Մոնթեսորին իր մանկավարժությունն սկսել է հատուկ կարիքով երեխաների հետ աշխատանքով։ Նա աշխատել է իտալական բժշկական հաստատություններում, որտեղ ուսումնասիրել է մտավոր հետամնաց /այն ժամանակվա բնութագրմամբ՝ հոգեպես հետամնաց/ երեխաների վարքագիծն ու սովորելու կարողությունները։ Դրանք հիմնականում եղել են իմացական խանգարումներով, զարգացման հապաղմամբ, խոսքային դժվարություններ ունեցող երեխաներ։ Նրա մանկավարժությունը, որ աննախադեպ հաջողություն ունեցավ և ունի մինչ օրս, հիմնված էր այն դիտարկումների և ուսումնասիրությունների վրա, որ նա կատարեց այդ երեխաների հետ։
Ո՞րն էր այդ դիտարկում-ուսումնասիրությունների օգտակարությունն ու արդյունավետությունը, և ինչ տվեց դա մանկավարժ Մոնթեսորիին և ողջ առաջադեմ մանկավարժությանը։
Մտավոր կերտվածքից շեղում ունեցող երեխաները դժվար են տրվում վարժանքի, պարտադրանքի։ Նրանք ավելի մոտ են բնությանը, բնական վիճակում են և չեն տրվում հարկադրանքի։ Մոնթեսորին ցանկանում էր գտնել կրթության այն ձևը, որը բացառում է բռնությունը, որը հիմնված է երեխայի բնական զարգացման, անհատական հետաքրքրությունների, ինքնուրույնության խթանման, զարգացնող և նյութական համապատասխան միջավայրի վրա։ Մտավոր խնդիր ունեցող երեխայի ուսումնական գործունեության ուսումնասիրությունը նրան օգնում էր հասկանալու այդ բնական զարգացման սկզբունքները։ Եվ նա իր ողջ մանկավարժությունը հիմնեց առանց պարտադրանքի ուսուցման վրա, որը հիմնված էր երեխայի անհատականությունը հարգելու, ինքնուրույնության, նրա անհատական զարգացումը ապահովելու վրա։ Հիմնեց և հաջողեց։ Այժմ 154 երկրում գործում են Մոնթեսորիի մանկավարժությունը կիրառող հաստատություններ։ Եվ այն շարունակում է արդիական մնալ, թեև ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։
Հիմա անդրադառնանք մեր մանկավարժությանը։
Մանկավարժության թույլ օղակը, որը միշտ անհանգստացնում է ուսուցչին, չսովորող, անկարգ, անկառավարելի սովորողներն են։ Ոչ մի խնդիր չի առաջացնում սովորող, պարտաճանաչ, կարգապահ սովորողը։ Եթե մասնագետ ուսուցիչը պատրաստ է և կարողանում է բավարարել ուսումնատենչ սովորողի ուսումնական հետաքրքրությունները, ամեն ինչ ընթանում է անխոչընդոտ։ Բայց էստեղ խնդիրը մասնագիտական է, ոչ մանկավարժական։ Մասնագիտական լավ պատրաստվածություն ունեցող, անընդհատ ինքնակրթությամբ զբաղվող մասնագետը որևէ խնդիր չի կարող ունենալ այս տիպի սովորողների հետ աշխատելիս։ Հեշտ, հաճելի, հետաքրքիր է այս մակարդակի սովորողների հետ ուսումնական գործընթացը։ Եվ յուրաքանչյուր ուսուցիչ երազում է այսպիսի սովորողների կազմ ունենալու մասին։ Այստեղից էլ գալիս է մանկավարժական հայտնի ձևակերպումները՝ լավ դասարան, վատ դասարան, լավ սովորող, վատ սովորող․․․
Մանկավարժական խնդիրներն առաջանում են մյուս` ոչ ուսումնատենչ, կարգապահական, վարքային, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող սովորողների դեպքում։ Այս ժամանակ է, որ անընդհատ նորանոր խնդիրների առաջ ես կանգնում, որ անընդհատ լուծումներ ես փնտրում, որոնք սովորաբար ստանդարտ չեն լինում։ Սրանք խորքային խնդիրներ են, հիմնականում ընտանիքներից եկող, իհարկե նաև երեխայի խառնվածքով բացատրվող։ Այս խնդիրները իրենց բնույթով այդքան էլ չեն տարբերվում հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքային խնդիրներից և երբեմն ավելի բարդ և բազմաքայլ լուծումներ են պահանջում։
Եվ ինչպես Մոնթեսորիի մանկավարժությունը կայացավ հատուկ կարիքով երեխաների կրթությունը կազմակերպելու ինքնատիպ մոտեցումների առկայության դեպքում, այնպես էլ մանկավարժը կարող է կայանալ այս տիպի երեխաների հետ աշխատելու, առաջացած խնդիրները լուծելու և հաջողություններ գրանցելու դեպքում։ Եվ խնդիրների այս ահռելի կույտի մեջ չեն լինում միանման լուծումներ, ինչպես չեն լինում նույնատիպ մարդիկ, նույնատիպ բնավորություններ, նմանատիպ խառնվածքներ ու անհատականություններ։ Յուրաքանչյուր երեխա ունի միայն իրեն հատուկ մոտեցումը, որը երբեք չի նույնականանում այլ լուծումների հետ։
Երբ 27 տարեկանում սկսեցի իմ մանկավարժական գործունեությունը, հայտնվեցի գիտափորձի ենթարկվող 40 հոգիանոց դասարանում, որտեղ առանձնացված էին ուսումնական և կարգապահական խնդիրներ ունեցող երեխաներ։ Սա գիտափորձ էր, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, որովհետև վստահորեն կարող եմ ասել, որ չի կարելի մարդկանց այսպիսի խմբերի բաժանել, պիտակել՝ կարգապահ, ինտելեկտուալ սովորողներ և թույլ ընդունակություններ ունեցող, անկարգապահ սովորողներ։ Ասեմ, որ երկու խմբերի հետ էլ տարբեր ուսումնական տարիներում աշխատել եմ, և երկու տիպի դասարաններում էլ անառողջ մթնոլորտ եմ տեսել՝ ինտելեկտուալները՝ մեծամիտ, ինքնահավան, ծաղրում էին մյուս դասարանի սովորողներին՝ անվանելով նրանց մտավոր հետամնացներ, մյուս դասարանի սովորողները՝ չարացած, կռվարար, պատրաստ հիմնավորելու իրենց անկարգ կարգավիճակը, կռիվ էին տալիս իրենց արժանապատվությունը պահելու համար։
Այս գիտափորձը երկար կյանք չունեցավ։ Եվ դա սպասելի էր։
Կարելի է պատկերացնել երիտասարդ, մանկավարժական որևէ փորձ չունեցող, ուսանողական նստարանից նոր վեր կացած մարդու վիճակը։ Դժվարություններ շատ ունեցա։ Ուսուցիչների համար այդ տարիներին մեծ օգնություն էր տիար Բլեյանի մանկավարժական սեմինարների շարքը, որը հետևողական անցկացնում էր հիմնադիր տնօրենը։ Այդ տարիներին արդեն սկսել էր ձևավորվել հեղինակային մանկավարժությունը։ Եվ գործող ուսուցիչներս այս կամ այն կերպ մասնակից էինք դառնում այդ մանկավարժության կայացման գործընթացին։
Սկսնակ ուսուցչիս համար, դա բավականին մեծ փորձություն էր։ Բայց վստահորեն կարող եմ ասել, որ այդ տարիների փորձը հենց այդ դասարանում գրավականը դարձավ իմ՝ որպես ուսուցիչ կայանալուս։ Խոստովանեմ նաև, այսքան երկար տարիներ աշխատելուց, տասնյակ դասարաններում դասավանդելուց հետո իմ այդ ամենաանկարգ, անկառավարելի, անասելի շատ խնդիրներ ունեցող դասարանը մնաց իմ ամենասիրելի, ամենաջերմ հիշողություններում։ Երևի թե շատ էի ջանք ու եռանդ դրել, սիրտ ու հոգի․․․ Երկար ժամանակ պահպանվում էր մեր մարդկային կապը։ Արդեն ամուսնացած, երեխաներ ունեցող իմ նախկին սովորողներից հաճախ հանդիպման հրավեր էի ստանում։ Հիմա էլ սոցցանցերն են տալիս կապը պահելու հնարավորություն։
Ես համոզված եմ, եթե մանկավարժության մեջ ես որևէ հաջողություն ունեցել եմ, ես պարտական եմ նախևառաջ այդ դասարանի սովորողներին։ Ասեմ նաև, որ նրանք բոլորն էլ հաջողակ մարդիկ դարձան, լավ ընտանիքների հայրեր ու մայրեր։
