Արդեն ամենամյա դարձած մայիսյան հավաքները ոչ միայն պարտավորեցնող են, այլև սպասված են դարձել: Ուսումնական տարվա սկզբին հոկտեմբերյան հավաքով յուրաքանչյուր դասավանդող իր առջև ծրագրեր, նախագծեր, նպատակներ ու խնդիրներ է դնում, հետո սկսում դրանց իրականացման գործընթացը, և մայիսյան հավաքներն են, որ արածդ հավաքելու, ամփոփելու, չարածդ տեսնելու, բացթողումներն արձանագրելու և մեր գործում փոքրիկ հայտնագործություններ ունենալու հնարավորությունն են տալիս: Իմ այս հոդվածով նպատակ ունեմ ներկայացնելու ոչ միայն այս ուսումնական տարվա, այլև արհեստների դպրոցում վերջին երկու տարիների իմ աշխատանքային գործունեությունն ու արձանագրած արդյունքները:
Առիթ ունեցել եմ աշխատանքային գործընթացը, առանձին նախագծերի ընթացքըն երկայացնող հոդվածներ 1, 2, 3 գրելու, ուստի արդեն ասվածին չեմ անդրադառնա, կփորձեմ արձանագրել այն արդյունքներն ու փոքրիկ հայտնագործությունները, որ եղել են այդ ընթացքում: Սովորողները ևս կպատմեն իրենց կատարած աշխատանքներից և կներկայացնեն արդյունքներն ու ձեռք բերած հմտությունները:
Անվիճելի է, որ քոլեջ արհեստների դպրոցում սովորող ամեն մի աշակերտ փոքրիկ, բայց նկատելի հաջողություններ ունի համակարգչային գրագիտության, բլոգավարության, էլեկտրոնային փոստի գործածության ասպարեզում: Համակարգիչը՝ որպես ամենօրյա աշխատանքային գործիք կիրառելը, դասավանդման գործընթացը համակարգչի միջոցով կազմակերպելը, դրա արդյունքում սովորողի ստեղծական աշխատանքը՝ որպես արդյունք այլընտրանքային ուսուցման բաղադրիչ դիտարկելը այսօր մեզ հնարավորություն են տալիս դրանք ձեռքբերում համարելու: Անցյալ ուսումնական տարվա ընթացքում իրականացրած «Մկրտիչ Պեշիկթաշլյան», իսկ այս տարվա «Կոմիտաս 145» երկարաժամկետ նախագծերը լավագույն առիթն էին բազմապլան աշխատանքներ իրականացնելու համար: Եթե «Եղբայր եմք մեք», «Մի գեղեցիկ պարզ գիշեր» և կոմիտասյան այլ երգերի ուսուցումը, նրանց մասին առանձին նյութերի ընթերցումը, համացանցում որոնողական աշխատանքներ իրականացնելու հմտությունների ձեռքբերումը կազմակերպել եմ թե’ արհեստների և թե’քոլեջի սովորողների հետ, ապա գրական ստեղծագործությունների՝ այդ թվում Պեշիկթաշլյանի մանկավարժական ու հասարակական գործունեությանը վերաբերող գրականության, Մուշեղ Գալշոյանի «Սպասում», Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին» ստեղծագործությունների ընթերցման, դրանցից բխող առաջադրանքների կատարման, ռադիոնյութերի, տեսաֆիլմերի պատրաստման աշխատանքները՝ միայն քոլեջի ուսանողների հետ՝ որպես պայման ընդունելով նրանց հետաքրքրություններն ու ընդունակությունները:
«Շուտով մեկ տարի կլինի, որ սովորում եմ կրթահամալիրի քոլեջում,– պատմում է Արմեն Օհանյանը: Ի՞նչ է տվել ինձ այս ուսումնառությունը: Ես հմտացել եմ համակարգչային ծրագրերում, ձեռք եմ բերել մի քանի ծրագրերով աշխատելու կարողություն: Արդեն կարող եմ ռադիոնյութեր պատրաստել, ֆիլմեր սարքել, ավելի փորձառու եմ դարձել,և մի բան անելն ինձ ավելի հեշտ է տրվում, քան մի տարի առաջ: «Կոմիտաս 145» նախագիծն իրականացնելիս հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ճանաչելու Կոմիտասի կերպարը, լսեցի, ընտրեցի կոմիտասյան մեղեդիներ ֆիլմի համար: Կրթահամալիրյան այս միջավայրը ինձ շատ բան է տալիս և շարունակում է տալ»:
Ավագ դպրոցի սովորողի աշխարհայացքն ու կյանքից ստացած տպավորություններն առավել ընդգրկուն են, սակայն շատ կարևոր է, որ սովորողը փոխանցել կարողանա տեսածն ու լսածը, զգացածն ու ապրածը: Խոսքի մշակույթի դասերը միտված են թե’գրավոր թե’ բանավոր խոսքի այս հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Տեսածի, լսածի, արածի մասին ազատ, անկաշկանդ պատմելու հնարավորություն են տալիս սովորողի արած ամենօրյա ռեպորտաժները Սեբաստացի ռադիոյի համար, մտքին եկածը գրավոր շարադրելու լավ առիթ են դառնում կրթահամալիրում իրականացվող հանդիպումները, ուսումնական ճամփորդությունները, ամենատարբեր թեմաներով առաջարկված շարադրանքները:
Անի Հարությունյանը, ամփոփելով երկու տարիների իր աշխատանքը, գրում է. «Առաջին տարին չէ, որ անցնում եմ «Խոսքի մշակույթ» առարկան: Սակայն եթե անցած տարի ես դժվարանում էի հայ և արտասահմանյան հեղինակների գործերը վերլուծել և իմ կարծիքը հայտնել, ապա այս տարի ես ինձ վրա լուրջ փոփոխություններ եմ զգում: Անցած տարի մենք անցանքԷռնեստ Հեմինգուեյի «Հնդկացիների գյուղը», Քնյութ Համսոնի «Նվաճողը»,Ումբերտո Էկոյի «Նամակ թոռնիկիս» և արտասահմանյան հեղինակների այլ գործեր: Դրանից բացի՝ մենք վերլուծել ենք Վիկտոր Համբարձումյանի «Կտակը», իրականացրել «Մկրտիչ Պեշիկթաշլյան», 1, «Ես կարողանում եմ» նախագծերը: Սկզբում բողոքում էի, երբ պատվելի Թամարը հանձնարարում էր ստեղծագործությունները վերլուծել, սակայն հետագայում հասկացա, որ դա իսկապես շատ կարևոր է` կարողանալ արտահայտվել գրելու միջոցով: Հիմա, երբ մի տարի ետ եմ դառնում, զարմանում եմ, որ այդքան դժվարանում էի նյութեր լուսաբանել, մինչդեռ այսօր ես, երբ փակվում ու նստում եմ իմ սենյակում, սկսում եմ գրել և անընդհատ գրել: Շատ անգամ գրելուց առաջ մտածում եմ՝ ինչ եմ այսքան գրելու, բայց երբ գրում եմ, դժվար եմ կտրվում այդ գործից: Իրադարձությունները լուսաբանել սովորելը ինձ շատ օգնեց: «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և նրան կից գործող ընթերցասրահների հանդիպումները՝ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին», «Տիգրան Հայրապետյանի օրեր», և առհասարակ կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելը այժմ ավելի հեշտ է դարձել ինձ համար: Այս և անցյալ տարի մենք անցանք նաև Տերյան, Թումանյան, Չարենց, որոնց գործերը ևս վերլուծեցինք, նաև անգիր սովորեցինք: Կարծում եմ, եթե անգամ ժուռնաիստիկայի ֆակուլտետում չսովորենք էլ, կրթահամալիրը մեզ արդեն դարձրեց հմուտ լրագրող»:
Քրիստինե Ասատրյան. «Չեմ կարող չնշել, որ անցած տարի ավելի շատ էինք աշխատում: Պատճառն այն է, որ հանդիպում էինք ամեն օր: Իսկ հիմա շաբաթական ընդամենը մեկ անգամ երկու դասաժամով, ինչը լավ չէ: Անցած տարվա ընթացքում սովորել եմ ավելի շատ բաներ, ձեռք եմ բերել շատ հմտություններ: Ավելի ծավալուն աշխատանքներ եմ կատարել, վերլուծություններ արել: Շատ գործեր, որոնք այս տարի ինձ համար սովորական են դարձել, մեկ տարի առաջ բարդ էին: Աշխատեցինք այնքան, որ հմտացանք: Այդ գործերից մեկն է օրինակ՝ բլոգավարությունը: Մեկ տարի առաջ ամեն աշխատանքից հետո դասավանդողը ստիպված էր հիշեցնել, որ արվածը անպայման տեղադրենք բլոգում: Իսկ հիմա հիշեցնելու կարիք այլևս չկա, որովհետև սովորական երևույթ է դարձել ամեն աշխատանքից հետո թարմացնել բլոգը»:
Մարիամ Մանասերյան. «Այս երկու տարվա ընթացքում ես սովորել եմ ավելի գրագետ խոսել, մտածել և խոսքս ավելի հստակ արտահայտել: Առաջ թերանում էի այս առարկայից, բայց հիմա վստահ եմ դարձել, ամենխնդիր կարող եմ հարթել: Գրավոր խոսքի մեջ էլ եմ փորձել ուժերս և համոզվել, որ անցած տարվա համեմատ առաջընթաց ունեմ: Ինձ վրա զգում եմ, որ առաջ չէի կարողանում գրագետ շարադրել միտքս և օգնություն էի խնդրում ուսուսչուհուցս, բայց հիմա մենակ եմ իրականացնում թե´ շարադրանքս, թե´ խոսքս և թե´ այլ բաներ: Բլոգավարության մեջ էլ հաջողություններ ունեմ»:
Սրբուհի Պետրոսյան. «Արդեն երկու տարի է՝ սովորում եմ արհեստների դպրոցում և այս ամբողջ ընթացքում ես նկատելիորեն հմտացել եմ. հղկվել է իմ բանավոր խոսքը, ամրապնդել եմ գիտելիքներս, հիմա համացանցից հեշտորեն եմ օգտվում, ավելի հմուտ եմ բլոգավարության մեջ, ռադիոնյութեր պատրաստելիս վարժ կարդում և արտահայտում եմ մտքերս»:
Մերի Մարտիրոսյան. «Երկու տարիների ընթացքում ես ծանոթացել եմ շատ հեղինակների կյանքին ու ստեղծագործություններին, գրել շատ աշխատանքներ: Անցած տարի ինձ թվում էր, թե դժվար է վերլուծել ստեղծագործությունը, ինչ-որ բանի մասին գրելը, պատմելը, բայց շատ անգամ փորձելով հասկացա, որ դա այդքան էլ բարդ գործ չէ, կարելի է ասել, որ ես արդեն հմտացել եմ նմանատիպ աշխատանքներում: Կարողանում եմ փոքրիկ տեսաֆիլմեր պատրաստել: Վերջին տեսաֆիլմս նվիրված էր Եղիշե Չարենցին: Սիրում եմ համացանցում որոնումներ անել, հետաքրքիր նյութեր հայտնաբերել»:
Իբրև դասավանդող՝ մի կարևոր ձեռքբերման մասին էլ եմ ուզում խոսել: Խոսքս «Արհեստագործ» ամսագրին է վերաբերում: Ամսագիր ստեղծելու գաղափար վաղուց եմ ունեցել, բայց միայն այս տարվա փետրվարին ձեռնարկեցի դրա հրատարակումը: Պիտի խոստովանեմ, որ սիրով եմ ձեռնարկել այս գործը, գործ, որն ամենատարբեր հետաքրքրություններ է ներառում իր մեջ թե’ իմ, թե’ սովորողների համար, և հնարավորություն ու ակնկալիք ունի ամսագրի աշխատանքներին ավելի ու ավելի շատ սովորողների ներգրավելու: Ամսագրի էջերում տեղ են գտնում արհեստների դպրոցի բոլոր մասնագիտություններին առնչվող նյութեր, անգլերենից, ռուսերենից թարգմանվում, մուտքագրվում, պատրաստվում են նյութեր՝ նվիրված արհեստների պատմությանը, ամսագրում տեղ են գտնում արհեստների հետ առնչություն ունեցող տեսանյութեր, մեր մասնագիտական արհեստանոցների աշխատանքը լուսաբանող ֆոտոշարքեր ու ֆիլմեր, զրույցներ, աշխարհի տարբեր ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, փոքրիկ մասնագիտական բառարաններ և այլն:Ամսագրում տեղ գտած հրապարակումները հարմար նյութ են դասրանային ընթերցանության, քննարկումների և այլ աշխատանքների համար: Շատ կարևորում եմ, որ յուրաքանչյուր սովորող իր մասնագիտությանը առնչվող նյութերով հանդես գա: Սա լրացուցիչ հնարավորություն է թե’ միջառարկայական կապերը և թե’ երկու դասավանդողների՝ իմ ու մասնագիտության վարպետի գործունեությունը կոորդինացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Եկել է տեղը նաև շնորհակալությունս ասելու իմ կոլեգաներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով սատարում են ամսագրի գործունեությունը:
Սիրում եմ նախագծային ուսուցում իրականացնել: Նախագիծ մշակելիս երբեմն չես էլ պատկերացնում, թե ինչ անսպասելի անցումներ կարող են լինել, որտեղից ուր կհայտնվես, ինչ բացահայտումներ կանես, բայց, կարծում եմ, մեր գործում հենց այդպես են ծնվում մանկավարծական փոքրիկ հայտնագործությունները: Իմ մի քանի փոքրիկ հայտնագործությունների՝ գտածս մեթոդական հնարքների մասին եմ ուզում խոսել: Անցյալ տարի՝ «Տերյան» նախագիծն իրականացնելիս, հիշելով լուսահոգի դասախոսիս՝ Ռաֆայել Իշխանյանին, գուցե մի քիչ շատ ոգևորվեցի ուՏերյանից մի քանի բանաստեղծություններ ավելին հանձնարարեցի քոլեջի կուրսերից մեկում: Տրտունջներ եղան, ու քանի որ այդ օրերին կարդացել էի Ումբերտո Էկոյի՝ թոռնիկին ուղղված նամակը, առաջարկեցի, որ ուսանողներն էլ կարդան: Ումբերտո Էկո և Վահան Տերյան, առաջին հայացքից, թվում է, ինչ կապ ունեն, բայց հենց իտալացի հեղինակի մտքերը նախ քննարկման ու բանավեճի, ապա հետաքրքիր եզրահանգումների առիթ դարձան: «Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս (մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է… Կերտի´ր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգի´ր սովորիր «Կայտառ Թերեզան»,– ասում է իտալացի գրողը:
Իսկ «Կոմիտաս 145» և «Մկրտիչ Պեշիկթաշլյան» նախագծերն իրականացնելիս մտքովս չէր էլ անցնում, որ ազգային բարերարների (Ալեքսանդր Մանթաշյան, Ալեք և Լուիս-Սիմոն Մանուկյաններ, Միքայել Արամյանց, Գալուստ Գյուբեկյան) կամ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի մասին մեր որոնումներն այդքան հեռուն կհասնեն՝ հետաքրքրություն պատճառելով սովորողներին:
Անշուշտ, արդյունքների, ձեռքբերումների կողքին կան նաև չստացված բաներ, կիսատ, հապճեպ արված գործեր: Բայց, էլ ինչ աշխատանք, որ սրբագրման կարիք չունենա:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան