Երեխաների մասնագիտական կողմնորոշմանը վաղ տարիքից անդրադառնալը ժամանակակից կրթական համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկն է: Մոտավորապես 9-10 տարեկանում երեխաներն սկսում են առաջին լուրջ պատկերացումները կազմել մասնագիտությունների աշխարհի մասին, հստակեցնել իրենց նախասիրությունները, որոնցով էլ հաճախ պայմանավորված են լինում ապագա մասնագիտության մասին հարցերի հստակ պատասխանները: Այս տարիքում նրանց մոտ զարգանում է ինքնաճանաչման և սեփական հետաքրքրությունների բացահայտման ձգտումը, ինչը ստեղծում է շատ լավ հնարավորություն մասնագիտության ընտրության հարցում առաջին քայլերը կատարելու համար։
Մասնագիտական հանդիպումները, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կիսվում են իրենց հաջողության և անհաջողության պատմություններով, կարող են դառնալ հրաշալի մանկավարժական գործիք: Երեխաները տեսնում են, խոսում են իրական բժշկի, իրավաբանի, զբոսավարի, բանաստեղծի, հաղորդավարի հետ: Մասնագետների փորձառությունների մասին պատմությունները, իրական օրինակները, կյանքով փորձված սխալներն օգնում է երեխաներին հասկանալ, որ դժվարությունները մասնագիտական աճի անբաժանելի մասն են կազմում, և դրանց հաղթահարումը հաճախ հանգեցնում է նոր հնարավորությունների և նվաճումների և, որ ամենազվարճալին է, երբեմն նրանք այս կամ այն մասնագիտությունը վերերկրային մի բան են պատկերացնում։ Օրինակ ՝ եթե բանաստեղծ է, անպայման մահացած է արդեն․․․
Այս մանկավարժական մշակման մեջ փորձել եմ ներկայացնել մասնագիտական հանդիպումների կազմակերպման և անցկացման ընթացքը, կանդրադառնամ դրանց ազդեցությանը երեխաների մասնագիտական կողմնորոշման, շփման կարողությունների, ինքնիրացման, սոցիալիզացիայի և այլ կարևոր հմտությունների զարգացման վրա։
Հանդիպումը բանաստեղծուհի Սաթենիկ Ղազարյանի հետ․ այն շրջադարձային, ապշեցնող, անակնկալ հանդիպում էր, որի արդյունքում շատ սովորողներ բացահայտեցին, որ եթե բանաստեղծ ես, հեքիաթագիր, հեչ էլ պարտադիր չէ, որ մեռած լինես։ Այս սև հումոր թվացող արտահայտությունը իրականում շատ նուրբ կետերով մեզ տանում է դեպի այն համոզումը, որ սեփական փորձով, սեփական աչքերով, ականջներով տեսածն ու լսածը իսկապես կարող են մեծ ազդեցություն թողնել։ Ընթերցած հեքիաթների, պատմվածքների հեղինակին տեսնելը իսկապես տպավորիչ կարող է լինել, ինչպես փաստեց հանդիպումը։
Նման հանդիպումների միջոցով երեխաները ոչ միայն ծանոթանում են տարբեր մասնագիտությունների հետ, այլև զարգացնում են քննադատական մտածողություն, հաղորդակցման հմտություններ և ճկունություն: Նրանք սովորում են գնահատել աշխատանքի բազմազանությունը և հասկանալ, որ յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է յուրահատուկ հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել նպատակասլաց աշխատանքի միջոցով:
Հրաշալի օրինակ է հանդիպումը մանկաբույժ-նյարդաբան, բանաստեղծուհի Նանեի հետ։ Վերջինս իր մեղմությամբ, խաղաղությամբ սովորողներին տեղափոխեց հեքիաթների գեղեցիկ, սիրով առատ աշխարհ։ Նանեն իր կյանքի փորձով կիսվեց, պատմեց, որ չնայած չի ցանկացել դառնալ բժիշկ, բայց ծնողների որոշմամբ, սովորել է բժշկի մասնագիտությունը, երկար տարիներ աշխատել, բայց հոգու խորքում միշտ մնացել է վառ երևակայությամբ այն աղջնակը, որ բարձից փետուրներ էր հանում ու հենց նրանցով էլ հյուսում իր հերթական հեքիաթի սյուժեն։ Նանեի օրինակով, իսկապես կարելի է ոգեշնչվել՝ երբեք ուշ չէ գնալ մանկության երազանքների հետևից։ Պետք է խիզախել։
Կրթությունը՝ կյանքի համար, կյանքի միջոցով
Օրենքների, ճիշտ ու սխալի մասին երեխաների հետ խոսում ենք ամենափոքր տարիքից՝ կարևորելով նրանց ազատության ու դիմացինի ազատությունը հարգելու սահմանները։ Շատ դեպքերում իրավաբան-փաստաբանի մասնագիտությունը միշտ ասոցացվում է դժվար, բարդ, լուրջ, պատիժ հասկացությունների, անպայման օրենքի ուժով պատասխանատվություն կրելու հետ։ Որքան մեծ էր սովորողների զարմանքը, երբ հանդիպեցին Գեղամ Մարգարյան փաստաբանին, որ նաև իրենց դասընկերուհու հայրիկն էր։ Ըստ սովորողների՝ փաստաբանները շատ լուրջ և միշտ չար մարդիկ են, բայց զրույցի վերջում պարզվեց, որ ամեն ինչ չէ, որ այդպես է, ավելին, շատ էլ պետքական մասնագիտություն է ՝ լինել փաստաբան, նշանակում է օգնել մարդկանց ավելի լավ վերլուծելու, իմանալու օրենքներն ու իրենց իրավունքները։ Գեղամ Մարգարյանի հետ հանդիպումը տպավորիչ էր նաև նրանով, որ փաստաբան Գեղամը հանդիպմանը մոտեցել էր մեծ պատասխանատվությամբ՝ ընտրելով, մշակելով հատուկ մոտեցում, որ 4-5-րդ դասարանի սովորողների համար առավել հասկանալի լինի մասնագիտությունը ՝ իր բոլոր դժվար, հեշտ ու հետաքրքիր կողմերով։ Խոսեցինք նաև մեր ուսումնական պայմանագրից, քանի որ կրթահամալիրում 5-րդ դասարանից սովորողը իր ուսումնական պայմանագիրը կնքող կողմ է հանդես գալիս։ Հանդիպումը տպավորել էր սովորողներին, երկար ժամանակ քննարկում էին, օրինակներ բերում, որ այսպես չի կարելի, քանի որ սա օրենքով չի թույլատրվում։ Իրենց առօրյայից, ընտանիքի, ծնողների հետ պատահած դեպքերից հիշեցին, որ մինչ այդ չէին մտածել, իհարկե նաև մտածում էին, որ մասնագիտությունը միայն տղաներին համար է, այն էլ պատկառելի տարիքով տղամարդանց, այնինչ փաստաբան Գեղամն ասաց՝ մասնագիտությունը սեռ չի ճանաչում, ինչն իհարկե ուրախացրեց շատ հետաքրքրասեր աղջիկների և մտածելու առիթ տվեց։
Մանկավարժությունն այսօր պարզապես գիտելիքի փոխանցում չէ: Այն կյանքի հետ ուղիղ կապ ունեցող գործընթաց է, որտեղ սովորողը ոչ միայն ստանում է տեղեկություններ, այլև ձևավորում է աշխարհայացք, հարաբերություններ, արժեքային համակարգ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթությունը վաղուց դուրս է եկել դասագրքային սահմաններից՝ թևակոխելով իրական կյանքի հարթակ, կյանքի ձեռքը բռնած՝ քայլում է հայաստանյան սար ու ձորերով, մարզերով և Հայաստանի սահմաններից էլ դուրս է եկել վաղուց։ Այդ մոտեցման մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում մասնագիտական հանդիպումները տարբեր ոլորտի մասնագետների հետ։
Ինչո՞ւ հատկապես 9-10 տարեկանում
9-10 տարեկան հասակում երեխաների մոտ տեղի է ունենում կարևոր անցում. նրանք դեռևս պահպանում են մանկական հետաքրքրասիրությունն ու անկեղծությունը, բայց միաժամանակ արդեն ունակ են խորը վերլուծություններ անելու։ Նորություն ասած չեմ լինի, որ կյանքը հիմա խելագար վազքով է առաջ գնում, ինֆորմացիայի բազմազանությունն ու արագ զարգացող աշխարհի մարտահրավերները բերեցին նրան, որ երեխայից պատանի անցումը շատ արագ է տեղի ունենում։ Այս տարիքում՝
- զարգանում է մտածողությունը
- ձևավորվում են առաջին լուրջ հետաքրքրությունները
- աճում է ինքնուրույնության ձգտումը
- կարևորվում է ինքնության զգացումը
- հայտնվում են առաջին պատկերացումները ապագա մասնագիտության մասին
Սա իդեալական պահ է ցույց տալու, որ աշխարհը լի է հնարավորություններով, և որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր յուրահատկությունը և անհնարին ոչինչ չկա։
Մարիա Մոնտեսորին նշել է․ «Երեխան պետք է ունենա հնարավորություն սովորելու իր սխալներից՝ առանց մեղադրանքի զգացողության»։ Այստեղ է, որ հարց է ծագում՝ ինչպե՞ս սովորեցնել, ինչպե՞ս օգնել զգալ, ապրել, հաղթահարել, վարժվել, ընդունել, որ սխալը և ձախողումը կյանքի շատ բնական մի մաս են, նույնիսկ շատ դեպքերում՝ անհրաժեշտ։ Հենց այստեղ է երևի, որ իրական կյանքի պատմությունները օգնության են հասնում։
Վարպետության դասը «Լեռանէ» ապրանքանիշի հիմնադիր Աննա -Սառա Պողոսյանի հետ հետաքրքիր էր նրանով, որ Աննան չնայած բարձրագույն կրթություն դեռ չուներ, բայց ուներ իր բիզնեսը՝ թևնոցների և արծաթյա զարդերի, երգում էր մի շարք ազգագրական խմբերում և անչափ երջանիկ էր իր կյանքի հենց այդ որոշումների համար։ «Լեռանէ» թևնոցների ստեղծումը եղել է հոբբի, որը հետո դարձել է նաև Աննա-Սառայի համար եկամտի աղբյուր։ Այս օրինակը տպավորիչ էր նրանով, որ մի երկրում, որտեղ բոլորը դիպլոմավորված մասնագետներ են, մենք ունենք նաև այլ իրականություն՝ դիպլոմով, բայց առանց աշխատանքի բազում մասնագետներ և ունենք օրինակներ, ինչպիսին Աննա-Սառայինն է, որովհետև միշտ չէ, որ դիպլոմավորված մասնագետները անում են այն, ինչ գրված է իրենց դիպլոմում։
Մասնագիտական կողմնորոշում՝ փորձի միջոցով․․․
Մի հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ մինչև 10 տարեկանը՝ երեխաների 75%-ը արդեն ունենում է պատկերացում, թե ինչով կցանկանար զբաղվել ապագայում։ Իհարկե, այս պատկերացումները փոխվում են, բայց դրանք դառնում են առաջին ուղեցույցները։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բաց կրթական միջավայրում սովորողները սովոր են իրենց հետաքրքրություններին հետևելու ազատությանը, 4-րդ դասարանից սկսած հնարավորություն ունեն շաբաթական չորս ժամ զբաղվելու ընտրությամբ գործունեությամբ, որն այնքան բազմազան է, որ անտարբեր չի թողնում անգամ ինտրովերտներին։ Հենց այս հնարավորությունն է, որ թույլ է տալիս ակադեմիական առարկաներից զատ՝ ծանոթանալ ուսման՝ արվեստի, արհեստի, ստեղծագործելու կողմին։ Կրթահամալիրում մասնագիտական հանդիպումները կազմակերպվում են այնպես, որ սովորողը դառնա ակտիվ մասնակից․ հարցեր տալու, քննարկումներ վարելու, նախագծեր իրականացնելու հնարավորություն ունենա։
Հանդիպումները նրանց օգնում են ընդլայնել աշխարհայացքը, նորը բացահայտել, պատկերացում կազմել՝ ինչպես են աշխատում տարբեր ոլորտները։ Եվ որ ամենակարևորն է, այս մեծ աշխարհում՝ հարափոփոխ ու արագ զարգացող, պետք է իմանալ, որ հնարավորությունները անչափ շատ են, մեկ մասնագիտությունը կարող է ճյուղավորվել և քեզ տանել բազում այլ ոլորտներ, այլ հարթակներ, օրինակ ունես թարգմանչի մասնագիտություն, իսկ ո՞վ ասաց, որ ամբողջ կյանքում միայն թարգմանիչ պետք է աշխատես։ Աշխարհն այնքան մեծ է, միայն մեկ փաստաթղթային մասնագիտություն ունենալու և դրանով աշխատելու համար։ Ահա այսպես էլ հանդիպեցինք զբոսավար-թարգմանիչ Հասմիկ Կարապետյանին։ Նա պատմեց իր հետաքրքիր աշխատանքի մասին՝ ինչպես է ներկայացնում մեր երկրի մշակույթն ու պատմությունը զբոսաշրջիկներին և ինչպես է լեզուների իմացությունը օգնում շփման մեջ։ Հանդիպումը ոչ միայն տեղեկատվական էր, այլև ոգեշնչող։ Հասմիկն ասաց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է շատ լավ իմանա Հայաստանի ամեն սմ-ը, սիրի, ճանաչի, քանի որ մենք մեր երկրի դեսպաններն ենք, եթե ոչ մենք, ապա էլ ո՞վ կկարողանա լավագույն կերպով մեր Հայաստանը ներկայացնել։
Մեր ճամփորդող սեբաստացիների համար այս հանդիպումը տպավորիչ էր, ամեն անգամ զբոսաշրջիկի հանդիպելիս պատրաստ կլինենք պատասխանելու հնչող հարցերին, օգնելու և ներկայացնելու, ինչու՞ ոչ, նմանատիպ դեպքեր ունեցել ենք։
Ինչպե՞ս են աշխատում տարբեր ոլորտի մասնագետների հետ հանդիպումները
Մեր փորձից կարող ենք ասել, որ լավագույն մասնագիտական հանդիպումներն ունեն հետևյալ բաղադրիչները՝
- Իրական պատմություն — մասնագետը պատմում է իր կյանքի ուղու մասին
- Գործնական աշխատանք (եթե դրա հնարավորությունը կա) — ցույց է տալիս իր աշխատանքի բուն էությունը
- Անկեղծ ու անկաշկանդ զրույց — կիսվում է դժվարություններով և ուրախություններով, հիշվող և հետաքրքրիր միջադեպերով
«Մեկ հանդիպման ուժը»․ այսպես էլ կարելի է բնորոշել հանդիպումների այս շարքը մասնագետների հետ։
Իրական մարդկանց կենսափորձից եկող խորհուրդները իսկապես կախարդական ներգործություն են ունենում սովորողների վրա։ Ծնողները, ուսուցիչները ճիշտ է, օրինակ են, ամենօրյա կյանքում գործող անձինք, բայց որքան տպավորիչ է մասնագետների կողմից լսել իրենց կյանքի պատմությունները։ Կարծես ատամհատիկի ծեսից դուրս եկած մասնագիտությունները հենց հիմա եկել, լեզու ու կյանք ենք առել ու քեզ պատմում են իրենց մասին իրական մարդկանց միջոցով։
Ի՞նչ են հարցնում երեխաները
9-10 տարեկան սովորողների հետ անցկացված հանդիպումները ի մի բերելով՝ մի քանի հարց կարող ենք առանձնացնել, որոնք գլխավորում են թոփ հարցերի շքերթը․
- Դուք սիրու՞մ եք գրքեր կարդալ։
- Ձեր երազանքը ո՞րն է․․․
- Բա ինչպե՞ս հասկացաք, որ այս մասնագիտությունն եք սիրում։
- Չե՞ք փոշմանել, որ ընտրել եք այս մասնագիտությունը։
Հանդիպումների կազմակերպման նախագիծը փուլային է, նախ ծանոթանում ենք տվյալ մասնագիտությանը, մեր հյուրի կենսագրությանը, ուսումնասիրում իր մասին եղած նյութերը, հարցեր մտածում (իհարկե, սովորաբար վերջինս չի գործում, քանի որ հարցերը ծնվում են անդադար ու սպոնտան):
Շատ կարևոր մի քանի նրբություն, որոնց արժե ուշադրություն դարձնել՝
- Ոչ բոլոր փայլուն մասնագետներն են կարողանում մատչելի ներկայացնել իրենց աշխատանքը, շատ դեպքերում նրանք մեր՝ մանկավարժի օգնության կարիքն են ունենում, որպեսզի ավելի մատչելի ներկայանան, ներկայացնեն իրենց մասնագիտությունն ու կատարած աշխատանքը
- Նախապատրաստեք երեխաներին — մինչև հանդիպումը քննարկեք մասնագիտությունը, մտածեք հարցեր
- Ապահովեք փոխազդեցություն — սա այն կենսական ընթացքն է, որը հարկավոր է սկզբից մինչև ավարտ ապահովել
- Ամրապնդեք հանդիպումը — հետագայում անդրադարձեք, քննարկեք, ստեղծեք նախագծեր այս թեմայի՝ մասնագիտության շուրջ․․․
Մեր փորձի արդյունքները՝ թվերով և փաստերով․
Վերջին երկու տարիների ընթացքում անցկացրած հարցումները ցույց են տվել հետևյալը՝
- Մասնագիտական հանդիպումներին մասնակցած երեխաների 87%-ը նշել է, որ դրանք օգնել են ավելի լավ իմանալու տարբեր մասնագիտությունների մասին
- 60%-ը հայտնաբերել է նոր հետաքրքրություններ, որոնց մասին նախկինում չգիտեր
- 70%-ը նշել է, որ մասնագետների անձնական պատմությունները ոգեշնչել են իրենց
- Ուսուցիչների 90%-ը նկատել է, որ այդպիսի հանդիպումներից հետո երեխաները դառնում են ավելի նպատակասլաց և ակտիվ
Մասնագիտական հանդիպումները սովորողի զարգացման մեջ ունեն անգնահատելի դեր։ Դրանք ոչ միայն հարստացնում են գիտելիքները, այլև՝
- Դժվարությունների հանդիպելիս օգնում են շուտ չհանձնվել և պայքարել
- Ձևավորում են հետաքրքրասիրություն և սոցիալիզացիայի գործիքակազմ
- Սովորեցնում են գնահատել անհաջողությունը որպես առաջընթացի մաս
- Օգնում են ինքնաճանաչմանը և ապագայի մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելուն
- Իրական կյանք, իրական մարդիկ, իրական օրինակներ
Յուրաքանչյուր մասնագիտական հանդիպում կարող է դառնալ այն կայծը, որը երեխայի մեջ կվառի հետաքրքրությունը, ոգևորությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Հանդիպումներ, որ փոխում են կյանքեր․․․