Ժամանակի ու ազգի առջև ծառացած հրամայական պահանջն է ազգային մտածողությամբ, հոգեբանութամբ, կիրթ, բարոյական բարձր արժանիքներով, ունակություններով, հմտություններով, բազմակողմանիորեն զարգացած քաղաքացի դաստիարակելը: Այս առումով մայրենի լեզվի դասընթացի բովանդակությունը, ուսուցման ճիշտ կազմակերպումը կարևոր նշանակություն ունեն, քանզի գրականութունը սովորողների բարոյական և գեղագիտական դաստիարակութան անփոխարինելի միջոցներից մեկն է:
Տարիներ շարունակ խորհրդային դպրոցի գրականության ծրագրերով պարտադրված մեթոդներն ու դասավանդման ձևերը սովորողին զրկել են գրականության բուն էությանը հաղորդակցվելու հնարավորութունից: Գրականության դասընթացի նպատակը ոչ թե գրականագիտական-բանասիրական գիտելիքներ տալն է, այլ գրականության դասական արժեքների հետ կենդանի շփման ապահովումը: Այդ առումով շատ կարևոր են ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, դասավանդման ընթացքում կիրառվող մեթոդներն ու միջոցները:
Այլընտրանքային ստեղծագործական ծրագիրն ազատում է կապանքներից, և՛ դասավանդողին, և՛ սովորողին ստեղծագործական աշխատանքի հնարավորություն է տալիս: Դասավանդողն իր աշխատանքները կազմակերպում է՝ հենվելով թե՛ իր, թե՛ սովորողների նախասիրությունների, պատրաստվածության աստիճանի և զարգացման ընդհանուր մակարդակի վրա, հնարավորություն է տալիս ընտրելու թեմային, իր առջև դրված խնդիրներին համապատասխան մեթոդներ: Յուրաքանչյուր մեթոդ, գործունեության ընթացք, որը կարող է նպաստել սովորողի կողմից գիտելիքներ յուրացնելուն, հմտություններ ձևավորելուն, ինքնին արժեքավոր է: Դրա համար ստեղծվել էր համապատասխան ուսումնական միջավայր՝ կաբինետ, համացանցին միացված համակարգիչ, ինտերակտիվ գրատախտակ, նոթբուք-նեթբուք, բառարաններ, անհրաժեշտ գրականություն, համացանցում ուսուցման միջավայրը (mskh.am կայք, ավագ դպրոցի ենթակայք, ուսուցչի բլոգ), անհրաժեշտ գործիքներ՝ ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ուսումնական նյութեր (մեդիաընթերցարան, էլեկտրոնային ռեսուրս): Իրար սովորեցնելով ու սովորելով՝ տաբեր նախագծեր իրականացնելիս ձեռք բերեցինք տարբեր ծրագրերով աշխատելու հիմնական հմտություններ (PowerPoint, Movie Maker, Adobe Premier Pro, Vegas, Pinnacle Studio, Smart Notebook, կարողացանք օգտվել ֆայլերի ձևաչափերը փոխարկող Converter ծրագրերից:
Մի կարևոր հարց ևս լուծվեց. ունեցանք սոցցանցի` Facebooke, YouTube-ի, բլոգի մեր էջերը, կրթահամալիրի կայքում, սոցցանցերում, բլոգում հրապարակեցինք նախագծային աշխատանքների արդյունքները, որոշել ենք այսուհետ առավել ակտիվ հանդես գալ «Լուսաստղ», «Հեռադիտակ» էլեկտրոնային ամսագրերում:
Նախագծերի մեթոդը իր նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում ուսուցման ժամանակակից մեթոդների շարքում, այն ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք բերում աստիճանաբար բարդացող գործնական նախագծերի պլանավորման և իրագործման ընթացքում, մանկավարժական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս անհատականացնելու ուսուցման գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն: Այն ունի կարևոր առանձնահատկություններ` ուսուցողական, որոնողական, ճանաչողական, ստեղծագործական: Ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր, որոնք իրականացրել ենք սովորողների նպատակային գործունեության միջոցով, ընդգծվել է սովորողների կապը կյանքի հետ, ուսումնասիրության հիմնախնդիրները եղել են իրական կյանքից, որն էլ, ըստ իս, ապահովել է սովորողների հմտությունների, կարողությունների, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, քննադատական մտածողության զարգացումը: Փորձը մեկ անգամ ևս ապացուցեց, որ նախագծային մեթոդը իրագործելու դեպքում սովորողները կարողանում են աշխատել ընկերների հետ, կոնկրետ այս կամ այն հիմնախնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից ձեռք բերած իրենց գիտելիքները: Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս կարևորել ենք`
- հիմնահարցի ձևավորումը
- աշխատանքային խմբի ձևավորումը
- հետազոտական աշխատանքների ընթացքը
- ստացված արդյունքների միջանկյալ քննարկումը
- սովորողների և խմբի աշխատանքների գնահատումը
- գնահատումը կատարվել է և՛ դասավանդողի, և՛ սովորողների կողմից
- գնահատվել է յուրաքանչյուր սովորող
- նախանշվել են հետագա աշխատանքները
«Գրական անկյուն» ուսումնական նախագծով ստեղծեցինք ուսումնական էլեկտրոնային փաթեթ` նվիրված Պարույր Սևակին: Հետո աշխատանքը ընդլայնեց իր սահմանները՝ Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Վիլյամ Սարոյան, Եղիշե Չարենց, Հրանտ Մաթևոսյան, Գուրգեն Մահարի… Ուսումնական փաթեթի ստեղծումը սովորողների և ուսուցչի ուսումնական-ստեղծագործական աշխատանքի արդյունքն է՝ նյութերի, հոդվածների, տեսանյութերի ստեղծում, խմբագրական աշխատանք, ուսումնական և հայրենագիտական ճամփորդություններ, քննարկումներ: «Երևանն իմ տունն է» նախագծի նպատակը հին ու նոր Երևանը ճանաչելն ու ուսումնական փաթեթի ստեղծելն էր՝ տոները, 20-րդ դարի Երևանը լուսանկարներում, Երևանն այսօր ….: «Թումանյանական շաբաթ» նախագիծը ենթադրում էր հետազոտական աշխատանք, հոդվածներ, ձայնագրություններ:
«Չարենցյան օրեր» նախագծին սովորողների նախաձեռնությունն ավելի շատ երևաց. օրերի ամփոփումը նախատեսված էր անցկացնել Կարսում: Հետաքրքիր հետազոտական աշխատանքներ կատարվեցին, իրենց համար նոր էջեր բացահայտեցին սովորողները:
«Ուխտագնացություն» նախագծին բոլորն էլ շատ լուրջ նախապատրաստվեցին՝ հանձնարարված գրականություն, ուսումնասիրություններ, պատմություն ու աշխարհագրություն, ձայնագրություններ: Յուրաքանչյուր նախագիծ ունեցել է իր ամփոփում-հաշվետվությունը, եղել են քննարկումներ, որտեղ խոսվել է և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների մասին, ձևակերպվել արդեն հաջորդ նախագծերի հիմնահարցերը: