Շերլոկ Հոլմսի շախմատային գաղտնիքները

Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Եթե բավականին երկար և մանրամասն եմ շարադրել վերևում նկարագրված պատահարի յուրաքանչյուր մանրուքը, ապա միայն ընթերցողի օգուտից ելնելով, ով բացարձակ նորեկ է շախմատային հետաքննությունում։
Այն ժամանակ հենց այդպիսին էի։
Որքան ավելի գիտակ էի դառնում նման դատողությունների, Հոլմսը ավելի կարճ բացատրություններ էր տալիս այդ հետաքրքրաշարժ խնդիրները լուծելու համար։
 Երու օր անց ինձ ու Հոլմսին հաճելի անակնկալ էր սպասվում․ անսպասելիորեն մեզ այցելեցին գնդապետ Մերստոնը և և մեր նոր ծանոթ սըր Ռեջինալդը։
Մենք միշտ ուրախ էինք տեսնել գնդապետ Մերստոնին՝ ամենահնարամիտ և հետաքրքրական մարդուն, իսկ սըր Ռեջինալդը գնալով ավելի ու ավելի էր դուր գալիս մեզ։
Հաճույքով կուլ տալով մի կում տաքացնող բրենդի, Մերստոնը ասաց․

— Հո՛լմս, մեզանից շատ ժամանակ չպահանջվեց Ձեր փոքրիկ խաբկանքը պարզելու համար։
Հասկանալի է, որ մեր արժանիքը մեծ չէ, քանի որ մենք էինք խաղացողները։
Չէ՞ որ հեց ես էի արել ոչ սովորական քայլը՝ անցողիկ զինվորը փոխարինելով փղով։  
Սակայն հարկ եղավ մի քիչ մտածել, որպեսզի հասկանանք, որ այդ դրությունում ուրիշ քայլ անել հնարավոր չէր։

-Գիտեի, որ կկարողանաք հասկանալ, Մերստոն,— հաճույքից շառագունելով ասաց Հոլմսը, —գիտեի, որ կկարողանաք։ Հիմա, պարոնայք, ցանկանում եմ պատմել զվարճալի զուգադիպության մասին։

 

-Դիրքը, որ տեսա սըր Ռեջինալդի հետ ձեր պարտիայում, զարմանալիորեն նման էր Կալկութայի ակումբներից մեկում երկու տարի առաջ հանդիպած մի դիրքի։

 Հոլմսը տախտակի վրա խաղաքարերը դասավորեց այնպես, ինչպես պատկերված է նկարում։

-Պարոնայք, ինչպես տեսնում եք, տարբերությունը միայն այն է, որ զինվորը գտնվում է d6 դաշտում՝ e5-ի փոխարեն։
Սակայն այդ չնչին տարբերությունը բավական է, որ հնարավոր չլինի որոշել, թե որ կողմում են խաղում սպիտակները։

Հետաքրքրությամբ նայեցինք տախտակին։ Առաջինը խոսեց Մերստոնը։

-Իսկապես չեմ հասկանում, Հո՛լմս, թե ինչ կապ ունի այդ փոփոխությունը։ Սպիտակների միակ հնարավոր վերջին քայլն է g2 դաշտից հարվածել h1 դաշտում գտնվող սև խաղաքարին և զինվորը փոխարինել փղով։

-Ո՛չ, Մերստոն, դա սպիտակների հնարավոր քայլն է, բայց միակը չէ։ Այս դիրքը տեսնելով՝ ես Ձեզ նման մտածեցի և պատրաստ էի զարմացնել խաղացողներին՝ ասելով, թե որ կողմում են սպիտակները, բայց հանկարծ հասկացա, որ գոյություն ունի նույնքան իրական ուրիշ հնարավորություն։ Բարեբախտաբար, երբ խաղացողներից մեկը պատրաստվում էր տախտակից հեռացնել խաղաքարերը, հասցրի հարցնել․ «Այս պարտիայում զինվոր փոխարինվե՞լ է ուրիշ խաղաքարով»։ Նրա ձեռքերը կանգ առան, թեքվեց իմ կողմը և ասաց․ «Ո՛չ, իսկ ինչո՞ւ եք հարցնում այդ մասին»։ «Որովհետև,- պատասխանեցի հաղթողի տոնով,- այդ դեպքում պետք է սպիտակներով խաղացած լինեիք»։

Երկու խաղացողներն էլ զարմացած ինձ նայեցին, բայց նրանց զարմանքը փոխվեց հիացմունքի, երբ ասացի, թե ինչպես գլխի ընկա։
Տախտակին նայեցինք ավելի մեծ հետաքրքրությամբ։ Մերստոնը նորից խոսեց։

-Չեմ հասկանում, Հո՛լմս,  իսկապես չեմ հասկանում։ Քանի որ սպիտակների վերջին քայլը չի եղել զինվորի փոխակերպումը խաղաքարի, նրանք պետք է քայլեին d4 կամ d6 դաշտերում գտնվող զինվորներից մեկով։ Բայց այդ քայլերից ցանկացածի դեպքում էլ սևերը քայլ չէին ունենա։

— Ո՛չ, Մերստոն, ո՛չ,- պատասխանեց Հոլմսը։— Իհարկե, սպիտակներն իրենց վերջին քայլն արել են այդ զինվորներից մեկով։ Նույնիսկ կհուշեմ՝ քայլել են d6 դաշտում կանգնած զինվորով։

-Սակայն, — ասաց Մերտսոնը, — այդ զինվորը պետք է գնար d5-ից՝ բացելով h1-ում գտնվող փղով շախը։ Այդ դեպքում ի՞նչ քայլ կարող էր անել սև արքան դրանից առաջ։ Նա կարող էր տեղաշարժվել միայն d7 դաշտից, ինչը ենթադրում է երևակայական շախ։

Այդ պահին խոսեց սըր Ռեջինալդը։

— Հիանալի է, պարոն Հոլմս, իսկապես, հիանալի է։ Հիմա հասկացա։ Սպիտակները քայլել են ոչ թե  d5 դաշտից, այլ е5՝ հարվածելով d5 դաշտում կանգնած սև զինվորը՝ en passant (կողանցիկ)։ Հասկանալի է, որ այդ զինվորը նախորդ քայլին եկել էր d7 դաշտից։ Դրանից առաջ սպիտակները զինվորով քայլել էին е4-ից е5՝ հայտարարելով շախ։ Իսկ մինչ այդ սևերը թագավորը տարել էին а7 դաշտից՝ с5 դաշտում կանգնած փղով  հայտարարած շախից, բայց ոչ թագուհով, քանի որ այդ ժամանակ սև զինվորը դեռ е7 դաշտում էր։

-Վախենամ, որ ինձ համար դժվար է ձեր դատողություններին հետևելը, — նկատեցի ես։- Չէիք կարող կրկնել այդ ամենը։

-Իհարկե,- պատասխանեց սըր Ռեջինալդը, — մի քանի քայլ առաջ դիրքը մոտավորապես այսպիսին էր․

Նա խաղաքարերը տեղաշարժեց տախտակի վրա։ Հետո նա արեց հաջորդ քայլերը՝ հասցնելով Հոլմսի ցույց տված դիրքին․

1․ Փ- с5 շախ  Ա- а8

2․ е5 շախ  d5  

3․ ԶxԶ en passant շախ

Հենց այսպես էր Հոլմսը իմացել, թե որ կողմում որ գույնի քարերով էին խաղացել։

***

Շախմատային նմանատիպ խնդիրներ Առնոլդ Միքայելյանից։

Ո՞րն է եղել սևերի կատարած վերջին քայլը․

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով