Բոլորը հրճվանքից ծիծաղեցին։ Ալիսան կատակեց ինձ հետ այնպես, ինչպես ես քիչ առաջ կատակեցի նրա հետ:
– Ես կատակեցի,- ծիծաղելով ասաց Ալիսան,- այնպես, ինչպես Դուք: Մեծ հաճույքով կլսեմ Ձեր նոր պատմությունները Հրաշքների աշխարհի Ալիսայի մասին :
Այսպես էլ ամեն ինչ սկսվեց:
Թարգմանությունը` Զարինե Պապոյանի
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան, Գևորգ Հակոբյան