«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքային կրթական ծրագրի ուսպլանով ուսումնա-հասարակական նախագծերը մեր ծրագրերի կարևոր բաղկացուցիչն են: Նման նախագծերը իրականացվում են շաբաթ օրերին, պարտադիր ուսումնական պարապմունքներից հետո, սովորողին հարմար ժամերին: Նման նախագծերը հետապնդում են ոչ միայն ուսումնական, այլ նաև բարոյահոգեբանական և դաստիարակչական նպատակներ: Նրանք սովորեցնում են երեխաներին դասարանական միջավայրից դուրս աշխատել խմբերով, համագործակցել այլ դասարանների սովորողների հետ, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ և կարողություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: Իրենց ձեռքերով խնամած միջավայրին ավելի ուշադիր ու հոգատար են վերաբերում՝ գնահատելով իրենց և իրենց ընկերների աշխատանքը: Այս նախագծերը հաճախ ընդլայնում են իրենց սահմանները՝ դպրոցական բակից հասնելով մինչև տարբեր մարզեր. սովորողները հայրենագիտական ճամփորդությունները նույնպես օգտագործում են տարբեր տեսակի ուսումնա-հասարակական, էկոլոգիական, բնապահպանական աշխատանքներ կատարելու համար:
Կրթահամալիրի միջին դպրոցը ևս, ինչպես կրթահամալիրի մյուս դպրոցները, իրականացնում է ուսումնա-հասարակական նախագծեր, որոնցից յուրաքանչյուրը իր նպատակով համապատասխանում է տարվա եղանակին և դրված ելքային նպատակներին: Ուսումնա-հասարակական այս նախագծերը իրականացնում են կազմակերպիչները, որոնք որոշում են աշխատանքային խմբերը, աշխատանքների ժամանակացույցը: Սովորողների աշխատանքային խմբերին միանում են նաև դասավանդողները, որոնք նախօրոք տեղեկանում են կատարվելիք աշխատանքների մասին: Դպրոցի ներքին և արտաքին բակերը բաժանվում են հատվածների, նախագծվում է աշխատանքների բնույթը: Ուսումնա-հասարակական աշխատանքներում սովորողների մասնակցությունը նույնպես որոշվում է ըստ նախատեսված աշխատանքների ծավալի. հաշվի է առնվում աշխատանքների բարդությունն ու ծավալը:
Այս տարի նախագիծը անվանվեց «Բակը՝ կրթական պարտեզ», որը իրականացվում է կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Միջին դպրոցում արդեն իսկ կատարվել են բակի ու այգու բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ: Նախագծի կարևորությունն ու արդիականությունը գիտակցում են սովորողները, աշխատանքներ տարվում են և այգում, և մարզադաշտում: Սովորողներն ապագա մարզադաշտը ազատել են եզրաքարերից, աղբից, ավելորդ քարերից: Իհարկե, աշխատանքերը երբեմն դժվար էին ընթանում, կային սովորողներ, որոնք «գլուխէին պահում», սակայն ոգևորվեցին, երբ 9-րդ դասարանցիները սկսեցին «Կանաչ ցանկապատ» նախագիծը: Մայր դպրոցի այգու եզրագծերն ազատվեցին ասֆալտից, մշակվեց տեղի հողը և ամբողջ դպրոցի երկայնքով տնկվեցին կանաչ թփեր: Սովորողներն այս փուլում, համագործակցելով դպրոցի պարտիզպանի հետ, ձեռք բերեցին ծառերի, թփերի և ծաղիկների խնամքի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, սովորեցին մշակել հողը:
Այս տարվա ուսումնա-հասարակական նախագիծն առանձնանում է նրանով, որ մի մեծ նախագծի մեջ ներառված են մի քանի ենթանախագծեր, որից մեկը իրականացվեց Էկոտուրի շրջանականերում: Ամբողջ կրթահամալիրով մեկ հայտարարված էր վարդատունկ-ֆլեշմոբ: Նախագծում ներգրավված էին բոլոր դասավանդողները, սովորողները,: Այժմ սովորողները հետևողականորեն խնամում են տնկած վարդերը, ավելացնում նոր վարդեր:
9-րդ դասարանցիները մի նախաձեռնությամբ էլ հանդես եկան. որոշեցին փորձել քարերով ճանապարհ պատրաստել մինչև խեցեգործարան: Սկզբում լավ չէին տիրապետում պատրաստման տեխնոլոգիային, սակայն վարպետի ցուցումներով կարողացան բավականին գեղեցիկ ճանապարհ կառուցել: Ճանապահի եզրով կանաչ թփեր տնկվեցին:
Քանի որ նախագիծը երկարաժամկետ է և աշխատանքները շարունակական են, աշխատում ենք ամեն օր: