Հեղինակ՝ Գայանե Ավդալյան
Լանջաղբյուրի Վ.Ադամյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի
2024 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վերժինե Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում համադպրոցական օր էր․ հրավիրված էին հյուրեր, հյուրերի կազմում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողները։ Նպատակը ծանոթանալն էր, բարեկամանալը և միասին քննարկել տարբեր հետաքրքիր ու կարևոր թեմաներ։ Երբ սովորողները հանդիպեցին, սկզբում մի փոքր լարվածություն կար, բայց այն շատ արագ անցավ, սկսեցին զրուցել իրենց առօրյայի, դպրոցական կյանքի, սիրելի առարկաների և երազանքների մասին։ Բացահայտվեց, որ ունեն շատ ընդհանրություններ՝ թե՛ մտածելակերպով, թե՛ նպատակներով։ Նրանք սկսեցին հետաքրքրվել միմյանցով, և այն, ինչ պետք է լիներ պարզապես մի հանդիպում, վերածվեց իսկական բարեկամության։
Այդ օրվանից երկու դպրոցների սովորողներն արդեն ակտիվ շփվում էին, համատեղ կազմակերպում ճամփորդություններ։ Ամառային արձակուրդներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հյուրընկալվեցին Լանջաղբյուր գյուղում, և միասին բարձրացանք Սպիտակասար՝ արշավի։
Ամեն ճամփորդություն բերում էր նոր տպավորություններ և ծնում էր նոր գաղափարներ։ Այս հանդիպման ազդեցությունը մեծ էր։ Սովորողներն ավելի բաց դարձան, ավելի ինքնավստահ, ձեռք բերեցին նոր ընկերներ, իսկ ուսուցիչներն էլ ավելի ոգևորվեցին համագործակցությունը շարունակելու համար։ Դա դարձավ մի գեղեցիկ սկիզբ՝ ցույց տալով, որ ընկերությունը չի ճանաչում տարածություն, և միասին կարելի է մեծ ու կարևոր բաներ իրականացնել։ Այս համագործակցությունը շարունակական դարձավ, և դրա վառ օրինակն է այն, երբ 2025 թվականի մարտի 4-ից 12-րդ դասարանի սովորող Գոռ Մուրադյանը և ես՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, մասնակցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպված Տիգրան Հայրապետյան օրերին։
Տիգրան Հայրապետյանի «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» գիրքը գրավիչ քաղաքական-փիլիսոփայական հետազոտություն է, այն նվիրված է Ռուսաստանում կայսրության վերածնման միտումներին և դրանց ազդեցությանը՝ ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ հարևան երկրների, հատկապես Հայաստանի վրա։ Գրքի առանցքում կայսրության գաղափարախոսության վերլուծությունն է։ Հեղինակը փորձում է բացահայտել, թե ինչպես Ռուսաստանը, անտեսելով իր ներքին խնդիրներն ու անցումային փուլերը, պահպանում է կայսերական մտածողությունն ու ազդեցության գոտիները։ Այս գործընթացը ներկայացվում է ոչ միայն պատմական ու քաղաքական, այլև փիլիսոփայական տեսանկյունից՝ ցույց տալով, թե ինչպես անցյալը ձևավորում է ներկան և սահմանում ապագայի ուղղությունները։ Նա այս երևույթը նկարագրում է որպես ուրվականի վերադարձ՝ ցույց տալով, որ նույնիսկ փլուզված կայսրությունները կարող են գոյատևել որպես ազդեցության մթնոլորտ և աշխարհայացք։ Հայրապետյանը քննադատական մոտեցում է ցուցաբերում ռուսական քաղաքականության հանդեպ, հատկապես՝ տարածաշրջանային քաղաքականության հարցերում։ Հեղինակը պնդում է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի այդ ուրվականի ազդեցությունից և գտնի իր ինքնուրույն ու արժանապատիվ ուղին։ Տիգրան Հայրապետյանը մերժում է կույր ռուսամետությունը և ընդգծում Հայաստանի ինքնիշխանության կարիքը։ Նա ներկայացնում է այն վտանգները, որոնք բխում են կայսրապաշտ մտածողությունից՝ զգուշացնելով, որ դրա շարունակական ազդեցությունը կարող է խոչընդոտել Հայաստանի քաղաքական զարգացմանը և ինքնուրույնությանն ուղղված ջանքերը։ Նա հստակ ընդգծում է, որ կայսրությունները կարող են դադարել գոյություն ունենալ որպես պետություններ, բայց դրանց հոգևոր և գաղափարական ստվերը շարունակում է ազդել ժողովուրդների վրա։ Դա է պատճառը, որ հեղինակը խոսում է ուրվականի վերադարձի մասին՝ ընդգծելով գաղափարների ազդեցության ուժը։ Այս գիրքը գրված է հրապարակախոսական, երբեմն էլ փիլիսոփայական հագեցած ոճով։ Հայրապետյանը հղումներ է անում պատմությանը, մշակույթին և քաղաքական գործընթացներին՝ միաձուլելով դրանք իր վերլուծության մեջ և բացահայտելով դրանց ազդեցությունը Հայաստանի հարաբերությունների վրա։

