Կրթահամալիրում արդեն բավական հաջող կերպով կիրառվում է հեռավար ուսուցումը: Դա հիմնականում օգտագործվում է սովորողների՝ հարգելի պատճառներով դասերին չմասնակցելու դեպքում: Սակայն նույնպիսի պատճառներով դասավանդողի բացակայության պայմաններում հեռավար ուսուցման անհրաժեշտություն նույնպես կարող է առաջանալ:
Այս խնդրի լուծումը ֆորմալ կրթության մեջ հնարավոր չէ, եթե գործում է ուսուցման ստանդարտ ձևաչափը: Սակայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2013-14 ուսումնական տարվանից գործում է նախագծային ձևաչափով ուսուցումը: Այն թույլ է տալիս ուսումնական ծրագիրը դիտարկել որպես մի ընդհանուր նախագիծ, որը բաժանված է ենթանախագծերի: Վերջիններս էլ կարող են իրարից կտրուկ տարբերվել իրականացման եղանակով, նախատեսված ժամանակահատվածով, անհրաժեշտ գործիքներով և միջավայրով:
Ուս. տարվա սկզբից «Տիեզերք» ակումբը նույնպես սկսեց գործել ուսուցման նախագծային եղանակով: Դրա առաջին հաջողված փորձը նախորդ տարիներին ուսումնասիրած նյութի ամփոփման նախագիծն էր, որը հնարավորություն ընձեռեց կարճ ժամանակահատվածում բոլոր սովորողներին հետաքրքիր եղանակով բերել անհրաժեշտ գիտելիքների գրեթե հավասար մակարդակի: Այլ նախագծեր նույնպես իրականացվել են, սակայն ստորև կներկայացվի դրանցից մեկը: Այն իրականացվել է կրթահամալիրի տոնացույցով նախատեսված Մխիթար Սեբաստացու օրերին:
Այդ ժամանակահատվածում ակումբի ղեկավարը գիտական հետազոտություններ իրականացնելու համար երեք շաբաթով գործուղվել էր Եվրոպա: Սակայն կրթահամալիրի տնօրենի հրամանով որոշվել էր ակումբային գործունեությունն իրականացնել առցանց:
Գործունեության առցանց իրականացման համար նախաձեռնվեց և հաջողությամբ իրականացվեց «Աստղագիտությունը Սուրբ Ղազար կղզում» նախագիծը: Դրա շրջանակներում ակումբի անդամները համացանցում և գրադարաններում փնտրում էին անհրաժեշտ տեղեկություններ Մխիթարյանների աստղագիտական գործունեության մասին: Նախագիծը համակարգվում էր ակումբի ղեկավարի կողմից, իսկ ներկայացվող նյութերի համար ընտրվել էր խմբագիր (ակումբի անդամներից): Սովորողներն իրենց նյութերը տեղադրում էին ակումբի բլոգում, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրակնացվում էին Facebook սոցիալական ցանցի «բազմամարդ կոնֆերանսի» միջոցով: Ակումբի պարապմունքներն էլ իրականացվեցին շաբաթական երկու անգամ նույն ժամերին Skype ծրագրի միջոցով: Ծրագրի շրջանակներում ակումբի ղեկավարը այցելեց Սուրբ Ղազար կղզի՝ հավելյալ տեղեկություններ հավաքելու նպատակով, իսկ մինչ այդ արդեն ակումբի սովորողները կապ էին հաստատել այնտեղի հոգևորականներից մեկի` Համազասպի հետ և տեղեկացրել նրան այցելության և դրա նպատակի մասին: Արդյունքում իրենց հետ հաջող համագործակցություն ստացվեց նախագծի իրականացման համար: Հավաքվեցին բազմաթիվ տեղեկություններ: Նախագծի իրականացման մեջ իր ներդրումն ունեցավ Պադովայի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Տուրատոն, ով փոխանցեց տարիներ առաջ իտալական ամսագրերից մեկում իր կողմից հրատարակված աշխատանքը` նվիրված մեզ հետաքրքրող հարցերին: Ստացված նյութերը հավաքվեցին և խմբագրվեցին: Մխիթարյանների աստղագիտական գործունեության մասին մանրամասն տեղեկությունները՝ տպագրված աշխատանքների հանրամատչելի նկարագրությամբ, բլոգում կտեղադրվեն հետագայում, ակումբի անդամների կողմից դրանք մանրամասն ուսումնասիրելու արդյունքում:
Այսպիսով՝ առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեց հեռավար ուսուցումը դասավանդողի բացակայության պայմաններում: Այն ևս մեկ անգամ ընդգծում է դասավանդման նախագծային մեթոդի ակնհայտ առավելությունները:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան