Հոդվածը նվիրված է ազգային ծեսերին, խաղերին և դրանցից բխող ուսումնական նյութերին, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում: Հոդվածում, անշուշտ, չի ներկայացվի այդ ուղղությամբ կատարված ամբողջ աշխատանքը, միայն կառանձնացվեն առանձին դրվագներ:

Սիրում եմ լսել հետաքրքիր պատմություններ, հատկապես, երբ այն պատմում են համով-հոտով, կոլորիտով, կենդանի: Երբ առաջին անգամ լսեցի ծանոթներիցս մեկի պատմությունը՝ Համբարձման ծեսին իրենց կատարածների մասին, տպվեց հիշողությանս մեջ: Հաճախ հիշում էի ու մտածում, որ նա այն երջանիկ մարդկանցից մեկն է, ում բախտ է վիճակվել ապրել մանկուց ինձ ծանոթ հետաքրքիր, հարազատ միջավայրում, իսկ ամենակարևորը՝ մասնակից է եղել ծեսերին: Շատերն են պատմել իրենց գլխին եկածը, բայց առաջին անգամ էի լսում ծիսական պատում, իմ մտքով անգամ չէր անցել, որ ինձ ծանոթ, ինձ հարազատ մարդիկ ծիսական կյանքով են ապրել, խաղացել: Կարծում էի, որ ծիսական կյանքով ապրել են շա՜տ առաջ, երբ դեռ իմ ծնողներն էլ չկային: Մի անհագ ցանկություն առաջացավ էլի այդպիսի պատմություններ, հիշողություններ լսել: Երբ նույն ծանոթիս խնդրեցի նորից պատմել, կաշկանդվեց, իր ասածներից որոշ բաներ չհիշեց, որոշ հատվածներ էլ հրաժարվեց պատմել, իսկ տեսախցիկի առաջ կերպարանափոխվեց ու դարձավ լրիվ ուրիշ մարդ: Հայ կնոջ ամոթխածությունը թույլ չի տալիս պատմել, ըստ իրենց մտածողության՝ ամոթալի դրվագներ, որոնք, սակայն, ամենակարևորն են ու իսկականը, համուհոտը, առանցքայինը այդ ամենի մեջ: Փոքրաքանակ խմբի մոտ հումորով, մի տեղ էլ պարծենկոտ հիացմունքով կպատմեն, մի քիչ էլ կզարդարեն բարբառային հետաքրքիր արտահայտություններով, բայց այլ միջավայրում կկաշկանդվեն ու ծպտուն չեն հանի:

Այսպես ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ սկսել մի կարևոր, բայց բավական դժվար ու ծավալուն գործ՝ ազգային այն ամենը, ինչը դեռ մնացել է, փնտրել, գտնել, տեսագրել, ձայնագրել, որը շատերն են արել և շարունակում են անել, որը միշտ էլ ցանկացել եմ անել, արել եմ, բայց  անընդհատ կիսատ է մնացել… Չեմ ասի, որ առաջինն եմ, ճիշտն ասած՝ չեմ էլ կարևորում: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի և իր քարը դնի ընդհանուր գործի մեջ: Ես հասկացա, որ կենդանի խոսքը, կենդանի կատարած գործողությունը, երգը կրողի կատարումը, խաղը խաղացած մարդու ցուցադրումն ավելի խոսուն է, քան հազարավոր գրքերում ներկայացրածները, որոնցում չես առնի կաթի հոտը, տատիդ ջերմությունը, թոնրի մեջ ոտքերդ կախելու գերագույն հաճույքը, ձորում գոլի մեջ լողանալու ու տաք սլիկ քարին պառկելու մեծագույն բավականությունը: Եթե այդ ամենը պատմում է ստեղծողը, այդ միջավայրի մարդը՝ բարբառով, ժողովրդական համով արտահայտություններով, միջավայրին հատուկ մտածելակերպով, եթե այդ ամենը ցուցադրում է այդ կյանքով ապրողը, իհարկե, լսողին, դիտողին ավելի հասկանալի է, ընկալելի, ցանկալի լսելը, պատմողի հետ այդ ամենը կատարած մարդու զգացածը  վերապրելը:

Նախ կազմեցի նախագիծ՝ «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին՝ նոր կյանք», ու սկսեցի իրագործել: Ստեղծեցի փաթեթ, որտեղ հավաքեցի բոլոր այն տեսանյութերը, որոնք նախօրոք արված էին. 

«Ծիսական ատրիբուտներ, Չարխափան»
«Դեպի Բարեկենդան, Մանկական խաղեր» 
«Վարդավառ»
«Վարդավառ, Խաչբուռ»
«Համբարձում, Ծաղկամայր»
«Ազգային ծեսեր, Համբարձում»
«Բարեկենդան, մանկական խաղեր»
«Տեառնընդառաջը Հիմնական դպրոցում»
«Ամանորյա ծիսական պարագա, Չարխափան»
«Մանկական խաղ, Ժնջիլ, ժնջիլ»
«Մանկական խաղ, Կլոր պար»
«Զատկական խաղեր, Չիք-չիք, Աղամ»

ապա տարվա ընթացքում լրացրեցի նորերով`
«Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում»
«Ամանորյա տրամադրություն»
«Բուն Բարեկենդան»
«Բարեկենդան օրեր են»
«Տերնդեզ, փեշդ վառե»
«Զատիկ» 
Համբարձումը Շիրակի մարզում-1:

Որպեսզի տեսագրվողները կամ ձայնագրվողները չկաշկանդվեն, զգուշացրի, որ այն ամենը, ինչ չեն կամենա հրապարակել, կմոնտաժեմ, միայն թե պատումը լինի բնական, այնպես, ինչպես սովորաբար պատմում են: Կարծում եմ՝ ստացվեց, ես, բնականաբար, կատարեցի և կշարունակեմ կատարել խոստումս: Հիմնականում առաջնորդվել եմ անհատական հարցման մեթոդով:

Հավաքչական աշխատանքը կատարելուց և մասնակիորեն տեսքի բերելուց հետո, հարկ էր, որ այն մտներ ուսումնական միջավայր: Այս տարի ծեսերն աշխատեցինք իրականացնել ոչ թե նախօրոք գրված սցենարով, այլ հնարավորինս բնական, ազատ միջավայրում, որտեղ յուրաքանչյուրը կներկայանար առանց լարման, կկատարեր այն՝ ինչը գիտի, կսովորեր այն՝ ինչը չգիտի, իրեն կզգար ընդհանուրի կարևոր մասնիկը, կուրախանար, երջանիկ պահեր կունենար, որտեղ գործունեության բավական շատ ձևեր իրար հետ համադրված կստեղծեին մարդու համար կարևոր, ցանկալի, սպասված գործողությունների շարք՝ նվիրելով այդ ամենից ակնկալված հաճելի, երանելի, հուզական փունջ:

Մեծ ուրախություն պատճառեց Հիմնական դպրոցի դասվար Տաթև Մելքոնյանի նախաձեռնությունը՝ ազգային-բակային խաղերի գրառումն ու տեսագրումը սովորողների հետ, սովորողների միջոցով՝ «Ազգային բակային խաղեր» նախագիծ , Ազգային խաղեր»: Ցանկալի կլինի, որ մյուսներն էլ միանան այս նախաձեռնությանը, ավելացնեն, լրացնեն դեռ մարդկանց հիշողության մեջ մնացած ազգային-բակային խաղերը և մեր սերունդներին թողնեն կարևոր ժառանգություն:

Ինչպես եմ պատկերացնում ազգային ժառանգությանը նոր կյանք տալու ճանապարհը.

1. գտնել նյութը.
2. վերականգնել՝ եթե հնարավոր է.
3. ներկայացնել նոր տեսքով՝ չվնասելով բնօրինակը:

Ինձ համար շատ կարևոր է պահպանված նյութի հավաքագրումը, որը, կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է մեր սերունդների առաջ: Իմ թոռնիկը, որի երկու տարին նոր է բոլորել, չի հոգնում ինձ հետ մեր ազգային ձեռնախաղերն ու մանկական խաղերը խաղալուց: Նույնը կարող եմ ասել կրթահամալիրի նախակրթարանի սաների ու կրտսեր դպրոցի սովորողների դեպքում: Այս առիթով մեծ սիրով ուզում եմ նշել Սոֆյա Գրիգորյանին, ով հավաքել, կյանքի է կոչել բավական մեծ թվով մանկական խաղեր, ձեռնախաղեր՝ «Մամի, մամի, կրակ կտա՞ս» , Մանկական խաղեր , Մանկական խաղեր -2 ,  Զատկական ծիսական խաղեր, Աիդա Պետրոսյանին, ով մեծ դեր է խաղացել կրթահամալիրում ազգայինի պահպանման ու տարածման գործում, ում հետ մեծ ոգևորությամբ աշխատում ենք և կշարունակենք աշխատել:

Արթուր Շահնազարյանը նշում է, որ բոլոր զարգացած երկրներում ազգայինին շատ մեծ տեղ է տրվում ու գնահատվում: Կեցցեն նրանք, իսկ մենք ինչպե՞ս ենք վերաբերվում մեր ազգային ժառանգությանը: Ի ուրախություն բոլորիս, մեր կրթահամալիրում այդ հարցը վաղուց լուծված ու կյանքի է կոչած: Հակառակ դեպքում ես այսպիսի խանդավառությամբ ու համարձակությամբ չէի կարողանա սկսել այս գործը: 

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով