Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչ, բնագիտության ու տեխնիկայի ուսումնական կենտրոնի հիմնադիր ղեկավար, մեր պայծառ ընկեր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Հակոբի դպրոցն ու ընկերները, նրա 65 ամյակի պատրաստությունը սկսել են 2013-ի ամռանը: Որքա՜ն ճիշտ էր Հակոբ Հակոբյանի անունը կրող բնագիտական- տեխնիկական- ուսումնական կենտրոնի արդիականացումը: Հակոբին արժանի կենտրոն ունենք, փաստ է: Այն անընդհատ կբարելավվի ու կամբողջանա: Որքա՜ն պատշաճ է Հակոբի ծննդյան օրը մեկնարկող բնագիտական-տեխնիկական հանրակրթական մեր այս ստուգատեսը: Որքա՜ն ակնածանքով են Հակոբին չտեսած բնագիտության մեր նոր ուսուցիչներ Գնել Հարությունյանն ու Լևոն Արամյանը կատարում ստուգատեսի ղեկավարի իրենց պարտականությունները: Որքա՜ն սիրով ու նախաձեռնողականությամբ գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանն իր ընկերների հետ ստուգատեսի շրջանակում իրականացնում է բնագիտատեխնիկական ուսուցման միջոցների առաջին ցուցադրությունը կրթահամալիրում. որքա՜ն անմիջական կրթահամալիրի դպրոցների տարատարիք սովորողները, բնագիտության, էկոլոգիայի ուսուցիչները, դասվարները ներկայացնում են ստուգատեսի մասնակցության հայտերը: Որքա՜ն արագ կենդանացավ «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգը շնորհիվ Հակոբի աշակերտ-շրջանավարտների, ովքեր մասնագիտական ուսուցում են ստանում հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում. Վարդան Պետրոսյանը, Թադևոս և Սարգիս Մարկոսյանները, Արտաշես Կիզոգյանը, Գոռ Մանուկյանը այս օրերին հաճախ են լինում կրթահամալիրում: Նրանք մեր ավանդական դարձող ամենամյա ուսումնական ստուգատեսի խանդավառ կազմակերպիչներից են: Ուշադիր նայեք ստուգատեսի քառօրյա հագեցած ծրագիրը: Այնքա՜ն հագեցած, որ թվում էր՝ նոր բան մտածել, ավելացնել չի լինի, բայց ահա՝ մայրենիի ուսուցիչների և միջին դպրոցի սովորողների հրավերը. «Կարդում ենք Տերյան ու նվիրում Ուսուցիչ Հակոբ Հակոբյանի պայծառ հիշատակին»…Սուսան Մարկոսյանը ահա բացել է «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ համարը, կազմված դասավանդողների և սովորողների բնագիտական տեխնիկական ուսումնական նյութերից: Հակոբին արժանի մի գործ, որ կատարվում է սիրով և սուսիկությամբ: Վստահ եմ, որ այս օրերին կլինեն Հակոբին նվիրված նոր նախաձեռնություններ: Ես բնագիտության ու տեխնիկայի նկատմամբ մեր վերաբերմունքը, բոլորիս համակած նոր խանդավառությունը՝ սկսած առաջին դասարանից, նախակրթարանից, շեշտում եմ որպես ապացույց մեր հեղինակած մանկավարժության պնդումի՝ Ստեղծողի դպրոցում առարկան մեկն է՝ կյանքը, որ քննվում է տարբեր, բոլոր կողմերից: Այստեղ և՛ ՏՀՏ-ն է, տեխնիկան, բնագիտությունը, և՛ լեզվագործունեությունը, երաժշտությունը, կերպարվեստն ու տեխնոլոգիան: Մեր 2014-ի ստուգատեսների շարքը, որ սկսվեց հանրակրթական Դիջիթեքով, ընթացող մարմնամարզական ստուգատեսով, այսօր մեկնարկող բնագիտատեխնիկականով, իմ ասածի իրագործումն է: Նորից ուշադիր նայեք մեր ուսումնական օրացույցը: Ես առանձնակի կարևորում եմ Ուսուցչի նկատմամբ սեբաստացիներիս վերաբերմունքը: Հակոբ Հակոբյանը մի խումբ կրթահամալիրի ուսուցիչների ավագ եղբայրն ու ընկերն է եղել և մնում: Մահը, տեսնո՞ւմ եք, չի բաժանում մեզ, բայց Հակոբը իր հիմնադրած ու զարգացող ուսումնական կենտրոնով, իր աշակերտ հետևորդներով, այս ստուգատեսով, «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգով, շարունակում է լինել բոլորիս ուսուցիչը: Նոր բան չենք անում, Հովհաննես Թումանյանի միտքն ենք հաստատում. գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ ահա՝ ապրում է:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան