Այսօր՝ տեղեկատվական մեր դարում, գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների, մասնագետների ու նյութատեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու` տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։ Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում գրադարաններն այլևս սոսկ «գրքերի դարաններ» չեն, այլ «տեղեկատվության»։
Այդ տեսանկյունից մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ՝ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակը, ոչ միայն դուռ՝ դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվության աշխարհ, այլ նաև ուղեցույց այդ աշխարհում չմոլորվելու համար։
Կրթահամալիրի գրադարանն արդեն քանի տարի լուրջ, բազմակողմանի ու բազմաբնույթ աշխատանքներ է ծավալում՝ նման դուռ և ուղեցույց դառնալու ուղղությամբ։ Այդ առումով մեր աշխատանքները չեն սահմանափակվում միայն կրթահամալիրի և միայն Երևանի շրջանակներում։
Հանրապետությունում արդեն ճանաչում ունեցող կրթահամալիրի գրադարանը երբեք էլ չի բավարարվում իր ստեղծածով և ունեցածով: Անընդհատ փնտրտուքների մեջ է. և՛ գիրքն է քիչ կամ հրատարակությունն է հին, թերթելը և կարդալը գրավիչ չէ, և՛ թվային միջոցներն են պակաս, և՛ընթերցողների կարիք ունենք, և՛ ծրագրերի ու նախագծերի… Քի՜չ է, քիչ…
Անցնող ուսումնական տարում ևս գրադարանը լայնածավալ գործունեւթյուն է ծավալել։ Ներկայացնեմ կատարած աշխատանքներից պատառիկներ՝ հղումներով:
2013 թ., տարվա սկիզբը գրադարանի համար նշանավոր էր կրթահամալիրի տնօրենի այն ուղերձով, որտեղ կարևորվում էին գրադարանը, ընթերցասրահները, գիրքը.
- Հիշեցնեմ, որ կրթահամալիրի հոմանիշը գրադարանն է, կաբինետի հոմանիշը ընթերցարանն է: Ուսումնասիրության մեթոդը, որի յուրացումը մեր նոր խնդիրն է, ինքնին նոր սպասարկումի կարիք ունի: Չկա ուսումնասիրում՝ առանց առկա բազմազան տպագիր ու մեդիագիր տեքստերի:
- 2013թ. Համար մշակված «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է ընձեռում կրթահամալիրցիներին: Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները (քաղաքային, ազգային) համատեղ իրականացնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը կրթական հաստատություն մտավ առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:
- Ուսումնական մեդիափաթեթ
Ինչի՞համար է ուսումնական էլեկտրոնային փաթեթը:
Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան ձեռնարկներ, հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքներ, աուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ՝ամեն ինչ:
Գուցե լինեն մարդիկ, որ կասեն համացանցում ցանկացած լեզվով ցանկացած նյութ կա, կփնտրենք, կգտնենք: Ճիշտ է, իհարկե, բայց միայն այն դեպքում, երբ գիտես՝ ինչ ես փնտրում: Իսկ եթե չգիտե՞ս…
Փաթեթների էջեր այցելողների քանակն ապացուցում է, որ այն գնալով մեծ պահանջարկ է ունենում:
- «Տիգրան Հայրապետյան» գրադարանը նախաձեռնում է «Բազմակետ…» ալմանախը (էլեկտրոնային գիրք), որտեղ ներառվելու են միայն կրթահամալիրի սովորողների, շրջանավարտների, ուսուցիչների ստեղծագործությունները:
- Հաջորդ կարևոր ծրագիրը «Շրջիկ գրադարանավարն» է, որ ինքը՝գրադարանավարն է գնում այլ հաստատություն և ստեղծում է գրադարան:
Կարծում եմ այս նախագծերն արդեն ունեն իրենց զարգացումը, քանի որ նախագծի շրջանակում ամեն անգամ հանդես ենք գալիս նոր մոտեցումներով, կյանքը ստիպում է ձեռք բերել նոր գաղափարներ, նոր գործընկերներ, համագործակցել տարբեր կազմակերպությունների և անհատների հետ:
Գիրքը կրթահամալիրում վերածնվում է մեդիայի հետ՝ համատեղ շարժվելով:
Խմբագիր՝ Գայանե Թերզյան