6-րդ դասարանում ամենամյա «Էկոտուր» մրցույթին ընդառաջ փորձեցի սովորողներին նախնական տեղեկություններ տալ «Էկոլոգիա» գիտության մասին, պատրաստել նրանց իրենց չափաբաժնով մասնակցելու Էկոտուր – 2014 ամենամյա մրցույթին։ Քննարկեցինք Երկիր մոլորակի էկոլոգիական արդի խնդիրները, թվարկեցինք, թե ինչը կարող է հանգեցնել էկոլոգիական խնդիրներին, գնահատեցինք մարդու դրական և բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և այլն։ Այնուհետև դիտեցինք Տիլ Նովակի «Առաքում» մուլտֆիլմը և քննարկեցինք:
Այս ամենից հետո ժամանակն էր սովորողների ուշադրությունը սևեռելու ՀՀ արդի բնապահպանական խնդիրների վրա։ Համանուն նախագիծ կազմեցի։ Մտածում էի, թե փոքր են, գուցե լավ չպատկերացնեն, չնայած ուսումնա-հայրենագիտական արշավների ժամանակ միշտ խոսել ենք այն վայրի բնապահպանական խնդիրների մասին, ուր գնացել ենք։ Ի զարմանս ինձ, ճիշտ հակառակը եղավ: Հետաքրքիրն այն էր, որ չնայած ես՝ որպես ուսուցիչ, բացարձակ տեղեկություն չէի տվել Հայաստանի կամ Երևանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ, չէի քննարկել ոչ մի թեմա, երևույթ, սովորողները բավական արագ և հստակ կողմոնորոշվեցին թեմաների շուրջ:
Նպատակը՝ սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի արդի էկոլոգիական, բնապահպանական խնդիրներին և նախագծի վերջում իրենք են առաջարկում այդ խնդիրների լուծման ուղիները:
Նախագիծը բաղկացած էր երեք փուլից.
Առաջին փուլ՝ ներածություն, ծանոթացում, տեղեկությունների հավաքում ինտերնետից, ծնողներից, տատիկ-պապիկներից, հարևաններից և տարբեր գրականությունից:
Երկրորդ փուլ՝ նյութի յուրացում, առցանց քննարկումներ, ինքնուրույն կազմում են ՀՀ-ի՝ իրենց կարծիքով հրատապ բնապահպանական խնդիրների ցանկը. Նշանակալից էր Նարեկ Սարգսյանի ներկայացրած «Թեղուտ», «Սևան», «Երևանի անապատացում», «Անտառների ոչնչացում» աշխատանքները, Ատոմ Ոսկանյանի «ՀՀ արդի բնապահպանական խնդիրները», Մարիամ Խաչանյանի «Անտառահատումը»:
Երրորդ փուլ՝ նյութի հրապարակում, տեսահոլովակի և տեսանյութի, շնորհանդեսի պատրաստում, հրապարակում, որտեղ սովորողը պետք է ցույց տա այդ խնդիրների լուծման ուղիները: Նախագծի լավագույն աշխատանքները ներկայացվելու են «Էկոտուր 2014» մրցույթին:
Սովորողները սկսեցին պրպտել համացանցում, հարցնել մեծերին, թե ինչը կամ որ երևույթը կարող է էկոլոգիական խնդիր լինել և այլն: Ըստ սովորողների ներկայացրած նյութերի՝ ՀՀ-ի և Երևան քաղաքի էկոլոգիական խնդիրների տասնյակը հետևյալն էր.
- Սևանա լիճ
- Թեղուտ
- Թռչկանի ջրվեժ
- Անտառահատում
- ՀՀ մթնոլորտի աղտոտվածություն
- Երևան քաղաքի կանաչապատում՝ կանաչ գոտիների ստեղծում
- Աղմուկ
- Աղբ
- Անապատացում՝ անիմաստ շենքերի կառուցում, Հրազդանի կիրճի պահպանում
- Հին Երևանի վերականգնում և պահպանում։
Նախագծի թեմաներից պետք է առանձնացնեմ Երևան քաղաքի, ըստ սովորողների կարծիքի, էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, անապատացում, կանաչապատում, աղբը, փոշոտվածությունը, հին Երևանի վերացումը (սովորողներ կային, որ Երևանը համեմատել էին հարևան երկրի՝ Վարստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ) և այլն։ Հետաքրքիր են Նարեկ Գևորգյանի «Աղբ», Անատոլի Լալայանի «ՀՀ արդի խնդիրներ.ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ «ԲՈՒՐԱՎԵՏ» ԽՆԴԻՐԸ», Տաթևիկ Ալեքսանյանի «Աղբ», Վեներա Այվազյանի «Երևանյան լիճ» աշխատանքները։
Հետաքրքիր ու զարմանալի էր սովորողների՝ որպես ՀՀ քաղաքացու, լուրջ և պատրաստակամ մոտեցումը նախագծի երրորդ՝ վերջնական փուլին պատասխանատու մոտեցումը։ Իրենց իրական և ֆանտաստիկ, հնարավոր և անհնարին լուծումներով աչքի են ընկնում Հասմիկ Պետրոսյանի «Թեղուտը վերացման շեմին է», Աշոտ Գևորգյանի և Գրիգոր Կիրակոսյանի «Սևանա լճի հիմնախնդիրները», Գոռ Մարտիրոսյանի «Սևանա լիճ» աշխատանքները: Նախագծին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել նաև ծնողները, տատիկները և պապիկները՝ դրանով իսկ արտահայտելով նաև իրենց անհանգստությունը ներկա խնդիրների առթիվ, մասնակցելով հասարակական խնդրի շուրջ աշխատանքին:
Աշխատանքի ընթացքում սովորողները առաջ քաշեցին նոր հարցադրումներ՝ համեմատելով Հայաստանը այլ երկների, Երևանը՝ այլ քաղաքների հետ:
Էկոլոգիական խնդիրները, քանի դեռ մարդը չի գտել մոլորակի հետ հաշտ ապրելու ձևը, միշտ հրատապ կլինեն։ Դպրոցն իր նպատակների մեջ պիտի ունենա նաև էկոլոգիական դաստիարակությունը՝ այդ խնդիրներն աստիճանաբար սպառելու և նորերն ստեղծելուց խուսափալու համար։
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան