Մաս 1
Շերլոկ Հոլմսը շախմատի տախտակի մոտ
Ուղղության հարցը

Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

-Չմտնե՞նք շախմատի ակումբ,- մի անգամ ասաց Հոլմսը կեսօրից հետո։
-Ի՞նչ եք ասում, Հո՛լմս, — զարմացած հարցրի։ — Չգիտեի, որ շախմատի սիրահար եք։
-Ոչ ընդունված իմաստով,- ծիծաղեց նա։ — Ինձ այնքան էլ չի հետաքրքրում շախմատը՝ որպես խաղ,  խաղերն ընդհանրապես ինձ քիչ են հետաքրքրում։
-Իսկ շախմատն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ խաղ,- հարցրի զարմացած։
 Հոլմսի դեմքը լրջացավ։
— Վաթսո՛ն, հանդիպում են շախմատային պատահական դիրքեր, որոնք պակաս չեն շփոթեցնում վերլուծող միտքը, քան իրական կյանքում հանդիպող իրավիճակները։ Ավելին՝ նրանց համարում եմ ոչ պակաս արժեքավոր, մաքուր դեդուկցիան զարգացնող ինձ հայտնի վարժություններց, որոնք այդքան էական են իրական կյանքում։
-Խնդրում եմ մանրամասն բացատրեք, — խնդրեցի հետաքրքրված։
-Վաթսո՛ն, նկատի ունեմ հետևյալը։ Իրական խաղում երկու խաղացողների հայացքներն ուղղված են ապագային։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է այնպես վերահսկել այդ ապագան, որ սեփական դիրքի համար օգուտ քաղի։ Այսպես է նաև շախմատային սովորական խնդիրների մեծ մասում՝ սպիտակները սկսում և հաղթում են այսքան քայլում, ամեն ինչ կենտրոնացված է ապագայի նկատմամբ նման վերահսկողության հասնելուն։ Սակայն, չնայած խորագույն հարգանքով եմ վերաբերում այդպիսի լավագույն խնդիրներին (դրանց մեծ մասը, իսկապես, արվեստի հանճարեղ ստեղծագործություններ են), հազիվ թե կարող են ինչ-որ կիրառություն ունենալ իմ աշխատանքում։
— Վախենում եմ, որ դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում եմ,-ասացի ես։
-Շախմատի տախտակին լինում են որոշակի դիրքեր,- բացատրեց Հոլմսը,-որոնք բացարձակապես չեն հետաքրքրում շախմատ խաղացողին, անհետաքրքիր են հետագա ելքերի առումով, բայց շատ հետաքրքիր են նրանով, որ թույլ են տալիս իմանալ, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։
-Հո՛լմս, կարո՞ղ եք օրինակ բերել,- հարցրի աճող հետաքրքրությամբ։
-Մեկ ուրիշ անգամ,-վեր կենալով ասաց Հոլմսը։- Հիմա իսկապես մտադիր եմ այցելել շախմատի ակումբ։ Միգուցե միասին գնանք, Վաթսո՛ն։ Ով իմանա, հնարավոր է՝ հանդիպենք իրական դիրքի, որ ցույց կտա բառերիս էությունը։
Համարեցի լավ գաղափար, վերցրի գլխարկս և դանդաղ քայերով ճանապարհվեցինք շախմատի ակումբ։
Այն դատարկ էր, եթե հաշվի չառնենք երկու այցելուի՝ գնդապետ Մերստոնը, ում շատ լավ ճանաչում էինք, և նրբաճաշակ, մտավորականի տեսքով պարոնը, որ ուներ հաճելի ու տարօրինակ վարվելաձև։
-Դե, ինչ, Հո՛լմս,-ասաց Մերստոնը՝ վեր կենալով շախմատի սեղանի մոտի իր աթոռից,- թույլ տվեք Ձեզ և դոկտոր Վաթսոնին ներկայացնել իմ թանկագին ընկերոջը՝ սըր Ռեջինալդ Օուենին։ Հենց նոր ավարտեցինք մի զարմանալի և ոչ սովորական պարտիա։ Խաղը բացարձակապես ազատ էր կողմերի համար, բայց հասկանալի է, որ ընթացավ կանոնների սահմաններում։

-Ինչպես տեսնում եմ,-նկատեց Հոլմսը,- դիրքն այսպիսին էր։

-Ինչպե՞ս է ստացվում, Մերստոն,-շարունակեց Հոլմսը,- ամեն անգամ, երբ տեսնում եմ Ձեզ շախմատ խաղալիս, պարզվում է, որ Դուք խաղում եք սպիտակներով։
Որպես պատասխան Մերստոնը ծիծաղեց, բայց հանկարծ նրա դեմքը լրջացավ։
-Սակայն, Հոլմս,-ասաց նա,-որտեղի՞ց իմացաք, որ ես սպիտակներով եմ խաղացել; Վստահ եմ, որ վերջին քայլը արել ենք նախքան դոկտոր Վաթսոնի հետ Ձեր ներս մտնելը։ Ինչպե՞ս կարող եք այդ մասին իմանալ։
-Հնարավոր է,-ասաց սըր Ռեջինալդը մի քիչ խորամանկ ժպիտով,-նա այդ մասին իմացավ, քանի որ Ձեր ձեռքում սեղմել եք սպիտակ խաղաքար։
-Դա ապացույց չեմ համարում,-առարկեցի ես։- Հնարավոր է, որ նա ձեռքում պահում է հակառակորդից վերցրած խաղաքարը։
-Սըր Ռեջինալդի միտքը հոյակապ է։ Նկատել եմ, երբ խաղացողը պարտիայի ընթացքում ձեռքում պահում է շախմատային խաղաքար, տասից իննի դեպքում դա լինում  սեփական խաղաքարը։
-Ինչո՞ւ է այդպես,-հարցրի ես։
-Վաթսո՛ն, դժվար է  ասելը։ Կարծում եմ, որ այստեղ հարցը չգիտակցված քաղաքավարությունն է։ Մարդը բնական հոգեբանական ցանկություն չի ունենում հակառակորդի խաղաքարը ձեռքում պահել։ Սակայն պնդումս ամենևին սրա վրա չի հիմնված, քանի որ գնդապետ Մերստոնը ափը բացեց միայն սըր Ռեջինալդի դիտողությունից հետո, հետևաբար չեմ տեսել, թե ինչ գույնի խաղաքար էր պահել Մերստոնը։ Նույնիսկ եթե տեսնել էի, եզրակացությունս հավանական կլիներ, և այդպես վստահ չէի ասի Մերստոնին, որ ինքը սպիտակներով է խաղացել։ Տվյալ պահին եզրակացությունս շատ ավելի որոշակի էր, հաստատ գիտեի, որ Մերստոնը խաղացել էր սպիտակներով։
-Բայց ինչպե՞ս իմացաք,- հարցրեց գնդապետ Մերստոնը։
-Վստահ եմ, սըր, որ մեծ բավականություն կստանաք այդ խնդիրը ինքնուրույն լուծելով,-պատասխանեց Հոլմսը՝ ուրախ աչքով անելով նրան։- Օրերս պատրաստվում եմ Ձեզ էլի հանդիպել, Մերստոն, եթե մինչ այդ չկարողանաք լուծել խնդիրը, ուրախ կլինեմ պատասխանը ձեզ ասել։ Սակայն վախենամ՝ հիասթափվեք նրա պարզությունից։
Մերստոնը և սըր Ռեջինալդը ակտիվորեն զբաղվեցին այս խնդրով և սկսեցին քննարկել հնարավոր պատասխանների մեծ շրջանակը։ Մենք դուրս եկանք՝ սեղմելով մեր նոր ծանոթ սըր Ռեջինալդի ձեռքը։
-Հո՛լմս,- ասացի, երբ դուրս եկանք փողոց,-հետաքրքությունս սպանում է։ Ինչպե՞ս իմացաք։
-Այսօր երեկոյան հանգիստ կքննարկենք շախմատի տախտակի շուրջը։ Իսկ հիմա ի՞նչ կարծիքի եք, Վաթսո՛ն, չգնանք թանգարան, իսկ հետո լավ ճաշենք Ագոսինոյում։
Մի քանի ժամ անց արդեն հարմար տեղավորվել էինք Բեյքեր փողոցի հյուրասենյակում։ Հոլմսը հագել էր իր սիրած խալաթը և ծխում էր իր սիրած ծխամորճը։
-Իսկապես, ի՜նչ հաճելի զուգադիպություն,- ցածր ծիծաղով ասաց նա,- որ կեսօրն անց մեր բավականին վերացական խոսակցությունից հետո հանդիպեցինք իրավիճակի, որը ենթակա է ետվերլուծության։
-Ետվերլուծությո՞ւն,-հարցրի,- դա ի՞նչ է։
-Այն, ինչ քննարկում էինք։ Հասկացաք, թե որտեղից իմացա, որ Մերստոնը սպիտակներով էր խաղացել։
-Ոչ,-պատասխանեցի։- Կիրառեցի բոլոր մեթոդները, որ ինձ սովորեցրել էիք, ստուգեցի ամբողջ սենյակը, բայց խնդիրը լուծելու միակ բանալին չգտա։
Հոլմսը ծիծաղեց։
-Ամբողջ սենյակը, ա՜խ Վաթսոն, ամբողջ սենյակը։ Իսկ չե՞ք ստուգել նաև ամբողջ շենքը։
-Գլխումս այդպիսի միտք չծագեց,-կարճ խոստովանեցի։
-Թանկագի՛ն Վաթսոն,- ավելի բարձր ծիծաղեց Հոլմսը,- ուղղակի կատակում եմ։ Անհրաժեշտ էր զննել ոչ թե ամբողջ շենքը, ոչ թե ամբողջ սենյակը և նույնիսկ սեղանը կամ խաղացողներին, այլ միայն շախմատի տախտակը։
-Շախմատի տախտա՞կը։ Ի՞նչ առանձնահատուկ բան կա շախմատի տախտակին։
-Դիրքը, Վաթսո՛ն, դիրքը։ Հիշո՞ւմ եք ինչ-որ առանձնահատուկ բան այդ դիրքից։
-Իսկապես, հիշում եմ, որ ինչ-որ անսովոր թվաց, բայց չեմ տեսնում, թե դրանից ինչպես կարելի է եզրակացնել, որ Մերստոնը սպիտակներով էր խաղացել։
Հոլմսի դեմքը կարմրեց։
-Եկեք նորից շարենք այդ դիրքը,- ասաց նա՝ վերականգնելով ակումբում մեր տեսած դիրքը։- Կարո՞ղ եք ասել, թե որ կողմում են սպիտակները, որ կողմում՝ սևերը։
Երկար և ուշադիր նայեցի տախտակին, բայց պատասխանի համար ոչ մի բանալի չգտա։
-Եվ սա այն բանի օրինակ է, ինչ անվանում եք ետվերլուծությո՞ւն։
-Հիանալի օրինակ է, — պատասխանեց Հոլմսը,-չնայած՝ տարրական։ Վերջ տվեք, մի՞թե լուծմանը տանող ոչ մի բանալի չեք տեսնում։
-Չեմ տեսնում,-ասացի տխուր։- Առաջին հայացքից թվում է, թե սպիտակները տախտակի հարավային կողմում են։ Բայց դա մակերեսային եզրահանգում է։ Պարզ է, որ պարտիան վերջնախաղում է, իսկ այդ փուլում արքան հաճախ հայտնվում է տախտակի հակադիր մասում։ Այդ պատճառով էլ, իրականում, սպիտակները կարող են լինել ցանկացած կողմում։
-Վաթսո՛ն, այս դիրքում ոչինչ չի՞ գրավում Ձեր ուշադրությունը,-հուսահատ հարցրեց Հոլմսը։
Նորից նայեցի տախտակին։
-Հո՛լմս, կարծում եմ, այստեղ մի առանձնահատկություն կա, որ կարող է գրավել ցանկացածի ուշադրությունը, այսպես՝ սև արքային շախ է հայտարարել սպիտակ փիղը։ Սակայն չեմ տեսնում, թե ինչ կապ ունի դա սպիտակների դասավորության կողմի հետ։
Հոլմսը հաղթական ժպտաց։
-Ամենաուղղակի կապ, Վաթսո՛ն։ Հենց այստեղ է գործում ետվերլուծությունը։ Այստեղ պետք է մանրամասն ուսումնասիրել անցյալը։ Հենց անցյալը, Վաթսո՛ն։ Քանի որ սևերին շախ է հայտարարվել, ո՞րը կարող էր լինել սպիտակների վերջին քայլը։
Նորից նայեցի տախտակին և պատասխանեցի։
-Դե, կարող է լինել զինվորի քայլը е4-ից е5՝ բացելով փղի շախը։ Դրանից, իհարկե, կհետևի, որ սպիտակները խաղում են հարավային կողմում։ Սակայն նրանք կարող են լինել և հյուսիսային կողմում, և այդ դեպքում նրանց վերջին քայլը կլիներ զինվորով d5-ից d4-ը։ Հիմք չեմ տեսնում սրանցից մեկն ու մեկը ընտրելու։
-Շատ լավ, Վաթսո՛ն, սակայն, եթե ճշմարիտ լիներ Ձեր պնդումը, որ սպիտակների վերջին քայլը е4 կամ d5 դաշտերի զինվորներից մեկով է եղել, ապա ո՞րն է եղել սևերի քայլն անմիջապես դրանից առաջ։
Նորից նայեցի տախտակին և պատասխանեցի։
-Ակնհայտ է, որ արքայով քայլը, քանի որ այն միակ սև խաղաքարն է տախտակին։ Նա չէր կարող քայլել b8 կամ b7 դաշտերից, կնշանակի քայլել է а7 դաշտից՝ խուսափելով շախից։
-Անհնար է,-բացականչեց Հոլմսը։- Գտնվելով այդ դաշտում՝ նա կրկնակի շախի տակ կլիներ սպիտակ թագուհու և с5 դաշտում կանգնած փղի կողմից։ Ստացվում է, որ սպիտակները թագուհով շախ են հայտարարել, երբ սև արքան արդեն գտնվել է փղի հայտարարած շախի տակ, կամ փղով շախ, երբ սև արքան արդեն գտնվել է թագուհու կողմից շախի տակ։ Ետվերլուծությունում այդպիսի անհնարին շախը հայտնի է «երևակայական շախ» անունով։
Մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ Հոլմսը իրավացի է։
-Այդ դեպքում,-հայտարարեցի,- այսպիսի դիրքն անհնար է։
-Ամենևին ոչ,-ծիծաղեց Հոլմսը,- Դուք ուղղակի բոլոր հնարավորությունները չեք դիտարկել։
-Սակայն, Հո՛լմս, նոր ինքներդ ապացուցեցիք, որ սևերը վերջին քայլի հնարավորություն չունեն։
-Վաթսո՛ն, նման բան ես չեմ ապացուցել։
Թեթև զայրույթ զգացի։
-Վերջ տվեք, Հո՛լմս, հենց նոր, ի հաճույս ինձ, ապացուցեցիք, որ սև արքան հնարավորություն չունի վերջին քայլը կատարելու։
-Ճիշտ է, Վաթսո՛ն, ապացուցեցի, որ սև արքան հնարավորություն չունի վերջին քայլը անելու, բայց դա հազիվ թե ապացուցում է, որ սևերը վերջին քայլն անելու հնարավորություն չունեն։
-Սակայն արքան միակ սև խաղաքարն է տախտակին, -բացականչեցի։
-Տախտակին միակ սև խաղաքարն է հիմա,-ինձ ուղղեց Հոլմսը,- բայց չի նշանակում, որ միակ սև խաղաքարն է եղել սպիտակների վերջին քայլն անելուց անմիջապես առաջ։
-Իհարկե,-պատասխանեցի,- ինչ հիմարություն իմ կողմից։ Սպիտակներն իրենց վերջին քայլով կարող էին վերցնել սև խաղաքարը։ Սակայն,- ավելացրի ես առաջվանից ավելի մտահոգ,- սպիտակ զինվորներից ոչ մեկը չէր կարող վերջին քայլով վերցնել հակառակորդի խաղաքարը։

-Իսկ դա ապացուցում է, -ծիծաղեց Հոլմսը,- որ Ձեր պնդումն այն մասին, թե սպիտակների վերջին քայլը եղել է վերոհիշյալ զինվորներից մեկով, ճշմարիտ չէ։
-Ճիշտ չէ,-բացականչեցի հուսահատված։- Ինչո՞ւ։

Հանկարծ գլխի ընկա։

-Իհարկե, — հաղթական հայտարարեցի ես։- Հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է։ Հիմարի նման այսքան ժամանակ չէի հասկանում։ Իր վերջին քայլով g2 դաշտի զինվորը վերցրել է hЗ դաշտում կանգնած սևերի խաղաքարը։ Դրանով իսկ շախ հայտարարելով արքային և վերցնելով խաղաքարը, և հենց այդ խաղաքարով էլ, ինչ էլ որ այն լիներ, սևերն արել էին իրենց վերջին քայլը։

-Վատ փորձ չէ, Վաթսո՛ն, բայց վախենում եմ, որ այդպես չի կարող լինել։ Եթե սպիտակ զինվորը լիներ g2 դաշտում, սպիտակ փիղը ինչպե՞ս կհայտներ h1 դաշտում։

Նորից հանելուկ։ Ասացի․

-Իսկապես, Հո՛լմս,- հիմա լրիվ համոզված եմ, որ նման դիրքն ուղղակի անհնար է։
-Տրամաբանությունը,-ասաց նա,- ամենանուրբ, ամենափխրուն բանն է։ Որքան էլ որ այն հզոր լինի ճիշտ օգտագործելիս, խիստ դատողությունից փոքր-ինչ շեղումը կարող է ամենակործանարար հետևանքներ ունենալ։ Ասում եք, որ կարող եք ապացուցել այս դիրքի անհնար լինելը։ Կուզենայի տեսնել, թե ինչպես եք փորձելու տալ այդ փաստի լրիվ խիստ ապացույցը։ Կարծում եմ, որ այդ ընթացքում կկարողանաք գտնել սեփական սխալը։

-Շատ լավ,-համաձայնեցի,- եկեք նորից դիտարկենք հնարավորությունները մեկը մյուսի ետևից։ Մենք, ավելի շուտ՝ Դուք ապացուցեցիք, որ վերջին քայլը չէին կարող կատարել d4 և е5 դաշտերի զինվորները։ Ճի՞շտ է։
-Բացարձակապես։
-Նույնը նաև hЗ դաշտում կանգնած զինվորը։
-Ճիշտ է։
Հասկանալի է, որ h1 դաշտում կանգնած փիղն էլ չէր կարող քայլել վերջինը։
-Նույնպես ճիշտ է։

-Իհարկե, с5 դաշտում կանգնած երկրորդ փիղը, ինչպես նաև թագուհին, չէին կարող վերջինը քայլել։ Եվ իհարկե, սպիտակ արքան չէր կարող վերջինը քայլել։

-Մինչև հիմա ամբողջովին Ձեզ հետ համաձայն եմ։

-Դե, արդեն ապացույցն ավարտված է։ Սպիտակ խաղաքարերից ոչ մեկը չէր կարող վերջին քայլն արած լինել։
-Ճիշտ չէ,-հաղթականորեն բացականչեց Հոլմսը։- Այն ավարտված է, բայց տրամաբանական չէ։
-Մեկ րոպե,- բացականչեցի՝ արդեն ինձանից դուրս գալով,- չէ որ բացատրեցի տախտակի վրա գտնվող յուրաքանչյուր խաղաքարի իրավիճակը։
-Այո,-ասաց Հոլմսը, ում շատ էր զվարճացնում իմ շփոթմունքը,- բայց ոչ տախտակից դուրս գտնվող խաղաքարերի համար։
Այստեղ սկսեցի կասկածել, որ խելքս տեղն է։

-Սակայն, Հո՛լմս,-հուսահատ բացականչեցի,- քանի որ վերջին քայլը սպիտակներինն էր, խաղաքարը, որով քայլել էին, պետք է լինի տախտակին, քանի որ սևերը դեռ չեն վերցրել նրան։ Գիտեք, որ խաղաքարերն իրենք իրենց չեն հեռանում տախտակից։
-Ճիշտ չէ,- ասաց Հոլմսը,- և այստեղ է Ձեր ամբողջ սխալը։

Աչքերս թարթեցի և ինձ թափ տվեցի, որպեսզի համոզվեմ, որ քնած չեմ և հսկելով յուրաքանչյուր բառս, հանգիստ ու դանդաղ ասացի․
-Հո՛լմս, ազնվորե՞ն եք ասում, որ շախմատում խաղաքարը կարող է լքել տախտակը՝ առանց վերցվելու։

-Այո, պատասխանեց Հոլմսը,- կա միակ և միայն մեկ տեսակի խաղաքար, որը կարող է դա անել։
-Զինվորը,- ասացի թեթևացած։- Իհարկե զինվորը, հասնելով ութերորդ հորիզոնականին, փոխարինվում է խաղաքարով։ Բայց չեմ հասկանում, թե այս իրավիճակում ինչպես կարող է մեզ օգնել։ Չէ՞ որ թագուհին ութերորդ հորիզոնականում չէ՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ են գնում սպիտակները։

-Շախմատում կա՞ կանոն, որի համաձայն ութերորդ հորիզոնականին հասած զինվորը պետք է փոխարինվի թագուհով,-հարցրեց Հոլմսը։
-Ոչ,-պատասխանեցի,- այն կարելի փոխարինել թագուհով, նավակով, փղով կամ ձիով։ Սակայն դա ինչո՞վ կարող է մեզ օգնել այս դեպքում․․․․ Բարև ձեզ, իհարկե։ Այն h1 դաշտում կարող փոխարինվել փղով, ինչը նշանակում է, որ սպիտակները հյուսիսային կողմում են, իսկ ո՞րն եղել սևերի վերջին քայլը։ Հասկացա։ Անցողիկ զինվորը եղել է g2 դաշտում և վերցրել է h1 դաշտում գտնվող սևերի խաղաքարը, որ դրանից առաջ արել է իր վերջին քայլը։ Հետևաբար, ապիտակները պարտադիր պետք է հյուսիսային կողմում լինեն։
-Շատ լավ է, Վաթսո՛ն,- ասաց Հոլմսը ջերմ ժպիտով։
-Սակայն ինձ անհանգստացում է այն, թե սպիտակները ինչու են տախտակին դրել փիղը, եթե կարող էին դնել երկրորդ թագուհին։
-Վաթսո՛ն,-շատ հանգամանորեն պատասխանեց Հոլմսը,- այդ հարցը վերաբերում է հոգեբանությանը և հավանականությանը, բայց ոչ ամենևին ետվերլուծությանը, որ գործ ունի ոչ թե հավանակնությունների, այլ միայն բացարձակ որոշակիությունների հետ։ Ամենևին չենք ենթադրում, որ խաղացողը լավ է խաղացել, այլ ենթադրում ենք, որ խաղացել է կանոններով։ Կնշանակի՝ ինչքան էլ անհավանական թվա, որ տրված քայլը արվել է, եթե ուրիշ ոչ մի քայլ հնարավոր չէր, այդ քայլը պետք է լիներ այն, որը արվել էր։ Ինչպես  բազմիցս ասել եմ Ձեզ, եթե բացառենք անհնարը, ապա մնացածը, ինչքան էլ անհավանական թվա, պետք է լինի ճշմարտություն։

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով