Բոլորի համար ընդհանուր չափանիշը կրթական գործի ամենալուրջ արգելակն է։

Մարդը շարունակ գնահատում է իր շրջապատը, ընկերներին, իր սեփական արարքները։ Գնահատելն ինքնիրեն է լինում. ոչ ոք չի մտածում՝ ինչի համար ինչ գնահատի։ Բայց գնահատում է ըստ իր սեփական արժեքների, հանրամատչելի ասած՝ իր տեսանկյունից։ Եվ որոշում է՝ ինչ վարք դրսևորի այս կամ այն երևույթի նկատմամբ։ Այսինքն՝ գնահատելով շրջապատը՝ որոշում է իր իսկ վարքը։

Երբ գնահատում ենք սովորողին, ի՞նչ ենք ակնկալում դրա արդյունքում։

«Գնահատանիշը մարդուն նվաստացնելու միջոց է»։ Անդրեյ Մաքսիմով

Սովորողի համար գնահատականը մեծերի՝ իր նկատմամբ վերաբերմունքի արտահայտությունն է։ Լավ վերաբերմունքի արժանանալու համար պիտի լավ գնահատական ունենալ, և դրա համար ամեն ինչ անում են՝ երբեմն խտրություն չդնելով միջոցների մեջ։ Այդտեղից է բխում գնահատականով մանիպուլացիան։ Գնահատականը նաև մարդու արժանավորության չափանիշն է դառնում տվյալ հանրույթում, և դա ազդում է սովորողի ինքնագնահատականի վրա։ Ուսուցչի «հեղինակավոր» գնահատականը դրոշմ է դառնում ամեն սովորողի ճակատին։

Այնինչ գնահատել պետք է ոչ թե սովորողին, այլ ուսումնառության արդյունքները, այն էլ՝ կրթությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Բայց ի՞նչ չափանիշներով գնահատենք։

Չափորոշիչներ

-Ես Սևակ եմ սովորել։ Կլինի՞՝ Սևակ արտասանեմ։
-Բայց ես Տերյան եմ հանձնարարել։ Հիմա Տերյան ենք անցնում։
-Տերյան չեմ սովորել։ Բայց Սևակ սովորել եմ….
-Չէ, անբավարար ես ստանում, որովհետև Տերյան չես սովորել…

Մարդը զարգանում է իր կարիքներին, իր հնարավորություններին ու հետաքրքրություններին համապատասխան։ Բայց կրթական համակարգը որոշում է, թե որ ժամանակահատվածում նա ինչ և ինչքան պիտի սովորի։ Ու սահմանում է չափորոշիչներ՝ ելնելով լավագույն դեպքում միջին վիճակագրական սովորողի հնարավորություններից։ Հնարավո՞ր է, որ ստեղծված չափանիշը հարմար չլինի մի շարք սովորողների։ Կարծում եմ՝ հնարավոր է։ Բայց չափորոշիչը չափորոշիչ է. չես բավարարել՝ անբավարար ես ստանում։ Նույնիսկ անդրադարձ չի արվում, թե մեր սահմանած-չափորոշած այդ նեղ կետից դուրս սովորողն ինչ գիտի, ինչ է կարողանում և ինչն է կարևորում։

Բոլորի համար ընդհանուր չափանիշը կրթական գործի ամենալուրջ արգելակն է։ Դրան բավարարելը դառնում է թե՛ դասավանդողի, թե՛ սովորողի գլխավոր նպատակը։ Եթե նույնիսկ դպրոցահասակ երեխաները ուրիշ հետաքրքրություններ են գտնում, չեն էլ մտածում դրանք դպրոցի հետ կապելու մասին։ Եվ դպրոցը դառնում է պարտականություններ կատարելու տաժանավայր, փոխանակ ապրելու ու ազատ զարգանալու ամենահարմար ու ապահով հարթակը լինի։ Նույնիսկ «Մխիթար Սեբաեստացի» կրթահամալիրում, որտեղ սովորողի անհատական ուսումնական պլանը ճկուն ներառում է (կարող է ներառել) սովորողի ուսումնական գործունեության բոլոր ձևերը, սովորողները միշտ չէ, որ ինքնուրույն բերում էին իրենց ուսումնական հետաքրքրությունները անհատական պլան. դրա համար բավականին ժամանակ և ջանքեր պետք եղան, և չենք կարող հարցը լուծված համարել։  

Առաջադեմ մանկավարժների մեծ մասը պնդում է, որ սովորողի զարգացումը պետք է չափել ոչ թե ընդհանուր նշաձողով, այլ ըստ նրա անցած ճանապարհի։ Այսինքն՝ սովորողին համեմատել հենց իր հետ, ոչ թե ուրիշ սովորողների։ Բայց պետական չափորոշիչները, միևնույն է, առանցքային ու հաստատուն տեղ ունեն կրթական գործի կազմակերպման մեջ։

Կրթական բարեփոխումների հիմքում, եթե կուզեք, հենց ամեն տեսակ ընդհանրական չափորոշիչի բացառումը պիտի լիներ։ 

Այնուամենայնիվ՝ գնահատում

Կրթությունն էլ, ինչպես ամեն մի բնագավառ, առաջընթաց պիտի ապրի։ Դրա համար հարկավոր է գնահատել, թե որքան արդյունավետ է կազմակերպվել այն որոշակի ժամանակահատվածում։ Բայց այս դեպքում անթույլատրելի է սովորողին թիրախ դարձնելը, մանավանդ մեղադրելը նրան, ինչ էլ լինի, թեպետ հենց նրա միջոցով է ուսումնասիրվում խնդրո առարկան։

Կրթական գործի արդյունավետության չափումը թվերով, նորություն չէ, որ անարդյունավետ է։ Շատ ավելի հետաքրքիր ու մոտիվացնող կլիներ, եթե, օրինակ, ճամբարային ուսումնական շրջան լիներ, ստեղծեին այնպիսի խաղ-պայմաններ-իրական գործունեություն, որոնց ժամանակ հարկ կլիներ օգտագործել սովորածը։ Թիմային խաղերի ժամանակ սովորողն իրեն նվաստացած չէր զգա ինչ-որ բան թերի թողած լինելու համար, բայց և ուշադիր փորձագետի աչքը կնկատեր՝ ինչն է բաց մնացել, ինչն է հարկավոր այլ կերպ անել։ Սովորողն էլ հենց նման պայմաններում իրեն ավելի ազատ զգալու համար կլրացներ չիմացածը, կարողությունները հղկելու քայլեր կաներ։

Գնահատումը թվանշանով (իմ փորձարկումը)

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիրը որքան պահանջկոտ է դասավանդողի նկատմամբ, նույնքան էլ հնարավորություն է տալիս նրան՝ ստեղծական լինելու, փորձարկումներ անելու։

Հանրության մեջ գնահատանիշն այսօր դեռ միակ սպասվածն է ու հասկանալին։ Դրա համար, օգտվելով ինձ տրված հնարավորությունից, փորձարկում եմ սովորողի ինքնագնահատման մի մեթոդ։ Սովորողներին առաջարկում եմ, օրինակ, լրացնել մի հարցաթերթ (google-ի տարածքում), որտեղ հաշվետվության ձևաչափով սովորողը նշում է, թե այդ ժամանակահատվածում ընդհանուր ուսումնասիրման համար առաջարկված նյութերից որն է կատարել։ Պահանջվում է գրառում՝ վերլուծություն, վերաբերմունք, էսսե, պարզապես մեջբերումներ կամ այլ աշխատանք, որ դասարանում կատարել ենք կամ չենք հասցրել կատարել, բայց արժեր, որ լիներ։ Այդ աշխատանքները տեղադրված են (եթե կան) սովորողի բլոգում, որին հղում պիտի անի թերթը լրացնողը։ Նպատակը սովորողի ուշադրությունը հրավիրելն է որոշակի ժամանակահատվածում իր արածի, իր անցած ճանապարհի վրա։ Սովորողն անդրադառնում է, եթե մինչ այդ ինչ-որ բան չի կատարել, եթե գրառում չունի, գրառում է, իսկ եթե չի արել, որովհետև չի հավանել, այդպես էլ թողնում է։ Հարցաթերթը, ի նկատի ունենալով սովորողի ընտրության իրավունքը,  կետ ունի սովորողի նախաձեռնությամբ կատարած աշխատանքի մասին, որի վերաբերյալ նույնպես պիտի որ որևէ գրառում արած լիներ իր բլոգում։ Գրառումը առիթ է, որ սովորողը վերաբերմունք, դիրքորոշում արտահայտի, մշակի տվյալ դեպքում գրավոր խոսքը, մեջբերումներ անի՝ կարևորելով ինչ-ինչ մտքեր։ Սա նպաստում է նաև, որ ինքը գնահատի իր արածը, սովորածն ու ստացածն արժևորի, հասկանա՝ ինչ-որ բան փոխվե՞լ է իր մտածողության ու աշխարհայացքի մեջ։ Հարցաթերթը ուշադրություն է հրավիրում նաև գործունեության վրա, որը, ըստ էության, տվյալ բնագավառում սովորածի գործնական կիրառությունն է (հայոց լեզվի դեպքում՝ լրաքաղը, լուսաբանումը, աուդիոլրատվությունը, աուդիոթատրոնը, թարգմանությունը և այլն)։

Հարցաթերթի վերջում սովորողին առաջարկվում է գնահատել իր մեկամսյա աշխատանքը 10 միավորանոց սանդղակով։ Սա նախ՝ բացահայտում է սովորողի ինքնագնահատականը։ Երկրորդը՝ նրա ուշադրությունը հրավիրում է իր արած աշխատանքի ծավալի վրա։ Միշտ չէ, իհարկե, որ իմ գնահատականը համընկնում է սովորողի ինքնագնահատականի հետ, բայց սովորողի ինքնագնահատումը  հիմք է տալիս հասկանալու նրա սպասելիքն ու նախասիրությունը, նրա հետ աշխատանքը համապատասխան ուղղությամբ տանելու։ Սովորողի ինքնագնահատականի և դասավանդողի գնահատականի չհամընկնելու դեպքում անպայման քննարկում ենք։ Իսկ եթե ինքնագնահատականն ավելի ցածր է, լուռ ու երկար մտածելու տեղիք է տալիս։  

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով